Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

«ԱՄՆ-ն այն երկիրը չէ, որի հետ Թուրքիան կարող է նման խաղեր խաղալ»

«ԱՄՆ-ն այն երկիրը չէ, որի հետ  Թուրքիան կարող է նման խաղեր խաղալ»
20.10.2017 | 08:36

Վերջին շրջանում խիստ լարվել են Թուրքիայի և ԱՄՆ-ի հարաբերությունները։ «Արևելք» գիտահետազոտական և վերլուծական կենտրոնի փորձագետ, թուրքագետ ԿԱՐԵՆ ՍԻՐՈՒՆՅԱՆԸ կարծում է, որ պատճառը Թուրքիայի արտաքին և ներքին քաղաքականությունն է։ Ներքին քաղաքականության առումով Թուրքիան վերածվում է բռնատիրական երկրի, հաստատվում են միապետական կարգեր, երկրի նախագահը փորձում է իր ձեռքում կենտրոնացնել քաղաքական, տնտեսական լծակները, որոնք նախ և առաջ սպառնում են ԱՄՆ-ի ներդրումային քաղաքականությանը։ Բացի այդ, Թուրքիան ինչ-որ չափով զերծ է պահում ԱՄՆ-ին իր ներքին գործերին միջամտելու հնարավորությունից։ Եվ երրորդ՝ ԱՄՆ-ի համար առաջնային նշանակություն ունեցող ժողովրդավարության քաղաքականությունն այսպիսով կարող է վտանգվել Թուրքիայում։

Ինչ վերաբերում է արտաքին քաղաքականությանը, ըստ Կարեն Սիրունյանի, Էրդողանի կառավարությունը մեկ անգամ չէ, որ հայտարարել է՝ Թուրքիան պետք է անկախ քաղաքական կուրս որդեգրի և դուրս գա տարբեր երկրների, այդ թվում՝ ԱՄՆ-ի ազդեցության ոլորտից։ Դա պետք է դրսևորվի թե՛ տնտեսական, թե՛ ռազմական, թե՛ քաղաքական ոլորտներում։ Վերջին հաշվով, Թուրքիան ունի աշխարհաքաղաքական իր ծրագրերը, որոնք շատ դեպքերում չեն համատեղվում հատկապես ԱՄՆ-ի և Եվրամիության քաղաքականության հետ։ Սա դրսևորվում է տարբեր կերպ՝ տնտեսության արդիականացման, սեփական ապրանքանիշերի արտադրության, նաև սեփական ռազմարդյունաբերական համալիրի զարգացման ձևով։ Այս համատեքստում պատահական չէ, որ Թուրքիան հայտարարել է` 2025 թվականին գրեթե ամբողջապես արտադրելու է իր սեփական ռազմական սպառազինությունը։


«Տարեցտարի տնտեսապես կայունանալով և իրեն ուժեղ զգալով՝ Թուրքիան սկսեց վարել ինչ-որ չափով անկախ արտաքին քաղաքականություն։ Օրինակ, թուրքական զորքերի ներխուժումները Սիրիայի և Իրաքի տարածքներ, հայ-թուրքական արձանագրությունների ի կատար ածման ձախողումը, Եվրոպայում ապրող թուրք բնակչության օգտագործումը սեփական քաղաքական նպատակների համար, Հյուսիսային Աֆրիկայի շրջանում ազդեցության մեծացման քաղաքականությունը և այսպես շարունակ։ Այս ամենը, բնականաբար դուր չէր կարող գալ հատկապես ԱՄՆ-ին, որը տասնամյակներ շարունակ Թուրքիայի նկատմամբ վարել է զսպողական քաղաքականություն և պահել նրան իր ազդեցության ոլորտում։ Ասել կուզի՝ ԱՄՆ-ին պետք է ոչ թե անկախ, այլ կառավարելի Թուրքիա»,- ասում է մեր զրուցակիցը՝ շեշտելով, որ այս ամենը հանգեցրեց Թուրքիայի, ԱՄՆ-ի, նաև ԵՄ-ի հետ հակասությունների սրման։
Էրդողանը հայտարարեց, թե Թուրքիան ԱՄՆ-ի կարիքը չունի, ավելին, Ռուսաստանի հետ C-400-ի գործարքը կնքելով, Թուրքիան ցույց է տալիս, որ ԱՄՆ-ին այլընտրանք կա։ Թուրքագետը չի կարծում, թե այդ գործարքը մինչև վերջ կկայանա, որովհետև նախ համոզված չէ, որ այդ պաշտպանական համակարգը կարող է լիովին փոխարինել ՆԱՏՕ-ի պաշտպանական համակարգին։ Բացի այդ, Թուրքիայի և ՌԴ-ի միջև կան քաղաքական և տնտեսական հակասություններ։ Դեռ բոլորովին վերջերս Էրդողանը հայտարարեց, որ դեմ է Ղրիմի անեքսիային։ Այսպիսով, նա Ռուսաստանը ճանաչեց ագրեսոր։ Այս երկրներն ունեն նաև կովկասյան, փոքրասիական և Միջին Ասիայի տարածաշրջաններում ազդեցության տարածման խնդիր, որոնք մերթ ընդ մերթ առաջացնում են լարվածություն երկու երկրների միջև։ Այս առումով հատկանշական է հատկապես նրանց միջև կնքված տարատեսակ պայմանագրերի, օրինակ, «Հարավային հոսք» գազատարի չեղարկումը, ինչը տեղի ունեցավ Թուրքիայի կողմից ռուսական հձ-25 կործանիչի ոչնչացման պատճառով։ Ըստ Կարեն Սիրունյանի՝ չի բացառվում, որ նույնը կատարվի նաև C-400 պայմանագրի դեպքում։ Ընդհանրապես ՌԴ-ի կնքած գլոբալ նախագծերը այս վերջին շրջանում տարօրինակ կերպով մնում են թղթի վրա։ Օրինակ, Չինաստանի հետ Սիբիրի գազատարի պայմանագիրը տարբեր պատճառներով չի իրագործվում։


«Բացի այդ, եթե Թուրքիան ուզում է դուրս գալ ԱՄՆ-ի վերահսկողությունից, ցանկանո՞ւմ է մնալ Ռուսաստանի ազդեցության ոլորտում։ Արդյոք գումարելիների տեղերը փոխելիս գումարը փոխվո՞ւմ է։ Չէ՞ որ ռուսական ՀՕՊ համակարգի տեղադրումը նշանակում է ռուսական որոշակի վերահսկողություն։ Սա հասկանում են երկու երկրներն էլ։ Պարզապես ԱՄՆ-ի հետ հարաբերությունների վատթարացման պատճառով Թուրքիան իրեն նոր դաշնակից է փնտրում, ավելի ստույգ վարում է հզոր երկրների հակասությունների վրա խաղալու իր ավանդական քաղաքականությունը։ Սա շատ նման է Քեմալի վարած քաղաքականությանը, երբ մերձեցավ բոլշևիկների հետ, ցույց տվեց իրեն իբրև յուրային, ստացավ ինչ ցանկանում էր, հետո հայտարարեց, որ ինքն արևմտյան ուղղություն է որդեգրել, արդյունքում երկկողմանի շահեց»,- ասում է թուրքագետը։ Ըստ նրա՝ թուրք-ամերիկյան հարաբերությունների լարումից կտուժի հատկապես Թուրքիան։ Նախ՝ Թուրքիան դեռևս այն ուժը չէ, որ դիմակայի թիվ մեկ գերտերությանը։ Երկրորդ՝ Թուրքիան շատ լավ գիտակցում է, որ այդ քաղաքականությունը հղի է վտանգներով, և եթե շարունակի այն, կկանգնի հերթական հեղաշրջման, իսկ միգուցե նաև հեղափոխության վտանգի առջև։


«Միգուցե C-400-ը կարող է ինչ-որ կերպ պաշտպանել Թուրքիայի անվտանգությունը, բայց հեղաշրջումներ կանխարգելել չի կարող։ Մենք ականատես եղանք Իրաքյան Քրդստանի ստեղծմանը, ինչը բոլորովին էլ պատահական չէր։ Իսկ սա Թուրքիայի համար լրջագույն հարված է։ Եթե այդպես շարունակվի, ապա ոտքի կելնեն և Արևմուտքի կողմից լրջագույն աջակցություն կստանան Թուրքիայի քրդերը։ Նորից առաջ կքաշվի Հայկական հարցը, հնարավոր է՝ ճանաչվի Իրաքի Քրդստանի անկախությունը և այսպես շարունակ։ Մի խոսքով, կառաջանա Թուրքիայի տարածքային ամբողջականության խնդիր։ Չեմ կարծում, որ նման պարագայում որևէ երկիր ի վիճակի լինի պաշտպանելու Թուրքիային։ Ընդհակառակը՝ բոլորը կփորձեն օգուտներ քաղել նրա ներկայիս իրավիճակից։ Թուրքիան կսկսի աստիճանաբար մեկուսանալ միջազգային ասպարեզում։ Ելքը կլինի մեկը՝ կենաց- մահու պայքար մղել թե՛ ներքին, թե՛ արտաքին ուժերի դեմ, ինչը հայտնի չէ, ինչ հետևանք կունենա։ Այնպես որ, Թուրքիան պետք է լավ մտածի՝ մինչև ԱՄՆ-ի հետ խոր առճակատման գնալը։ ԱՄՆ-ն այն երկիրը չէ, որի հետ Թուրքիան կարող է նման խաղեր խաղալ»,- եզրափակում է Կարեն Սիրունյանը։


Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 4074

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ