ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը, պաշտոնը լքելուց առաջ, հրաժեշտի խոսքում ասել է, որ ՈՒկրաինայում խաղաղության հասնելը պարադոքսալ կերպով կախված է Կիևին մատակարարվող զենքի քանակից։ Նա նաև նշել է, որ պետք է խաղաղ բանակցություններ վարել Ռուսաստանի մասնակցությամբ, և վստահություն է հայտնել, որ ՈՒկրաինան կդառնա դաշինքի անդամ։               
 

Կարեն Կարապետյանը հորդորում է թանկացումներին համբերատար վերաբերվել

Կարեն Կարապետյանը հորդորում է թանկացումներին համբերատար վերաբերվել
19.10.2017 | 11:06

«Թանկացումներն այդքան շատ չեն, ինչքան ներկայացնում եք: Կարագն է, բենզինն է, մսամթերքը 10 տոկոս և ձուկը»,- Գյումրիում լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետը: Նա նշեց` այս ամենի հետ մեկտեղ՝ շատ ապրանքներ էլ կան, որոնց գները նվազել են: «Ձեթ, գրեչկա, չգիտեմ, բրինձ և այլն»,- ասաց նա:


«Ինչ վերաբերում է արտաքին շուկաներին, օրինակ, կարագը մեկ տարվա մեջ 50 տոկոսով թանկացել է այն դեպքում, երբ միջազգային շուկայում 87 տոկոսով է թանկացել: Մենք ի՞նչ պետք է անենք, ինչպե՞ս արձագանքենք: Մենք չենք կարող այդ գները զսպել: Այլ խնդիր է, որ մենք բարենպաստ պայմաններ ստեղծենք, որպեսզի քաղաքացին կարողանա թանկացումներին դիմակայել, իսկ այդ ամեն ինչին պետք է վերաբերվել համբերատար»,- ընդգծեց վարչապետը:


Անդրադառնալով նավթամթերքի թանկացմանը` Կարեն Կարապետյանն ասաց, որ միջազգային շուկայում 5 տոկոսով է թանկացում եղել, նույնն էլ Հայաստանում է:
«Մենք ունե՞նք մեր նավթամթերքը, եթե միջազգային շուկայում գինը փոփոխվի, ի՞նչ պետք է անենք, այստեղ պե՞տք է արձագանքենք, թե՞ չէ»,- նշեց Կ. Կարապետյանը:
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է Գյումրի և ներկա գտնվել Կումայրի պատմական կենտրոնի զարգացման ծրագրի շրջանակում հիմնանորոգված Ռուսթավելի փողոցի բացմանը, որտեղ պատմամշակութային նշանակություն ունեցող շենքեր են, որոնց մի մասն արդեն իսկ վերականգնվում է՝ մասնավոր նախագծերի շրջանակում: Շրջայցի ընթացքում վարչապետը ծանոթացել է Կումայրի պատմական կենտրոնի զարգացման ծրագրի շրջանակում Ռուսթավելի փողոցի մոտ 9000 քմ մակերեսի հիմնանորոգման աշխատանքների արդյունքներին: 2017 թ. մարտի 21-ին՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Շիրակի գազիֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղին տրված համապատասխան թուլտվությունից հետո, Ռուսթավելի փողոցի՝ Շիրակացի փողոցից մինչև Սայաթ-Նովա փողոցն ընկած հատվածում մեկնարկել են քանդման աշխատանքները: Ամբողջությամբ վերականգնվել են փողոցի կոմունիկացիոն համակարգերը (գազատար, ջրատար խողովակներ, էլեկտրալարեր և այլն): Փողոցը սալապատվել է գրանիտե նոր սալաքարերով, ամբողջությամբ կահավորվել է (լուսավորություն, նստարաններ, ծաղկամաններ): Վերականգնման նախագծային աշխատանքներն իրականացրել է «Հայնախագիծ» ԲԲ ընկերությունը:


Վարչապետ Կարապետյանը կարևորել է Կումայրի պատմական կենտրոնի զարգացման ծրագիրը, պետություն-մասնավոր համագործակցությամբ Շիրազի և Ռուսթավելի փողոցների պատմամշակութային արժեքների վերականգնումն ու ենթակառուցվածքների բարելավումը: Ծրագրի շրջանակում Գյումրու պատմական կենտրոնում կստեղծվեն արվեստների, արհեստների, ժամանցի կենտրոններ, կյանքի կկոչվեն տարբեր բիզնես ծրագրեր, զբոսաշրջիկների համար կստեղծվեն հրապուրիչ պայմաններ, հետիոտնի համար՝ ակտիվ միջավայր: Նշված փողոցներում բիզնեսի համար առանձնացվել է 7700 քառ. մետր տարածք՝ տարբեր գաղափարներ կյանքի կոչելու նպատակով:
Լրագրողների հետ զրույցում վարչապետը նշել է, որ հիմնանորոգված փողոցն իրեն շատ է դուր եկել, և հաջորդ փողոցը, որը Կումայրի պատմական կենտրոնի զարգացման ծրագրի շրջանակում հիմնանորոգվելու է, լինելու է Շիրազի փողոցը: Նախատեսվում է շինաշխատանքներն սկսել մարտից:


«Կումայրի պատմական կենտրոնի ծրագիրն անպայման ավարտին ենք հասցնելու: Կարծում եմ, որ Ռուսթավելի փողոցն այսօր համ ու հոտով փողոց է: Մեր հիմնական նպատակն է Գյումրու կոլորիտն ու ինքնատիպությունը չկորցնելը».- ասել է Կարեն Կարապետյանը: Շրջայցի ընթացքում նրան են ներկայացվել ծրագրի շրջանակում մասնավոր նախաձեռնություններով վերականգնվող տարբեր շենք-շինություններն ու ներդրումային ծրագրերը: Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը տեղեկացրել է, որ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկից ներգրավված վարկային միջոցներով առաջիկայում քաղաքում իրականացվելու են ենթակառուցվածքների զարգացման, այդ թվում՝ ճանապարհաշինական խոշոր ծրագրեր: Կարեն Կարապետյանն այցելել է Գյումրու այցելուների տեղեկատվական նորաբաց կենտրոն, ծանոթացել մատուցվող ծառայություններին: Տեղեկացվել է, որ կենտրոնը յուրաքանչյուր զբոսաշրջիկի համար լինելու է Հայաստանի, այդ թվում՝ Գյումրու մասին ցանկացած տեղեկություն հաղորդող վայր, որտեղ հյուրերին տրամադրվելու է մեր երկրի տեսարժան և զբոսաշրջային վայրերի մասին ամբողջական տեղեկություն:

Դիտվել է՝ 2749

Մեկնաբանություններ