Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Հնարավոր չէ Աստծուն ու Սատանային ծառայել միաժամանակ

Հնարավոր չէ Աստծուն ու Սատանային ծառայել միաժամանակ
20.10.2017 | 09:41

Երբ Մատենադարանի նոր մասնաշենքում հոկտեմբերի 9-ին «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» հիշյալ նախագծի «հանրային քննարկման» (իրականում ընդդիմախոսներին ձայնի իրավունքից զրկած խայտառակ շոուի) ընթացքում լսեցի արտաքուստ, ինչպես ժողովուրդն է ասում, «ոչ շիշը, ոչ քյաբաբը» սկզբունքով կառուցված, իսկ իրականում անորոշություններով, հակասություններով, անհեթեթություններով լի խոտան ու խայտառակ, հակասահմանադրական, ընտանիքաքանդ ու հրեշավոր այս օրենքի նախագիծը ոչ թե անընդունելի, այլ ընդունելի համարող Միքայել եպիսկոպոս Աջապահյանի (Շիրակի թեմի առաջնորդ) ելույթը, ապշեցի։ Քննարկումից հետո նրան ասացի, որ ելույթում կային նաև սխալ, անընդունելի դրույթներ, ցանկացա արձագանքել դրան համապատասխան հրապարակմամբ, սակայն ինքս ինձ զսպեցի, նկատի ունենալով երկու հանգամանք:


Առաջինը` չխախտել Հայ առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևորականին միայն ծայրահեղ դեպքում քննադատելու իմ սկզբունքը (թեև այս պարագայում այդ դեպքը թերևս հենց ծայրահեղներից էր), քանի որ մեր հոգևորականների քննադատությունը կարող է նպաստել աղանդավորների կողմից ամեն օր իրականացվող հոգեորսությանը:
Երկրորդ. չբացառեցի, որ նա կարող է անտեղյակ լինել այն վտանգներին, որոնք սպասվում են, և այն վնասներին, որոնք մեր ընտանիքները, մեր հասարակությունը ստանալու են հիշյալ օրենքը նախագծի ներկայիս շարադրանքով ընդունելու դեպքում:


Հենց այս երկրորդ հանգամանքը նկատի ունենալով, Միքայել Աջապահյանին, որի հետ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցով ընկերներ ենք, ուղարկեցի մամուլում հրապարակված համապատասխան նյութեր, որպեսզի նա ծանոթանա օրենքի ընդունման դեպքում սպասվող այդ վտանգների ու վնասների գոնե մի մասին: Համապատասխան նշանը ցույց տվեց, որ նա նամականիով ուղարկված այդ հոդվածները նկատել ու բացել է: Եվ ահա, նույնիսկ այդ ամենից հետո նա, ելույթ ունենալով հոկտեմբերի 17-ին հիշյալ նախագծի առնչությամբ ՀՀ Ազգային ժողովում Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի կազմակերպած լսումների ընթացքում, դարձյալ վարվեց նույն կերպ` կեղծելով իրականությունը, նախագիծը համարեց ընդունելի:


«Ի՞նչ է տալիս մեզ այս օրենքը չունենալը, չի՛ տալիս ոչինչ,- ասաց Միքայել Աջապահյանը:- Այսինքն` դարձյալ խարխափելու ենք անորոշության մեջ` չհասկանալու համար, թե ում դիմել և ինչ անել»:
Իրականում տվյալ օրենքը նախագծի ներկայիս շարադրանքով չունենալը մեզնից յուրաքանչյուրին, մեր ընտանիքներին, ողջ հասարակությանը, ինչպես նաև ՀՀ ազգային անվտանգությանը շատ բան է տալիս, նույնիսկ ահռելի բան` այն վտանգներից ու վնասներից զերծ պահելու առումով, որոնք նրանց սպառնում են տվյալ օրենքի ընդունման պարագայում: Այն վտանգներից ու վնասներից, որոնց Միքայել Աջապահյանը պետք է որ տեղյակ լիներ իր պաշտոնը, դիրքը նկատի ունենալով և նման պատասխանատու քննարկմանը մասնակցելուց առաջ օրենքի նախագծին անհրաժեշտաբար ու բավարար չափով ծանոթ լինելով:
Շարունակենք. ի՞նչ է նշանակում Շիրակի թեմի առաջնորդի ասածը, թե «դարձյալ խարխափելու ենք անորոշության մեջ` չհասկանալու համար, թե ում դիմել և ինչ անել»: Եթե մեր հասարակության անդամներից որևէ մեկը չի հասկանում կամ չգիտե, թե ընտանեկան բռնության ենթարկվելու դեպքում ում պետք է դիմել, ինչ պետք է անել, ապա դա իր խնդիրն է, նաև` իշխանության և համապատասխան հասարակական կազմակերպությունների, իհարկե, եթե նրանք բավարար չափով չեն կատարել իրազեկման իրենց պարտականությունը: Այնուամենայնիվ, դրա համար պետք չէ առանձին օրենք ընդունել, այն էլ` այս խայտառակ, վտանգավոր ու վնասակար օրենքը:


Շարունակելով իր խոսքը, Միքայել Աջապահյանն ասաց. «Հենց մենք` հոգևորականներս, այդ օրենքի չգոյության պայմաններում շատ լուրջ պրոբլեմներ ենք ունենում, թեև մեր հոգևորականների մեջ նաև կան շատերը, որոնք դեմ են նաև այս օրինագծի ընդունմանը, բայց ինչ խնդիրների ենք անդրադառնում և ինչ խնդիրների ենք հանդիպում, ինչը որ արդեն տիկին Դուրյանն էլ ասաց: Շատ հաճախ մենք գիտենք հանցագործության մասին, հոգևորականներս` թաքուն հանցագործության մասին, և այդ հանցագործության մասին որևիցե մեկին հայտնել չենք կարող: Նույնիսկ եթե կարող ենք հայտնել և ուզում ենք հայտնել ոստիկանությանը, որովհետև կինը չի դիմում, կամ ամուսինը չի դիմում, կամ երեխան չի կարող դիմել, ոստիկանությունն էլ ոչ մի լծակ չունի, որպեսզի մտնի այդ ընտանիք և կանխի այդ ընտանեկան բռնությունը: Հետևաբար, ինչպես որ տիկին Դուրյանը դարձյալ ասաց, իր վերջին խոսքն է, ավելի լավ է ունենալ մի օրենք, քան չունենալ ընդհանրապես»:


Ցանկանալով գրեթե ամեն կերպ իր նպաստը բերել հիշյալ խայտառակ օրենքի ընդունմանը և այդ ճանապարհին, ինչպես ասում են, պապից ավելի կաթոլիկ լինելով, Միքայել Աջապահյանը տեղիք տվեց նույնիսկ այնպիսի անհեթեթության, որը թերևս մեկնաբանության կարիք էլ չունի: Ի՞նչ է նշանակում, թե հոգևորականները, տեղեկանալով թաքուն հանցագործության մասին, նույնիսկ եթե կարող են այդ մասին հայտնել և ուզում են հայտնել ոստիկանություն, չեն կարող «որովհետև.... ոստիկանությունն էլ ոչ մի լծակ չունի, որ մտնի այդ ընտանիք և կանխի այդ ընտանեկան բռնությունը»: Շիրակի թեմի առաջնորդը ժամանակը մազերը սև ներկելուն տրամադրելով, այս աստիճանի անտեղյա՞կ է մնացել իրականությանը, թե՞ այն միտումնավոր կեղծում է, քանի որ ոստիկանությունը, տեղեկացվելով կատարված կամ նախապատրաստվող հանցագործության մասին, օրենսդրությամբ իրականում բավարար լծակներ ունի` մտնելու ընտանիք, ձեռնարկելու համապատասխան միջոցներ, ինչպես նաև կանխելու հանցագործությունը, եթե այն նախապատրաստվող է:
Ինչ վերաբերում է տիկին Դուրյանի ասածին և Աջապահյանի վկայակոչածին, ապա երկուսն էլ չարաչար սխալվում են` ավելի լավ է ընդհանրապես չունենալ այս խայտառակ, ընտանիքաքանդ և ազգակործան օրենքը, քան ունենալ: Օրենքի ընդունման ուղղությամբ իր PR-ը և հասարակության գլխի տակ փափուկ բարձ դնելը շարունակելով, Աջապահյանն ասաց նաև. «Ես կարծում եմ, որ օրենք ունենալը ոչ թե պետք է խանգարի, այլ պիտի օգնի, և եթե ընթացքում մենք տեսնենք, որ օրենքն ունի թյուրըմբռնումներ, սխալ հասկացողություններ, և դժվարանում է այն կիրառել հօգուտ քաղաքացու, անշուշտ, պետք է կատարվեն այն բոլոր լրացումները օրենքի մեջ, որոնք անհրաժեշտ են»:


Ի՞նչ է նշանակում` եթե ընթացքում մենք տեսնենք… Այսօր արդեն իսկ տեսնում, մատնացույց ենք անում, բարձրաձայնում և աղաղակում օրենքի նախագծում առկա անորոշությունների, հակասությունների, անհեթեթությունների, դրա հակասահմանադրականության, սխալ, վտանգավոր ձևակերպումներով հասկացությունների մասին, սակայն ՀՀ արդարադատության նախարարությունը նույնիսկ պատրաստակամություն չի հայտնում այդ ամենը որոշակիացնելու, շտկելու, վերացնելու, բացառելու նախագծից: Հետևաբար ի՞նչ երաշխիք, որ արդարադատության նախարարությունը կամ կառավարությունն օրենքի ընդունումից հետո դրանում կկատարեն այն բոլոր լրացումները և փոփոխությունները, որոնք անհրաժեշտ են: Այդ առումով որևէ երաշխիք չկա, ինչը նշանակում է, որ Աջապահյանի ասած «պետք է կատարվեն…»-ը հանրության գլխի տակ փափուկ բարձ դնել է, կեղծավորություն, եթե նույնիսկ այդպիսին էլ չէ, այլ լոկ բարի ցանկություն, ապա այն իրավական առումով որևէ արժեք չունի:


Ահա վտանգավոր օրենքի ընդունման ուղղությամբ Աջապահյանի քարոզչության, հանրության գլխի տակ փափուկ բարձ դնելու ևս մեկ դրսևորում. «Այնպես որ, Եկեղեցին, կարծում եմ, այստեղ որևիցե խնդրահարույց հարց չունի` ունենալ, թե չունենալ, կարելի է և չունենալ, բայց շատ ավելի լավ է ունենալ և հետո լավացնել»: Ստացվում է, որ եթե Եկեղեցին օրենքի նախագծում որևէ խնդիր չի տեսնում, նախագծի հետ կապված որևիցե խնդրահարույց հարց չունի, հանրությունը, մասնավորապես` հավատացյալները կարող են ապակողմնորոշվել, մտածել` դե եթե Եկեղեցին, որը հեղինակություն է, որին պետք է հավատալ, այսպես է ասում, ուրեմն օրենքի վտանգավորության առումով անհանգստանալու բան չկա, դրա ընդունմանը չպետք է ընդդիմանալ: Բարեբախտաբար, Աջապահյանի ասածը զուտ իր մասնավոր կարծիքն է և այս պահի դրությամբ դեռ որևէ աղերս չունի Մայր Աթոռի պաշտոնական տեսակետի հետ, որը դեռ չկա կամ չի հայտնված:
Ի գիտություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի` օրենքի նախագծի առնչությամբ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի` բարձրաստիճան հոգևորականի ու թեմի առաջնորդի ելույթների առումով Մայր Աթոռն իր հեղինակության հետ կապված լուրջ խնդիր ունի, թեև, կրկնում ենք, նրա ասածը կարող է չընկալվել (սա կախված է ընկալողի գիտակցության մակարդակից) Մայր Աթոռի պաշտոնական տեսակետ, սակայն հարց է առաջանում` ո՞ւմ է վստահվել Շիրակի թեմը…


Այս ամենից հետո Աջապահյանի առնչությամբ նաև հետևյալ հարցը. առնվազն տարակույս է առաջանում` նա ա՞ջը պահող է, թե՞ ձախը…
Ի տարբերություն Աջապահյանի, Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու բարձրաստիճան հոգևորականների թվում կան նաև այնպիսիք, որոնք դեմ են, որ հիշյալ նախագիծը վերածվի օրենքի: ՀՀ փաստաբանների պալատում չորեքշաբթի կազմակերպված քննարկման ընթացքում նրանցից մեկը` Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, նշելով, որ շատ է խոսվում ընտանեկան բռնության կանխարգելման մասին, ասաց. «Ես որքան փնտրեցի, շատ նվազագույն աստիճանի է կանխարգելումը: Ինչու՞… Մենք այսօր ի՞նչ ենք դիտում հեռուստացույցով, չգիտեմ, զանազան այլ միջոցներով: Տոտալ բռնություն է քարոզվում ամենուրեք: «Կիսաբաց լուսամուտները» դարձել է մեզ համար հետաքրքիր շոու` նստելու, նայելու, թե ուրիշի ընտանիքում ինչ է տեղի ունեցել: Եվ քաջալերվում է դա անընդհատ: Ես խոսում եմ միջավայրի մասին, սա էլ, հոգևոր ընկալմամբ, մեր արևելյան քրիստոնեական ուղղափառ ընկալմամբ, մեղքն է, միջավայրայի՛նը, մեղքն անհատական, անձնական չէ, մեղքը միջավայրային է, մարդու` մեղք գործած լինելու պատճառով ամբողջ տիեզերքն է անկում ապրած, մենք էլ ապրում ենք մեղքի մեջ: Հիմա այդ մեղքի ժխտման մասին է խոսքը, միջավայրային մեղքը վերացնելու մասին է խոսքը: Մենք ստեղծում ենք այդ միջավայրը: Կանխարգելման մեծագույն, այսպես ասած, ազդակը կամ գործոնը կարող է լինել, եթե մենք միջավայրը, պատճառները գնանք վերացնելու, բռնարարները մեր հերոսները չլինեն, մեր երեխաների ու մեր հերոսները չլինեն, հետաքրքրությունը չլինի մեր»:
Բագրատ սրբազանի հավաստմամբ, այսօրվա ամբողջ լրատվական դաշտը` լինի Հայաստանի, թե աշխարհի, հեղեղված է բռնության, վենդետայի քարոզչությամբ:


«Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» հորջորջված օրենքի նախագծում նվազագույն աստիճանի է կանխարգելման բաղադրիչը, և հիշյալ գրասենյակի տնօրենն այս, ինչպես նաև հեռուստատեսությամբ և այլ միջոցներով անուղղակիորեն թե ուղղակիորեն բռնության քարոզչության փաստն արձանագրելու և դրա անթույլատրելիության առումով միանգամայն իրավացի է: Սակայն, արի ու տես, որ օրենքի նախագծում այդ ամենի մասին ընդհանրապես խոսք չկա, ինչը վկայում կամ առնվազն հուշում է, որ խնդրո առարկա նախագծի առումով ՀՀ արդարադատության նախարարության, ինչպես նաև հիշյալ նախագծի պաշտպանների իրական նպատակն ամենևին էլ ընտանեկան բռնության կանխարգելումը չէ: Ինչպես արդեն նշել ենք տվյալ նախագծի վերաբերյալ մեր նախորդ հրապարակումներից մեկում, այս օրենքի նախագիծն իր սուր սլաքով ուղղված է հայ ընտանիքի, հասարակության, մեր հասարակական և ազգային անվտանգության դեմ: Տեղեկացրել ենք նաև, որ եթե տվյալ նախագիծը վերածվի օրենքի, ապա վստահաբար խթանելու է ամուսնալուծությունները և հանգեցնելու դրանց թվաքանակի մեծ աճի, հայ ընտանիքների քայքայման նորանոր դեպքերի, ընտանիքների, որոնք ցանկացած հասարակության բնական և հիմնական բջիջներն են, հասարակության հիմքը:


Կարևորելով հայ ընտանիքի պահպանության, զորակցման, զարգացման, հզորացման անհրաժեշտությամբ ծավալվող քննարկումները, Բագրատ սրբազանն ասաց. «Ի՞նչ տարբերություն` բռնությունն ընտանիքու՞մ է գործվում, փողոցո՞ւմ, թե՞ աշխատավայրում, եկեղեցում, պառլամենտում, ավագանու նիստում կամ որևէ տեղ: Եվ հստակ կերպով մենք կարող ենք ասել, որ դրա վերաբերյալ քրեական օրենսգիրքը որոշակի լուծումներ ունի, հետևաբար, երբ ասում ենք «ընտանեկան բռնություն», սա դառնում է արդեն իրավական, քաղաքական տերմին, ըստ էության, քաղաքական տերմին է դարձել, հաշվի առնելով այն բոլոր հանգամանքները, որոնք այսօր տեղի են ունենում թե՛ մեր երկրում, թե՛ ընդհանրապես որևէ տեղ»:
Ինչպես Տավուշի թեմի առաջնորդը նշեց, եկեղեցին ընտանիքը քաղաքական կամ իրավական դաշտում չի դիտարկում:
«Ընտանիքը,- շարունակեց Բագրատ սրբազանը,- մեզ համար լուրջ աստվածաբանական, վարդապետական, հասարակական միավոր է, և պետք է ասել, որ եկեղեցին էլ այս իմաստով այս փաստաթղթի կամ, ընդհանրապես, գաղափարի հետ հարաբերվում է իր աստվածաբանությամբ, իր վարդապետությամբ: Անկախ նրանից, թե ես ինչ կասեմ որպես անձ, կամ որևէ մեկ այլ հոգևորական ինչ կասի, դա էական չէ, էականը եկեղեցու վարդապետությունն ու աստվածաբանությունն են, որոնց վրա էլ հիմնված են լինելու թե՛ օրենքների քննարկումը, թե՛ զանազան այլ երևույթներ, որոնք մեր հասարակական կյանքում տեղի են ունենում: Այս իմաստով երբ մենք դիտարկում ենք ընտանիքը, մեզ համար եկեղեցական, հոգևոր ընկալմամբ ընտանիքը ոչ թե երկուսի միությունն է, այլ Աստված ստեղծել է մարդուն` կին և տղամարդ, մարդ է ստեղծել, այսինքն` այս երկուսն են միասին կազմում մարդը, ոչ թե առանձին տղամարդն է մարդ, կինն է մարդ, այլ երկուսի միությունն է մարդը: Սա է ամբողջ մեր վարդապետական ընկալումը: Եվ երբ այս տեսանկյունից նայում ենք, այս օրինագիծը լուծում չի տալիս այդ հարցին, հակառակը` ինչպես նախորդ օրինագծերում, օրինակ, սրանից տարիներ առաջ գենդերային հավասարության օրենքը, մարդու աղճատման մասին է խոսվում այդտեղ»:


Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Տեսանյութ

Դիտվել է՝ 3648

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ