Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Նոր դարաշրջան` Սի Ցզինպինը խոստացավ ժամանակակից սոցիալիզմ

Նոր դարաշրջան` Սի Ցզինպինը խոստացավ ժամանակակից սոցիալիզմ
20.10.2017 | 11:43

Չինաստանը մտնում է նոր դարաշրջան, որ նրան խոստանում է կենտրոնական դեր աշխարհում` հայտարարեց ՉԺՀ նախագահ Սի Ցզինպինը։ Սոցիալիստական դրոշների տակ Չինաստանի սրընթաց առաջընթացը ցույց է տալիս, որ ուրիշ երկրներ ունեն նոր ընտրություն` ասաց Սի Ցզինպինը կոմունիստական կուսակցության համագումարում: Կողմնակի անձանց համար փակ համագումարում կորոշվի` ո՞վ է ձևավորելու երկրի զարգացման ընթացքը առաջիկա տարիներին: Սի Ցզինպինը, որ վերջին տարիներին կենտրոնացրել է իշխանությունը իր ձեռքում, ամենայն հավանականությամբ կմնա կուսակցության նախագահ։ 5 տարին մեկ անցկացվող համագումարը կավարտվի երեքշաբթի, մասնակցում են 2000 պատվիրակներ` անվտանգության ուժեղացված պայմաններում։

Համագումարից հետո հայտնի կդառնան Չինաստանի գլխավոր ղեկավար մարմնի` կոմկուսի կենտկոմի քաղբյուրոյի մշտական կոմիտեի անդամները: 3- ժամյա ելույթում թվարկելով Չինաստանի նվաճումները` կուսակցության ու երկրի նախագահ Սի Ցզինպինն ասել է, որ չինական սոցիալիզմը նոր դարաշրջանում նշանակում է, որ Չինաստանը դարձել է աշխարհում առաջատար ուժ և կարևոր դեր է խաղում մարդկության պատմության մեջ: Սին ընդգծել է, որ կոմունիստների ղեկավարությամբ աճի չինական մոդելը բարգավաճում է և մյուս զարգացող երկրներին «նոր ընտրություն» է տալիս: Իր ելույթում նա 36 անգամ հայտարարել է, որ Չինաստանը նոր դարաշրջան է մտնում։ «Մեզ համար հասել է ժամանակը աշխարհում կենտրոնական տեղ ունենալու և ավելի մեծ ներդրում անելու մարդկության պատմության մեջ»` ասել է Սի Ցզինպինը:


2002-ին նրա իշխանության գալուց հետո մոդեռնացումն ու բարեփոխումները Չինաստանում արագացել են, բայց երկրում ուժեղացել են ավտորիտար իշխանությունը, բնակչության վերահսկողությունը, գրաքննությունը, հաճախացել են ակտիվիստների ու փաստաբանների ձերբակալությունները։ ВВС-ի չինական ծառայության խմբագիր Քերի Գրեյսին ասում է, որ Սի Ցզինպինը ավելի եռանդուն է իր նախորդներից: Իր երկարատև ու վստահ ելույթում նա հետահայաց գնահատել է պաշտոնավարման առաջին 5 տարիները և ամփոփել, որ այդ ընթացքում կուսակցությունը հասել է անհավանական հաջողությունների, մեծացել է Չինաստանի միջազգային դերը։ Նրա ելույթի ամենատպավորիչ մասը գաղափարական ճշմարտացիության ուղերձն էր: Կուսակցական լրատվամիջոցները վերջերս պատմում էին արևմտյան ժողովրդավարության ճգնաժամի մասին` չինական ազգի ուժի ու միասնության համեմատությամբ։ Ելույթում Սի Ցզինպինն ասել է, որ արտասահմանյան քաղաքական համակարգերը Չինաստանի համար չեն և կոմկուսը պետք է դիմակայի այն ամենին, որ կարող է խարխլել իր իշխանությունը Չինաստանում: Ելույթում Սի Ցզինպինը նաև նկարագրել է մինչև 2050-ը չինական «սոցիալիստական մոդեռնացման» երկաստիճան ծրագիրը, որը պետք է երկիրն առավել ծաղկուն դարձնի բնապահպանական ու տնտեսական բարեփոխումներով։ Նա նաև զգուշացրեց անջատողականության վտանգի մասին` ակներև ակնարկելով Սինցզյանի, Տիբեթի ու Հոնկոնգի շարժումները ու նորից հաստատեց կառավարության դիրքորոշումը, որ Թայվանը Չինաստանի մասն է: Սի Ցզինպինը հայտարարեց, որ Չինաստանը «չի փակի դռները մնացյալ աշխարհի առաջ» և խոստացավ նվազեցնել արտասահմանյան ներդրողների համար արգելքները։ Կոմկուսի ղեկավարը հայտարարեց կուսակցական կարգապահության ամրապնդման միջոցների ուժեղացման մասին, անդրադարձավ մասշտաբային հակակոռուպցիոն արշավին, որի շրջանակներում պատժվել է մեկ միլիոն պաշտոնյա:


Ի պատիվ համագումարի` Պեկինը տոնականորեն զարդարված է և միաժամանակ անվտանգության խստացված միջոցներ են ձեռնարկված: Շաբաթվա սկզբին երկաթուղային կայարաններում երկար հերթեր էին տրանսպորտային հանգույցների լրացուցիչ ստուգումների պատճառով: Համագումարն արդեն ազդել է բիզնեսի վրա` որոշ ռեստորաններ, մարզասրահներ, գիշերային ակումբներ ու կարաոկե բարեր անվտանգության նկատառումներով փակվել են։ Չինական ղեկավարության
խիստ խնայողության ռեժիմը առավել համեստ է դարձրել համագումարի անցկացումը` նախկին ժամանակների համեմատ։ Հյուրանոցները, ուր իջևանել են պատվիրակները, այլևս զարդարված չեն, անվճար մրգեր ու ճոխ մենյու չեն առաջարկում։ Չինաստանի պետական լրատվամիջոցները հաղորդում են Սահմանադրությունը «աշխատանքի մասին հաշվետվությամբ» կամ իր քաղաքական գաղափարներով լրացնելու Սի Ցզինպինի մտադրության մասին, որ կարող է նրա կարգավիճակը բարձրացնել մինչև անցյալի քաղաքական հսկաների մակարդակը` Մաո Ցզեդուն, Դեն Սյաոպին։ Ոմանք կարծում են, որ Սին կենտրոնացնում է առավել մեծ քաղաքական հզորություն, քան ուներ Մաոն։ ВВС-ի թղթակից Ջոն Սադուորտը գրում է, որ համագումարի ընթացքին ուշադիր հետևում են հասկանալու համար` որքա՞ն իշխանություն է կուտակված մեկ մարդու ձեռքում։ Սի Ցզինպինը խստացրել է վերահսկողությունը կուսակցությունում ու չինական հասարակության մեջ, բայց շարունակում է վայելել սովորական չինացիների մեծ աջակցությունը։

ВВС


Հ.Գ. Դատելով հակիրճ հղումներից` նոր դարաշրջանում ու մինչև 2050-ը Չինաստանում կքանդվեն չինական պարիսպները բիզնեսի առաջ ու կկառուցվեն նոր պարիսպներ «ճգնաժամային» արևմտյան գաղափարախոսությունների ու գաղափարների առաջ, որոնց կարճ շարքում մարդու իրավունքներն են, երկար շարքում` ժողովրդավարությունն ընդհանրապես: Համենայն դեպս` այնքանով, որ չխանգարի չինական տնտեսության զարգացմանը: Սահմանադրություն «մտնելու» Սի Ցզինպինի մտադրությունը վկայում է, որ նա երկար ու հիմնավոր է ղեկավարելու Չինաստանը: Գուցե նաև կարողանալու է հեռու մնալ անձի պաշտամունքի ձևավորումից` այդ գործիքն օգտագործելով սոսկ բարեփոխումներն արագ առաջ տանելու համար:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 3289

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ