Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Կատարյալ երաժշտությունը երկնքից է և երկինք բարձրանալու է»

«Կատարյալ երաժշտությունը  երկնքից է և երկինք բարձրանալու է»
24.10.2017 | 10:01

(խոսում, խոսեցնում է քանոնահարուհի Մարիաննա Գևորգյանը)

Երևանի Աբովյան փողոցի 11 տունը ներսի ու դրսի սրճարան ունի: Շենք է, բայց ես տուն կոչեցի, որովհետև այստեղ դու քեզ քո տանն զգալու ես: Իրիկնաժամ է, Աստծո լույսը, որ արևն է, անցնում է։ Օրը մթնում է այստեղ, բայց մեկ այլ տեղ արևը շարունակում է իր լույսը սփռել: Այդպես էլ մարդու միջոցով Աստծու ստեղծած արվեստն է, մարդը գնում է այս աշխարհից մեկ այլ աշխարհ, բայց եթե նա, արևի նման, այրվել է իր գտնված տեղում, աշխարհում մնալու և լուսավորելու է։ ՈՒրեմն, միայն արևը չէ, որ լուսավոր է, կան նաև լուսավոր հոգիներ, որոնցից մեկը, ահավասիկ, քանոնահարուհի ՄԱՐԻԱՆՆԱ ԳԵՎՈՐԳՅԱՆՆ է: Մեր զրույցը սրճարանում է, բայց ոչ սրճարանային: Անշուշտ, սրճարանին հատուկ աշխույժ աղմուկի մեջ ենք, անցնող, կորչող աշխարհի մեջ, բայց դա չի խանգարում, որ խոսենք մնայուն արժեքներից։ ՈՒթսունամյա մարմինս, անշուշտ, օրվա նման, իր իսկ մայրամուտի հոգնությունն զգալու էր, մինչդեռ հոգիս արթուն էր, Սայաթ-Նովայի ասած, պատրաստ էր ուրախ ժամի։


-Քանոնահարուհի աղջիկ, ինչպե՞ս ես, ինչպիսի՞ն են քո հարաբերությունները քո քանոնի հետ, կապվա՞ծ եք, հասկանում, սիրու՞մ եք միմյանց,- հարցնում եմ: Պատասխանում է.
-Այն էլ ինչպե՜ս ենք սիրում։ Աստծո սիրով սիրում ենք մեկմեկու։ Համո Սահյանն ասել է. «Մասրենին ես եմ». ահա, նույն տրամաբանությամբ կարող եմ ասել. «Ես իմ քանոնն եմ, իմ քանոնը ես եմ»:
-Քանոնդ խռովել, խանդել գիտե՞:
-Քանի որ բանական է, գիտե խռովել, ինչու չէ, նաև խանդել։ Երբ երկար ժամանակ չես նվագում, խռովում է: Ինչպես ամեն գործիք, քանոնը նույնպես նեղացկոտ է: Թե ինչ կա մեր միջև, բառերով բացատրելի չէ, երաժշտությամբ է, որ բացահայտվում է մեր կապը: Ասենք տխուր եմ, քանոնս ինքն էլ տխուր է:
-Մարիաննա, անշուշտ, նվագելու ժամանակ քանոնդ հետզհետե կերպարանափոխվում է։
-Երբ նվագում ես, գործիքը գեղեցկանում է: Անկասկած, արվեստն ինքը գեղեցիկ է:
- Այն, ինչ գեղեցիկ է, արվեստ է։ Ծառն ու ծաղիկը, սարի եղնիկ-եղջերուն, լինելով Աստծու ստեղծագործություններ, գեղեցիկ չե՞ն: Իհարկե, գեղեցիկ են: Հիշատակեմ Չարենցի տողը. «Երգ է մարմինը կանացի, երգ երգոց է գեղեցիկ»: ՈՒրեմն, Մարիաննա, կապը ոչ միայն մարդու և գործիքի միջև է, այլև մարդու և Աստծո ստեղծած բնության միջև: Երկնքի հետ ունեցած կապդ զգո՞ւմ ես:
- Աշխարհում աշխարհներ կան։ Կա մարդու աշխարհ, և կա Աստծո աշխարհ: Այս երկու աշխարհների կապը տեսնելու ես: Ճիշտ եք ասում, բնությունը խոսում է քո մեջ։ Բան պիտի լինի քո մեջ, որ հաղորդակցություն ունենաս, պիտի մի բան լինի, որ տաս հանդիսատեսին: Կատարյալ երաժշտությունը երկնքից է և երկինք բարձրանալու է: Այո, այո, էներգիան այնտեղից է, երկնքից: Եվ քանի որ մարդը տիեզերական երևույթ է, երաժշտությունն էլ այդպիսին լինելու է։
-Երաժշտությունը մարդո՞ւնն է, թե՞ բնությանը:
-Երկուսինն էլ է: Երբ լուսաբացի ծիտիկները ծլվլում-երգում են, քո մեջ արտահայտություն գտնելու է: Արտահայտություն գտնելու են, ասենք, անտառի խշշոցը, առվի կարկաչը, աղբյուրի կանչը։
-Սոխակի մեղեդին քո մեջ արձագանք գտնելու է։
-Աղունիկը, որ գալիս պատուհանիդ գոգին նստում է, բան է ասում։ Մեկը, որ հոգևոր է, նկատում է սա, մյուսը, որ մարմնավոր է, անտարբեր անցնում է: Բարությունը, գեղեցիկն զգալու շնորհը, գութն ու կամեցողությունը, դիմացինի համար մի լավ բան անելու մղումը մարդու մեջ լինելու են: Միայն երաժշտությամբ չէ, որ երաժիշտը հետաքրքրվելու է. նկարչի, քանդակագործի, ճարտարապետի և մյուսների աշխարհներն էլ մտնելու ես, քեզ հարկավորը, հավիտենության հետ առնչվող բանը վերցնելու ես: Մի սիրուն հեքիաթ էլ որ կարդում ես, քեզ օգնում է: Մտահորիզոնդ լայն է լինելու, թռիչքդ` ազատ, այլապես քո հետևից չեն գա:
Երաժշտությունն այնքանով է բարդ, որ խոսք չկա, միայն հնչյուններ են, մեղեդիներ: Դու պիտի կարողանաս մաքրությունն ու պարզությունը պահել անաղարտ: Նոտաները նույնն են, մի քանիսն են, շատ չեն, մինչդեռ այդ նոտաներին մոտեցողները տարբեր են ու շատ:
-Ի վերջո, նույն բանն են ասելու, նույն երգն են երգելու:
- Բայց տարբեր կարողությամբ ու շնչով։ Ես քանոնահարուհի եմ, վերցնում եմ կոմպոզիտորի ստեղծագործությունը և կատարում: Եթե ընդամենը կատարող եմ, ապագա չեմ ունենալու, հանդիսատես չեմ ունենալու: Կատարելը մի բան է, ապրելը մեկ այլ բան: Որպեսզի դիմացինին կյանք տամ, ապրեցնեմ, ես ինքս կյանքն այդ, որ կապված է երաժշտության հետ, ունենալու և ապրելու եմ: Ես զգալու եմ, որպեսզի կարողանամ դիմացինին զգացնել: Պիտի ընկղմվեմ, որպեսզի ինձ հետ տանեմ, հափշտակեմ հանդիսատեսին: Երանության պահ է, երբ հանդիսատեսը ձայնակցում է, հետդ երգում է։
- Նվագելիս մտածու՞մ ես:
- Եթե մտածեմ, նշանակում է մինչև վերջ չեմ տրվել: Կարելի է այդպես էլ ասել` նվագելիս ինքդ քեզ ու քո հոգին բաշխում, զոհաբերում ես: Նվագը վեհացնում է, որի ընթացքում դու որպես մարմին վերանում ես։
- Նվագելիս նայու՞մ ես հանդիսատեսին:
- Նայում եմ, բայց չեմ տեսնում...
- Դու ինքդ ստեղծագործու՞մ ես:
- Իմ աշխատանքն ինքնին ստեղծագործական է: Երգ-երաժշտություն չեմ հորինում: Կոմպոզիտորը ստեղծագործել է, ես ու քանոնս միասնաբար մտնում ենք կոմպոզիտորի երաժշտական մտքի մեջ և մի նոր կյանք հաղորդում, մի նոր կյանքի կոչում, որ կարելի է երկրորդ կյանք համարել: Ինչու չէ, թեև գործն ուրիշինն է, դու քեզնով անելու ես: Կարելի է այդպես էլ ասել` դու քո հոգևոր ունակությամբ թարգմանելու ես կոմպոզիտորի հոգու տառապանքը, հոգու հրճվանքը, բերելու, լսելի, շոշափելի դարձնելու ես նրա հոգու աշխարհը: Դու չես քննում, դու բերում ես, լսելի դարձնում: Այն, ինչ տիեզերքից հայտնվել է մեկին, դու հայտնում ես ամենքին։
Բնության և երաժշտության կապից խոսեցինք. եկեղեցի մտնելիս եկեղեցու շունչը չե՞ս զգում, խաղաղություն չի՞ իջնում վրադ: Առանց բնության երաժշտություն չկա և չի կարող լինել: Բնությունն էլ առանց երաժշտության չէ: Ճիշտ նկատեցիք, քարը որ քար է, մարմնավորում է լռության երաժշտությունը: Ոտաբոբիկ երեխան, որ վազում է հողի վրայով, հողից էներգիա չի՞ ստանում, իհարկե, ստանում է: Հրաշք է, երբ ոտքդ հանգիստ դնում ես հողին։
- Քանի որ եկեղեցին իր շունչն ունի, քարն ունի լռության մեղեդին, ազգն էլ իր ազգային երգ-երաժշտությունն ունենալու է։
- Ինչքան էլ լավ նվագես օտարի երաժշտությունը, քոնը չի դառնալու: Նվագիր, վատ չէ, բայց աշխարհին ներկայացիր քո երաժշտությամբ, որպեսզի ճանաչելի դառնաս: Երբ նվագում ես քոնը, ամեն ինչ փոխվում է. փոխվում է ձայնը, գույնը, բույրը, մեղեդին: Ինձ հաճո չէ կրկնել-կրկնօրինակելը: Ապրած վայրկյանը չի կրկնվելու, այսինքն` այսօրվա նվագածդ երեկվանը չի լինելու։ Չէ՞ որ դու էլ երեկվանը չես:
-Ի՞նչ է փառքը:
- Կոչմանդ հետ կապ չունեցող բան։ ՈՒրիշ է, երբ գնահատում են քո գործը, ընդունում, սիրում են քեզ... Որպեսզի քեզ սիրեն, դու քո գործը սիրելու ես: Ասացի` քո գործիքն էլ սիրելու ես:
- Հանդես գալուց առաջ ծրագրու՞մ ես…
- Չես ծրագրում, տրամադրում ես ինքդ քեզ: Երբեք չես իմանա, թե հաջորդ պահին ինչ է կատարվելու: Կայացե՞լ ես` պիտի պահես և առաջ գնաս: Աշխատասիրություն և հավատ: Առանց այս երկուսի ոչ միայն ստեղծագործել, այլև ապրել չի լինի:
-Իմ գործընկեր, մեր ընդհանուր բարեկամ Ժան Վարդանն ասաց. «Մարիաննա Գևորգյանը ավարտել է Կոմիտասի անվան կոնսերվատորիայի բակալավրիատը, մագիստրատուրան և ասպիրանտուրան. սրանք աստիճաններ են, որոնցով բարձրացել է: Հանրապետական և միջազգային մրցույթ-փառատոների առաջին կարգի դափնեկիր է, ոսկե մեդալակիր: Ստացել է «Բեմական հմայք» հատուկ մրցանակ: Այժմ հարցնեմ` քեզ համար ի՞նչ են մրցույթ կոչվածները:
- Հարկավոր են, միայն թե ընթանան անաչառության, արդարության սկզբունքներով: Երաժշտի վրա ազդում է, երբ մոտեցումը կողմնակալ է, երբ անտեսվում է արժանավորը: Ոչինչ, որ դու չես շահում, ցավն այն է, որ մեջտեղ գալիս, տարածում գտնում է աղբը` արվեստի անվան տակ: Ահավասիկ, այսօր երաժշտական աղբն է, որ ներկայացնում են: Արվեստի բոլոր բնագավառներում նույնը կատարվում է. «Էս սարն իմն է, էս ծառն իմն է»: Մեր մշակույթի դեմքը կորցնելով, ազգային արժեքները մոռացության տալով, մենք կարող ենք ազգային ինքնությունը կորցնել: Կարծես ասպարեզը մի քանիսի համար է։ Շոուն, ի դեպ, արվեստի հետ կապ չունեցող երևույթ է: Եթե թույլ մարդ լինես, մրցույթներին մասնակցելիս և կողմնակալությունը նկատելիս, կարող ես խոր հիասթափություն ապրել:
- Մարիաննա Գևորգյան քանոնահարուհու համար նվագելը նպատա՞կ է:
-Իհարկե ոչ, նվագելը նպատակ չէ: Իմ նպատակը մեր ազգային երգ-երաժշտությունը, մեր նվագարանը համաշխարհային բեմերից մաքուր և անաղարտ հնչեցնելն է։ Հարց եղավ` ազգային մեղեդին ինչպե՞ս եմ ջոկում։
- Երաժշտության բնութագիրը մեկ բառով…
- Մեկ բառով ասած, երաժշտությունը բժշկություն է, երաժշտությունը բժշկում է թե՛ նվագողի հոգին ու մարմինը և թե՛ լսողի: Ավաղ, մարդու էությանը վնաս բերող, մարդուն գրգռող, հոգին սպանող երաժշտություն էլ կա, որ չարից է:
- Մարիաննա, սկիզբդ, ընթացքդ…
- Սկիզբս Ավետ Գաբրիելյանի, այնուհետև Սպենդիարովի անվան երաժշտական դպրոցները հաճախելն է: Իմ նվագածները միշտ համապատասխանել են իմ տարիքին: Կամաց-կամաց եկել հասել եմ, ասենք, Պագանինիի, Ալբենիսի և նման մեծերի ստեղծագործությունները ընկալելուն ու նվագելուն: Քանոնն ի զորու է հնչեցնելու դասական երաժշտություն: Քանոնն իրավամբ համարվում է ազգային նվագարանների թագուհին: Ինձ համար շատ ավելի դժվար է նվագել մեր հնագույն ստեղծագործությունները, որոնք այնքա՜ն մաքուր ու անաղարտ են, այնքա՜ն անեղծ ու աստվածային: Ընտրությունն ինչպե՞ս եմ կատարում, ասեմ, պահը, հոգեվիճակը, բեմը, տվյալ տեղում իշխող մթնոլորտը նկատի ունենալով։
Կան ստեղծագործություններ, որ պարզապես չեմ նվագում, չեմ ուզում. զուտ տեխնիկա ցույց տալու համար պետք չէ նվագել: Սպասում եմ, որ դրանք իմ մեջ հասունանան և նոր միայն նվագեմ: Չեմ շտապում, շտապելով կարող եմ հանդիսատես կորցնել: Ոչ պրոֆեսիոնալներ կան, որ վազում են դեպի բեմը: Բեմ դուրս գալը պիտի վաստակել: Ինձ համար մեծ ուրախություն է, երբ դահլիճում տեսնում եմ միևնույն մարդկանց: Նրանք իմ բարեկամներն են:
-Ինչպես որ ամեն գրիչ վերցնող գրող չէ, այնպես էլ...
-Ամեն նվագող, թեկուզ փայլուն նվագող, դեռևս երաժիշտ չէ: Երաժիշտը նույն առաքյալն է. ես իմ գործը, օրինակ, առաքելություն համարելու եմ:
-Մարիաննա, խոսիր քանոնի պատմությունից:
-Բազմաթիվ քանոններ կան՝ հայկական, հնդկական, պարսկական, թուրքական... Ինչպես որ քանոնները տարբեր են, այնպես էլ՝ նվագելու տեխնիկաները: Ինչ ասել կուզե, ես նվագում եմ հայկական տեխնիկայով: Չեմ առարկելու Ձեզ, ինչպես որ ես հայ եմ, այնպես էլ քանոնս: Մենք մեր բնույթով, ծնունդով ու ծագումով նույնն ենք:
Քանոնահարների դպրոց ունենք մեր երաժշտության պատմության մեջ: Դեռևս 2-րդ հազարամյակի հիշատակումներ կան, պատմիչների վկայություններ: Աստվածաշնչյան քնարահարները նույն քանոնահարներն են: Քնարը, քանոնը, ջութակը, սազը, տավիղը, ասենք, Ջիվանու քյամանին լարային գործիքներ են, պատկանում են երաժշտական միևնույն ընտանիքին: Միևնույն գործը տարբեր գործիքներով նվագելիս, ինչ խոսք, տարբեր հնչեղություն ունենալու է:
- Քիչ առաջ քո բջջային հեռախոսի էկրանին տեսա քեզ Սայաթ-Նովայի տաղը նվագելուդ պահին, կարծես այս աշխարհում չէիր, քո ասած, սուզվել, ընկղմվել էիր զգացման ու զգացմունքի ծով-աշխարհը. թրթռացող մատներիդ և քանոնի լարերի համանվագը տեսա, դու և քանոնը դարձել էիք մի, մատներիդ միջով հոսողը հոգիդ էր, որ խոսեցնում էր լարերին: Քո իսկ մատներով կարծես պեղում, պարզում էիր հոգիդ։
- Ամեն ինչ ներդնում եմ ձեռքերիս միջոցով, սրտիս, մտքիս ընթացքը, որ յուրովի աշխատանք է, ձեռքերս, մասնավորապես մատներս, շարունակում են: Միանգամայն ճիշտ նկատեցիք, մատներիս միջով ու մատներիս միջոցով ոչ միայն հոգեվիճակս, այլև ներքին շարժման էներգիաս փոխանցում եմ լարերին: Իսկ լարերն արձագանքում են երաժշտությամբ: Դարձյալ ճիշտ եք, վերացման այդ պահին, կարծես լարերը նույնպես ես եմ: Ավելի պարզ ասած, այդ պահերին կառավարում եմ գործիքը, հնազանդեցնում եմ, ինձանով անում: Աչքից ընկած, չէի ուզենա ասել` վատ, գործիքով մեկը կարող է շատ ավելի լավ նվագել, քան մյուսը կատարելագործվածով: Վատ գործիք չկա, գործիքին վատ տիրապետող կա: Նոտաները նույնն են, ռիթմերը նույնն են, մեղեդին էլ նույնն է, սակայն, հնչողությունը տարբեր է, մեկը ներազդում է, մյուսը՝ ոչ: Ինչի՞ց է: Որովհետև ոչ բոլորը կարող են սիրել: Տաղերը, որ գալիս են 5-րդ դարից, պահպանվել են սիրողների միջոցով, նվիրյալների միջոցով. սերնդեսերունդ գրի են առել, հասցրել, հանձնել են մեզ: Մենք էլ կոչված ենք այդ ամենը` երգ-երաժշտության գուսանականը, աշուղականը, մեր ժողովրդականը, մանիները, սաղմոսները և ազգային մյուս գանձերը ամենայն անաղարտությամբ երգել, նվագել և որպես հավիտենական ժառանգություն, փոխանցել գալիք սերունդներին:
-Քանոնահարուհի աղջիկ, հրաշք աղջիկ, Չարենցի ասած, թափանցիկ աղջիկ, «մարմինի պես երազի», Աստված զորացնի քո հավատը և քեզ պահի Իր սիրո մեջ: Մեր հանդիպում-զրույցը, կարծում եմ, Վահան Տերյանի ասած, իրիկնաժամի թփերն օրորող հովի պես թեթև անցավ, որովհետև հաղորդակցվելիս դու այդպիսին էիր։ Քանի դեռ դու և քեզ նմանները կան և մեզ ապրեցնում են, քանի դեռ աղունիկը կամ էլ տատրակը, որպես երկնային նշան, գալիս խաղաղությամբ նստում են պատուհանի գոգին, Հայաստանն ու հայը շարունակելու են հավիտենական կյանքի երթը: Հիրավի, ոչ թե հարցազրույց տվեցիր, այլ պարզապես զրուցեցիր հետս, զրույց, որ հավիտենության պահեր պարգևեց։
Այսպես խորհեցի, խոսեցի ու գրեցի, որովհետև հավատացի:

Զրույցը՝
Հարություն ՀՈՎՆԱԹԱՆԻ

Դիտվել է՝ 2352

Մեկնաբանություններ