Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Սկսվե՞ց

Սկսվե՞ց
19.10.2017 | 09:51

Մի շաբաթից Հայաստան կգա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը: Աշխատանքային այցով: ԵԱՏՄ երկրների վարչապետների հերթական նիստին մասնակցելու: Բնականաբար` կլինեն առանձնազրույցներ Հայաստանի նախագահի ու վարչապետի, գուցե մյուս վարչապետների հետ: Առաջին անգամ Երևան գալու մտադրությունը բարձրաձայնեց ինքը` Դմիտրի Մեդվեդևը` սեպտեմբերի 25-ին, հընթացս ՌԴ փոխվարչապետների հետ խորհրդակցության:

Եթե նրա Հայաստան այցի մեջ եվրասիական ինտրիգ կա, պայմանավորված է Ղրղզստանի ու Ղազախստանի հետ: «Կոռումպացված սուլթանի»` Նուրսուլթան Նազարբաևի հետ կոնֆլիկտի պատճառով Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևը սպառնացել էր ԵԱՏՄ արտահերթ նիստ հրավիրել: Բայց նախագահական ընտրություններում հաղթեց Աթամբաևի թեկնածուն, Նազարբաևի պաշտպանյալը երկրորդն էր: Այդքանով միջադեպը կարող էր անցյալ դառնալ, եթե Ղազախստանը չշարունակեր Ղրղզստանի հետ սահմանը խիստ վերահսկողության տակ պահել, որի պատճառով սահմանակետերում մեծ կուտակումներ են առաջանում և պաշտոնապես չհայտարարեր, որ ոչ մի կանոն, այդ թվում` ԵԱՏՄ-ի, չի խախտում, յուրաքանչյուր երկիր իրավունք ունի իր ազգային անվտանգության մասին մտածելու:

Ղրղզստանը այդ տեսակետի հետ համաձայն չէ: Առայժմ հասկանալի չէ` հարցը նախագահների՞ մակարդակով կլուծվի, թե՞ վարչապետներին կհանձնարարվի: Մեդվեդևի Հայաստան այցը շատ ավելի կարևոր է ներհայաստանյան հարթակում: Նա վարչապետ Կարեն Կարապետյանի նախընտրական արշավի այս փուլի մեխն է: Ի՞նչ նախընտրական արշավ, եթե ընտրություններ չկան: Կան: 2018-ի ապրիլին Հայաստանում վարչապետ է փոխվելու և այդ փոփոխության ժամանակ իր հայտը գործող վարչապետ Կարեն Կարապետյանը արդեն հրապարակավ է ձևակերպում: Նախ` Իրան պաշտոնական այցով ու քաղաքական հարցերի քննարկումով: Փաստացի` վարչապետը խախտել է ՀՀ նախագահի հետ պայմանավորվածությունը և մտել է քաղաքական դաշտ` սա մեկ: Երկրորդ` նա ամբողջ հմայքով, դրայվի մնացորդներով ու նախնական բառապաշարին վերադարձով սկսել է շրջել Հայաստանի մարզերով` մեկ Վանաձորի մաստեր պլան է կազմում, մեկ Գյումրիում փողոցներ է բացում, հանդիպումներ է ունենում, որոնք չեն լուսաբանվում: Հայաստանը` Հայաստան, Կարեն Կարապետյանը հիանալի գիտի, որ իր հարցերը ոչ թե ինքն է լուծելու, այլ իրեն Հայաստան ուղարկածները ու իրեն վարչապետ նշանակողը: Եվ եթե Սերժ Սարգսյանը Վլադիմիր Պուտինի հետ է հանդիպում նույն հարցով, Կարեն Կարապետյանին մնում է Դմիտրի Մեդվեդևը` նույն հարցով: Այնքան էլ միանշանակ չէ, որ եթե կա Պուտինը, ո՞վ է Մեդվեդևը: Կարեն Կարապետյանը շանս ունի խաղարկելու ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրման փաստը (եթե ստորագրվի, իհարկե, բայց ստորագրման պատրաստակամությունն արդեն իսկ «հանցանշան է» հայ-ռուսական ռազմավարական համագործակցության դեմ), սեփականելու Հայաստան-Իրան հարաբերություններում ձեռք բերված պայմանավորվածությունները (նույնիսկ այն դեպքում, որ ոչ մի լուրջ պայմանագիր նրա պաշտոնական այցի ընթացքում չստորագրվեց), բացի այդ` կա ֆինանսական գործոնը` Կարեն Կարապետյանի թիկունքում ռուսական ծագման կապիտալն է, որ այդպես էլ խոստացված ծավալներով Հայաստան չեկավ («Տաշիր գրուպի» վարչապետի թեկնածուն, միանշանակ, Կարեն Կարապետյանն է, փաստացի` վարչապետի պաշտոնի համար կապիտալների պայքար է սկսվել): Եվ իր վարչապետության առաջին օրից Կարեն Կարապետյանը Ռուսաստանին է հանձնում այն ամենը, ինչ Հայաստանում ռուսները դեռ իրենց ձեռքը չէին վերցրել, իսկ դա ծառայություն է, որ գին ունի:


Իհարկե, Մոսկվայի համար ի վերջո մեկ է` ո՞վ Հայաստանում կպաշտպանի իր շահերը, և այնպես չէ, որ Սերժ Սարգսյանը այլևս Մոսկվայում իր իշխանության հարցերը լուծել չի կարողանում, բայց միշտ էլ կան սողանցքեր, որ հնարավոր չէ փակել: Բայց այդ սողանցքերը Դմիտրի Մեդվեդևի հետ չեն կապված: Առավել ևս, որ ՌԴ վարչապետի պաշտոնանկությունը նախագահական ընտրություններից հետո փորձագիտական մակարդակով համարվում է լուծված հարց: Թեպետ հարցի այդ «լուծումը» ՌԴ նախագահը մշտապես հետաձգել է` չգտնելով առավել հավատարիմ ու անվնաս մեկին, որ ավելորդ հավակնություններ չի դրսևորում ու իր տարածքում իշխանություն չի խաղում: Բայց ավանդույթ է, որ ՀՀ նախկին ու գործող վարչապետները գնում-գալիս ու Մեդվեդևի հետ են իրենց հույսերը կապում: Ամենայն հավանականությամբ` ՌԴ վարչապետի այցը Երևան կդառնա Կարեն Կարապետյանի PR -ի հիմնակետերից մեկը, կարվեն բարեկամության ու համագործակցության շոյիչ ու խոստումնալից հայտարարություններ և հետո համատեղ լուսանկարները կհայտնվեն Կարեն Կարապետյանի արխիվում: Բայց կարող են հայտնվել և ակտիվում, երբ գա առերեսման պահը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Որքան էլ ՀՀԿ-ն միասնականություն ու համերաշխություն դրսևորի, ՀՀԿ նախագահի ու նրա առաջին տեղակալի միջև կա մրցակցություն: Ո՞վ ու՞մ կուղարկի վաստակած հանգստի հարցը հիմնականում պատասխանված է, բայց քաղաքականության մեջ երբեք չեն ասում երբեք:

Դիտվել է՝ 1540

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ