Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Ինչու՞ է Թուրքիան որոշել հրթիռներ գնել Ռուսաստանից

Ինչու՞ է Թուրքիան որոշել հրթիռներ գնել Ռուսաստանից
23.10.2017 | 09:38

Մոսկվայի և Անկարայի մերձեցումը կարծես թե ընդհատման ենթակա չէ։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը վերջերս պաշտպանել է սեպտեմբերին ստորագրված պայմանագիրը՝ մոտ 2,5 մլրդ դոլարով C-400 զենիթա-հրթիռային համալիրների գնման վերաբերյալ։ «Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ մեր զրույցներում մենք հիշատակել ենք, որ չենք ծրագրում կանգ առնել C-400-ների վրա։ Մենք նաև քննարկել ենք C-500-ների գնումը»,- հայտարարել է Թուրքիայի նախագահը` L’Orient-Le Jour-ում գրում է Ժյուլի Քեբին։ Լինելով ՆԱՏՕ-ի՝ մեծությամբ երկրորդ բանակն ԱՄՆ-ից հետո, Թուրքիան մեջք է թեքում իր վաղեմի դաշնակիցներից, որոնց հետ իր կապերը գնալով փխրուն են դառնում։ Այդ նորությունը անհանգստացնում է Արևմուտքին, քանի որ դաշինքի և Մոսկվայի հարաբերությունները կտրուկ վատացել են 2014-ից՝ Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցումից հետո։

«Մենք անձամբ ենք որոշում ընդունում մեր երկրի ինքնիշխանության վերաբերյալ»,- հայտարարել է Էրդողանը Hürriyet-ի հետ հարցազրույցում՝ պայմանագրի ստորագրման մասին հայտարարելուց հետո։ «Ինչու՞ պետք է դա լարվածություն առաջացնի։ Երկիրը պետք է փնտրի սեփական անվտանգության համար լավագույն միջոցները»,- հայտարարել էր Էրդողանը հուլիսին՝ «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամների առջև ելույթ ունենալիս։ Պայմանագիրը դարձել է 2013-ին Անկարայի հայտարարած զենիթա-հրթիռային համալիրների գնման մրցույթից հետո տևական գործընթացի արդյունք։ Մրցույթում հաղթել էր չինական CPMIEC-ը, ինչն առաջացրել էր մրցույթին մասնակցող կողմերի զարմանքը։ 2015-ին ամերիկյան ճնշման ներքո այդ պայմանագիրը չեղարկվել էր, բանակցությունները՝ վերսկսվել։


«Պրագմատիկ համագործակցություն»
Ընտրությունը հօգուտ Մոսկվայի թույլ է տալիս Թուրքիային որոշակի անկախություն ձեռք բերել։ Անկարան չունի պատշաճ ՀՕՊ համակարգ, և նա կախված է իր տարածքում արևմտյան ՀՕՊ համակարգերից։ Թուրքիայի որոշումը նաև Կրեմլի հետ հաշտեցման գործընթացի մաս է, որը նախաձեռնել է Էրդողանը 2016-ի հուլիսին՝ պետական հեղաշրջման անհաջող փորձից հետո։ Այդ մերձեցումը եզրափակվում է Սիրիայի հարցով Մոսկվայի և Անկարայի միջև համաձայնագրով` կողմերը միմյանց զիջումների են գնում։ Էրդողանն ավելի հանգիստ է վերաբերվում Բաշար Ասադի հեռանալուն, Ռուսաստանը փոխում է իր դիրքորոշումը սիրիացի քրդերի՝ Անկարայի անհանգստության աղբյուրի նկատմամբ։ Թուրքիայի և նրա արևմտյան դաշնակիցների միջև հարաբերությունների սառելուց հետո ռազմական պայմանագրի ստորագրումը շատ տեսաբաններ ընկալել են ՆԱՏՕ-ի հանդեպ անվստահության դրսևորում։ «Թուրքիան մնում է ՆԱՏՕ-ի անդամ, սակայն նա իրեն հաշիվ է տալիս իր անվտանգության հարցում Ռուսաստանի հետ ավելի պրագմատիկ համագործակցության օգուտի և սիրիական կարգավորման մեջ առաջընթացի վերաբերյալ»,- ասել է Սինան ՈՒլգենը, որ Ստամբուլում Տնտեսության և արտաքին քաղաքականության ուսումնասիրման կենտրոնի տնօրենն է։
Անկարան` Մոսկվայի և Թեհրանի հետ Սիրիայի խնդրով Աստանայի խաղաղ բանակցությունների միջնորդներից մեկն է։ Սիրիայում տեղակայված են թուրքական զինված ուժեր՝ Աստանայի եռյակի ղեկավարությամբ դեէսկալացիոն գոտիներ ստեղծելու համար, ինչը թույլ է տալիս Թուրքիային խոչընդոտել քրդական առաջխաղացմանը։


Ռազմական «միջակայք»
«Սակայն միամիտ կլինի դիտարկել այդ պայմանագիրը բացառապես քաղաքական պրիզմայով, քանի որ Թուրքիան ունի ռազմական պահանջմունքներ»,- ասում է ՈՒլգենը։ Չհաջողված պետական հեղաշրջումից հետո բանակը դարձել է զտումների օբյեկտ, որոնք ազդել են նրա կենսունակության վրա. 450 հազար մարդուց հեռացվել է 22 հազար զինվոր։ Թուրքիայի ռազմաօդային ուժերը բախվել են մեծ խնդրի. ներկա պահին Թուրքիան ունի ավելի շատ ինքնաթիռներ, քան օդաչուներ։ 600 հոգուց 280-ը հեռացվել են, այսինքն՝ յուրաքանչյուր երկրորդ օդաչուն։ Բախվելով կադրերի նման սղության՝ Անկարան ստիպված էր հիշել նախկին օդաչուների մասին, ովքեր գնացել են քաղավիացիա, և թույլ տալ որոշ հեռացված օդաչուների հրահանգիչներ դառնալ։ «Նման որոշումն անհրաժեշտ էր՝ այդ միջակայքը լցնելու համար»,- պարզաբանում է փորձագետը։ «Իր օդային տարածքի անվտանգության ապահովումը դարձել է Թուրքիայի համար առաջնահերթ՝ հեղաշրջման փորձից հետո»,- շարունակում է նա։ Զինվորականների դրության վերականգնման համար ժամանակի սղության պատճառով հրթիռների մատակարարումը դարձել է վճռական պահ Թուրքիայի համար՝ Մոսկվայի օգտին ընտրությունում։ Զենիթա-հրթիռային համալիրների առաջին խմբաքանակը պետք է մատակարարվի 2020-ին։ Դա համապատասխանում է Անկարայի պայմաններին՝ ի տարբերություն Արևմուտքի արած մատակարարումների առաջարկներին։ Սակայն «Ռոսօբորոնէքսպորտն» արդեն դժվարությամբ է տեղավորվում ժամկետներում՝ պատվերների հագեցած գրաֆիկի պատճառով, որոնք ծրագրված են չինական և ռուսական զինված ուժերի համար։


Աստիճանական մերձեցում
Սակայն հարկ չկա լուրջ ընդունել Անկարայի և Մոսկվայի մերձեցումը։ «Դա չի նշանակում ուղղության փոփոխություն Թուրքիայի անվտանգության քաղաքականության հարցում»,- ասել է ՈՒլգենը։ «Թուրքիան, անշուշտ, պետք է ցույց տա արևմտյան գործընկերներին, որ ինքը կարող է անցկացնել դիվերսիֆիկացված քաղաքականություն, սակայն Անկարան հիանալի հասկանում է Մոսկվայի հետ իր համագործակցության սահմանները»,- ասել է նա։ Թուրքիայի գնած ռուսական ռազմական տեխնիկան համատեղելի չէ ՆԱՏՕ-ի դաշնակիցների զինանոցի հետ։ Այդուհանդերձ, բանակցությունները Eurosam կոնցեռնի հետ շարունակվում են, քանի որ հուլիսի 14-ին ստորագրվել է նախնական համաձայնագիր Թուրքիայի հետ օդային և հակահրթիռային պաշտպանության համակարգերի մատակարարման վերաբերյալ։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը նույնպես հաստատել է բանակցությունները Թուրքիայի, Իտալիայի և Ֆրանսիայի միջև նման սպառազինություն ձեռք բերելու շուրջ։
Չնայած Էրդողանի՝ Մոսկվայի հետ գործարքը պաշտպանող խոսքերին, Թուրքիայի նախագահն այդպես էլ չի սկսել դիվանագիտական մերձեցում Կրեմլի հետ այլ հարցերով։ Անցած շաբաթ Կիև այցի ժամանակ նա հիշեցրել էր, որ Անկարան չի ճանաչում Ղրիմի միացումը Ռուսաստանին, և Թուրքիան կշարունակի աջակցել ՈՒկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։

Դիտվել է՝ 1577

Մեկնաբանություններ