ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ բանակցությունների ընթացքում հաստատել է Ռուսաստանի աջակցությունը Ադրբեջանի հետ միջանցքների և հաղորդակցության ուղիների հարցում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքականությանը՝ գրում է իրանական Mehr գործակալությունը։               
 

Ո՞վ ալիբի ունի և ինչի՞

Ո՞վ ալիբի ունի և ինչի՞
20.10.2017 | 07:26

Ժնև և արև. հակիրճ սա է հոկտեմբերի 16-ին Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպման արդյունքը: Իրակա՞ն, թե՞ խաբուսիկ: Խաղաղություն է ծորում նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունից: «Հանդիպումն անցել է կառուցողական մթնոլորտում: Նախագահները համաձայնել են ձեռք առնել միջոցներ՝ բանակցային գործընթացն ավելի ինտենսիվ դարձնելու համար, և լրացուցիչ քայլեր կատարել՝ ուղղված շփման գծում լարվածության նվազեցմանը: Համանախագահները շարունակում են պատրաստակամ լինել՝ շարունակել միջնորդական աշխատանքը կողմերի հետ՝ ԼՂ հակամարտության խաղաղ և բանակցված լուծմանը հասնելու համար: Որպես հաջորդ քայլ՝ համանախագահները մոտ ապագայում աշխատանքային քննարկումներ կունենան ԱԳ նախարարների հետ»,- արձանագրել են նրանք միմյանց, ԱԳ նախարարների ու նախագահների հետ շփումներից:

Փաստացի` նույն խաղաղասիրությունն էր շողում և նախագահ Սերժ Սարգսյանի` Շվեյցարիայում Հայաստանի դեսպանատանը հայրենակիցների հետ հանդիպման ժամանակ ասած մի քանի նախադասության մեջ. «Որևէ կոնկրետ պայմանավորվածություն, այսպես ասած, չունենք խնդրի լուծման տարբերակների մասին: Բայց պայմանավորվել ենք, որ միջոցներ ձեռնարկենք լարվածությունն էլ ավելի թուլացնելու, որպեսզի առաջնագծում չունենանք զոհեր: Պետք է ասեմ` և՛ Ադրբեջանի նախագահը, և՛ ես դրանում խորապես շահագրգռված ենք»: Զարմանալի չէ՞ Սերժ Սարգսյանից լսել, որ Իլհամ Ալիևը շահագրգռված է առաջնագծում զոհեր չունենալ: Դա համարյա թե Ադրբեջանում պետական հեղաշրջման հայտարարություն է, նվազագույնը` պետական քաղաքականության շրջադարձի: Ե՛վ Իլհամ Ալիևը, և՛ Էլմար Մամեդյարովը, և՛ բարձրաստիճան այլ պաշտոնատարներ տասնամյակներ հայտարարում են Ադրբեջանի տարածքային ամբողջականության անձեռնմխելիության մասին, պարբերաբար ասում են, որ «իրենց տարածքում» հայկական երկրորդ պետության ստեղծումը (ճիշտ կլիներ ասել` գոյությունը) թույլ չեն տա, հայերն ու Հայաստանը Ադրբեջանի թիվ 1 թշնամին են ամբողջ աշխարհում, ու հանկարծ Իլհամ Ալիևը շահագրգռված է առաջնագծում զոհեր չունենա՞լ: Երբ համանախագահներն են հայտարարում, որ նախագահները համաձայնել են լրացուցիչ քայլեր կատարել՝ ուղղված շփման գծում լարվածության նվազեցմանը, դա նշանակում է Վիեննայի պայմանավորվածությունների կատարու՞մ` վերահսկողության մեխանիզմների տեղակայու՞մ: ՈՒրեմն` ինչու՞ հենց այդպես էլ չեն ասում, այլ դիվանագիտական մշուշի մեջ են պարուրում: Որովհետև Ադրբեջանը դեմ էր ու դեմ է վերահսկողության միջոցների տեղակայմանը` համարելով ստատուս քվոյի լեգիտիմացում: Առաջնագծի զոհերը Իլհամ Ալիևի գլխավոր հաղթաթուղթն են։ Անմարդկային ու ցինիկ է սպանությունը քաղաքականության վերածելը, բայց դա է ադրբեջանական մարտավարությունը, որ լուծում է նվազագույնը 3 խնդիր.


1. Զոհերի մասին մշտական տեղեկատվությամբ թույլ չտալ, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը համարվի սառեցված ու դուրս լողա միջազգային օրակարգից։
2. Արդարացնել գերսպառազինումը և պետական բյուջեի կոռուպցիոն վատնումը պաշտպանությանը հատկացված ծախսերով, որի գերնպատակը Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնումն է։ Այդ թվում՝ ռազմական ճանապարհով: Արտաքին թշնամու կերպարը մնացել է ադրբեջանական հասարակությանը համախմբող միակ գործոնը:
3. Սողացող, գիշերային պատերազմով, դիպուկահարներով, դիվերսիաներով, մշտական հրետակոծությամբ թուլացնել հայկական բանակը և զինուժը:


Իլհամ Ալիևը երբեք չի հրաժարվի շփման գծում կանոնավոր ու անկանոն կրակոցներից` դա նրա ալիբին է, որ ինքը շարունակում է Ղարաբաղի համար պայքարը: Այդ պարագայում ինչո՞վ բացատրել Ժնևյան «խաղաղասիրությունը»: Համակողմանի: Պարզապես ժամանակն է այդպիսին` ընտրությունների առաջ է Ադրբեջանի նախագահը և նոր պատերազմ` անկանխատեսելի ընթացքով (ապրիլյան պատերազմը նրան համոզեց, որ գերժամանակակից հարձակողական զենքով, հայտնի ու գաղտնի դաշնակիցների ռազմական ու ռազմատեխնիկական աջակցությամբ Ստեփանակերտ հասնելը ռեալ չէ), նոր զոհերով նրան պետք չէ, առավել ևս, միջազգային մեկուսացման մեջ ու սոցիալ-տնտեսական բունտի եզրին:

Նրան պետք է ապահովել ազգի առաջնորդի հպարտ ու հզոր կերպարը` 90 և ավելի տոկոսով վերընտրվելու համար: 2018-ի ապրիլին Բաղրամյան 26-ից դուրս է գալու Հայաստանի նախագահը, և ոչ ոք չգիտի` ու՞ր է գնալու` Հանրապետության հրապարա՞կ, նախագահականի կողքի շենք` Անվտանգության խորհու՞րդ, Մելիք-Ադամյա՞ն: Առավել ևս` ո՞վ է շարունակելու ԼՂ հարցով բանակցությունները: Սերժ Սարգսյանին ևս պետք է լարվածության թուլացումը շփման գծում` ներքաղաքական հարցերով զբաղվելու համար: Կա առավել վճռորոշ հանգամանք` 2018-ի մարտին Ռուսաստանում նախագահական ընտրություններ են: Ոչ ոք չի կասկածում Վլադիմիր Պուտինի վերընտրությանը այլընտրանքային թեկնածուների բացակայությամբ ու նրա չնվազող վարկանիշով: Ընտրություններից առաջ Հարավային Կովկասում լարվածության բռնկումը լրացուցիչ գլխացավանք է նրա համար` շարունակվում է սիրիական պատերազմը, Իրաքյան Քրդստանի հանրաքվեից հետո քրդական հարցը վերածվում է քրդական պատերազմի տարածաշրջանում, որին չեն կարող չմասնակցել ո՛չ ԱՄՆ-ը, ո՛չ Թուրքիան, ո՛չ Իրանը, ո՛չ Ռուսաստանը: Հավելեք Իրանի միջուկային համաձայնագրի հարցը: Գումարեք Թուրքիայի հետ անհասկանալի հարաբերությունները` մի օր եղբայր են, մի օր պարենային պատժամիջոցներ են սահմանում միմյանց նկատմամբ, մի օր C-400 ու C-500 են վաճառում ու գնում, մի օր Ղրիմի նավերի առաջ նեղուցներն են փակում։ Մոսկվան ֆիզիկական ու նյութական ժամանակ ու միջոցներ չունի ադրբեջանահայկական կոնֆլիկտ սադրելու, հաշտեցնելու ու բանակցություններ վարելու համար: Ահա և ձևավորվում է լարվածության թուլացման օրակարգ` օբյեկտիվ պատճառներով: Ցավալի է, բայց որոշակի ժամանակի մեջ միայն: Որովհետև լարվածության թուլացումով (հարաբերական ու անկայուն) հարցի լուծումը ոչ մի դյույմ հետ կամ առաջ չի շարժվում: Ընդամենը քաղաքական զինադադար է: Զինադադար, որ բոլոր կողմերին հնարավորություն է տալիս զբաղվել ներքին գործերով ու պատրաստվել իրավիճակի զարգացման նոր պարույրին, որի անունը հազիվ թե շրջանակային համաձայնագիր կամ տևական խաղաղություն լինի: ՈՒ դա գիտեն բոլորը:

Համենայն դեպս, Շվեյցարիայում Հայաստանի դեսպանատանը Սերժ Սարգսյանն ասել է. «Մի հարցում ուզում եմ, որ բոլորդ վստահ լինեք՝ մեզ համար չկա լուծում, որը կարող է ինչ-որ կերպ խաթարել Ղարաբաղի անվտանգությունը: Մեզ համար միակ լուծումն այն է, որ Ղարաբաղը լինի Ադրբեջանից դուրս: Երբեք որևէ հայ ղեկավար չի կարող ընդունել այդպիսի որոշում և իրականացնել, և դրա համար մենք ամեն ինչ անելու ենք՝ զուգահեռ զարգացնելով Հայաստանը, տնտեսապես ամրապնդելով մեր երկիրը»: Այսինքն, ՀՀ նախագահը գծել է Հայաստանի արեալը, որից ներս կամ դուրս քայլեր չեն լինելու: Ո՛չ հիմա, ո՛չ հետո, ո՛չ երբևէ: Պատահական չէ, որ Բաքուն ուշացումով, բայց իր արեալը գծեց` Ադրբեջանի նախագահի օգնական Նովրուզ Մամեդովի դեմքով: Facebook-ի իր էջում նա գրեց. «Որոշում էր կայացվել, որ բացի համաձայնեցված դրույթներից, այլ հայտարարություններ չեն արվելու: Չնայած խոստմանը՝ նա չի պահել խոսքը»: Այսքանով Ալիևի լռությունը արդարացնելուց հետո նա, համենայն դեպս, հիշեցրել էր. «Հայաստանի նախագահը գիտի և թող չմոռանա, որ Լեռնային Ղարաբաղը եղել է և կմնա Ադրբեջանի անբաժանելի մաս»: Այսինքն, վերադառնում ենք ելման դրություն ու հայտարարում բանակցությունների 00 ժամ: Մամեդյարովն էլ արդեն հասցրեց հայտարարել, որ Նալբանդյանի հետ առաջիկա հանդիպման օրակարգում սուբստանտիվ բանակցություններն են: ՈՒ առավել ևս պատահական չէ, որ Մամեդովին սրընթաց ու եռանդուն տեղը դրեցին ԱԳՆ-ի ու ԱԺ-ի մակարդակով` անարգանքի սյունին գամելով «ժամկետանց մանր չինովնիկի քարանձավային մտածելակերպը», իսկ Էդուարդ Շարմազանովը մեխեց կափարիչը. «Մամեդովը չլինի, ով ուզում է լինի, Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում»։ Այսքանը Ժնևի ու արևի մասին, որ լուսավորում է, բայց ոչ միշտ է ջերմացնում:


Հոկտեմբերի 18-ին ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանը հույժ կարևոր հանդիպումների մեկնեց Բրյուսել, թեև այս անգամ իրոք կարևոր հանդիպումները հազիվ թե լուսաբանվեն: Հաշված օրեր են մնում մինչև նոյեմբերի 24-ը` ԵՄ արևելյան գործընկերության գագաթնաժողովը, որի ժամանակ նախատեսվում է ոչ միայն ՀՀ-ԵՄ, այլև Ադրբեջան-ԵՄ համաձայնագրի ստորագրում, որի մասին մենք, կարծես, մոռանում ենք: Արդեն պատրաստի համաձայնագիրը Բաքուն հրաժարվեց ստորագրել, որովհետև Բրյուսելն էլ հրաժարվում էր Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն արձանագրող դրույթ ամրագրել համաձայնագրում: Դա տարիներ առաջ էր, իսկ հիմա՞: Հիմա նույնպես Բաքուն նույն սակրալ նպատակն ունի: Դա իդեֆիքս է` Ադրբեջանի համար բանակցային գործընթացում համարյա նույնպիսի գործոն, ինչպես ՄԱԿ-ի ԱԽ 4 բանաձևերը, որ կարմիր լաթի պես Բաքուն թափահարում է միջազգային բոլոր ատյաններում ու սպառնում ԵԱՀԿ Մինսկի խմբից կարգավորման գործընթացը դուրս բերել: Բաքուն ոչինչ չի խնայի այդ նպատակին հասնելու համար: Անգամ ԵԽ-ից դուրս գալու է պատրաստ: Մալթայի օֆշորային սկանդալի, կոռուպցիոն «լվացքատան» բացահայտումից ու խավիարային գործարքներից հետո խնդիրը բարդացել է: Թուրքիան այս հարցում որոշիչ աջակից չի կարող լինել` հայտնի բարդություններ ունենալով ԵՄ-ի հետ: Բայց կա գրեթե բնական դաշնակից` շահերի ու նպատակների լիակատար համընկնումով: Ռուսաստանը: Եթե Բաքվին ինչ-որ կերպ հաջողվի ԵՄ-Ադրբեջան համաձայնագրում ավելացնել այդ մեկ ու միակ նախադասությունը, բավարար պատճառ կլինի, որ Հայաստանը չստորագրի ԵՄ-ՀՀ համաձայնագիրը։ Փաստը, որ Մոսկվան հրապարակային չափազանց չեզոք դիրքորոշում է դրսևորում, չհաշված մի քանի փորձագիտական կծոցները, թե ինչպես է Հայաստանը գնում դեպի կործանում` պատրաստվելով ԵՄ-ի հետ համաձայնագիր կնքել, վկայում է, որ այս անգամ Կրեմլը 2013-ի պես կացնով չի գործի, այլ ինչպես «Կովկասի գերուհու» Սաախովը` «Նա, ով խանգարում էր մեզ, նա էլ կօգնի» սկզբունքով:

ԵՄ-ն 28 պետություն ունի, և բոլորը պիտի համաձայնագրին համաձայն լինեն, դժվար չէ գտնել պետություններ, որ չհամաձայնելու ձևական ու իրական պատճառներ ունենան վերջին պահին: Համաձայնագրի տեքստը հրապարակվեց, բայց նաև շրջանառվում են լուրեր, որ ԵՄ 3 անդամներ, ոչ առանց Ադրբեջանի ջանքերի, չեն թարգմանել համաձայնագրի տեքստը, այսինքն, տեքստը պատրաստ չէ վավերացման: Փաստացի` և՛ Ադրբեջանը, և՛ Ռուսաստանը նույն նպատակն ունեն` Արևելյան գործընկերության գագաթնաժողովում ՀՀ-ԵՄ համաձայնագիր չպիտի ստորագրվի: Մոսկվային դա պետք է Հայաստանն իր ազդեցության դաշտում պահելու և այլընտրանքից զրկելու համար, Ադրբեջանին` մեկնարկային հավասար հնարավորությունները պահպանելու: Աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային գործընթացներում Հայաստանը ոչ մի քայլով առաջ չպիտի առաջ անցնի Բաքվից ու որևէ առավելություն չպիտի ստանա: Երկուսն էլ ունեն սքանչելի ալիբի` իրենք ի՞նչ կապ ունեն ԵՄ-ի հետ` ո՛չ անդամ են, ո՛չ բարեկամ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ. Ալիբի ունի՞ Հայաստանը: Միամտություն է կարծել, որ այս ամբողջ անցուդարձում Հայաստանը հանդիսատեսի կարգավիճակում է, իսկ հետո կհայտնվի ակամա զոհի դերում: Եթե ոչ Բրյուսելում, եթե ոչ նոյեմբերին, Արևելյան գործընկերության հաջորդ գագաթնաժողով կլինի` պատրաստի համաձայնագիրը ստորագրելու համար, բայց այդ ընթացքում Հայաստանը տանուլ կտա շանսը, որ ապահովում է անվտանգություն ու զարգացում, այլընտրանք` մի հասկացություն, որ հակացուցված է հետխորհրդային տարածքի այն պետություններում, որ նոր մոդելի ԽՍՀՄ-ը վերականգնելու բարձր առաքելությունն ունեն, նույնիսկ եթե իրենք չգիտեն։ Չիմացությունն ալիբի չէ:

Դիտվել է՝ 3202

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ