Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Կասեցնել եվրոպական ու հետխորհրդային անջատողականությունը` առաքելությունն անհնար է

Կասեցնել եվրոպական ու հետխորհրդային անջատողականությունը` առաքելությունն անհնար է
23.10.2017 | 12:45

Կատալոնիայի ղեկավար Կառլես Պուչդեմոնը մտադիր է հոկտեմբերի 23-ին հայտարարել շրջանի անկախությունը` հղում անելով սեփական աղբյուրներին, հաղորդել է Մադրիդի El Confidencial թերթը և նշել է, որ դեռ հայտնի չէ` որոշումն ինչ կերպ է հայտարարվելու։ Գուցե հրավիրվի Կատալոնիայի խորհրդարանի նիստ` «վերլուծելու ընթացիկ քաղաքական իրավիճակը»: Եթե Կատալոնիան հոկտեմբերի 23-ին անկախություն հայտարարի, առաջ կանցնի Իսպանիայի Սենատից, որ հոկտեմբերի 27-ին է մտադիր քննարկել շրջանի ինքնավարության կարգավիճակի կասեցման որոշումը։ Այդ դեպքում Սենատի քվեարկության արդյունքները նշանակություն չեն ունենա, երբ Կատալոնիան դեյուրե իրեն անկախ պետություն հայտարարի։

Անկասկած, Մադրիդը կարող է կիրառել Սահմանադրության 155-րդ հոդվածը` վերահսկողության տակ վերցնել շրջանի քաղաքական ու վարչական հաստատությունները, կասեցնել շրջանային կառավարության աշխատանքը, ցրել խորհրդարանը, արտակարգ դրություն մտցնել, հրամանով ազգային անվտանգության ճգնաժամ հայտարարել, քրեական գործեր հարուցել Կատալոնիայի ղեկավարների դեմ և այլն։ Անջատողական միտումների կանխման դեմ Մադրիդի միջոցները սովորական են։ Այդ շարքն արդեն օգտագործել են հետխորհրդային տարածքի պետությունները` Ադրբեջանը, Վրաստանը, Մոլդովան, հիմա նաև ՈՒկրաինան: Նրանք բոլորը կորցրել են վերահսկողությունը իրենց հիմա արդեն նախկին տարածքների նկատմամբ։ Իրավիճակի առանձնահատկությունն է, որ հետխորհրդային այդ պետությունները փորձել են ու փորձում են խաղը դնել ԵՄ-ի վրա` իրենց տարածքային ամբողջականությունը վերականգնելու նպատակով։


Deutsche Welle-ն գրում է, որ Կատալոնիան կարող է դառնալ «տագնապի առաջին կոչնակը ԵՄ-ի համար»: Հոկտեմբերի 22-ին Իտալիայի Վենետո ու Լոմբարդիա շրջաններն են հանրաքվեներ անցկացնում` առավել մեծ ինքնավարություն ստանալու հարցով։ Սկզբում այդ նախաձեռնությունը «Հյուսիսի լիգայինն» էր, հետո պաշտպանեց Սիլվիո Բեռլուսկոնին իր «Առաջ, Իտալիա» շարժումով։ Իր հատուկ իրավունքների մասին է հայտարարում և Էմիլիա-Ռոմանիա շրջանը` Իտալիայի կենտրոնում: Ավելի մեծ անկախություն են տենչում Շոտլադիան, Հարավային Տիրոլը, Ալանդյան կղզիները, Ֆլանդրիան, գուցե նաև Բավարիան: Գերմանական ռադիոընկերության մեկնաբան Բեռնդտ Ռիգերտը գրում է, որ որոշ շրջաններ ձգտում են ոչ թե առանձին պետության ստեղծման, այլ ընդամենն ավելի շատ ինքնավարության: ՈՒրիշները` Շոտլանդիան, Կատալոնիան, ցանկանում են դառնալ անկախ, ինքնիշխան պետություններ։ Պատահական չէ, որ եվրոպացի որոշ քաղաքական գործիչներ պարբերաբար առաջարկում են ԵՄ-ն վերափոխել «տարածաշրջանների Եվրոպայի» և այդ հայեցակարգը մշակվում է։ Եթե շարունակենք Եվրոպայի և հետխորհրդային տարածքների անջատողական շարժումների համադրումը, ակնհայտ է որոշակի ժամանակագրական լյուֆտը: Հետխորհրդային տարածքում անջատողականության առաջին ալիքը հարուցեց Ադրբեջանի, Մոլդովայի, Վրաստանի ու ՈՒկրաինայի ազգայնական քաղաքականությունը։ Այդ տարածքները տարբեր ժամանակներում տարբեր աշխարհաքաղաքական գոտիներում էին։ Չնայած Ռուսական կայսրության, հետո ԽՍՀՄ-ի կազմում լինելուն, նրանք սկսել էին իրենց նոր պետականության համար վտանգավոր փոփոխություններ ապրել աշխարհաքաղաքական վեկտորների փոփոխության ժամանակ, որ անխուսափելի հանգեցնում է էթնոազգային ու էթնոկրոնական կոնֆլիկտների: Բացի այդ` այդ հանրապետություններում ավարտված չէր հիմնական ազգի ձևավորման գործընթացը։ Ավելին` իրենց տարածքների մի մասի վերահսկողությունը կոցնելով` հետխորհրդային պետությունները չգնացին ժողովրդավարական վերափոխումների ճանապարհով` փոքրամասնության կարգավիճակի ու քաղաքական ներկայացուցչության բարձրացման։ Այդ ամենը վերածվեց ազգամիջյան կոնֆլիկտների կարգավորման ավտորիտար միջոցների, նույնիսկ ուժային։


Արդյունքում Ադրբեջանում խաղարկվում է թուրքական ազգայնական խաղաքարտը` սեփական լեգիտիմության ամրապնդման համար` առանց հաշվի առնելու Լեռնային Ղարաբաղի հայերի շահերը: Համանման գործընթացներ են եղել ու կան Վրաստանում, Մոլդովայում ու ՈՒկրաինայում, որտեղ ազգայինը հաստատվում է մասսայական գիտակցության մեջ միֆերի ներմուծումով` «յուրայինների» ու «օտարների» հակադրման պարզունակ սխեմաներով։ Սա է հետխորհրդային անջատողականության սկզբունքային տարբերությունը եվրոպականից, թեպետ Եվրոպան ևս մնում է սեփական անջատողականների դեմ ուժային սցենարների ընդունման մակարդակին: 1990-ականներին շրջանային անջատողականության ալիքը Ռուսաստանին ևս դիպավ, բայց հաջողվեց կանխել։
Եթե անջատողականությունը հետխորհրդային տարածքում համարյա բացահայտ ուղեկցվել ու ուղեկցվում է արտաքին ապակողմնորոշիչի գործողություններով, որ ալյանսի մեջ է տեղական քաղաքական ու տնտեսական էլիտաների հետ, առայժմ հայտնի չէ` գործու՞մ է նման ապակողմնորոշիչ եվրոպական ուղղությամբ։ Կամ` գործ ունենք գլոբալացման ու ռեգիոնալացման հատույթում ծագող օբյեկտիվ գործընթացների հետ։ Պետք չէ բացառել, որ հետխորհրդային տարածքում ու Եվրոպայում, Մերձավոր Արևելքում անջատողականությունները կարող են միմյանց ընդառաջ գնալ` ինտերնացիոնալացած կոնֆլիկտների սեփական պաշարով։ Այդ առիթով Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը հայտարարեց, որ կատարվողը «անհանգստություն է առաջացնում», որովհետև «տարածք չկա միջնորդության, նախաձեռնությունների կամ միջազգային գործողությունների ԵՄ ինստիտուտների կողմից և ԵՄ անդամ երկրների` Կատալոնիայի քաղաքական ճգնաժամի կարգավորման գործում, և ոչ միայն այնտեղ»` բացի հույզերը, կարծիքներն ու գնահատականները։


Եվրամիությունում ձևավորվող նոր աշխարհաքաղաքական իրավիճակը հետխորհրդային տարածքի որոշ երկրների վրա ներգործությամբ` լուրջ վերլուծության կարիք ունի։ Առայժմ մակերեսային եզրակացություններ` յուրաքանչյուր պետության մեջ, որտեղ բացահայտ դրսևորվում են անջատողականության շարժումներ, ակնհայտ է կենտրոնական կառավարման ճգնաժամը։ Կենտրոնը` լինի Մադրիդը կամ հետխորհրդային պետությունների մայրաքաղաքները, որ իրենց համարում են «անջատողականության զոհ», տարբեր պատճառներով բաց են թողել տարածաշրջանային ազգային նույնականության ձևավորման գործընթացը: Ազգային ինքնորոշման ալիքը, որ ողողել է ամբողջ Եվրոպան` Իսպանիայից մինչև Դոնբաս, Շոտլանդիայից մինչև Կովկաս, թափ է հավաքում։ Հազիվ թե հաջողվի կանգնեցնել միայն իրավական միջոցներով։
Ստանիսլավ ՏԱՐԱՍՈՎ, REGNUM


Հ.Գ. Իսկ ինչու՞ գոնե մի անգամ չասել, որ «անջատողականությունը» ազգի ինքնորոշման իրավունքն է։ Համենայն դեպս` հետխորհրդային տարածքում: Եվ` եվրոպական «անջատողականության» հետ ոչ մի համեմատություն չի ունեցել ու չունի` ոչ կատալոնացիները, ոչ շոտլանդացիները, ոչ առավել ևս իտալացիները, որ անկախության հարց չեն դնում, ֆիզիկական գոյության հարց չեն լուծում, ազգային անվտանգության խնդիր չունեն ու նրանց վրա չեն կրակում ամեն օր։
Ավելին, դա է հետխորհրդային ու եվրոպական համանման շարժումների արմատական տարբերությունը, որ արմատապես փոխում է թե իրավիճակը, թե գնահատականները, թե լուծումները: Գուցե հենց ա՞յդ պատճառով էլ նախկին ԽՍՀՄ-ում ազգի ինքնորոշման իրավունքը գերադասում են անջատողականություն անվանել` արդարացնելու նրա դեմ պայքարի խորհրդային մեթոդները:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 3087

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ