Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Պիղծ և անկեղծ խաղադրույքներ (ուղերձ Սորոսին և նրա խամաճիկներին)

Պիղծ և անկեղծ խաղադրույքներ (ուղերձ Սորոսին և նրա խամաճիկներին)
20.10.2017 | 09:14

ՆԱԽԵՐԳ


Արարատն ու Արագածը, լեռներն Աժդահակ և Արա նայում են երկրին զավեշտալից քմծիծաղով։ Այնինչ երկրում աշուն է...
Մոզ քաղաքի կործանումը, անհայտ չէ, մարդկային զարզանդելի մեղքերի արձագանքն էր։ Տիեզերական քաղաքամայր Անին ավարառու ցեղերի առաջ իր զարդաքանդակ դարպասները բացեց, քանզի ոտնիգլուխ թաղված էր շվայտության և անհոգության մեջ։
Անիի եկեղեցիները շքեղ և փառավոր էին, հոգևոր հոտը անշուք էր հավատով ու փառակալած էր անհամար կրքերով։ Եվ քաղաքն ընկավ։ Եվ հիմնահատակ կործանվեց ու դժոխքի բաժին դարձավ Մոզ քաղաքը, որը Սոդոմի և Գոմորի հոգևոր հետնորդն էր։ Անիից ավերակներ են պահպանվել, Մոզից` ոչինչ։ (Անիի ավերակները մեր ինքնության խարանն են, Մոզի շիրմաքարերը` հայոց կռապաշտության արձագանքը)։

ԶԱՐՈՒՀՈՒ ԴԺՈԽՔԸ


Եհովայի վկաներին, մորմոններին և սատանայապաշտներին ձեռնոց է նետել նորածիլ, սակայն թրծված փոստանջյանական աղանդը։ Ինչպես եհովականներն ու այլք, սա նույնպես արևմտյան հակահիգիենիկ և հոգեորսիչ սնունդ է։ Կհաղթի՞ այս մարտերում Զարուհի Փ.-ն` անհայտ է դեռ։ Սակայն սա չէ մեր հողմերի տագնապը, փոստանջյանական աղանդի հետևորդներն են ի հայտ գալիս և ականներ են տեղադրում ամենազարմանալի վայրերում։
Զորօրինակ, Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում։ Բայց համբերատար լինենք և սպասենք ականապատման լուսաբանմանը հողմաղացյան հաջորդ արարում։ Այժմ լուսարձակենք տիկին Զարուհու երկու նվիրական հուզումն առ գործող վարչապետի առանձնատունը և ներկա քաղաքապետի «ուրացումը»։


Կարեն Կարապետյանը նորհայկական կապիտալիստ է, ներկա քրեաօլիգարխիայի բարեկիրթ աջթևայինը։ Նրա առանձնատունը ներկա դղյակաշինության համահավաք արձագանքն է, այսինքն` բաբելոնյան շինություն է, հսկայածավալ է և հայկական ճարտարապետության ոսկեղենիկ ինքնությունից հեռու է նույնքան, որքան հեռու է զրպարտագիրը գողթան երգից։ Սակայն չէ՞ որ 3-րդ հանրապետության ողջ վարչական վերադասն է դրամային միլիարդատեր, դղյակատեր, երբ սահմանամերձ մեր գյուղերը պարզապես տնքում են վարկերի և տուրքերի լծի ներքո և տքնում են օրնիբուն` հանուն երկնքից կախված հանապազօր հացի, բայց չեն լքում հայրենիքը։ Որովհետև այն միակն է։ Այնպես որ, դժոխակերտիչ նազելի տիկին, նախ ձեր ներաշխարհում քավարան կառուցեք, հետո միայն պարսավանքի պարսատիկներն ուղղեք աջ ու ձախ, տեղին ու անտեղի։ Ձեզ հողմաղացը դարձի գալու ելք է առաջարկում, հորդորելով գործող իշխանակառավարական անհամար հանցանքները, զանցանքները և մյուս սխրանքները դարձնել խորքային քննության նյութ և փնտրել ու գտնել դրանց լուծման փրկօղակները։ Մի խոսքով, արի շրջենք երկրով մեկ և ուղղամտորեն զատենք ցորյանն ու հարդը, տատասկն ու վարդը։ (Տեսնու՞մ ես, նազելի տիկին, հանուն փոխըմբռնման մի պահ անցա չափածո խոսքի, գնահատիր...)։


Տարոնը քանդու՞մ է մայրաքաղաքը։ Տե՜ր իմ Երկնավոր, պաղատում եմ, արա այնպես, որ քաղաքի քանդարարությունն ու շենացումը որոշվեն բացառապես Երևան, Արգիշտի 1 աշտարակաշեն շենքում։ Այսօր ու՞մ հայտնի չէ, որ Երևանի լինելության վսեմ խորհուրդը խարդախվում է միանգամայն այլ շենքերում, ՀՀ-ում, նաև նրա սահմաններից դուրս։ Տարոն Մարգարյանը «որբի հաց է ուտում» և... «ուրանում է հոր սպանությունը»։ Սա՞ է խոստացածդ դժոխքը։ Անցիր քավարանով, վախենամ, որ աղետալի բանսարկություններով ինքդ անվերադարձ հայտնվես դժոխքում` կնքաքույրերիդ ուղեկցությամբ։

Շրջագայությունը մեկնարկեց։ Առաջարկում եմ վերուվարենք երկրով մեկ յուրաքանչյուրս մեր նախընտրելի տրանսպորտային միջոցով, ես` Սանչո Պանսայի ճերմակաբաշ ավանակով, դու` երազածդ արծաթափայլ «բենթլիով»։


Քույր իմ նազելի, մայր ես բազմազավակ, սակայն ինչու՞ ես շրջանցում «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքը, այդ ո՞վ է կանխարգելել ընդվզումդ, թե՞ դա ներքին պահանջ է` հայ ազգային ինքնությունը լուծարող ամեն բան մատնել լռության։ «Երկիր ծիրանի», գերպարտավորեցնող կուսակցական մի անուն, որը, սակայն, մերկապարի է բռնվել ամենուր, որտեղ քոչարին և բերդ-պարը պետք է բռնկվեին ու բռունցքվեին։
«Երկիր Նաիրի»... Խնկոսկի ծիրանագույնն այլակերպվում է, փոխարկվում է ԼԳԲՏ-ական ծիածանագույնի։


«Երկիր Նաիրի»... Այս կուսմարմնի ծիրանի փողը փոշոտված և նեխած սրտաբուխ նվագակցում է Եհովայի վկաներին, մորմոններին վարակակիր և այլոց։ Եվ այսպես շարունակ, և այսպես անփառունակ։

Սննդամթերքի գները ստորաբար ճախրում են և դեռ ճախրելու են, հանրության 3 տոկոսը ցնծում է, 97 տոկոսը, ցավը սեղմած կոկորդում, սպասում է ձմռան սառնաշունչ գրոհին։ «Երկիր ծիրանին» սույնի կապակցությամբ ինչու՞ է լռում։ Նազելի տիկին, Հայաստանի սպառած գազի սակագինը անվերապահ գողոնային է, սահմանագլխին, եթե չես մտահանել, երկիր է մտնում 150 դոլար սակագնով, մեր խոհանոցներում է հայտնվում կրկնապատկված սակա..., շատ կներես, րցՍՈ-գնով, 300 դոլարով։ Եթե սա Ռուսիո քաղաքական դավն է, ապա ինչու չես կուսակիցներիդ հետ գնդեր կազմած անժամկետ հացադուլի նստում «Գազպրոմի» պատերի տակ...

Նազելի քույր իմ, եկ մեկնենք Կումայրի-Գյումրի։ Երկրի ղեկակալ այրերն ու տիկնայք սիրասուն (դարձյալ ղեկակալ) ավանդաբար այցելում են Կումայրի, զմայլվում են արգելոց-քաղաքի պատմական հմայքներով, այնտեղ տանջահարված քաղաքի փրկության զբոսաշրջային վերածննդի գաղափարով գրեթե խելքամաղվում են և, գնելով հինավուրց մի շենք, վերականգնում են այն և ինքնաբավ ու հպարտ վերադառնում մայրաքաղաք։ Կումայրին, այո՛, թանգարան է այն երկնքի տակ, ուր տագնապահույզ ճախրում են 1988-ի դժոխային աղետի անմեղ զոհերի հոգիները, քաղաքն անգո է, և հոգիները ուրվական դարձած թափառում են տնակային թաղամասերում։ Դուք եղե՞լ եք հայրաքաղաքի տնկային վերածննդի առհավատչյա «Սոֆիկի բաղերում»։ Այցելեք, մի քանի օր ապրեք հարազատներին 30 տարի առաջ կորցրած գյումրեցոց վագոն-տնակներում և այս ամենից խիստ վրդովված դժոխքի վերածեք հայրաքաղաքի իշխանաց և մեծահարուստների օրն ու ժամը։


Վերադառնանք մայրաքաղաք։ Վրաններ խփենք «Նաիրիտում» և դժոխքի բաժին դարձնենք քիմարդյունաբերության եզակի հսկան խողովակ առ խողովակ մասնատող ելուզակների կյանքը։ Բազմազավակ տիկին, Արևմուտքն է կենսատեսակիդ քաղաքական սնուցիչն ու դրդիչը, սա հայտնի է։ Սակայն եթե զավակներդ ըմբոստանան և ամուսնուդ ու քեզ գամեն անարգանքի սյանը, ինչ է թե կանխարգելում եք նրանց այլընտրանքային ազատությունները, համաձայն «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքի, ինչպե՞ս կընդունեք նշյալ եղելությունը։


Ինչու՞, ի դեպ, «Երկիր ծիրանին» դժոխքի բաժին չի դարձնում երկրի տնտեսությունը ստրկացրած վարկային վայրագությունները, բարձրաստիճան պետծառայողների բյուջեակեղեքիչ գործուղումները, հարկատուներիս հաշվին գնված չինովնիկական գերթանկարժեք կահ-կարասու ձեռքբերումները։

ՆՈՐԱՀԱՅՏ ԱՂԱՆԴ. ԱԿԱՆՆԵՐ ԵՐԿՐԻ ՏԱԿ
Սայաթ-Նովա փողոցում հոգեզմայլ մի անկյուն կա, ուր ակամա կանգ եմ առնում և խոնարհում եմ գլուխս սեգ։ Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի առջև է այդ անկյունը։ Մի խոսքով, բազմել էի թատրոնամերձ գահաթոռին, երբ ականջներիս մեջ որոտաց Չարենցի հերթական էպիգրամը.
Օ, դու՛ սևահեր իմ բարեկա՛մ,
ՈՒշացած, տխուր փիլիսոփա,
Եղանակի պես փոփոխական,
Քմահաճ, բեկբեկ, որպես նոպա...
«Սևահեր բարեկամիս» (տխուր էպիգրամ նրա մի գրական ելույթի առթիվ)։

Տիկնիկային թատրոնից դուրս ելնելով` փողոց մտավ հաստատության տնօրենն ու գեղարվեստական ղեկավարը, հրապարակախոս, հանրային ընդվզումներին (ի մասնավորի` «Էլեկտրիկ Երևանին») մշտարթուն ներկա Ռուբենը Բաբայան և մեջքով դեպի թատրոնը, դեմքով էլ դեպի եկեղեցին հրովարտակեց ահա սույնը, անդրադառնալով «Ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» օրենքին. «Մտավորականները պետք է աշխատեն, որպեսզի հասարակությունը դառնա ավելի քաղաքակիրթ, ավելի հանդուրժող, առաջ նայող, ունենա համապատասխան օրենքներ... Եթե որևէ մեկը վախենում է նման բաներից, ապա կարող եմ միայն խորհուրդ տալ` կարդացեք, զարգացեք, եղեք 21-րդ դարի մարդ, մի՛ հավատացեք ընկնավորներին։ Իսկ եթե ոչ, եթե ուզում եք` այդպես լինի, ուրեմն հավաքվեք, ձեր բոլոր ուժերով արեք ամեն բան, որ հանրապետության նախագահ կամ վարչապետ դառնա Խաչիկ Ստամբոլցյանը»։ «Ընկնավորները», հարկավ, կռահեցիք, հայկազյան ընտանիքի արժեհամակարգը խարխլող օրենքի դեմ պայքարի ելած քաղաքացիական կոհորտան է։ Իր հերթին Խաչիկ Ստամբոլցյանը տարիներ շարունակ կենաց-մահու պայքար է մղում երկիրը պատուհասող այլասերվածքի դեմ։ Միով բանիվ, խոսքերն ավելորդ են, դժնի օրենքի ընդունման ջատագովները թող ի մի գան թատերական այս հրապարակախոսի շուրջը և միաբանվելով, գնդեր կազմելով գալիք ապրիլի 2-ին հանրապետության նախագահ կամ վարչապետ թագադրեն հենց նրան` Ռուբենին Բաբայան։ Ի դեպ, վերոնշյալ օրենքի ընդունման վտանգների մասին է իրավագիտորեն ահազանգել պատվական այր, ՀՀ փաստաբանների պալատի նախագահ տիար Արան Զոհրաբյան։
Այսպիսով սահմանը գծված է, և այրված են բոլոր կամուրջները։ Եվ ճիշտ ժամանակն է, որ ՀՀԿ-ն և ԲՀԿ-ն, «Ելքը» և այլք դիրքավորվեն սահմանից աջ (ընդդեմ օրենքի ընդունման), կամ էլ ձախ (վասն դրա վավերացման)։

ՎԵՐՋԵՐԳ
1. Անհրաժեշտ է միահամուռ պարտադրել Զարուհի Փ.-ին, որ նա անհապաղ փոխի յուր «Երկիր ծիրանիի» անվանումը և համապատասխանեցնի նոր անվանումը կուսմարմնի ոգուն։ Զորօրինակ` «Նոր հայկական ջունգլիներ»։
2. Այն գործիչները, որոնք վերոնշյալ քաղցկեղածին օրենքի ընդունման հավատավոր ջատագովներն են, թող օրենքի պահանջները լիարժեք կիրառեն սեփական օջախներում։
Արարատն ու Արագածը, լեռներն Աժդահակ և Արա նայում են երկրին զավեշտալի քմծիծաղով։ Այնինչ երկրում աշուն է։


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 7257

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ