Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

«Փրկության քարտեզի» երևանյան ցուցադրությունները և «Man Pictures»-ի նոր նախագիծը

«Փրկության քարտեզի» երևանյան ցուցադրությունները և «Man Pictures»-ի նոր նախագիծը
19.10.2017 | 15:30

Հոկտեմբերի 21-ից երևանյան կինոթատրոններում («Մոսկվա», «Նաիրի», «Հայաստան») հայ հանդիսատեսը հնարավորություն կունենա դիտելու Փրկության քարտեզ» փաստավավերագրական,խաղարկային լիամետրաժ ֆիլմը: «Man Pictures» ստուդիայի հիմնադիր-տնօրեն, «Փրկության քարտեզ» ֆիլմի մտահղացման հեղինակ, պրոդյուսեր ՄԱՆՎԵԼ ՍԱՐԻԲԵԿՅԱՆԸ լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց, որ ֆիլմը նկարահանվել է 9 երկրում՝ 45 դերակատարների մասնակցությամբ: Ցուցադրումները կայացել են 14 երկրի 31 քաղաքներում: Ֆիլմի ռեժիսորը Արամ Շահբազյանն է, սցենարի հեղինակը` Աննա Սարգսյանը, օպերատորներն են Արթուր Ղարայանը և Վահե Հակոբյանը, երաժշտությունը գրել է Վիգեն Ցարտմանը՝ Ավստրիայից: Ֆիլմը վարում-պատմում է պատմաբան, կրոնագետ Սվանտե Լունդգրենը (Ֆինլանդիա)`քայլելով Հայոց ցեղասպանության ականատես հինգ միսիոներ կանանց անցած ուղիներով։ Նրանք, հայտնվելով «արյան և արցունքների երկրում», կարողացել են փրկել հազարավոր հայ երեխաների ու կանանց:

Հայ ժողովրդի երախտավորների պատմությունները էկրանավորելու գաղափարը ծնվել է դեռևս 2012-ին: Ցեղասպանությանն ուղղակիորեն առնչվող այս ֆիլմաշարը կրում է «Երախտագիտության քարտեզ» պայմանական անունը:

«Փրկության քարտեզը» նախագծի առաջին ֆիլմն է: Նկարահանվել է 2014-2015 թթ: Մանվել Սարիբեկյանի տեղեկացմամբ` հաջորդ նախագիծն ավելի համամարդկային ձևաչափ ունի. հայերին, նաև Օսմանյան կայսրությունում ապրող փոքրամասնություններին` հույներին, հրեաներին, ասորիներին ցուցաբերած հումանիտար օգնության մասին է, որտեղ մեծ դերակատարում է ունեցել ԱՄՆ-ը: Մանվել Սարիբեկյանն ընդգծում է, որ մեր ազգի բարերարների պատմությունը պետք է իմանա յուրաքանչյուր հայ: Ավելին, այս կանաց մասին մոռացել են նաև իրենց երկրներում: Նորվեգիայի դեսպանը խոսոտովանել է, որ չեն իմացել իրենց հայրենակցուհիների մասին, նույնն ասել է ՌԴ-ում Էստոնիայի դեսպանության ներկայացուցիչը: Նախագծի շնորհիվ նրանց հիշատակը ոգեկոչելու հնարավորություն է ընձեռվում:

«Իրատեսը» հետաքրքրվեց` մտածե՞լ են երախտավորների պատմությունը խաղարկային ֆիլմի տեսքով ներկայացնելու մասին: «Man Pictures» ստուդիայի հիմնադիր-տնօրենն ասաց, որ կան մտքեր, հերոսներ. «Ընդհանրապես, նրանք բոլորն այնպիսի հզոր անհատականություններ են, այնպիսի կերպարներ, որ նրանց պամություններն արդեն իսկ դրամատուրգիա են: Բայց այսօր բարդ է խաղարկային ֆիլմ նկարահանելը, ոչ թե տեխնիկական, ստեղծագործական, այլ զուտ ֆինանսական առումով: «Փրկության քարտեզի» համար պետությունը մասնակի աջակցություն է տրամադրել, ինչի վրա հենվելով` կարողացել ենք մնացած միջոցները հայթայթել: Ի դեպ, ֆիլմում կան խաղարկային դրվագներ: Ամեն ինչ արվել է, որ հանդիսատեսը մինչև վերջ և հետաքրքրությամբ դիտի այս ֆիլմը»:

Հետաքրքրվեցինք, թե ինչպես է կազմակերպվում պետական մասնակի աջակցություն ունեցող ֆիլմի երևանյան ցուցադրության գովազդը: Մ. Սարիբեկյանն ասաց, որ հանրությանը իրազեկելու են ինֆորմացիոն հովանավորների միջոցով: Գլխավոր հովանավորը Հանրային հեռուստաընկերությունն է, որին տրված է առաջնահերթ ցուցադրման իրավունքը: Եվ, իհարկե, օգտագործում են նաև ֆեյսբուքյան հնարավորությունները: «Տեսեք, թե ինչ մեծ գովազդային խումբ էր աշխատում «Խոստում» ֆիլմի պարագայում: Որովհետև մի քանի անգամ ավելի շատ գումար է ծախսվել այդ ֆիլմը գովազդելու, քան մեր ֆիլմը նկարահանելու համար»,- ասաց պրոդյուսերը, հավելելով, որ ֆիլմը հասանելի է 12 լեզվով: Օրիգինալ լեզուն անգլերենն է, կադրից դուրս ունեն ռուսերեն ու հայերեն թարգմանություններ, ենթագրերն ինը լեզվով են, այդ թվում` թուրքերեն:


«Երախտագիտության քարտեզ» կինոնախագիծն ակամա զուգորդվում է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության հետ: Փորձե՞լ եք համագործակցության եզրեր գտնել մեծ բարերարների մասին ֆիլմեր նկարահանելու առումով»,- «Իրատեսի» այս հարցին ի պատասխան Մանվել Սարիբեկյանն ասաց, որ փորձել են, ինչ-որ մի բան կարծես հաջողվել է, բայց ոչ այս ձևաչափով. «Նրանք պատվիրեցին մեր հինգ հերոսուհիների մասին պատմող 6- 7- րոպեանոց հոլովակ պատրաստել «Ավրորայի» կայքի համար: Բայց հետագա համատեղ աշխատանքի առումով ձեռնպահ մնացին: Ես կփորձեմ էլի առաջարկել»:
Մանվել Սարիբեկյանը փաստեց նաև, որ հայազգի երախտավորների մասին պատմող ֆիլմաշարի հեղինակային իրավունքը պատկանում է«Man Pictures» ստուդիային:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 2187

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ