Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

«Իշխանությունները պետք է ականջալուր լինեն ժողովրդի բարձրաձայնած խնդիրներին»

«Իշխանությունները պետք է ականջալուր լինեն ժողովրդի բարձրաձայնած խնդիրներին»
24.10.2017 | 09:14

Այնտեղ, որտեղ կառավարությունն ակնկալում էր տնտեսական զգալի աճ, հենց այդ ոլորտն էլ թերացավ։ Խոսքը, իհարկե, գյուղատնտեսության մասին է։ Ճիշտ է, մինչև տարեվերջ դեռ գյուղատնտեսական երկու ամիս կա, սակայն ստացված արդյունքները որքա՞ն «բերքառատ» կլինեն, դժվար է ասել, քանի որ ոլորտի հիմնական խնդիրներից մեկը ոռոգման ջուրն է, նաև խմելու ջրի և կոյուղու չլուծված խնդիրները: Բնականաբար, այս ամենը պետք է անդրադառնար ոչ միայն գյուղատնտեսության, այլև համայնքների բնակիչների սոցիալական վիճակի վրա։ Սա լուրջ խնդիր է, որի շուրջ զրուցեցինք ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ՎԱՐԴԵՎԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ հետ։

-Համաձայն եմ Ձեզ հետ, շատ ու շատ համայնքներ ունեն չլուծված խնդիրներ,- ասաց պատգամավորը։- Իհարկե, այդ թերությունների մի մասը պայմանավորված է առկա ոչ մեծ ռեսուրսներով, մյուս մասը` համայնքի ղեկավարների թերի աշխատանքով։ Այսինքն, խնդիրն ունի և՛ օբյեկտիվ, և՛ սուբյեկտիվ պատճառներ։ Հիմա պետության, կառավարության հիմնական խնդիրն է ապահովել բնակչությանն անհրաժեշտ ենթակառուցվածքներով, որպեսզի համայնքներում բնակչության բարեկեցությունն ապահովված լինի։
-Դուք, որպես հանձնաժողովի նախագահ, ի՞նչ եք կարծում, ինչպե՞ս կարելի է անբարեխիղճ գյուղապետերին, համայնքի ղեկավարներին պարտադրել հատկացված սուղ միջոցները նպատակին ծախսել։ Ի վերջո, դրանք հարկատուների` ժողովրդի փողերն են։
-ՀՀ Սահմանադրության 2015 թվականի փոփոխությունների համաձայն՝ համայնքի ղեկավարը պատասխանատու է համայնքի ավագանու առջև: Բացի այդ, ավագանու նիստերը հեռարձակվում են, ինչը թույլ է տալիս բնակչությանը հետևել դրանց և իրազեկ լինել իրականացվող աշխատանքներին։ Կարծում եմ՝ սա զսպող մեխանիզմ կարող է լինել համայնքների ղեկավարների համար, հետագայում էլ՝ շատ արդյունավետ կողմնորոշիչ նաև ընտրողների համար՝ ընտրությունների ժամանակ։ Ավելին, hամայնքի բնակիչները նույնպես կարող են մասնակցել տեղական ինքնակառավարմանը առանց խտրության, տեղեկացվել տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության մասին և ուղղակի կամ անուղղակի ներգործություն ունենալ տեղական ինքնակառավարման մարմինների որոշումների վրա:
-Պարոն Գրիգորյան, այն խնդիրները, որոնց շուրջ մենք զրուցում ենք, նոր չեն, տասնյակ տարիների պատմություն ունեն, որի ընթացքում փոխվել են և՛ կառավարություններ, և՛ մարզպետներ։ Բայց, ինչպես տեսնում ենք, խնդիրը չի լուծվում:
-Ես համաձայն եմ Ձեզ հետ, որ մի շարք խնդիրների առկայությունը շարունակական բնույթ է կրում, բայց պետք է հաշվի առնել, որ վերջիններիս լուծման համար անհրաժեշտ են նաև ֆինանսական միջոցներ։
-Միջոցնե՞ր, թե՞ պրոֆեսիոնալ կադրեր։ Գաղտնիք չէ, որ հաճախ կիսագրագետ մարդիկ հայտնվում են համայնքի ղեկավարի, գյուղապետի աթոռին։ Ճիշտ է, գյուղապետն ընտրվում է, բայց եթե տեսնում եք, որ գլուխ չի հանում գործից, ինչու՞ եք շարունակում նրան պահել մինչև հաջորդ ընտրությունները։
-Տեղական ինքնակառավարման մարմինները՝ համայնքի ավագանին և համայնքի ղեկավարը, ընտրովի մարմիններ են, որ ընտրվում են հինգ տարի ժամկետով:
-Բայց կարող եք, չէ՞, վատ աշխատանքի դեպքում միջոցներ ձեռնարկել, թեկուզ և անվստահություն հայտնել և նոր ընտրություններ նշանակել։
-Համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելու որոշման նախագիծ կարող է ներկայացնել միայն ավագանու անդամների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդը, իսկ համայնքի ղեկավարին անվստահություն է հայտնվում, եթե առաջադրված թեկնածուն ստանում է ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը:
-Ժողովուրդն ինչքան էլ իր անվստահությունն ու դժգոհությունը հայտնի, միևնույն է, չգրված օրենքի համաձայն, մինչև ղեկավարությունը չցանկանա, գյուղապետը կամ համայնքի ղեկավարը չեն փոխվի։ Գուցե անվստահություն հայտնելու մշակույթը իշխանությու՞նը ներդնի, չթողնելով, որ ժողովուրդը տառապի անգործունյա գյուղապետի ձեռքին։ Ի վերջո, եթե գյուղը, մարզը չեն զարգանում, ինչու՞ իշխանությունը նախաձեռնող չլինի, ինչը վստահություն կներշնչի ժողովրդին, երբ տեսնի, որ իշխանությունն ազատվում է իր վատ աշխատող կադրերից։
-Տեղական ինքնակառավարումը տեղական ինքնակառավարման մարմինների իրավունքն ու կարողությունն է՝ համայնքի բնակիչների շահերից ելնելով, սահմանադրությանը և օրենքներին համապատասխան, սեփական պատասխանատվությամբ լուծելու համայնքային նշանակության հանրային հարցերը: Բացի այդ, վերևում արդեն նշեցի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրովի լինելու, ինչպես նաև նրանց նկատմամբ օրենքով անվստահություն հայտնելու կարգը:
-Պարոն Գրիգորյան, Ձեր կարծիքով` մինչև ներքևից պահանջարկ չլինի, խնդիրը չի՞ լուծվի։ Սակայն «ներքևը» «վերևին» տեղեկացնում է, որ բազմաթիվ խնդիրներ ունի` ի՞նչն է խանգարում իշխանությանն այդ խնդիրները լուծելու։
-Իշխանությունները պետք է ականջալուր լինեն ժողովրդի բարձրաձայնած խնդիրներին և առկա ռեսուրսներով հնարավոր ամեն բան անեն դրանք լուծելու համար։ Համայնքի սեփական խնդիրների իրականացման նկատմամբ կառավարության լիազոր մարմինն օրենքով սահմանված դեպքերում և կարգով իրականացնում է իրավական հսկողություն։ Պետության պատվիրակած լիազորությունների իրականացման նկատմամբ կառավարության լիազոր մարմիններն օրենքով սահմանված դեպքերում և կարգով իրականացնում են իրավական և մասնագիտական հսկողություն:
-Անդրադառնանք նաև կառավարության «Մաքուր Հայաստան» ծրագրին։ Ձեր գնահատմամբ, որքանո՞վ է ծրագիրը արդյունավետ իրականացվում։
-Ըստ էության, այս ծրագիրը կարելի է անվանել խորհրդային տարիների լավ ավանդույթների շարունակություն։ Մաքուր, բարեկեցիկ քաղաքներ ունենալու ձգտումը մեր ժողովրդի մտածողության, մշակույթի անբաժանելի մասն է։ Ինչ վերաբերում է արդյունքներին, դրանք գնահատողը ժողովուրդն է։ Իհարկե, ես եղել եմ տեղերում, սակայն պետք է նկատեմ, որ սա մի ծրագիր է, որը չի կարելի գնահատել մեկ-երկու անգամ իրականացված աշխատանքներից հետո։ Այն պահանջում է շարունակական, ամենօրյա աշխատանք, որը դրված է ինչպես պատկան կառույցների, այնպես էլ մեր քաղաքացիների վրա։ Ցավոք, լինում են դեպքեր, երբ մաքրված տարածքներում հաջորդ իսկ օրը աղբ է հայտնվում։ Ամեն դեպքում, մեր ժողովուրդը ցանկացած խնդիր շուտ ընկալող է, և ես հավատացած եմ, որ քաղաքի մաքրության հետ կապված մտածողության փոփոխությունն իրեն երկար սպասել չի տա։


Զրուցեց
Ժասմեն ՎԻԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 6342

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ