Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

«Հայրենիքը»՝ Հայաստանին ու Արցախին

«Հայրենիքը»՝ Հայաստանին ու Արցախին
20.10.2017 | 08:40

Օպերային թատրոնի մերձակա բացօթյա «Մեղեդի» սրճարանը գրեթե դատարկ է: Գուցե մեղավորը օգոստոսյան կեսօրի այրող տա՞պն է: ՀԱԿՈԲ և ԶԵՓՅՈՒՌ ԱԼԻՔՍԱՆՅԱՆՆԵՐԻ հետ այստեղ պիտի հանդիպեմ: Ինձ ճանաչելու են Մոնթեի նկարով, որ ձեռքիս պիտի լինի: Հենց պայուսակից հանում եմ գիրքը, որի շապիկին Մոնթեի նկարն է, բարեհոգի ժպիտով տղամարդն իսկույն բարձրանում է տեղից, ձեռքով կանչում: Մոտենում, բարևում եմ, ու հենց այդ պահին արագաքայլ մեզ է մոտենում նույնքան բարեհոգի և հարազատի անմիջական ջերմությամբ ժպտացող մի կին. նա է՝ Զեփյուռը։ Առանց նախաբանի` նման դեպքերում ընդունված հերթապահ բառերի, ծայր է առնում պարզ ու ջերմ մի զրույց, որի հիմնաբառը, առանցքն Արցախն է ու ապա Հայաստանը:

-Ծնվել եմ Պոլսում, 18 տարեկան էի, որ ընտանիքով տեղափոխվեցինք Ամերիկա,- ասում է Հակոբ Ալիքսանյանը։- Պոլսեցի ընկերս՝ Վարուժանը, Արցախյան պատերազմի թեժ օրերին՝ 1992 թ. եկավ Հայաստան, տեսավ ու զգաց, թե ինչ դժվար վիճակ է, և թե ինչպես են մարդիկ տոկում ու ամեն ինչ անում հանուն Արցախի ազատության ու ապահովության: Նույնպես պոլսեցի Սարգիս Հացպանյանը նրան հորդորում է հնարավոր ամեն բան անել վտանգված հայրենիքին օգնելու համար: Վերադարձավ Լոս Անջելես և ինձ պես պոլսահայ ընկերների հավաքելով՝ Երվանդ Տոնիկյան, Փառունակ Չերիկյան, Հովսեփ Արդչ, Սեդրակ Բիրեթ... և ոչ միայն պոլսահայերի, հիմնեց «Հայրենիք» միությունը: Քարոզչական աշխատանքի արդյունքում շատերն անդամակցեցին մեր միությանը, և սկսեցինք Հայաստանին ու Արցախին օգնելու, սատարելու ծրագրեր իրականացնել: Ցավոք ու հազար ափսոս, որ Վարուժանը 1993 թ. մայիսի 23-ին մահացավ սրտի տագնապից ու չտեսավ իր փայփայած ծրագրերի իրականացումը:


Կողքից բարձրաձայն արաբերեն խոսակցություն է լսվում:
-Կարծում եք արաբնե՞ր են։ Ո՛չ, սիրիահայեր են և հայերեն գիտեն: Ինչու՞ հայերեն չեն խոսում,- դժգոհում է տիկին Զեփյուռը, ասես ամուսնու տխուր խոսքը մեկ այլ տխրությամբ շեղելու համար:
Հարցական հայացքս որսալով՝ ավելի խիստ տոնով շարունակում է.
-Այո՛, այո՛, շատ ցավոտ խնդիր է: Ես 6 լեզու գիտեմ, անգլերենը` հրաշալի, բայց ինչու՞ անգլերեն խոսեմ: Մեծ ցավ եմ զգում, որ հայը մոռանում է հայերենը: Երբեմն լսում եմ՝ ֆրանսիացի լինելը լավ է: Ես ասում եմ՝ հայ լինելն է լավ: Մեր երկու որդիներին ուղարկել ենք հայկական մանկապարտեզ ու վարժարան: Ամերիկյան դպրոց հաճախելը ձրի է: Խոսքը կիրակնօրյա դպրոցի մասին չէ, այլ «Մեսրոպյան», վճարովի է, տարեկան վարձը՝ 10000 դոլար: Երկու որդիներիս ուսման համար 30000 դոլար ենք վճարել, որ հայերեն սովորեն: Շատերի պես եթե ամերիկյան դպրոց տայինք, այդ 30000 դոլարը մեկ այլ նպատակի կծառայեցնեինք: Բայց մեզ համար կարևոր էր, որ մեր երեխաները հայ մեծանային:


Հակոբ Ալիքսանյանն Արցախ է եկել 1994-ին.՝ հրադադարի օրերին: Կորուստների ցավ, ավերված տներ. պատերազմի մռայլ պատկերներից ազդված՝ ավելի նպատակամղված սկսեց աշխատել՝ Արցախի աննկուն ժողովրդին օգնելու համար: Տիկին Զեփյուռի բնորոշմամբ՝ օրը 24 ժամ այդ գործին է:


Պոլսից Ամերիկա տեղափոխվելուց հետո Հակոբ Ալիքսանյանը սովորել է քոլեջում, ապա ուսումը շարունակել ճարտարապետության գծով: Ավարտելուց հետո աշխատանքի է անցել Կալիֆոռնիայի օդանավաշինական մեծ ընկերությունում՝ որպես ինժեներ: Երեսուն տարի աշխատելուց հետո անցել է թոշակի ու հիմնովին, հոգով-սրտով նվիրվել միության աշխատանքներին:


Հոգով-սրտով բժշկի իր աշխատանքին նվիրված տիկին Զեփյուռը եռանդով չի զիջում ամուսնուն՝ միասին են այցելում Արցախ, հետևում «Հայրենիքի» ծրագրերի իրականացման ընթացքին: Որդիները՝ Սևանն ու Կարեն, անմասն չեն մնում ծնողների հայրենաշունչ գործերից: 2008 թ. ավագ որդին, լինելով համակարգչային ոլորտի գիտակ մասնագետ, 240 համակարգիչ ձեռք բերեց՝ 26498 դոլար արժողությամբ՝ Արցախի գյուղեր ուղարկելու համար: Իսկ «Հայրենիքի» անդամ Լևոն Թորոսը դպրոցի մանկավարժների համար համակարգչային դասընթաց կազմակերպեց, որպեսզի նրանք էլ սովորեցնեն իրենց աշակերտներին:
Ընդգրկուն և բազմաբնույթ է «Հայրենիք» միության գործունեությունը: Նախ հիշատակենք, որ հիմնադիր Վարուժան Քարյանի հիշատակը ոգեկոչող հուշաղբյուր է կանգնեցվել Կուսապատ գյուղում: Բացման արարողությանը ներկա է եղել նաև Մարտակերտի վարչակազմի ղեկավարը: Հենց այդ արարողության ժամանակ էլ ժողովուրդը հուշեց ավերված դպրոցը «Հայրենիքի» միջոցներով վերաշինելուց հետո Վարուժան Քարյանի անունով անվանակոչելու միտքը:


-Դպրոցը լրիվ քանդված էր,- ասում է տիկին Զեփյուռը,- 160000 դոլար տրամադրվեց այն հիմնովին նորոգելու համար: Հիմքից սարքեցինք:
Այր ու կին միմյանց լրացնելով հիշում են անցյալ տարիներին կատարված աշխատանքները: Միության ֆինանսական միջոցները գոյանում են իր անդամների տարեկան 3000 դոլար անդամավճարներից: 1993-2014 թթ. շինարարական աշխատանքների համար հատկացվել է 2,8 միլիոն դոլար: 32500 դոլար արժողությամբ բրինձ է գնվել, որն անձամբ են բաժանել գյուղերում: 2016 թ. շինարարության և հիմնանորոգման աշխատանքների համար հատկացվել է 4,1 միլիոն դոլար: Առանձին ջերմությամբ են հիշատակում երկու ջրաղաց գնելու փաստը: 1999 թ. միությունը Նոր Կարոլինայից գնեց դրանք՝ յուրաքանչյուրը 57000 դոլար արժողությամբ, տեղափոխեց Լոս Անջելես, այնտեղից էլ` Արցախ: Մեկը հատկացվեց Հադրութի շրջանին, մյուսը՝ Մարտակերտի: Հեշտ չէր այդպիսի հեռվից ջրաղացներ տեղափոխելը, բայց երբ եկան ու տեսան ջրաղացի ալյուրով Հադրութում թխված հացը, մոռացան դժվարությունները: Բացման արարողությանը ո՜նց էին պարում...
Ես լսում էի Ալիքսանյաններին ու հիանում նրանց ոգեշնչմամբ: Արցախ գործուղվելիս միության միջոցներից չեն օգտվում, իրենք են հոգում իրենց ծախսերը: Միության ջանքերով գոյացած գումարները պետք է ծառայեն կարևոր նպատակին՝ հայրենիքի բարելավմանը: Հարությունագոմերում կառուցվել են մշակույթի մեծ պալատ, սանհանգույց: Ավդուռում կառուցվել է բուժկետ: Շինարարական աշխատանքները հովանավորել են Հայրո և Հավերժ Քյոսեյանները: Ծմակահողում, Շահմանսուրում, Գառնաքարում կառուցվել են համայնքային շենք, բուժկետ, սանհանգույց: Երեք հաստատությունների բացման արարողություններն էլ այս տարի էին:


-Հուլիսի 19-21-ին Ավդուռում էինք: Գյուղի 25 ընտանիքները մեզ շատ սիրալիր ընդունեցին: Բժշկական սարքավորումներ էինք տարել նորակառույց բուժկետի համար: Քանի որ բժիշկ եմ, լավ գիտեի՝ ինչ է անհրաժեշտ, գործիքներ, սարքեր, ամեն անհրաժեշտ բան բերեցինք: Ամենահուզիչը Խրամորթում էր: Սարերից գյուղ հասցվեց խմելու ջուր: Գյուղապետն ասաց. «Սա ամենալավ գործն է, որ դուք արեցիք»: Աշխատանքները հովանավորել էր Սեպուհ Մադոյանը: Ցավոք, հայրենասեր այդ մարդը 60 տարեկանում մահացավ թոքերի քաղցկեղից: Մարդը անցնում է, նրա բարի գործը՝ մնում: Օր ու գիշեր հոսող ջուրը Սեպուհի հիշատակն է խորհրդանշում: Ովքեր պիտի Լոս Անջելես վերադառնային, փոքրիկ շշերով աղբյուրի ջրից վերցրին, որ հասցնեն Սեպուհի տիկնոջը...
2013-2014 թթ. Արա լեռում կառուցվեց հոսպիտալ: Բացման արարողությանը մի ուսուցչուհի ներս մտավ, ձեռքով շոշափեց անկողնու սպիտակեղենը և հիացմունքով ասաց. «Վա՜յ, մարդու հիվանդ ըլլալը կուգա...»: Այդ հոսպիտալը կարևոր դեր կատարեց Ապրիլյան պատերազմի օրերին...


Բանակը, սահմանը պահող զինվորն ամենակարևորն են: Ապրիլյան դեպքերից հետո «Հայրենիք» միությունը սահմանի զինվորի համար 15000 դոլար ուղարկեց, ապա 10000 դոլար՝ քնապարկերի և այլ անհրաժեշտ բաների համար: Քաշաթաղում սահմանը պահող սպաների համար երեք առանձնատուն է կառուցվել։
...Ժամանակն անցնում է աննկատ: Իսկ պատմելու բան դեռ շատ կա: «Հայրենիքը» օգնում է նաև Հայաստանի սահմանամերձ շրջաններին, հատկապես կենտրոնական ճանապարհներից հեռու, կյանքի զարկերակից կտրված գյուղերին: Շինարարական անհրաժեշտ աշխատանքներ են կատարել Դսեղում, Սիսիանում, այլ գյուղերում:
Ամեն տարի «Հայրենիք» միությունը 100-ից ավելի ծրագիր է ստանում, բայց իր միջոցները բավարարում են մոտավորապես 25-ի իրականացման համար:
-Մեր կազմակերպության պես 30 կազմակերպություն էլ է անհրաժեշտ՝ բոլոր ծրագրերն իրագործելու համար: Երազում եմ՝ գա երանելի ժամանակ, մեր հայրենիքը հզորանա, ոտքի կանգնի և մեր միության պես կազմակերպությունների կարիք չունենա: Բայց քանի դեռ պետք է, «Հայրենիքը» ծառայելու է մեր հայրենիքին՝ Հայաստանին ու Արցախին։


Մեր զրույցի ընթացքում ակամա հիշում էի հեռուստադրվագներ. աղքատ ընտանիքին օգնություն են տարել՝ դրամ, հյութեր, կենցաղային տարբեր առարկաներ, ընտանիքը շփոթված, խեղճացած նայում է տարբեր լրատվամիջոցներից եկած լրագրողներին, որոնք շրխկոցներով նկարում-նկարահանում են... Տխուր, նվաստացուցիչ պատկեր: Իսկական բարեգործությունը ցուցադրական, բարձրագոչ չի լինում: Հակոբ և Զեփյուռ Ալիքսանյաններն իրենք էլ նվիրյալ զինվոր են և, «Հայրենիք» միության ավանդույթներին հավատարիմ, շարունակում են հայրենաշեն գործերով սատարել իրենց հայրենիքին՝ մի օր այնտեղ մշտապես հաստատվելու բաղձալի նպատակով։


Ասպրամ ԾԱՌՈՒԿՅԱՆ

Դիտվել է՝ 4448

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ