Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Հրեաներ, հայեր և հրեաներ

Հրեաներ, հայեր և հրեաներ
20.10.2017 | 09:29

Դարուկես խոսում ենք ինքնաճանաչողության մասին, բայց դա մե՛ր խնդիրն է, որն առնչվում է մեր ծուլության, շահատակության, «ինձնից հետո` ջրհեղեղ» մտայնության և հազարումի հոռի բարքերի հետ:
Սակայն ինքնաճանաչումը միշտ էլ թերի կլինի, եթե փորձ անգամ անենք ճանաչելու մյուս` հազարամյակների ընթացքում մեզ հետ շփված ժողովուրդներին:
Այս հրապարակումը պատմական նոր շրջանում հայ-հրեական առնչությունների և մասամբ` հրեաների էության մասին է:

ՐԱԲԲԻԻ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐԸ
Թերևս, սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ XX դ. ամենանշանավոր հրեան րաբբի Սթիվեն (Ահարոն) Սեմյուել ՈՒայզն էր (1874, Բուդապեշտ-1949, Նյու Յորք): Իր գործունեությունն սկսել է 1890-ական թթ., մասնակցել սիոնիստական շարժման գաղափարախոսության ձևավորմանը և դրա կազմակերպական հիմքերի ստեղծմանը: 1897 թ. հիմնել է Նյու Յորքի սիոնիստական ընկերությունների ֆեդերացիան, եղել Ամերիկյան սիոնիստական ընկերության փոխնախագահը (1918-1920) և նախագահը (1936-1938): Ակտիվորեն պայքարել է նացիզմի դեմ: 1936 թ. հիմնել է Համաշխարհային հրեական կոնգրեսը, որի նախագահն է եղել մինչ ի մահ: ԱՄՆ բարձրագույն պաշտոնական շրջանակներում եռանդորեն պաշտպանել է հրեաների շահերը:
Փարիզի խաղաղության վեհաժողովի ժամանակ հանդես է եկել ի պաշտպանություն հայերի: Պատահական չէ, որ նրա մահվան առթիվ ՀԲԸՄ ղեկավարությունը պաշտոնական ցավակցություն է հայտնել:


Ստորև ներկայացնում եմ մի հատված Ս. ՈՒայզի 1896 թ. «Հրեան բիզնեսում» հոդվածից, ուր հեղինակը պարզաբանել է տնտեսական ոլորտում հրեաների հաջողության պատճառները: Կարելի է նրա հետ համաձայնել կամ ոչ, բայց ամեն դեպքում փորձի «փոխանակումն» ու զուգահեռների անցկացումը հայերիս հետ` օգտակար է և ուսանելի:
«Փորձեմ պատասխանել, թե ինչու են հրեային հաջողություն վերագրում բիզնեսի ոլորտում:
«Հրեայի չափ հարուստ» արտահայտությունը առասպելի է վերածվել: Մյուս առասպելների նման, սա էլ է հիմնազուրկ: Ես կասկածում եմ, թե հիրավի մեծահարուստ հրեաներ կան (սակավաթիվ բացառությունները չհաշված), այսինքն` հրեաներ, որոնք իրենց հարստության չափով իսկապես հարուստ են: Բացի այդ, կասկածելի է, թե հրեա ազգին արտասովոր հաջողություն է շնորհված բիզնեսում:


Դիցուք, դիտարկենք Միացյալ Նահանգները, այն օրվանից սկսած, երբ ազգ կազմեցինք և բնակություն հաստատեցինք այս երկրում: Բարօրության ոսկեղեն օրեր տեսանք` ապրելով ամերիկյան ժողովրդի հանճարի ու ձեռներեցության շնորհիվ կուտակված ճոխության ոսկեփայլ ճառագայթների ներքո: Սակայն չկա գեթ մեկ հրեա, որի հարստությունը հնարավոր լիներ համեմատել ներկայիս այնպիսի կրեսոսների հարստության հետ, ինչպիսիք են Ասթորները, Վանդերբիլտները, Գուլդերը, Ռոկֆելերները և այլք: Սա դեռ բավական չէ, կարող եմ հաստատել, որ այստեղ` Նյու Յորքում, բոլոր հրեաները միասին վերցրած չունեն այնքան հարստություն, որքան թեկուզ միայն Վանդերբիլտը: Այսպիսի պատկեր է ոչ միայն Նյու Յորքում, այլև Միացյալ Նահանգների մյուս վայրերում: Ֆիլադելֆիայում կան հարուստ հրեաներ, բայց միայն Դրեքսելի հարստությունը գերազանցում է նրանց բոլորի կարողությունը: Բալթիմորում, Բոստոնում, Չիկագոյում և այլ խոշոր քաղաքներում բիզնեսի զգալի մասը ոչ թե հրեաների, այլ արիական ազգի ձեռքում է: Բոլոր խոշոր ձեռնարկները ոչ թե հրեաների, այլ ուրիշ մարդկանց ձեռքում են, այնինչ կան անմիտ մարդիկ, որոնք բղավում եմ, թե հրեաները դրամագլխի տեր միլիոնատերեր են:


Այժմ քննարկենք, թե ինչու են հրեաները փող կուտակելու հարցում օժտված համարվում: Հրեան արևելցի է: Արևելք, ուր կնոջ սոցիալական վիճակը նրան արգելում էր հաղորդակցվել աշխարհի հետ (հիմա իրադրությունը փոխվել է), ուր կինն իր միօրինակ կյանքով փակված էր ոսկե վանդակի մեջ, և ամուսինը` կնոջը գոհացնելու համար, ջանում էր նրան մեծագին ադամանդներ, շքեղ հագուստներ և այլ շողշողուն զարդեր ընծայել: Այսպես, Աստվածաշնչում կարդում ենք, որ Աբամելեքը հազար արծաթ տվեց Սարային` իր համար քող գնելու համար, որ Եղիազարը Ռեբեկային նվիրեց հազվագյուտ ու թանկագին ընծաներ: Կանանոցը վերացավ, բայց զարդասիրությունը մնաց: Հետևաբար աչքի է զարնում այն մտայնությունը (ըստ իս, շատ դատապարտելի), թե սեմական ցեղի կանայք չափից ավելի են զարդարվում ադամանդներով, քան թելադրում է ընտիր ճաշակն ու փափկանկատությունը: Զարդարանքի հանդեպ այս սերը անկիրթ ժողովրդի համար պարզապես բռի ցուցամոլություն էր:


Արդ, գոհարեղենի և թանկագին քարերի դիզումը շատ անգամ կարող է ձգտում համարվել: Դարեր առաջ հրեան այն գնդակն էր, որ քրիստոնյա իշխանությունը կարող էր ձեռքն առնել և հաճույքի համար դեսուդեն նետել: Ցանկացած կրոնամոլ քահանա, ցանկացած տխմար գեղջուկ, ցանկացած անարծաթ ասպետ, ցանկացած անկուշտ իշխան կարող էր վայրագ ամբոխին գրգռել հրեայի դեմ: Ամեն աղաղակ, որտեղից էլ այն բխեր, կարող էր նախապաշարմունքների խարույկը բորբոքել ու վերածել անհաշտ հալածանքների աղետաբեր հրդեհի: Ապուշ իշխանի մի հրովարտակ բավական էր հրեային իր բնակության երկրից անմիջապես վռնդելու համար: ՈՒստի զարմանալի չէ, որ նա պիտի ջանար իր ունեցվածքն այնպես ձևափոխել, որպեսզի կարողանար վտանգի ժամանակ դյուրությամբ այն տեղափոխել: Խուժանը կարող էր բնակություն հաստատել նրա տանը, բայց արծաթն ու ոսկին հրեան կարողանում էր իր մոտ պահել և ազատել բռնազավթումից: Հրեան այսպես ստիպված լինելով իր վաստակը ոսկու, ադամանդի և այլ թանկագին քարերի տեսքով պահել, տպավորություն էր թողնում, թե լողում է հարստության մեջ:


Հրեայի հարստության տիրականության անհիմն տպավորության մեկ այլ պատճառն էլ նրա ողորմասիրությունն ու բարությունն է: Հայտնի են նրա գթասրտությունը, ընտանեսիրությունն ու որդեսիրությունը: Այս առաքինություններն էին (և փառք Աստծո, որ` են) հրեայի կյանքի ու գոյության բուն հոգին: Մեկ անգամ տեսեք մեր հիվանդանոցները, մեր որբանոցները, մեր կրթարաններն ու տաճարները: Հրեայի կրոնը բարեսիրական գործերի վրա է հիմնված: Ողորմասիրությունը, որ եբրայերենից թարգմանվում է «արդարություն», հրեայի փառահեղ պսակն է: Մինչև անգամ հրեայի առաքինությունները` ընտանեկան սերը և գթասրտությունը, խուժանի կողմից կասկածի ենթարկվեցին, որպեսզի Աստծո ընտրյալ ժողովրդին զրպարտեն: Վերստին կասեմ` հրեան իր նախկին էությամբ հարստություն դիզելու հակամետ չէր: Այդ ժողովրդի մեջ հարստությունը ազնվականության նշան չէր համարվում: Կրթությունն ու գիտությունն էին հարգանքի ու պատվի արժանանում: ՈՒսուցիչ, խորհուրդ, Աստվածաճանաչում` ահա սրանք էին Սիոնի ազնվապետական հիմքերը:
ՈՒրեմն, կրկնեմ` արիական ցեղի համեմատությամբ հրեաները հարուստ չեն, բացառությամբ մի քանիսի: Բավական է, իբրև ապացույց, նշել Ռոտշիլդին, Հիրշին, Մոնտեֆիորեին, Շիֆին, Սելիգմանին և այլն:


Եթե հրեաներն ավելի հաջողակ են, քան իրենց արիացի դրկիցները, ապա գլխավոր պատճառը ոչ հրաշքն է և ոչ էլ նախախնամության պարգևած հատուկ շնորհը, այդ հաջողության պատճառը իրենց ընտանիքի հանդեպ տածած սերն է, ծերունիների նկատմամբ նվիրվածությունը և չափավոր բարքը»:

ԱՂՔԱՏՆԵՐԻ ԱՂՔԱՏ ԲԱՐԵՐԱՐԸ

1883 թ. Վիլնոյի (Վիլնյուս) հրեական համայնքը անդառնալի կորուստ կրեց` 80-ամյա հասակում մահացավ Ռեբ Բերելը: Մի զարմանալի, բացառիկ մարդ, որին ճանաչում էր ամբողջ քաղաքը:
Երիտասարդ հասակում եղել էր պտղավաճառ: Հրեական սովորության համաձայն, 18 տարեկանում ամուսնացել էր, բայց վաղ զրկվել կնոջից ու երեխաներից: Դրանից հետո ուխտել էր ծառայել իր չքավոր ու հիվանդ ազգակիցներին: ՈՒնեցած-չունեցածը բաժանել էր աղքատներին, ապա ցնցոտիներ հագնելով` ուսից կախել կողով ու զբաղվել ողորմություն ժողովելով:
Ահա թե ինչ էր անում: Ամբողջ օրը շրջում էր Վիլնոյի փողոցներով, անցնում տնետուն, խանութից խանութ և մուրում: Ամեն ոք` անկախ կրոնական դավանանքից, տալիս էր ինչ կարող է, նրա կողովում կարելի էր տեսնել հացի կտորներ, շոր-մոր, ոտնամաններ, կենդանի հավեր և բազմաթիվ այլ իրեր: Ոչ ոք նրան թթու խոսք չէր ասում, որովհետև գիտեին` իր համար չի հավաքում: Օրվա «վաստակը» ծախում էր հենց փողոցներում, բղավելով. «Գնե՜ք, գնե՜ք, եղբայրներ ու քույրեր, ամեն ինչ էժան է, ամեն բան մեկ կոպեկ արժե»: Եվ մարդիկ գնում էին:


Մթնելուն պես, հաճախ` թրջված ու սառած, գնում էր սինագոգ, նստում գավթում, սպասում ազգակից աղքատներին և մեկ առ մեկ բաժանում ժողոված կոպեկները: Եվ այսպես` ամեն օր, գրեթե 60 տարի շարունակ:
Ասում էր. «Հարուստների մոտ չեմ սիրում գնալ, այլ բան են չունևորները` նրանք ողորմություն են տալիս մաքուր սրտով ու խորին հավատով»:
Ռեբ Բերելի մահը, հիրավի, ծանր կորստի վերածվեց: Վիլնոն կորցրեց իր վառ գույներից մեկին, իսկ քաղաքի աղքատները` իրենց աղքատ բարերարին:

ՕՐ ՄԸ
1931 թ. ՀԲԸՄ Աթենքի մասնաճյուղի նախագահ Արամ Աբիկյանը տպագրեց սույն հոդվածը, որը մեջբերում եմ առանց մեկնաբանությունների:


«Օր մը, Միութեան տեղւոյս մասնաժողովին փոխատենադպիր Յովհ. Պալապանեանի հետ, իր վաճառատան մէջ, կը ջանայինք համոզել բարեկամ հայրենակից մը, որպէսզի անդամագրուի ՀԲԸ Միութեան մասնաճիւղին: Մեր հայրենակիցը, պատուական հայ մը, կը դժկամէր ընդ առաջ երթալու մեր առաջարկին: Այդ միջոցին հրեայ վաճառական մը ներկայացաւ նոյն վաճառատունը, ուր մենք կը շարունակէինք համոզել մեր ազգակիցը Միութեան օգտակարութեանը եւ անոր անդամ արձանագրուելու պարտականութեան վրայ խօսելով: Մեր բարեկամը իր մերժումին մէջ յամառեցաւ, որով մեր խօսակցութիւնը պահ մը վիճաբանական ձեւ մը առաւ: ՈՒշիմ հրեան հետաքրքրուելով փափաքեցաւ տեղեկանալ իրողութեան, բացատրեցինք իրեն մեր խօսակցութեան նիւթը. զարմացած կրկին ու կրկին հարցուց թէ իրա՞ւ է որ «Ալիանս իզրայելիդի» նման միութիւն մը ունին հայերը եւ այս հայը կը դժկամի անդամ արձանագրուելու անոր, մեր հաստատական պատասխանին վրայ ոտքի կանգնեցաւ եւ հանդիսավոր շեշտով մը հետեւեալ խօսքերը արտասանեց.
-Ես կը շնորհաւորեմ հայերը որոնք հաջողութեամբ հիմնած են մեր «Ալիանս իզրայելիդի» նման Միութիւն մը, այս Միութիւնը հայ ազգին փրկութեան կարեւորագոյն մէկ ազդակը պիտի ըլլայ անկասկած, պայմանաւ որ ամէն հայ զգայ թէ ազգային պարտականութիւն մըն է անդամագրուիլ անոր:


Յետոյ խստիւ այպանեց մեր հայ բարեկամը իր դժկամութեանը համար, իրեն եղած այնքան պատուաբեր առաջարկի մը դէմ: Հրեայ վաճառականը չուզեց բաւականանալ այսքանով, այլ օրինակելի ժէստով մը դարձաւ մեզ եւ խնդրեց որ զինքը եւս ընդունինք ՀԲԸ Միութեան անդամներու շարքին մէջ: Անկից ի վեր, որ տարի մը անցած է, յիշեալը կանոնաւորաբար կը կատարէ իր յանձնառութիւնը իբրեւ օտար նուիրատու:
Մասնաւոր հաճոյքով հայութեան կը ներկայացնեմ սոյն պատուաւոր հրեան` Խաիմ Նահմիասը, վաճառական, Աթէնքի հրապարակին վրայ ծանօթ դէմք մը:
Անուրանալի ճշմարտութիւն մըն է թէ հրեաները իրատէս կ’ըլլան: ՈՒ՞ր էր թէ ամէն հայ այս բարեմասնութիւնը ունենար եւ միանար Բարեգործականի դրօշին տակ, ատիկա պիտի ըլլար հայութեան փրկութիւնը»:

Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ

Լուսանկարներ

. .
  • Սթիվեն ՈՒայզ
  • Խաիմ Նահմիաս
Դիտվել է՝ 6446

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ