«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Ողջ կյանքում ապրել եմ` չղեկավարվելով հին հունական ասացվածքով` լեզուն մարդուն տրված է իր մտքերը թաքցնելու համար

Ողջ կյանքում ապրել եմ` չղեկավարվելով հին հունական ասացվածքով` լեզուն մարդուն տրված է իր մտքերը թաքցնելու համար
20.10.2017 | 08:33

Տարիներ առաջ գլխավոր դատախազի մոտ մեր վարչության աշխատողների խորհրդակցությունն էր: Երբ գլխավորը վերջացրեց միտքը, դիմեց մասնակիցներիս.
-Բարձրացված հարցի կապակցությամբ որևէ մեկդ ասելիք ունի՞:
Բոլորը լուռ էին: Ես խոսեցի ու ասացի այն, ինչ մտածում էի: Բոլորը դժգոհ մնացին իմ հարցադրումից: Երբ արդեն դուրս էինք եկել գլխավորի մոտից, մեկը թե.
-Միշտ ուզում ես քո կարծիքն ունենալ:
-Ոչխարի պես լռելու որակներ չունեմ,- հակադարձեցի նրան:
Ճիշտ է, խորհրդակցության ժամանակ իմ առաջ քաշած հարցը թեպետ որևէ ուշադրության չարժանացավ, բայց օրեր անց, մի այլ խորհրդակցության ժամանակ, գլխավորը շեշտադրեց իմ միտքը փոքր-ինչ այլ ձևակերպումով: Երբ այդ մասին խոսեցի իմ անմիջական ղեկավարի հետ, նա թե` ճիշտ ես:
Այժմ կուզեմ հարցնել «Իրատեսի» ընթերցող հարգելի տիկին Լուիզա Մկրտչյանին. ի՞նչն էր խանգարում Ձեզ 1984-ին նիստերը վարող Լիգաչովին ասելու այն, որ չեք ասել: Հավանաբար հայրի՞կը խրատական իր խոսքերը դեռ չէր ասել: Գուցե և ասե՞լ էր: Բա՞յց…
Վրացուն հիշելու կապակցությամբ մի դեպք պատմեմ իմ կյանքից:
1988-ի հոկտեմբերին գործուղվել էի Մոսկվա 45 օրով ուսանելու ԽՍՀՄ-ում գործող իրավապահ մարմինների վերապատրաստման բարձրագույն դպրոցում: Կուրսերի ունկնդիրներն էին տարբեր հանրապետություններից եկած ավելի քան 300 դատավորներ ու դատախազներ: Փիլիսոփայության դասախոս, պրոֆեսոր Պաուկան դասախոսության ժամանակ օրիգինալ մի հիմարություն ասաց.
-Ի՞նչ գնահատական տալ այն երևույթին, երբ Երևանում ու Ստեփանակերտում հավաքվում է բթամիտ և չհասունացած զանգվածը (тупая и сырая масса) և սկսում առաջ մղել չհիմնավորված պահանջներ:
Չսպասելով նրա խոսքի ավարտին, վեր թռա տեղից և առանց թույլտվության ասացի.
-Հարգելի պրոֆեսոր, իսկ Դուք չե՞ք վախենում, որ հանկարծ այդ բթամիտ և չհասունացած զանգվածից կառանձնանա «բթամիտ» մի Սոկրատ և Ձեզ, հարգելի պրոֆեսորիդ, կբթացնի անհավանական աստիճանի (օգտագործեցի оттупить բառը, հետո իմացա, որ ռուսերենում նման բառ չկա, բայց բոլորն էլ հասկացել էին, թե ինչ եմ ուզում ասել): Հիմա ես Ձեզ կբթացնեմ. ամոթ է, որ, լինելով փիլիսոփա, խոսում եք այնպիսի թեմայից, որին բացարձակապես չեք տիրապետում: Ամոթ է, որ չեք ճանաչում քաղաքակիրթ մի ազգի, որ ոչինչ չգիտեք նրա ստեղծած մշակույթի մասին: Բայց որպեսզի գրագետ երևաք, փորձում եք մոլորեցնել լսարանին:
Պրոֆեսորն ընդհատեց ինձ.
-Իսկ ինչպե՞ս կապացուցեք, որ Ղարաբաղը հայոց պատմական հող է:
-Հարգելի պրոֆեսոր, իսկ Դուք ինչպե՞ս կապացուցեք, որ Ձեր կինը Ձեր կինն է և ոչ ուրիշի:
ՈՒղղամիտ և ոչ կոռեկտ հնչած հարցից նա մի փոքր շփոթվեց: Չսպասելով նրա պատասխանին` շարունակեցի.
-Դուք նախ կասեք, որ նրա հետ զագս եք ընկել, հետո համատեղ երեխաներ եք ունեցել, այս կամ այն խանութից կահույք եք գնել, տուն եք դրել, ճի՞շտ է,- դիմեցի նրան:- Նա գլխով հավանության նշան արեց:- Ղարաբաղում մեր պապերը,- շարունակեցի ես,- հինգերորդ դարից սկսած կառուցել են քրիստոնեական եկեղեցիներ, տաճարներ, մատուռներ, որոնց թիվը հասնում է մոտ 2800-ի: Ղարաբաղում կա ընդամենը մի քանի մզկիթ՝ կառուցված 18-րդ դարում:
-Ինչպե՞ս, ղարաբաղցիք քրիստոնյա՞ են,- բացականչեց զարմացած պրոֆեսորը:
-Չէ՛, մուսուլման են,- նկատելի հեգնանքով ասացի ես` ավելացնելով,- ու այդ մուսուլմանները մարդասիրությունից դրդված քրիստոնյա հայերի համար հազարավոր քրիստոնեական արժեքներ են ստեղծել:- Քանի որ ունկնդիրների մեջ կային այլ հանրապետություններից եկած մուսուլմաններ, նրանց չվիրավորելու համար շարունակեցի,- քանի՜ անգամ ձեր դասախոսություններում Դուք ընդգծված տոնով ասել եք узбекское дело: Ասացեք, խնդրեմ, ինչու՞ եք վիրավորում ուզբեկներին, ի՞նչ «ուզբեկական գործ»… ՈՒզում եք նշել նրանց կաշառակերությու՞նը: Բայց թույլ տվեք հարցնել` ուզբեկ Ռաշիդովը Մոսկվայում ու՞մ էր կաշառք տալիս: Բրեժնևը ռուս չէ՞ր: Քաղբյուրոյի անդամների գերակշիռ մասը ռուսներ չե՞ն և կաշառակեր չե՞ն:


Կտրուկ հարցադրումներից պրոֆեսորը, ինչպես ռուսը կասեր, «чувствовал себя не в своей тарелке»: Իսկ ես իմ համարձակ և բանական ելույթով նվաճեցի լսարանի բացահայտ համակրանքը:
Հաջորդ օրը, Տաշքենդի շրջանային դատարաններից մեկի դատավոր Եթիբարովան մոտեցավ ինձ, շնորհակալություն հայտնեց ու թե.
-Սոկրատ, դու իրո՞ք հայ ես:
-Այո:
-Իսկ ես կարծում էի, թե դու վրացի ես:
Որոշ դիսցիպլինների թեմաներով դատավորները հավաքվում էին առանձին հոսքում: Այդ հոսքի մեջ էին Հայաստանի արդարադատության նախարարությունից Գարիկ Մարգարյանը, Աշտարակի, Եղվարդի դատարանների դատավորներ Դավիթ Ավետիսյանը և Լևոն Ավետիսյանը: Նրանց հետ զրույցի ժամանակ Եթիբարովան ասել է, թե մյուս հոսքում կա Սոկրատ անունով վրացի, որը երեկ մի լավ դաս տվեց ռուսներին. «Ես հիացել էի նրա խելքի ու համարձակության վրա» Գարիկ Մարգարյանը պատասխանել էր, թե նա վրացի չէ, հայ է: Հավանաբար, չհավատալով Գարիկ Մարգարյանի խոսքին, Եթիբարովան իմ ազգային պատկանելությունը ցանկացել էր ճշտել հենց ինձնից:


Դավիթ Ավետիսյանը և Լևոն Ավետիսյանը հաջորդ օրը ինձ հրավիրեցին ռեստորան և շնորհակալություն հայտնեցին հայի պատիվն ու արժանապատվությունը բարձր պահելու համար: Այդ նույն Դավիթ Ավետիսյանը, որը տարիներ առաջ որպես արժանավոր հայի` իմ կենացն էր խմում, կորցրեց դեմքը (եթե, իհարկե, նա երբևէ դեմք ունեցել է):
1996-ին Դավիթ Ավետիսյանը (այն ժամանակ արդեն չկար ԽՍՀՄ-ը, չկար Ստալինը, այլ կար լենուբոլ երկրից իշխանության եկած կիսասովածների մի հսկայական ոհմակ)` ՀՀ արդարադատության խորհրդում պատվեր կատարելով, նրանից հետ չէր մնացել իր կոլեգան՝ նախկինում բռնաբարություն կատարած մեր օրերի օլիգարխին արդարացրած, արդարադատության խորհրդի անդամ Մհեր Խաչատրյանը (որն իրավաբանորեն ապացուցեց անապացուցելին և որոշում կայացրեց, թե Ռոբերտ Քոչարյանը ՀՀ քաղաքացի է) և դատախազ, այժմ դատավոր Արթուր Մկրտչյանը (որի հսկող դատախազն եմ եղել ժամանակին, որը միշտ գովել է իմ համարձակությունը, արդարամտությունը, հայրենասիրությունը) Լևոն Տեր-Պետրոսյանի արդարադատության խորհրդում իմ նկատմամբ ստալինյան տրոյկայի դերն են տարել, լոկ այն տարբերությամբ, որ ցուցաբերել են մարդասիրություն և ինձ գնդակահարելու որոշում չեն կայացրել (չեմ կասկածում. եթե ԼՏՊ-ն ասեր` գնդակահարության որոշում կայացրեք, համոզված եմ, որ հիշյալ սատրապներն այդ էլ կանեին): Նրանց շնորհիվ երկար տարիներ դատախազությունում օրինակելի վարքով, սկզբունքայնությամբ աչքի ընկած դատախազս մեկեն ճանաչվեց անպիտան և դուրս մնաց դատախազության համակարգից: Ասեմ, որ այդ խորհուրդը ստեղծվել էր Լևոն Տեր-Պետրոսյանի կամքով՝ որպես պատժիչ օրգան իր համար ոչ ցանկալի դատախազներից ազատվելու համար: Նման օրինակներ կարող եմ շատ բերել և ոչ միայն իմ կյանքից:
Այո, տեսնելով մեր փոքր երկրի կառավարողների անհագ ընչաքաղցությունը և աշխարհում տիրող վայրագությունները, տիկին Մկրտչյան, ես ստալինիստ եմ դառնում: Բռնակալ Ստալինի օրոք այս փոքրիկ երկրի բնակչությունն սկսեց աճել, հետամնաց գյուղատնտեսական երկիրը դարձավ հզոր արդյունաբերական երկիր: Երկիր, որը տալիս էր գիգանտ երկրի ռազմարդյունաբերական համալիրի 12 %-ը: Պատկերացնում եք, չէ՞, թե որքան էր ԽՍՀՄ-ի ռազմական բյուջեն, թե ովքեր և ինչպես կերան այդ հզոր համալիրի 12 %-ը, թողնում եմ Ձեր դատողությանը, տիկին Մկրտչյան:


Ես ատում եմ բոլոր նրանց, ովքեր ժամանակին լռել են, իսկ եզն ընկնելու պահին դանակ են սրում: Տողերիս հեղինակը վիրավորված է ոչ թե այն պատճառով, որ հանճարին (դիվային, թե սովորական, միևնույն է, նա հանճար է) «մունդռիկ» են ասում, այլ որ ժամանակին «քծնել են», բայց հետին թվով փորձում են դեմոկրատ երևալ: Ասեմ նաև, տիկին Մկրտչյան, ամբողջ կյանքում զգացել եմ ստալինյան բռնությունների հետևանքները մեր ընտանիքի վրա: Ես դեռ չծնված, 1941-ին Արտաշատում` ուսուցիչների խորհրդակցության օրը, Այգեստան գյուղի դպրոցի տնօրենին` հայրիկիս, տարել են, և նա վերադարձել է 1956 թվականի հուլիսի 24-ին: Ասել, թե հայրս բոլորովին անմեղ է եղել, կնշանակի մեղանչել արդարության դեմ: Հորս քրեական գործում գրված էր` ոմն Արիս Հովսեփյան ցանկացել է Ղամարլուում (Արտաշատի նախկին անվանումը) ստեղծել հակասովետական խմբավորում, ԽՍՀՄ-ը տապալելու համար: Անշուշտ, դա սուտ է և չափազանցված: Մայրս պատմում էր, որ երբ Երևանից վերադարձել է գյուղ, հորս ասել է, թե Ռաֆիկին (գրական անունը` Ֆլորին, գրող էդվարդ Ավագյանի եղբայրն է եղել) ձերբակալել են: Հայրս գույնը գցել է: Հայրս հարել է Պավել Լիսիցյանի եղբորորդու` տասնութամյա Ռոլանդ Լիսիցյանի խմբին, մի երկու անգամ հանդիպել է հետը, այդ խմբի անդամ է եղել նաև Ռաֆիկը, որի միջոցով էլ ծանոթացել է Լիսիցյանի հետ: Լիսիցյանի խմբի բոլոր անդամներին գնդակահարել են, հորս գործը, թվով 6 հոգու հետ, անջատել են ընդհանուր գործից, և դատել է տրոյկան: Հետագայում բոլորն արդարացվել են, բացի Ռոլանդ Լիսիցյանից, որովհետև նա մինչև վերջ ասել է իրենը, որ այս երկիրը կործանվելու է:
1995-ին հայրս դիմում գրեց ՀՀ դատախազություն: Վերանայվեց Լիսիցյանի գործը, ու նա ևս արդարացվեց:


Ասեմ նաև, որ հորս գնդակահարությունից փրկել է Ռոլանդ Լիսիցյանը, որը առերեսման ժամանակ հրաժարվել է հորս ճանաչելուց: Այդ ամենը ոչ միայն տխուր է, այլև ողբալի: Բայց չեմ կարող նաև չնշել, որ այդ նույն երկիրը բռնադատվածի երեխաներին կրթություն է տվել, նրանց համար հիվանդանոց է կառուցել (ասեմ, որ 1962 թվականին 10 օրով պառկել եմ հիվանդանոցում, որտեղ և օրական երեք անգամ հիվանդներին ձրի կերակրում էին), ապահովել է աշխատանքով և էլի շա՜տ ու շատ լավ բաներով:
1965-ի ապրիլի 24-ին այդ «մունդռիկի» անունը կրող հրապարակում, մարդկային ձեռքերի վրա ճառ եմ ասել և ձեռքս ուղղելով նրան` ասել եմ.
-Ո՞վ ես դու, հանճարեղ մարդ, որ փրկեցիր աշխարհի 1/6 մասը ստրկությունից, ինչու՞ այդքան ստոր եղար մեր ժողովրդի հանդեպ, Ղարաբաղն ու Նախիջևանը Ադրբեջանին տվեցիր, իսկ Կարսն ու Էրզրումը՝ Թուրքիային:
Այսօր քննադատում ենք Կարսի պայմանագիրը: Ես էլ եմ քննադատում, բայց այսօր չկան ոչ Լենինը և ոչ էլ Ստալինը, ռուսն իր վերաբերմունքը փոխել է այդ պայմանագրի, կամ Կավբյուրոյի որոշման նկատմամբ: Դա ռուսի շահն է, իսկ Լենինն ու Ստալինը պաշտպանում էին ռուսական կայսրության վերականգնումը, ինչը և արել են:
Եթե Ավիս Նուրիջանյանը Երևանի բանտում կացնահարում էր Սարդարապատի հերոսներին, դրանու՞մ էլ Ստալինն է մեղավոր: Եթե Մուղդուսին մինչև ուղնուծուծը ստոր էր, քծնող, դրանու՞մ էլ Ստալինն է մեղավոր: Մեր բոլոր դժբախտությունները, տիկին Մկրտչյան, փնտրենք մեր գենի մեջ: Մուսավաթականները մի օրում բոլշևիկ դարձան, իսկ Ստալինից անհամեմատ գրագետ, օտար լեզուներ իմացող Հմայակ Նազարեթյանը Կավբյուրոյի նիստում քվեարկում է Ղարաբաղը Ադրբեջանի կազմում մնալու օգտին: Նազարեթյանի անդեմ լինելու մեջ է՞լ է Ստալինը մեղավոր: Ստալինի մահից անցել էր 50 տարի, ինչու՞ նորից Գորբաչովը հիշեց նրա բռնությունները… որպեսզի տապալեին ԽՍՀՄ-ը:


Ստալինյան բռնությունները… Բայց ավելի լավ է հիշենք խորհրդային բանաստեղծ Տվարդովսկու «Հեռաստանից հեռաստան» պոեմում նրան տված գնահատականը.
Լինելով ի ծնե բորբ արևելցի,
Ի հայտ էր բերել դաժանությունն իր
Անարդարացի և արդարացի:


Նոր որակի պետություն կառուցելը անասելի դժվար է: Այն էլ, երբ շրջապատված ես արտաքին թշնամիներով, ինքդ թույլ ես, իսկ ներքին թշնամին էլ ամեն րոպե որպես հինգերորդ շարասյուն պատրաստ է օգնելու օտարին։
Վերջերս «AиФ»-ում կարդացի 95 տարեկան նախկին կագեբեականի հուշերը: Նա պարզ գրել էր, որ «արտաքին ապատեղեկատվությունը (դեզինֆորմացիան) այնքան շատ էր, իսկ մենք էլ չունեինք անհրաժեշտ քանակով բանիմաց կադրեր, որ հաճախ կուլ էինք տալիս այդ տեղեկատվությունը, և սխալն անխուսափելի էր»:


Սոկրատ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Հ. Գ. 1. Հարգելի տիկին Մկրտչյան, ապրածս կյանքը ցույց է տվել, որ մարդը ստրուկ չի ծնվում, եթե ինքը չի ուզում ստրկանալ, հանուն պաշտոնի քծնելը, շողոքորթությունը ևս ստրկություն են: Մի անգամ դատախազ կոլեգաս` Իվան Արշակյանն ասաց.
-Սոկրատ, դու հայ չես, քո մտածելակերպով դու իսկական եվրոպացի ես, դրա համար քեզ պաշտոն չեն տալիս:
-«Զատո» քեզ տալիս են,- ժպտալով և սիրալիր պատասխանեցի նրան:
-Այ, տեսնու՞մ ես, թե ով ես դու:
Այո, ես այն եմ, ինչ կամ: Երկու համալսարան, մեկ ինստիտուտ, մեկ տեխնիկում, մեկ դպրոց ավարտած անհատս միշտ տուժեցի` թե՛ գործով, թե՛ խոսքով, բայց միշտ մնացի հայրենիքիս (ԽՍՀՄ-ում էլ այդպես եմ ապրել և աշխատել) նվիրված մարդ, քաղաքացի: Թող իմ պապերն էլ դաժան բռնակալ լինեին, թուրքի լամուկին թուրքի դեմ մորթեին, ինչպես նրանք են վարվել, բայց պահեին այն 300000 քառակուսի կիլոմետրը, որ կոչվում էր Հայաստան: Թող ոչ ոք չմտածի, թե Ամերիկայի պես հզոր երկիրը հզոր է դարձել առանց բռնությունների. տեղաբնիկների դաժան ոչնչացում, ստրուկների որս, Հյուսիս-Հարավի պատերազմ, ոչ մի բանով չարդարացված ատոմային զենքի կիրառում և այսօրվա Մերձավոր Արևելք: Ստալինյան բռնություններից տուժած մարդկանց քանակը կարճ ժամանակում վերականգնվեց, ԽՍՀՄ-ը դարձավ մոտ 260 միլիոն, իսկ մենք կորցրինք ոչ միայն 1,5 միլիոն հայ, այլև հայրենիք: Բռնությունը չի կարող հարատև լինել: Եթե այն ծառայում է հայրենիքի հզորացմանն ու բարգավաճմանը, ես ընդունում եմ: Ստալինյան բռնությունները դրան են ուղղված եղել: Իսկ հարկադիր արտագաղթը, ժողովրդի աղքատացումը, մի խումբ մարդկանց լկտի հարստացումը, երկրի արդյունաբերության ոչնչացումը և այլն, և այլն, ստոր և ոչ մի բանով չարդարացված բռնություն են:
Դեռևս դարեր առաջ մի հույն կառավարող է ասել, որ եթե հովիվը ամեն տարի չի ավելացնում իր հոտի քանակը, ուրեմն նա գիշատիչ է:
Հետաքրքիր է, տիկին Մկրտչյան, ի՞նչ անուն կտաք այն հովվին, որն ամեն տարի ոչ միայն չի ավելացնում իր հոտի քանակը, այլև պակասեցնում է:
Թե վերջին հաշվով ո՞վ է Ստալինը, անշուշտ, դրական և բացասական որակներով կգնահատի պատմությունը:

Հ.Գ. 2. Հոդվածս պատրաստ էր: Օրվա վերջում աշխատանքից հետո դաշտում այգու վազերն էի իջեցնում այգեթաղի համար: Գործի հետ մտածում էի նաև` ուրիշ ի՞նչ արժեքավոր բան կարող եմ գրել թեման լիարժեք դարձնելու համար: Հիշեցի հորս պատմածը: «1943 թվականի հունվարին, Ստալինգրադյան ճակատամարտի թեժ օրերին, ինձ կանչեցին կոմենդատուրա: Նստած էին գեներալ, գնդապետ, թվով յոթ ուսադիրավորներ: Գնդապետը, որը լավ ուսումնասիրել էր իմ գործը, սիրալիր տոնով ասաց.
-Գիտենք, որ տանը քեզ սպասում են կինդ, երեք երեխաներդ, մայրդ: Այ, եթե դու ծառայես մեզ և հայտնես, թե կալանավայրում ինչպիսի հակասովետական տրամադրություններ կան կալանավորների մեջ, մենք կգնահատենք քո ծառայությունները և վաղաժամկետ կազատենք քեզ: Երկիրը պատերազմի մեջ է, մենք պետք է զգույշ լինենք և թույլ չտանք կալանավայրերում հնարավոր անախորժ դեպքեր:
Ես նստել եմ, հերիք չէ, սրանք էլ ցանկանում են ինձ գործակալ դարձնել, կարճ ասած` երեքտառանոց: Ես չգիտեմ` կազատվե՞մ երբևէ, թե՞ ոչ, բայց թույլ չեմ տա, որ ապագայում որևէ մեկն իմ տղաներին ասի, թե նրանց հայրը ծախող է եղել:
-Շատ կներեք,- դիմեցի գնդապետին,- այստեղ և ոչ մեկը հակասովետական մարդ չէ, բոլորն էլ սիրում են երկիրը, և կարող եմ ասել, որ շատերը թյուրիմացաբար են նստել:
Գնդապետը իմ պատասխանից մեկեն պոռթկաց և լկտի տոնով նետեց.
-Вы, черножопые, не любите нас, русских!
Հասկացա, որ վիճակը գցված է, ելքը մեկն է` մինչև վերջ գնալը: Գնդապետի խոսքերին հակադարձեցի.
-Такие черножопые в Москве сидят, вашу мать!
Գնդապետը կարծես զգաց իր լկտի արտահայտության ողջ վտանգավորությունը, գուցե իսկույն հիշեց, թե ինչ ազգության մարդիկ են Մոսկվայում նստածները, իսկույն ասաց.
-Вон отсюда!
Երբ վերադարձա բարաք, պատմեցի գլխիս եկածը: Տղաներն ասացին.
-Արիս, բանդ բուրդ է:
Հաջորդ օրն ինձ էտապ ուղարկեցին: Իսկ կալանավորի համար ամենածանր բանը էտապն է»:
ՈՒզում եմ մի օրինակ էլ հիշել. երբ Ստալինի աներորդուն՝ Սաշա Սվանիձեին, ասում են` եթե ներողություն խնդրես, Ստալինը քեզ կների, զարմանում է.
-Ինչու՞ և ինչի՞ համար պետք է ներողություն խնդրեմ:
Սվանիձեին գնդակահարում են:
Ինչու՞ հիշեցի այս երկու օրինակները: Որպեսզի ցույց տամ, որ Ավետիսյանների, Խաչատրյանների, Մկրտչյանների (Ձեզ նկատի չունեմ, տիկին Լուիզա) համար ոչ մի նշանակություն չունի` ով է իրենց հրամայում: Սեփակա՞ն երկրի տերը, թե՞ օտար տերը: Նրանց համար անձնական շահը վեր է անգամ հայրենիքի շահից: Նման մարդիկ են ստեղծում բռնակալներին: Ստալինը բռնակալ չի ծնվել: Ի՞նչն էր ստիպում Հմայակ Նազարեթյանին, որը Ստալինի հետ խոսում էր դու-ով, դեմ չգնալ նրան: Ի՞նչն էր ստիպում Լևոնի տրոյկային, որ լավ գիտեին ինձ, իրենց օբյեկտիվ կարծիքն ասելու: 2008 թվականի մարտի 1-ին տասը մարդ սպանվեց: Իսկ Արշալույս գյուղի քեֆի տեսագրությունում Վանոն ասում էր. «Եթե պետք լիներ, 500 մարդ կկոխեինք տանկերի տակ»: Եթե մի փոքր երկրում իրենց իշխանությունը պահելու համար պատրաստ էին «500 մարդու կոխելու տանկերի տակ», ապա այն անծայրածիր երկրում իշխանությունը պահելու համար դրա հազարապատիկը կպահանջվեր, լոկ այն տարբերությամբ, որ մեծ երկրի բռնակալը, ի տարբերություն մեր իշխանավորների, իշխանությունը չէր օգտագործում իր թոռների, ծոռների հարստացման համար: Ասում են՝ մի անգամ Ստալինի աղջիկը 25 ռուբլի է խնդրել: Հայրը տվել է: Երբ մեկ շաբաթ հետո աղջիկը նորից է գումար խնդրել, հայրը հարցրել է` ու՞մ հաշվին ես այդքան առատորեն ցանկանում ծախսել:


Հետաքրքիր է, մեր իշխանավորները երբևէ նման բան կասե՞ն իրենց երեխաներին: Ստալինի տղան զոհվեց կռվում, այսօր Ղարաբաղում ո՞ր պաշտոնյայի որդին է ծառայում:
Ահա այդպիսի բռնակալ է եղել Ստալինը: Բռնակալ, որն ամեն ինչ արել է հանուն պետության հզորացման:

Դիտվել է՝ 9984

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ