Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Ի՞նչ կլինի, երբ ԻՊ-ի զինյալները տուն գնան

Ի՞նչ կլինի, երբ ԻՊ-ի զինյալները տուն գնան
25.10.2017 | 08:12

3 տարի առաջ ԻՊ-ը գրավեց Ռաքան և դարձրեց իր «խալիֆաթի» մայրաքաղաք։ Այս պահին ջիհադականները կորցրել են իրենց վերահսկած տարածքների մեծ մասը։ Որքա՞ն է ռեալ սպառնալիքը, որ նրանք կմեկնեն այլ երկրներ` ահաբեկչություններ կազմակերպելու։ Ռադիկալ իսլամի մասնագետ Լորենցո Վիդինոն պատմել է իր նկատառումների մասին։


Իրաքում ու Սիրիայում ԻՊ-ի ուժերի մասնատմանը զուգահեռ` տարբեր երկրների անվտանգության ուժերի մասնագետները հարց են տալիս` ի՞նչ են անելու ջիհադականները հետո։ Մոտավորապես 30000 այլազգիներ կան ԻՊ-ի շարքերում, լուրջ մտահոգություն կա, որ վերադառնալով` նրանք կորոշեն շարունակել էքստրեմիստական գործունեությունը։ Բարդ է կանխատեսելը, բայց ակնհայտ է, որ ԻՊ-ի համար իրավիճակի փոփոխությունը կարող է էական հետևանքներ ունենալ միջազգային անվտանգության համար։ Նախադրյալներ կան, որ մատնացույց են անում ահաբեկչության դեմ պայքարի ամերիկյան անվտանգության ուժերը, որ այլ երկրներից եկած զինյալները կմնան Սիրիայում ու Իրաքում։ Բրիտանական ՄԻ-5 հակահետախուզության վարչության պետը օրերս հայտարարեց, որ ԻՊ-ի շարքերում կռվող Բրիտանիայի 800 քաղաքացիներից քչերն են վերադարձել` նվազագույնը 130-ը զոհվել են։ Մնացած զինյալները, ամենայն հավանականությամբ, ԻՊ-ից չեն հեռանա, խմբավորումը կվերադառնա իր նախնական գործունեությանը, երբ 10 տարի առաջ մի խումբ ապստամբներ ահաբեկչություններ ու դիվերսիաներ էին կազմակերպում։ Մոսուլի ու Ռաքայի համար պայքարող ԻՊ-ի շարքերում շատ էին օտարերկրացիները։ Նրանցից շատերը ձերբակալված են և հիմա իրաքյան դատարանները հետաքննում են նրանց գործերը։ Երկրները, որոնց քաղաքացիներն են նրանք, բախվել են բարոյական ու իրավական դիլեմայի` որոշ ձերբակալվածների մահապատիժ է սպասվում։ Շատ զինյալներ խալիֆաթը լքում են` հիմնականում թուրք-սիրիական 822- կիլոմետրանոց սահմանով։

Թեպետ Թուրքիայի իշխանությունները հիմա սահմանները պահպանում են ավելի ջանադիր, քան առաջ, լեռնային տեղանքը և լավ կազմակերպված մաքսանենգության ցանցը վկայում է, որ սահմանն անցնելը մեծ խնդիր չէ։ ԻՊ-ը Թուրքիայում վաղուց ունի աջակիցների ցանց, նրանց օգնությամբ Սիրիայից օտարերկրացի զինյալներ են տեղափոխվում։ Հաշվի առնելով վերջին 3 տարիներին Թուրքիայում կատարված ահաբեկչությունների թիվը, ակնհայտ է, որ իշխանություններին տագնապեցնում է օտարերկրացի զինյալների թվի աճը երկրում։ Անհանգստություն են հայտնում և հարևան Հորդանանն ու Լիբանանը։ Բավականին շատ են ուղղությունները, որ կարող են ընտրել Սիրիայի ու Իրաքի օտարերկրացի զինյալները: Վկայություններ կան, որ նրանց մի մասը միացել է ԻՊ-ի վիլայեթներին կամ, այսպես կոչված, «նահանգներին» Եմենում, Սինայի թերակղզում, Հյուսիսային Կովկասում ու Արևելյան Ասիայում։ Խմբավորումը ներկայացված է և Լիբիայում, որտեղ, ԱՄՆ-ի անցած տարվա տվյալներով` 6500 մարտիկ կա: Մի քանի հարյուր զինյալ Աֆղանստանում են, որտեղ, ինչպես ԱՄՆ զինվորականներն են տեղեկացրել, ստորգետնյա թունելների վրա հարձակման ժամանակ 94 զինյալ է սպանվել։


Վկայություններ կան, որ ջիհադականները մեկնում են կոնֆլիկտներից աշխարհագրորեն հեռու վայրեր` Կոնգո, Մյանմա, Ֆիլիպիններ։ Օտարերկրացի զինյալների հայտնությունը այդ շրջաններում կարող է ուժեղացնել տեղացի ջիհադական խմբերի հնարավորությունները և մեծացնել կոնֆլիկտների մասշտաբները։ Օտարերկրյա շատ զինյալներ վերադառնում են տուն։ Ոմանք, գուցե, այլևս չզբաղվեն արգելված գործունեությամբ, մյուսները զբաղվում են ընդհատակյա ցանցերի ստեղծումով` հետագա ահաբեկչությունների կազմակերպման և նայած երկրին` քաղաքական իրավիճակի ապակայունացման համար։ Հատկապես ռիսկային են Հյուսիսային Աֆրիկայի երկրները: Թունիսում 6000 մարդ է միացել ԻՊ-ին, բնակչության թվով դա աշխարհում ամենաբարձր տոկոսն է։ Նույն վտանգը կա Պարսից ծոցի երկրներում: Վտանգ կա նաև Ռուսաստանում, Կովկասում, Կենտրոնական Ասիայի երկրներում: ԻՊ-ի շարքերում կռվում էին նրանց բազում բնակիչներ, շատերն էլ մարտերում աչքի են ընկել։
Մարտական գործողություններին մասնակցած 6000 եվրոպացիների վերադարձը տագնապում է իշխանություններին։ Իտալիայի Միջազգային քաղաքական հետազոտությունների ինստիտուտի ու Ջորջ Վաշինգտոնի անվան համալսարանի ուսումնասիրությունների տվյալներով` 2014-ին Արևմուտքին «խալիֆաթի» հայտարարած պատերազմից հետո արևմտյան երկրներում ահաբեկչություններ իրականացրածների 20 %-ը մասնակցել է ջիհադականների կռիվներին։ Իրավիճակը կարող է փոխվել վերադարձող զինյալների թվով: Վերջին տվյալներով` մոտ 1000 մարդու։ Շատերը, գուցե, չցանկանան այլևս բռնությունների մասնակցել, բայց վտանգ կա, որ ոմանք կցանկանան իրենց մարտական հմտությունները նոր տարածքներում գործադրել։ Հավանական է, որ նրանք կօգտագործեն կապերի ցանցը և իրենց «փառքը» ջիհադի կողմնակիցների շրջանում` ահաբեկչական նոր հարձակումներ կազմակերպելու համար։ ԻՊ-ի տարածքների կորուստը հազիվ թե ազդի այդ գերազանցապես անկախ զինյալների գործողությունների դիմելու պատրաստակամության վրա։


Թեպետ դեռ կան նշանակալից խնդիրներ, եվրոպական իշխանությունները բարելավել են իրենց ստորաբաժանումների միջև հետախուզական տվյալների փոխանակումը` վերադարձող ջիհադականներին հայտնաբերելու համար։
Թուրքիայի հետ բարելավված փոխգործակցության շնորհիվ` ԻՊ-ի մարտերի շատ մասնակիցներ ձերբակալվում են` նախքան ինչ-որ քայլ ձեռնարկելը։ Ոմանց հաջողվում է անլեգալ մտնել Եվրոպա` երբեմն փախստականի տեսքով: 2015-ի նոյեմբերին Փարիզի ահաբեկչությունը դրա վառ ապացույցն է: Բայց օտարերկրյա զինյալների մեծ մասը Եվրոպա կվերադառնա լեգալ` օգտագործելով իսկական եվրոպական անձնագրեր։ Նրանց դժվար է բացահայտել, ավելի դժվար է որոշել` ի՞նչ անել նրանց հետ: Ակնհայտ քայլը ձերբակալությունն է, բայց իրականությունը կարող է ավելի բարդ լինել։ Բրիտանիայի ՆԳՆ-ի անցած տարվա տվյալներով` Սիրիայից ու Իրաքից վերադարձած 400 զինյալներից միայն 54-ը մեղավոր ճանաչվեցին օրենքի առաջ։ Ի՞նչն է խանգարում իշխանություններին նրանց ձերբակալել, հետաքննություն անցկացնել և մեղադրական եզրակացություն կայացնել: Ամեն ինչ բախվում է օրենքի տառին։ Օրենսդիրները չեն հասցնում անվտանգության սպառնալիքների փոփոխվող պայմանների հետևից։ Օրենքները կարող են երկիր առ երկիր փոխվել, բայց կա մեկ ընդհանուր խնդիր։ Որոշ երկրներում ահաբեկչական կազմակերպությանն անդամակցելը կամ արտասահմանյան կոնֆլիկտներին մասնակցությունը հանցագործություն չէր համարվում այն պահին, երբ ջիհադականների մեծամասնությունը գնացել է կռվելու Սիրիա ու Իրաք։ Այդ ժամանակից որոշ երկրներ նոր օրենքներ են ընդունել, բայց այդ օրենքները հետադարձ ուժ չունեն։ Նույնիսկ այն երկրներում, որտեղ այդ գործողությունները հանցագործություն են համարվում, իշխանությունները ոչ միշտ են կարողանում հավաքել բավարար վկայություններ գործ հարուցելու համար։ Հակահետախուզության ծառայությունները կարող են տեղեկություններ ունենալ, որ ինչ-որ մեկը ԻՊ-ի անդամ է եղել ու ռազմական հանցագործություններ կատարել Սիրիայում, բայց դա պետք է դատարանում ապացուցել։ Ավելի բարդ է օտարերկրյա զինյալների երեխաների խնդիրը, որ կամ ծնվել, կամ մեծացել են «խալիֆաթում»։


Թեպետ նրանց մեծ մասը քրեական պատասխանատվության ենթակա չէ, բոլոր դեպքերում լրացուցիչ ուշադրություն է պետք ապրած ցնցումների, նաև այն պատճառով, որ նրանք արմատական հակումներ ունեն` չնայած տարիքին։ Իշխանությունները ստիպված են հետևել մարտերում թրծված հարյուրավոր ջիհադականներին` ի հավելումն տեղերում նրանց համակրող տեղացիների թվի աճի` հասկանալու` ո՞վ է նրանցից անմիջական վտանգ ներկայացնում։ Եվրոպական շատ երկրների իշխանություններ վերադարձող զինյալների հետ աշխատանքի ծրագրեր են մշակում, որ նրանք հրաժարվեն իրենց արմատական գաղափարներից։ Առայժմ վաղ է ասել` որքա՞ն են այդ ծրագրերը գործուն, բայց առաջին նշանները կան, որ որոշ ծրագրեր, ինչպես դանիական Օրհուս քաղաքի կենտրոնը, արդյունավետ են դարձել` շնորհիվ առաջարկվող վերականգնումի ու հասարակության մեջ ինտեգրումի։ Որոշ նախագծեր, օրինակ, ապաարմատականացման 12 կենտրոնների ստեղծման ֆրանսիական ծրագիրը, անորոշ ժամանակով հետաձգվել է։ Իհարկե, «խալիֆաթի» անկումը գլուխ է փակում, բայց և նոր ու անհայտ գլուխ է բացում այս պատմության մեջ։
ВВС


Հ.Գ. Զարմանալի է` որքան են եվրոպացիները նրբացել ու խորացել մարդու իրավունքների պաշտպանության գործում: Համենայն դեպս այնքան, որ պետությունն է անօգնական դարձել բացահայտ մարդասպանների առաջ: Ի՞նչն է խանգարում, որ եվրոպական պետությունները ԻՊ-ի նախկին զինյալների վերաբերյալ ընդունված ու ընդունվող օրենքներին, ելնելով իրավիճակի բացառիկությունից, կանխելու համար հնարավոր ահաբեկչությունները և արմատականության հետագա տարածումը, հետադարձ ուժ տան` իբրև եզակի դեպք: Իհարկե, մեզ համար ավելի կարևոր է ադրբեջանցի ԻՊ-ականների վերադարձի հարցը: Նրանք երկու ճանապարհ ունեն` կամ պայքար են սկսում Իլհամ Ալիևի աշխարհիկ իշխանության դեմ` առաջնորդվելով ջիհադական գաղափարախոսությամբ և նպատակ ունենալով Ադրբեջանը դարձնել կրոնապետություն, կամ` արժանանում են նրա ներումին ու փոխարենն` իրենց փորձն ու հմտությունները ուղղում են հայերի դեմ «սուրբ» պայքարին: Երկու տարբերակն էլ վտանգավոր է ու անցանկալի, թեպետ երկրորդը, որ առավել հավանականն է, ուղղակի սպառնալիք է Արցախի ու Հայաստանի անվտանգությանը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 3405

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ