Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Հաղորդակցություն Աստծո հետ

Հաղորդակցություն Աստծո հետ
20.10.2017 | 00:40

Քրիստոնեական ամենագլխավոր առաքինություններից մեկը խոնարհությունն է:
Սովորե՛ք Ինձնից, որովհետև հեզ եմ և խոնարհ սրտով, ասում է մեզ Քրիստոսն Ինքը: Այստեղից հետևում է, որ Քրիստոսն է խոնարհության ՈՒսուցիչը:


Եվ իրապես Քրիստոսն է մեզ սովորեցնում այս աստվածային առաքինությունը, և ոչ այնքան խոսքերով, որքան Իր՝ աշխարհի մեջ հայտնվելու կերպարով՝ անշուք և խոնարհ:
Քրիստոս կայսրի նման չէր ծնվել, ոչ էլ փառավոր զորավարի նման, և ոչ նշանավոր գիտնականի էր նման, այլ հայտնվեց աշխարհում անաղմուկ և աննկատ ձևով, ինչպես անաղմուկ և աննկատ է իջնում երկրի վրա առավոտյան ցողը: Եվ Նրա ամբողջ երկրավոր կյանքը՝ չնայած բազմաթիվ մեծ հրաշքներին, նույնպես համեստ էր և աննկատ այնպես, որ այն դարաշրջանի պատմիչները չնկատեցին աշխարհում Աստծո Որդու հայտնվելը. իրենց ժամանակագրություններում նրանք բնավ չեն ակնարկում Քրիստոսի մասին: Սակայն նշանավոր այլ մարդկանց՝ թագավորների, զորավարների, փիլիսոփաների մասին նույն պատմաբանները գրեցին բազում գրքեր, որտեղ փառաբանվում են այդ նշանավոր, գոռոզ մարդկանց գործերը: Իսկ Քրիստոսի մասին նրանք համարյա ոչինչ չգրեցին: Ինչու՞: Որովհետև այդպիսին է խոնարհության հատկությունը. այն նույնիսկ ամենամեծ գործերը կատարում է անաղմուկ և աննկատ ձևով, այնժամ, երբ հպարտությունը՝ ճիշտ հակառակը. ամենաչնչին և նույնիսկ ամոթալի գործերը մեծ շուքով և ցուցադրական է կատարում:


Քրիստոս հեղաշրջեց աշխարհը, բայց դա կատարեց այնպես, որ Իր ժամանակակիցների մեծամասնությունը ոչինչ չհասկացավ և չնկատեց: Նույնիսկ Քրիստոսի երկրավոր կյանքից հետո բազում դարեր անց, երբ արդեն բոլորի համար ակնհայտ էր, որ Նրա գալստյամբ աշխարհը փոխվեց, մարդիկ տակավին վիճում և տարակուսում էին՝ ի վերջո ո՞վ էր Նա, որ եկել էր աշխարհ, և ինչպե՞ս Նրան հաջողվեց ամբողջ տիեզերքը հեղաշրջել այնպես, որ ոչ մեկը դա չնկատեց և չհասկացավ:


Այդպես է գործում Աստված՝ խոնարհ և անշուք, և Քրիստոսի ճշմարիտ հետևորդները՝ սրբերն ու արդարները, օժտված են նույն հատկությամբ՝ նրանք խոնարհ էին, դրա համար էլ նրանց առաքինի, սուրբ կյանքը աշխարհիկ մարդկանց համար մնաց անտեսանելի: Հայտնի սրբերից մեկը՝ Իոսիֆ Իսիխաստը, ասում էր, որ իսկական արդարությունը զանգակ չունի, որ գրավի ուշադրությունը: Իսկական արդարությունը միշտ խոնարհ և համեստ է, նա չի գունավորվում և չի ներկայացվում: Դրա համար էլ հոգևոր մարդը տեսնում է բոլորին, սակայն իրեն ոչ ոք չի տեսնում:
Մեր ժամանակակից Պայիսիոս Աթոսացի ճգնավորը այս աշխարհի հզոր, գիտուն, հպարտ մարդկանց համեմատում է երկրագնդի շուրջը պտտվող արհեստական արբանյակների հետ, որոնք միայն արտաքինից նման են աստղերին, իսկ երբ մոտիկից նայես, ընդամենը գործարանում պատրաստված մետաղի կտոր են: Սակայն խոնարհություն ունեցող մարդիկ իսկական աստղեր են, որ շրջում են անսահման տարածության մեջ մեծ արագությամբ, անաղմուկ, այնպես, որ ոչ մեկը դա չի նկատում:


Ի՞նչ է վերջապես խոնարհությունը: Սովորաբար, երբ մենք ասում ենք մեկի մասին, որ նա խոնարհ մարդ է, մենք պատկերացնում ենք մեկին, որ իրեն ուրիշներից ավելի նվաստ է համարում, իրեն ամենավերջին տեղն է դնում, ինքն իրեն մեղադրում է և ուրիշներին արդարացնում և այլն: Սակայն մենք պետք է իմանանք, որ դա խոնարհությունը չէ, այլ ընդամենը սկիզբն է ճանապարհի, որը տանում է խոնարհության: Եթե մեկը գնա այդ ճանապարհով, ապա նրա հոգում սկիզբ կառնի մի այնպիսի բան, որը կբերի նրան իսկական խոնարհության, որը մտքից վեր է և խոսքով անճառելի: Ճշմարիտ խոնարհությունը մեծ գաղտնիք է, սրբերի գաղտնիք է: Երանելի Իսահակ Սիրսկին գրում էր, որ նրանք, ովքեր փորձում են խոսքով նկարագրել խոնարհությունը, նման են նրանց, ովքեր ջանում են քանոնով չափել անդունդը:


Առանց խոնարհության Աստծո հետ հաղորդություն չի կարող տեղի ունենալ, չկան նաև հոգևոր կյանք և փրկություն: Եթե մենք չունենք խոնարհություն, ապա ինչքան էլ բարի գործեր անենք, դրանք մեզ չեն փրկի: Եթե մեկը գիտակցում է, որ բարի շատ գործեր է կատարել, ասում է Սուրբ Հովհան Ոսկեբերանը, և դրա հետ մեկտեղ չի մտածում, որ ինքը բոլորից վերջինն է, ապա նա իր արած բոլոր բարի գործերից ոչ մի օգուտ չի ստանա: Իսկ Պայիսիոս Աթոսացին մեր բարի գործերը համեմատում է զրոների հետ. ով շատ բարի գործեր կատարեց, նրա մոտ զրոների երկար շարք է, իսկ ով քիչ կատարեց, նրա մոտ քիչ զրոներ են: Բայց եթե գումարենք իրար զրոները. միևնույն է, զրո է լինելու, եթե Աստված չդնի առջևից մեկը: Իսկ Նա կդնի մեկը այն դեպքում, եթե մենք ունենանք խոնարհություն:
Եվ այսպես, սիրելի եղբայրներ և քույրեր, մեզ անպայման անհրաժեշտ է սովորել այդ երկնային առաքինություն խոնարհությունը և ներդնել ջանքեր, որ ձեռք բերենք այն: Սուրբ հայրերն ասում են, որ մեր թշնամիները (դևերը) ընկան հպարտության պատճառով և մեզ էլ միշտ մղում են նույն ճանապարհով գնալ, որովհետև գիտեն, որ հպարտությունը բաժանում է մեզ Աստծուց, սպանում և կործանում է հոգին: Հաճախ մեր թշնամիները այդ կիրքը սերմանում են մեր մեջ այնքան աննկատ ձևով, որ մենք անգամ չենք հասկանում ու գիտակցում մեր սեփական հպարտությունը: Սակայն, եթե մենք անգամ ընդունակ չենք այն տեսնելու և գիտակցելու, միևնույն է, պետք է սովորենք խոնարհվել: Այս ճանապարհով գնացին բոլոր սրբերը, որոնք միայն խոնարհության ճանապարհով ընդունեցին Աստծուց շնորհները և սրբացան: Մենք պարտավոր ենք նրանցից օրինակ վերցնել և հիշել, որ այլ ճանապարհով Աստծուն մոտենալ հնարավոր չէ, ինչպես և ասում է Սուրբ գիրքը, «Աստված հպարտներին հակառակ է, իսկ խոնարհներին շնորհ է տալիս»: Ամեն:


Թարգմանությունը՝ Դարբասի հոգևոր հովիվ
Տեր Ընծա քահանա ՄԻՐԶՈՅԱՆԻ

Դիտվել է՝ 1947

Մեկնաբանություններ