Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

«Մինչև սրտացավ չլինենք մեր իսկ տան հանդեպ և չունենանք հայրենասեր, ժողովրդասեր իշխանություններ, այս արտագաղթ-արյունահոսությունը չի դադարի»

«Մինչև սրտացավ չլինենք մեր իսկ տան հանդեպ և չունենանք հայրենասեր, ժողովրդասեր իշխանություններ, այս արտագաղթ-արյունահոսությունը չի դադարի»
20.10.2017 | 08:49

«Իրատեսի» հյուրն է պատմաբանասեր, հայագետ, գրող ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆԸ: Վերջերս նա լույս է ընծայել «Այլաստանցի Մուչիկ հայաստանցին» վիպակը՝ Արծուի ստորագրությամբ, որը ներկայացնում է հայ մարդու անդադրում թափառումների համապատկերը՝ տեսադաշտում ունենալով մեկ հայի կյանքի արկածախնդիր պատումաշարը: Մեր զրույցը հիմնականում անդրադարձ է այդ վիպակին:

«ԽՐԱՄԱՏՈՒՄ ԳՏՆՎԵԼՈՒ ԶԳԱՑՈՂՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆ ԹԵ՛ ՄՆԱՑՈՂԸ, ԹԵ՛ ՀԵՌԱՑՈՂԸ»


-Արծվի, այսօր ոչ մեկին չես զարմացնի հայի թափառիկ կյանքի մանրամասներով, քանի որ այդ կյանքն ու այն ապրողների հոծ բանակը դարձել են օրինաչափ իրողություններ մեր հանրապետության անկախության երկու և ավելի տասնամյակների ընթացքում: Եվ, այսուհանդերձ, թե՛ գնացողը, թե՛ մնացողը չեն կասկածում Մուչիկի ընկերներից մեկի իրավացիությանը, որը հայտարարում է. «Հայաստանն էսօր խրամատ ա, էստեղից ամեն մի գնացող մնացողի գործն ա դժվարացնում…»: ՈՒրեմն, ինչո՞ւ են գնում՝ ըստ քեզ:
-Ճիշտ նկատեցիր, խրամատում գտնվելու զգացողություն ունեն թե՛ մնացողը, թե՛ հեռացողը։ Մեկին պահում է մնալու և սեփականը պաշտպանելու իդեալիզմը, մյուսին հեռացնում է խրամատից շուտ ազատվելու և գոնե իր սերունդներին ապահով կյանքով ապահովելու պրագմատիզմը։ Այդ զգացողությունը Հայաստանում թերևս չունեն այն մի բուռ մարդիկ, որոնք գիտեն, որ ցանկացած իրական վտանգի դեպքում սեփական օդանավերով արագ խույս կտան այլաստանները, որտեղ վաղուց տուն-տեղ ունեն դրած։ Իսկ թափառական հայի ոդիսականը դարձնելով հերթական գրական գործի նյութ՝ ցանկությունս եղել է մի կողմից՝ պահպանել կյանքիս ընթացքում բազմաթիվ տեղերից լսված մերօրյա հայ պանդուխտների հետ կապված ուրախ ու տխուր պատմությունները, մյուս կողմից՝ կրկին ու կրկին մտորել հայրենաթողության, հայրենադարձության, հայի կոսմոպոլիտիզմի մասին՝ այս անգամ գեղարվեստական խոսքի միջոցով։

«ՄԵՆՔ՝ ԼԻՆԵՆՔ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ, ԹԵ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ, ՄԵԾ ՄԱՍԱՄԲ ՉԵՆՔ ՍԻՐՈՒՄ
ՄԵՐ ԵՐԿԻՐԸ, ՆՐԱ ՀԵՏ ՎԱՐՎՈՒՄ ԵՆՔ ԱՆԽՆԱ ՈՒ ԱՆՓՈՒՅԹ»


-Մուչիկը ոչ թե Հայաստանից, այլ ինքն իրենից է փորձում փախչել, ինչպես ձևակերպում է նրա մայրը՝ Նինան: Սա մեզ ժամանակի և հանգամանքների բերումով համակած անցողիկ ա՞խտ է, թե՞ հայի ազգային նկարագրի, գենետիկ որակի դրսևորում. չէ՞ որ մեր ազգի թափառումները նոր չեն աշխարհի պատմության մեջ, և քիչ չեն գրավոր վկայություններն ու բանավոր վարկածներն այն մասին, թե երկրագնդի տարբեր անկյուններում բնավորված-կազմավորված որոշ ցեղախմբեր սերում են հենց հայերից:
-ՈՒսումնասիրելով մեր պատմությունը՝ տեսնում ես, որ մեր ժողովուրդը, ցավոք, միշտ էլ գաղթել է։ Վախենում եմ ասել, որ կարծես թե դա իսկապես մեր գենի մեջ հիմնավորված է։ Հանրահայտ պատճառները մի կողմ թողած՝ պետք է ընդունենք նաև, որ մենք՝ լինենք հանրություն, թե ղեկավարություն, մեծ մասամբ չենք սիրում մեր երկիրը, նրա հետ վարվում ենք անխնա ու անփույթ։ Թե՛ փողոցում աղբ թափող շարքային քաղաքացին, թե՛ հանուն իր գրպանի սարահանքը փորփրող ու շրջակա գյուղերի բնակչությանը նյութական ու առողջական վնաս պատճառող օլիգարխը երկիրը վնասող տեսակն են՝ ամեն մեկն իր չափով։ Մինչև սրտացավ չլինենք մեր իսկ տան հանդեպ և չունենանք հայրենասեր, ժողովրդասեր իշխանություններ, այս արտագաղթ-արյունահոսությունը չի դադարի։ Իմ այս վիպակը (կամ վեպը՝ ինչպես կուզեք) ծնվեց հենց այդ մտահոգությունից։

«ՍԵՎ ԿԱՄ ՍՊԻՏԱԿ ՀԵՐՈՍՆԵՐ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆ ՄԻԱՅՆ ԹԵԹԵՎՍՈԼԻԿ
ԲԵՍԹՍԵԼԵՐՆԵՐՈՒՄ ՈՒ ՍԵՐԻԱԼՆԵՐՈՒՄ»


-Ընդունված է գրական հերոսներին տալ որակումներ. սա դրական կերպար է, նա՝ բացասական: Մուչիկի (Թաթուլ Թաթուլյանի) դեպքում հնարավո՞ր է նրան այդ դասակարգումներից որևէ մեկի մեջ զետեղել:
-Իմ մտերիմներից մեկը, կարդալով վեպի ձեռագիրը, վերջում գրություն էր թողել. «Վա՛յ, անամո՛թ, սատկե՛ս դու, Մուչի՛կ»։ Այս խոսքերի մեջ տեսնում եմ թե՛ հանդիմանանք, թե՛ սեր ու սրտակցություն հերոսիս հանդեպ։ Մեր օրերում միանշանակ սև կամ սպիտակ հերոսներ գոյություն ունեն միայն թեթևսոլիկ բեսթսելերներում ու սերիալներում։ Մի բան գիտեմ, որ իմ Մուչիկը հակահերոս չէ։ Գուցե նա շատ օրինակելի բաներ չի անում, բայց նաև ոչ մեկի վատություն չի անում, ճի՞շտ է։
-Ճիշտ է։ Թերևս, ամենամեծ վատությունն ինքն իրեն է անում՝ անարմատ բույսի նման տարուբերվելով, օտար հողմերի բերանն ընկած:
-Թերևս:
-Օտար միջավայրը մնում է օտար անգամ տասնամյակներ անց. լավագույն վկայություններից մեկը Ամերիկայում բնավորված և ոչ ճիշտ տեղից փողոցն անցնել փորձող տարեց հայուհու հետ պատահած զավեշտալի դիպվածն է, որի արդյունքում նրա որդուն հորդորում են մորը տանել հոգեբույժի մոտ: Այսօրինակ դիպվածներն օտարների աչքում ի՞նչ լույսով են մեզ ներկայացվում:
-Դե՜, ցանկացած ներգաղթյալ, անկախ ազգությունից, լեզվաչիմացության ու մշակութային ցնցումի պայմաններում երբեմն ընկնում է զավեշտալի վիճակների մեջ։ Ես դիտմամբ եմ նման պատմություններ ներդիրի պես զետեղել վեպի հյուսվածքում՝ ավելի թեթև դարձնելու համար իրականում շատ մտահոգիչ հարցեր արծարծող այս ստեղծագործության ընթերցանությունը։

«ՑԱՆԿԱՑԱ ՎԻՊԱԿՈՒՄՍ ԸՆԴԳՐԿԵԼ ՄԵՐՕՐՅԱ ՀԱՅԵՐԵՆԻ ՀՆԱՐԱՎՈՐ ԲՈԼՈՐ ԴՐՍԵՎՈՐՈՒՄՆԵՐԸ,
ԲՈԼՈՐ ՇԵՐՏԵՐԸ»


-«Այլաստանցի Մուչիկ հայաստանցին» որակել ես անթարգմանելի վիպակ: Ինչու՞:
-Գրական գործ ստեղծելը նախ և առաջ լեզվի հետ խաղ անել է։ Ցանկացա վիպակումս ընդգրկել մերօրյա հայերենի հնարավոր բոլոր դրսևորումները, բոլոր շերտերը՝ արևելա- ու արևմտա- (արևմտահայերենի դեպքում՝ դասական ուղղագրությամբ), գրական ու փողոցի, բարբառ ու շեղալեզու՝ համեմված տարբեր լեզուների բառերով ու արտահայտություններով, ինչը թելադրում էին գործողությունների վայր հերթական երկիրը, տարբեր ազգությունների հերոսներն ու հատկապես՝ համով ու անհամոտ բառախաղերը, որ Մուչիկի «վատ» սովորույթներից է: Վիպակն ավարտելուց հետո կես տարի թողեցի անձեռնմխելի, որ մի քիչ «դամ» առնի, ու համոզվեմ՝ ստացվե՞լ է, արժի՞ տպագրել։ Եվ նորից կարդալով՝ հասկացա նաև մի ուրիշ բան՝ այն անհնար է թարգմանել։ Ահա, բացեմ մի պատահական էջ ու մի հատված կարդամ, տեսեք՝ կթարգմանվի՞. «Ա՛յ թե մի տղամարդ երգիչ համարձակվեր որևէ երգում կնոջը նման անուն տալ՝ հաստատ միահամուռ կերպով էդ տղամարդուն բզիկ-բզիկ կանեին, հում-հում կուտեին, տիրումեր կանեին, լինչի կենթարկեին, ոտը ոռից կպոկեին, մեծ կտորը ականջը կթողնեին, թարս կշինեին, հերը կանիծեին (մերն էլ հետը), մամաճիկը կլացացնեին (պապաճիկն ալ հետը), մուխը կմարեին, կկոխեին շան քամակը՝ կհանեին, էն օրը կգցեին, որ շանը մամա կասեր, խաչակրաց արշավանք կկազմակերպեին, խաչ կհանեին՝ առանց հարության իրավունքի… հետո էլ ձենները զլած միահամուռ բողոքում են, որ՝ «It’s a ma!!!!!!!!!!!!!n’s world»։ Նման օրինակները բազմաթիվ են: Բայց փառք այն թարգմանչին, որը կկարողանա թարգմանել ու չփախցնել գործի ողջ ոճն ու տարերքը։
-Գրքի վաճառքից գոյացած հասույթն ուղղվում է բարեգործության: Կմանրամասնե՞ս այս թեման:
-Վիպակս տպագրվեց ԱՄՆ-ում բնակվող Հայկ Սվաճյանի հիմնած «Մատյան պրես» մատենաշարով։ Այն շարքի հինգերորդ հրատարակությունն է։ Մինչ այդ լույս էին տեսել թարգմանված վիպակներ՝ Նինա Բերբերովայի «Նվագակցուհին», Վեսելին Ջելետովիչի «Յոհանի սերբական սիրտը», Լեոնիդ Անդրեևի «Հուդա Իսկարիովտացին» և Սոմերսեթ Մոեմի «Վերևում՝ առանձնատանը»։ Հայկ Սվաճյանը, չլինելով մեծահարուստ, խիստ շնորհակալ գործ է կատարում՝ հովանավորելով գրքերի հրատարակություններ (թեկուզ՝ սահմանափակ տպաքանակով), որոնց վաճառքից գոյացած հասույթը ամբողջությամբ տրամադրվում է հայոց բանակին, անապահով ընտանիքների: Օգնությունն անձամբ ենք տեղ հասցնում, ոչ թե ինչ-որ կազմակերպությունների միջոցով: Իհարկե, այս հասույթը գուցե և կաթիլ է օվկիանոսում, բայց գիտենք, միշտ էլ դժվարին ժամանակներում (որի պակաս երբեք չենք ունեցել) ճշմարիտ հայերը կարողացածի չափով փորձում են օգտակար լինել հայրենակիցներին։ Լինեն այլաստանցի, թե հայաստանցի:


Զրույցը վարեց
Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 4562

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ