Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Խաղն սկսել է ավելի նուրբ երանգներ ստանալ

Խաղն սկսել է ավելի  նուրբ երանգներ ստանալ
20.10.2017 | 07:51

Թեև վերջին շաբաթներին առավել տեսանելի է դարձել, որ իշխանական վերնախավից ցուցում է ստացվել այլևս չխոսել, չբարձրաձայնել, չհանրայնացնել 2018 թ. ապրիլից հետո վարչապետի հնարավոր թեկնածուի թեման, այնուամենայնիվ, ակնհայտ է, որ այն շարունակում է մնալ ակտիվ քննարկումների առանցքում։ Պարզապես խնդիրը հրապարակային ձևաչափից մտել է թաքնված, քողարկված փուլ։ Այդ քողարկված փուլն ուղեկցվում է տեղեկատվական արտահոսքերով, հատուկ նպատակներով շրջանառվող հասարակական կարծիքներով, մի խոսքով՝ անդրկուլիսյան պայքարով։


Այս պարագայում առավել մեծ նշանակություն սկսեցին ստանալ լրատվական, սոցիալական ցանցերի այն ռեսուրսները, այդ թվում՝ ակտիվ ֆեյք-օգտատերերը, որոնք այս կամ այն չափով ասոցացվում են նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի և «Ծառուկյան» դաշինքի մերձավոր շրջապատի հետ։ Ընդ որում՝ «Ծառուկյան» դաշինքի պաշտոնական ռեսուրսները գործի չեն դրվել։ Ինչպես նախկինում՝ դրանք շարունակում են պահպանել դրական չեզոքություն ապագա վարչապետի թեմայի վերաբերյալ։


Կիրառվող տեխնոլոգիայի առումով գործունեության սխեման առավել քան պարզ է։ Որոշ լրատվական ռեսուրսներ վարչապետի թեմայի շուրջ ստեղծում կամ գեներացնում են ինչ-ինչ հանրային տրամադրություններ, վերածում են դա թեժ թեմայի, իսկ իշխանության այս կամ այն խմբի հետ ասոցացվող լրատվական միջոցները հանդես են գալիս որպես այդ լուրերի վերաթողարկիչներ, տարածողներ և ինտրիգները հանրության ուշադրության կենտրոնում պահողներ:


Վերլուծելով վերջին շաբաթներին ձևավորված քարոզչական սցենարները, որոնք, ըստ էության, ուղղված են գործող վարչապետի դեմ, կարող ենք արձանագրել մի քանի ուղղություն։ Այս համատեքստում, նախ և առաջ, շեշտադրվում է առաջին անհրաժեշտության որոշ ապրանքատեսակների գների աճը։ Պարզ է, որ խնդիրն իրոք առկա է և զգալիորեն ազդում է հանրության բոլոր խավերի տրամադրվածության վրա։ Նշվածն իրոք սոցիալական լուրջ պրոբլեմ է, սակայն ակնհայտ է, որ այդ խնդիրը գերուռճացվում է, և այդ համատեքստում հատուկ թիրախավորվում են վարչապետ Կարեն Կարապետյանն ու նրա գլխավորած կառավարությունը։


Հաջորդ ուղղությունը. ապրանքների թանկացման պատճառ է ներկայացվում կառավարության որդեգրած հստակ գնաճային քաղաքականությունը, ինչը, ըստ կառավարության ընդդիմախոսների, ուղղակի տնտեսական, ֆինանսական գործիք է 2017-ի բյուջեի կատարողականն ապահովելու համար։ Ասել է թե՝ գնաճն արհեստական է, և ինչպես որոշ տնտեսագետներ նշում են, դա պայմանավորված է արհեստական դեֆիցիտով, և, իբր, արվում է լոկ բյուջեի կատարողականն ապահովելու համար։ Հիմնականում անզեն աչքով էլ երևում է, որ նման ուղղորդված մտքեր շրջանառում են ընդդիմադիր համարվող տնտեսագետները, այն էլ՝ ԱԺ ամենամեծ ընդդիմադիր խմբակցությունը ներկայացնող, որոնք, ըստ ամենայնի, պետք է որ հավատ ներշնչեն։ Հասկանալի է, որ նրանց հարցազրույցները, մտքերն ակտիվորեն տիրաժավորվում են վերահսկվող ռեսուրսներով։


Քարոզչական մյուս ուղղությունը. ակտիվ հակաքարոզչության թիրախի են վերածվել պետական եկամուտների կոմիտեն և անձամբ այս կառույցի ղեկավար Վարդան Հարությունյանը, որը, ըստ էության, համարվում է Կարեն Կարապետյանի հենասյուներից և վստահելի կադրերից մեկը (եթե ոչ՝ գլխավոր)։ Այս անձի շուրջ մինչև վերջերս առանձնապես խոսակցություն չկար, քանի որ թե՛ գործարար աշխարհում, թե՛ հանրության շրջանում ՊԵԿ-ի աշխատանքներից դժգոհությունները նվազել են, այս գերատեսչությունում կառուցվածքային և կադրային փոփոխությունների արդյունքում քաղաքակրթության ինչ-որ նշույլներ են սկսել ի հայտ գալ։
Նշված հարվածներով հետևողականորեն փորձում են կասկածներ սփռել այն հարցի շուրջ, թե այս տեմպերով բյուջեն հնարավոր չէ կատարել։ Եվ գուցե շատ դեպքերում յուրահատուկ շանտաժ են անում ՊԵԿ-ին՝ դիմել ավելի կոշտ քայլերի՝ բյուջեն կատարելու համար։ Եվ սա այն համատեքստում, որ վարչապետը ՊԵԿ-ը ներկայացնում է որպես անցած մեկ տարվա բարեփոխումների հաջողված օրինակ։


Քարոզչության մյուս ուղղությունը. հանրության ուշադրությունը կենտրոնացվում է վարչապետի և նրա մերձավոր շրջապատի անձանց առանձնատների վրա։ Ընդ որում, որպես քարոզչական գործիք ներգրավված են նաև ընդդիմադիր համարվող որոշ ուժեր, մասնավորապես, «Երկիր ծիրանի» կուսակցությունը՝ իր նախագահի գլխավորությամբ։ Վերջիններս նույնիսկ օնլայն ռեժիմով և, այսպես կոչված, անկախ ինտերնետ ռեսուրսներով նկարահանում են «Հաղթանակ» զբոսայգում վարչապետի առանձնատունը՝ վերջինիս համեմատելով նախկին վարչապետների հետ և շեշտելով, որ նա ոչնչով չի տարբերվում մյուս օլիգարխներից ու պաշտոնյաներից։ Բնականաբար, սա հեշտ հերքվող փաստարկ է, և Կարեն Կարապետյանը չի համեմատվի այն պաշտոնյաների հետ, որոնք մեկ օր անգամ բիզնեսով չեն զբաղվել, սակայն տիրացել են հսկայական ունեցվածքի, իսկ լյումպենացված կամ սոցիալապես անապահով խավի վրա գուցե կարողանա կարճաժամկետ կամ միջնաժամկետ ազդեցություն ունենալ։


Նշվածներին հետևում է մյուս ուղղությունը. այս ամենն անում է Արցախում ծնված վարչապետը, որի համար Երևանի սիմվոլները, երևանյան համուհոտը ոչ մի նշանակություն չունեն։ Արհեստականորեն կրկին վերակենդանացվում է հայաստանցի-արցախցի հակադրությունը։ Կոնկրետ խնդիր լուծելու համար նորից փորձում են այս թեզը ռեինկառնացիայի ենթարկել։
Վարչապետի քննադատության հաջորդ թեման առնչվում է կառավարության օպտիմալացմանը։ Վարչապետը, կրճատումներ անելով, ստեղծում է նոր կառույցներ՝ աշխատանքի տեղավորելով իր մարդկանց։ Սա նույնպես միտված է դժգոհություն առաջացնելու գործազուրկ խմբի շրջանում։


Եվ վերջապես, փորձում են դիպչել շատ զգայուն մի թեմայի. կառավարությունն անընդհատ խոսում է տնտեսական աճի, բյուջեի հավաքագրման 6 տոկոսից ավելի աճի մասին, սակայն հաջորդ տարվա պետբյուջեում չի նախատեսում պետական հատվածի աշխատողների աշխատավարձերի կամ կենսաթոշակների բարձրացում։ Այս թեզն ավելի սուր է ներկայացվում գնաճի ֆոնին։ Հասկանալի է, որ ցածր աշխատավարձ ստացող պետական աշխատողների և կենսաթոշակառուների շրջանում այս իրողությունը որոշակի դժգոհություններ է առաջացնում։
Ամփոփելով` կարող ենք ասել, որ վերջին շաբաթներին, թեև չկան հանրային ակնառու մարտերը գալուստսահակյանների և այլոց մակարդակով, այնուամենայնիվ, խաղը սկսել է ավելի նուրբ երանգներ ստանալ։ Եվ երբ վերջում այս բոլոր թիրախներն ու թեմաները միմյանց կապակցվում են, ու ստացվում է մի մեծ պատկեր, որը հրամցվում է հանրությանը, պարզվում է, որ Հայաստանում գործ ունենք մի վարչապետի հետ, որը, ուրիշ տեղ ծնվելով, եկել է Երևան, մեծ տուն կառուցել և այսօր անտեսում է սոցիալապես անապահով պետծառայողների ու թոշակառուների կարիքները՝ ընդամենը մտածելով իր շրջապատի բարեկեցության մասին։ Այսպիսի տեխնոլոգիայով փորձում են ստանալ վատ վարչապետի մի կերպար, որն իր պաշտոնավարման ընթացքում առանձնապես արդյունքներ չի գրանցել։ Կարելի է արձանագրել, որ հստակ հակաքարոզչական ուղղություն է գործի դրվել, որտեղ ՀՀԿ որոշ խմբեր ստվերում են մնում, սակայն դեմ չեն իրենց հովանավորության ներքո գտնվող ռեսուրսներով աջակցելու այդ շարժումներին։


Ինչևէ, հասկանալի է, որ մենք մի փուլում ենք, երբ ՀՀԿ-ի ներսում եղած, այսպես կոչված, այլակարծության խժդժությունները վերևից հանգցված են, սակայն մոխիրը դեռ մնում է։ Ամենայն հավանականությամբ, այս իրավիճակը դեռ երկար է շարունակվելու, մինչև հստակություն մտցվի վարչապետի թեկնածուի շուրջ։


Արամ Վ. ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 6385

Մեկնաբանություններ