Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Մերձավոր Արևելքում նո՞ր պատերազմ է սպասվում

Մերձավոր Արևելքում նո՞ր պատերազմ է սպասվում
22.10.2017 | 09:57

Իրաքյան Քրդստանի շրջանային կառավարության ինքնապաշտպանության ուժերի հրամանատարությունը պաշտոնական հայտարարություն է տարածել իրանաիրաքյան շիական «Հաշտ աշ Շաաբիի» և փեշմերգայի քրդական ուժերի ռազմական բախումների մասին: Երկու կողմից էլ զոհեր կան։ Իրաքյան ու քրդական ուժերի սրվող ճգնաժամի համապատկերում ԻՊ-ը, ինչպես հաղորդում է բրիտանական The Telegraph-ը, երեք գյուղ է գրավել Քիրկուկի հարավում: Ջիհադականները, պարտվելով Սիրիայում, սկսել են ակտիվանալ Իրաքի հարավում։ Մայքլ Պրեգանտը` Հադսոնի ինստիտուտի վերլուծական կենտրոնի և ԱՄՆ հետախուզության նախկին աշխատակից, հայտարարեց. «Ինձ թվում է` Բաղդադն ավելի կարևոր է համարում հարձակումը քրդերի վրա, քան պայքարը ԻՊ-ի մնացած ամրությունների»: Քրդական ինքնավարության ղեկավար Մասուդ Բարզանին աշխարհի քրդերին կոչ արեց «աջակցել իրենց Հայրենիքին, որ ենթարկվել է Իրաքի հարձակմանը»։ Նրա խոսքով` «Միջազգային հանրությունը մտադիր է մոռանալ վիթխարի զոհերը, որ փեշմերգան դրել է ԻՊ-ի դեմ հաղթանակի զոհասեղանին, հանդես գալով ահաբեկչության դեմ պայքարի միջազգային ջանքերի առաջնագծում»։ Բաղդադը ինքնավարության փոխնախագահ Կոսրատ Ռասուլ Ալիի ձերբակալության հրաման է տվել «սադրանքի» մեղադրանքով, նա իրաքյան բանակն ու դաշնային ոստիկանությունը անվանել էր «օկուպացիոն ուժեր»։ Բացի այդ` Բաղդադը կարգադրել է ձերբակալել քուրդ երեք բարձրաստիճան պաշտոնյաների` նրանց համարելով սեպտեմբերի 25-ի անկախության հանրաքվեի կազմակերպման պատասխանատու:


Այդօրինակ որոշումները նվազեցնում են Բաղդադի ու Էրբիլի երկխոսության հնարավորությունները։ Քրդստանի Հայրենասիրական միության ղեկավար Պավել Թալաբանին արձանագրում է, որ «քրդական ու իրաքյան ուժերը պատերազմի շեմին են»։ Դա նշանակում է, որ իրաքյան բարդ ու բազմաքայլ քաղաքական ու ռազմական խաղը նոր փուլ է մտնում, որտեղ իրենց ավելի ակտիվ պիտի դրսևորեն արտաքին խաղացողները: Առաջին փուլում խոսքը քառյակի մասին է` Իրան, Թուրքիա, Սիրիա, Իրաք։ Իրաքյան Քրդստանի անկախության հանրաքվեի նախօրեին թուրքական Hürriyet-ը գրում էր` Անկարան վստահ էր, որ «այդ խաղում հաղթաթղթերն իր ձեռքում են»: Հիմա Անկարան, ճիշտ է` առայժմ ոչ պաշտոնական մակարդակով, արձանագրում է Իրանի ազդեցության ամրապնդումը Իրաքի հյուսիսում։ Թուրքիան սկսում է հայտարարել իրաքյան թուրքոմանների (հիմնականում Քիրկուկի շրջանում բնակվող) ինքնավարության իրավունքի մասին, մեղադրում է Քրդստանի աշխատավորական կուսակցությանը, որ լուրջ ազդեցություն ունի սիրիացի քրդերի և հյուսիսային Իրաքի ճամբարի վրա, նաև կռվում է Թուրքիայի տարածքում, Էրբիլի ու ԻՊ-ի հետ հնարավոր ալյանսի մեջ։ Անկարան վախենում է շիական ազդեցության ամրապնդումից Դամասկոսի ու Բաղդադի ալյանսով, միևնույն ժամանակ Թուրքիան, Սիրիան և Իրաքը ստիպված են համագործակցել քրդական ուղղությամբ, որտեղ ընդհանուր շահեր ունեն։ Դա չի՞ վկայում, որ քրդերը փակված ու բոլոր կողմերից շրջապատված են երկրներով, որ չեն ցանկանում նրանց նույնիսկ ինքնավարություն տալ։ Արտաքուստ այդպես է երևում։ Սակայն հիմա աստիճանաբար խաղի մեջ են ներքաշվում աշխարհաքաղաքական ծանրքաշայինները։ «Հաշտ աշ Շաաբի» ու փեշմերգայի ռազմական բախումների պատճառով իրենց անհանգստությունն են հայտնել ամերիկացիները: ԱՄՆ-ի պետքարտուղարության հայտարարության մեջ նշվել է. «Վիճելի շրջանների վրա դաշնային իշխանության վերականգնումը որևէ կերպ չի փոխում նրանց կարգավիճակը` նրանք վիճելի են մնում այնքան, քանի դեռ նրանց կարգավիճակը չի կարգավորվել Իրաքի Սահմանադրության համապատասխան։ Մենք ուշադիր հետևում ենք իրավիճակին և բոլոր կողմերին կոչ ենք անում դադարեցնել բռնությունն ու սադրիչ շարժումները և համակարգել իրենց գործունեությունը հանդարտության վերականգնման համար»։ Չի լռում և Իսրայելը` միակ երկիրը, որ աջակցում է Իրաքի քրդերի անկախությանը։ Reuters-ը հաղորդում է, որ վարչապետ Բենիամին Նեթանյահուն բանակցում է համաշխարհային տերությունների հետ` փորձելով կանխել Քրդստանի վրա Իրաքի զինված ուժերի գրոհները, մասնավորապես «Հաշտ աշ Շաաբի»։ Նեթանյահուն այդ հարցը հեռախոսով քննարկել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Վաշինգտոնի ու Փարիզի հետ: Reuters-ի թղթակցի հետ զրույցում, անանունության պայմանով, իսրայելցի մի պաշտոնյա հաղորդել է, որ Իսրայելը շահագրգռված է Քրդստանի անվտանգությամբ, որովհետև «այդ տարածքը դառնում է Մերձավոր Արևելքի ամենակարևոր ռազմավարական վայրը»։ ՄԱԿ-ը անհանգստություն հայտնեց քաղաքացիական անձանց, հիմնականում քրդերի, ճնշումների պատճառով, որ վտարվում են իրաքյան ուժերի գրաված շրջաններից։ Տեղեկություններ կան, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձև է նախապատրաստվում Հյուսիսային Իրաքի իրավիճակի վերաբերյալ։ Le Monde-ի կարծիքով` «Այս իրավիճակում, նույնիսկ եթե մարտերը նոր տարածքներ չընդգրկեն, միջազգային հանրությունը պետք է Իրաքին հստակ նախազգուշացնի` երկիր կարող են մտնել միջազգային ուժեր, որ տարածաշրջանում են ԻՊ-ի դեմ պայքարի շրջանակներում»։


Բաղդադն ու Դամասկոսը` հաղթանակ տանելով ԻՊ-ի դեմ, հիմա ստիպված են պայմանավորվել կամ կռվել քրդերի դեմ, որ նույնպես խփում էին ջիհադականներին: Իսկ հետո՞։ Կարծես կատարվում են այն փորձագետների կանխատեսումները, որ ԻՊ-ի ռազմակամ պարտությունը Իրաքում ու Սիրիայում չի հանգեցնի իրավիճակի արագ կարգավորման ոչ միայն այդ երկրներում, այլև ամբողջ տարածաշրջանում: Ամեն ինչ դեռ առջևում է:
Ստանիսլավ ՏԱՐԱՍՈՎ, REGNUM


Հ.Գ. Ռաքան ԻՊ-ից ազատագրած սիրիացի քրդերը հայտարարել են Սիրիայում քրդական ինքնավարության հաստատման մտադրության մասին: Քրդական հարցը Քիրկուկի շրջանը գրավելով ու քրդերին այնտեղից վտարելով, անկախության հանրաքվեի կազմակերպիչներին ձերբակալելու հրամաններ տալով չի փակվելու։


Բաղդադը Էրբիլի հետ հարցերը լուծելուց հետո ուղղակի առճակատման մեջ է հայտնվելու Անկարայի հետ, ինչպես արդեն իսկ կոնֆլիկտի մեջ է Դամասկոսը: Սիրիան փորձելու է վերամիավորվել, քրդերը ջանալու են օգտագործել անկախանալու պատմական շանսը: Արդեն իսկ Մերձավոր Արևելքում գործող գերտերությունները` կոալիցիայի տեսքով, թե միայնակ, չեն կարող չմիջամտել: Խնդիրը ժամանակն է: Կդիմանա՞ն քրդերը: Եվ ոչ միայն նրանք։


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 3477

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ