USD483.66
EUR567.24
RUB8.15
  •  Երևան 
    ... °C
  •  Գյումրի 
    ... °C
  •  Աբովյան 
    ... °C
 

«Դպրոցականի ֆիլհարմոնիան ամենահայրենասիրական ծրագիրն է»

«Դպրոցականի ֆիլհարմոնիան ամենահայրենասիրական ծրագիրն է»
25.10.2017 | 13:41

Մեր զրուցակիցն է մշակութաբան, Հանրային խորհրդի անդամ, Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի տնօրեն ԳԱԳԻԿ ՄԱՆԱՍՅԱՆԸ: Նրա հետ քննարկեցինք մշակութային այս հաստատության գործունեությանն առնչվող որոշ խնդիրներ:

«ՑԱՎՈՔ, ՄԵՆՔ ՊԵՏԱԿԱՆ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԿԱԼԵՑԻՆՔ ՈՒՂՂԱԿԻ ԻՄԱՍՏՈՎ»
-Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի շենքը մայրաքաղաքի եզակի մշակութային շենքերից է, որը պահպանվել է ողջ շքեղությամբ և ծառայում է իր նպատակին: «Իրատեսից» Հայաստանի նկարիչների միություն ճանապարհս անցնում է Ձեր ղեկավարած կառույցի մոտով: Մշտական և ամենատարբեր համերգներ են ներկայացվում ազդագրերում, բայց եկեք շենքի ներսում ծանոթանանք Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի գործունեությանը:
-Նախ՝ մեր պատմությունը ներկայացնեմ: Հայաստանի պետական ֆիլհարմոնիան ստեղծվել է 1932-ին, այսինքն արդեն 85 տարեկան է: Ստուգաբանենք «ֆիլհարմոնիա» բառը: Անտիկ փիլիսոփայության մեջ «հարմոնիան» ասոցացվում է երաժշտության հետ. «Ես սիրում եմ երաժշտությունը»՝ սա է ֆիլհարմոնիայի ամբողջական բացատրությունը:
1932-ին Հայաստանում ստեղծվեցին առաջին պետական անսամբլները, որոնք ընդգրկվեցին պետական ֆիլհարմոնիայի կազմում: Ժամանակի ընթացքում այն վերանվանվեց «Հայհամերգ», այնուհետև վերականգնեց իր նախնական անվանումը: Մեր կազմակերպությունը Հայհամերգի իրավահաջորդն է: Մենք վերադարձանք նախկին անվանմանը, քանի որ պետական ֆիլհարմոնիաներն աշխարհում ընդունված մշակութային կառույցներ են: Պետական ֆիլհարմոնիաներ են գործում նախկին ԱՊՀ երկրներում և ունեն նույն դերակատարությունը: Ֆիլհարմոնիան առհասարակ, և մասնավորապես Հայաստանի պետական ֆիլհարմոնիան, համահավաք կազմակերպություն է, որն ընդգրկում է երաժշտության բոլոր ժանրերը ներկայացնող համերգային խմբեր: Անցյալում պարի և երգի-պարի պետական անսամբլները, կամերային և սիմֆոնիկ նվագախմբերն ու մյուս համերգային խմբերը ներառված էին «Հայհամերգ» և «Հայպետֆիլհարմոնիա» կազմակերպություններում:
-Անկախացումը ծանր հետևանքներ ունեցավ հատկապես խորհրդահայ մշակույթի և արվեստի վրա: Ինչպե՞ս դիմակայեց անկախության մարտահրավերներին Ձեր ղեկավարած մշակութային այս ուրույն օջախը:
-Ցավոք, մենք պետական անկախությունն ընկալեցինք ուղղակի իմաստով և ամեն բան, նաև հանրապետության նվագախմբերն ու համերգային խմբերը դարձրինք անկախ: Այսօր Հայաստանում գործում են անկախ երաժշտական կազմակերպություններ, որոնք ունեն ընդամենը չորս երաժիշտ ու մեկ տնօրեն:
-Նաև՝ մեկ հաշվապահ:
-Խորհրդային տարիներին գործող համակարգն արդարացված և նպատակային էր, համերգները կազմակերպվում էին կենտրոնացված կարգով, դրանք համահավաք համերգներ էին, որոնք բազմաժանր ձևաչափում էին կազմակերպվում: Ելույթ էր ունենում, ասենք, ժողովրդական երգիչը, հետո բեմ էր բարձրանում դասական երաժշտություն կատարողը, այնուհետև՝ էստրադային արտիստը, և համերգի հաջողությունը կասկած չէր հարուցում, տարբեր նախասիրությունների տեր մարդիկ մասնակցում էին միևնույն համերգին, յուրաքանչյուրը սպասում էր իր նախընտրած երաժշտի, նվագախմբի կամ համույթի բեմելին: Այսինքն դահլիճները մեխանիկորեն հագեցնելու խնդիր չկար: Այս մեթոդը արդարացված էր նաև ֆինանսական առումով՝ վնասաբեր և շահավետ համերգները հավասարակշռում էին միմյանց: Այսօր հանրապետությունում չկա որևէ անկախ խումբ, որը կարողանա գոնե ամիսը մեկ անգամ հանդես գալ ինքնուրույն ծրագրով: Այնինչ համահավաք համերգն ուներ իր կազմակերպիչը, ռեժիսորը, կոնցերտմայստերը, համերգավարը, բոլորը պրոֆեսիոնալ էին իրենց գործում:
-Խորհրդային տարիներին հայկական գյուղերը պարբերաբար հյուրընկալում էին «Հայհամերգի» խմբերին, և հյուրընկալությունը վերածվում էր յուրովի տոնի:
-Լիովին կիսում եմ Ձեր կարծիքը: Երևանից դուրս «Հայհամերգը» բազմաթիվ այցեր էր կատարում Հայաստանի շրջաններ: Ես ինքս գործունեությունս սկսել եմ Գառնի գյուղի կուլտուրայի տնից, որի տնօրենն էի և հավատացնում եմ, որ երբեմն ուղղակի հոգնում էինք տարաբնույթ համերգային այցերից: Հիշենք, որ գյուղերում ամենաներկայանալի շենքը կուլտուրայի տունն էր, ուր մանուկ ու ծեր իրենց համար մշտական զբաղմունք էին գտնում տարբեր խաղերի, մշակութային միջոցառումների միջոցով: Այսօր գյուղի հասարակությունը գյուղամիջում է օրը վատնում՝ թզբեհ գցելով, աշխարհի լավ ու վատի մասին պարապ զրույցներ վարելով:
-Այդպես էր հայ գյուղացին իր հանրային-մշակութային հետաքրքրությունները բավարարում Մուրացանի և Թումանյանի ժամանակների գյուղերում: Այսօր ի՞նչ եք մատուցում հայ գյուղին:
-Վերջին շրջանում Արմեն Ամիրյանը նախաձեռնեց հանրածանոթ «Մշակութային կանգառ» ծրագիրը, որով նկատելիորեն աշխուժանում է հանրապետության մարզերի մշակութային կյանքը: Մինչ օրս կազմակերպվել է չորս հարյուր համերգ, որոնց շուրջ 40-ը կազմակերպել ենք մենք: Հայաստանի պետական ֆիլհարմոնիան մասնակցել է «Ֆոլկ մոդեռն» անսամբլով, որն իր տեսակի մեջ եզակի է Հայաստանում: «Մշակութային կանգառը», գյուղաբնակ մարդկանց հոգևոր պահանջմունքները բավարարելով, ուղղակի աննախադեպ շարժում է առաջացրել: Երբ այցելում էինք հայ գյուղ և փորձում հերթական համերգը կազմակերպել, զարմանքով էինք նկատում, որ մարդկանց անծանոթ է համերգի տոմսը, հատկապես անկախական սերնդի համար այդ փոքրիկ և հրապուրիչ կտրոնը անակնկալ էր. չէ՞ որ մինչև «Մշակութային կանգառի» մեկնարկը գյուղերում դեպքից դեպք ինչ-ինչ հոբելյանների առիթով բարեգործական համերգներ են կազմակերպվել, ուրիշ ոչինչ:
-Անկեղծ լինենք՜ իսկապե՞ս արդարացված է «Մշակութային կանգառը»:
-Տեսեք՝ նախ գյուղերում վերականգնվում են մշակութային ենթակառուցվածքները, այնուհետև առկա է հոգեբանական պահը. մարդը, հավատացեք, բնավ չի զլանում 500 դրամ վճարել պրոֆեսիոնալ համերգ ունկնդրելու համար և աստիճանաբար գիտակցում է, որ արվեստի համար պետք է վճարել, մի բան, որն ընդունված է քաղաքակիրթ աշխարհում: «Բարեգործական ճաշարանի» բարդույթը արվեստում պետք էր հաղթահարել, և հենց դրան է միտված «Մշակութային կանգառը»: Հավատացեք, «Մշակութային կանգառի» շրջանակում իրականացվող մեր կազմակերպած բոլոր համերգներն անցել են լեփ-լեցուն դահլիճներում:

«ՍԻՐՈՂԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹՆ ԱՅՍՏԵՂ ՏԵՂ ՉՈՒՆԻ»
-Վերադառնանք մայրաքաղաք՝ Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի դահլիճներ:
-Սիրով: Կազմակերպությունը շենքը չէ, որքան էլ որ այն ներկայանալի և առանձնահատուկ է: Մեր շենքի բովանդակությունն է: Գրեթե ամեն օր մենք միջոցառում ունենք, իսկ դրանք արժեքային համակարգ են ձևավորում: Ասենք՝ վոկալի երեկոները, որոնք կազմակերպում ենք հրավիրատոմսերի հանձնման ճանապարհով, դահլիճ հրավիրելով այս բարդ ժանրի իսկական գիտակներին և սիրահարներին: Առհասարակ, ապահովում ենք որոշակի պրոֆեսիոնալ մակարդակ յուրաքանչյուր ծրագիր իրականացնելիս, քանզի մեր դահլիճը հանրապետության լավագույն դասական սրահներից մեկն է, և սիրողական մշակույթն այստեղ տեղ չունի: Հայաստանի պետական ֆիլհարմոնիան երկարամյա բարձր մշակութային ավանդույթներ ունեցող մշակութային կենտրոն է, մենք այսօր պահպանում ենք այդ ավանդույթը: Նաև փորձում ենք նոր, արդիական ավանդույթ ձևավորել:
-Ձեր տնօրենության օրոք՝ 2007-ից, սկսեց գործել Դպրոցականի ֆիլհարմոնիան: Ներկայացրեք այն:
-Դպրոցականի ֆիլհարմոնիան ամենահայրենասիրական ծրագիրն է: Այս նշանավոր կառույցի տնօրինումն ստանձնելով, նախ վերականգնեցի այս ծրագիրը, որը ֆինանսական պատճառներով ընդհատվել էր նախորդ դարի 90-ականների սկզբին: Ի դեպ, այն կյանքի կոչվեց լուսահոգի վարչապետ Անդրանիկ Մարգարյանի վերջին հրամանագրով. 2007-ի մարտի 23-ին՝ ուրբաթ օրը, ժամը 14.00-ին վերականգնվեց Դպրոցականի ֆիլհարմոնիան: Կիրակի օրը նա վախճանվեց: Տարիներ շարունակ, յուրաքանչյուր ուրբաթ ժամը 14.00-ին Դպրոցականի ֆիլհարմոնիան բացում է դռները: Սա կրթական, ուսուցողական և ճանաչողական ծրագիր է, նպատակաուղղված է դպրոցականներին: Դպրոցականները հաճախում են ֆիլհարմոնիա անվճար հիմունքներով, վաղօրոք կազմված գրաֆիկի համաձայն: Այս միջոցառումները ես անվանում եմ դաս-համերգ: Մենք դաս ենք տալիս, դասավանդում ենք համերգի մեթոդաբանությամբ: Որպես ուսուցման մեթոդ՝ սա ընտրագույն մի բան է:
-Պարոն Մանասյան, դաս-համերգները այսպիսով նաև ընդդիմադիր ճակատ են կազմում հատկապես դպրոցահասակների լսողության, գեղագիտական ճաշակի, ի վերջո, նրա ինքնության դեմ հայտարարված «երաժշտական պատերազմների» դեմ:
-Այո, մեր հեռուստաէկրաններից հաճախ հնչում է անճաշակ, վատորակ և անհեթեթ երգ-երաժշտություն: Այդ անհեթեթությունն ամենուր է՝ հնչում է ռադիոյից, տարբեր միջոցառումների ժամանակ, քաղաքային տրանսպորտում, ամենուր: Զարմանալի մի բան ասեմ՝ դպրոցականները դաս-համերգի են հաճախում իրենց տարիքին վայել աշխույժ աղմուկով, բայց հեռանում են, ասես, հասունացած: Ի դեպ, այս անզուգական ծրագրի մեջ ընդգրկված են մայրաքաղաքի բոլոր դպրոցները: Դպրոցում, դասի ընթացքում երեխայի և պատանու ընկալումներն այն խորքը չեն ունենա, որ ունենում են Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի շքեղ ու խորհրդավոր դահլիճում, որտեղ ամեն բան մշակույթով է շնչում: Բովանդակային առումով ևս ամեն բան համակարգված է, հաշվի ենք առնում դպրոցականների տարիքը, նրանց կրթական ծրագրերը և այլն:
-Օրինա՞կ:
-Օրինակ, առակների մասին ունենք ուշագրավ ներկայացում, որով առակների խրատաբանական իմաստն ենք բացահայտում:
Երաժշտական դաս-համերգների ընթացքում մեկնաբանվում են երաժշտական ժանրերը, ազգային նվագարանների, դասական և կամերային երաժշտական արվեստը, սիմֆոնիկ նվագախմբի գաղտնիքներն ենք բացահայտում, զուգահեռներ ենք տանում սիմֆոնիկ և կամերային նվագախմբերի միջև: Անշուշտ, չենք անտեսում երաժշտական գործիքները: Օրինակ, դուդուկը ներկայացնելիս պատմում ենք, որ այն կոչվել է նաև ծիրանի փող, քանի որ պատրաստվել է ծիրանենու փայտից, ծիրանենու բնօրրանը Հայաստանն է, հետևաբար, աշխարհում վերջին տարիներին տարածված դուդուկը բուն հայկական գործիք է: Բայց նաև պատմում ենք, թե որ ժողովուրդն ինչ ներդրում է ունեցել մեր դուդուկի զարգացման գործում, որ հայ կոմպոզիտորական արվեստը ևս հսկայական ներդրում է ունեցել: Դուդուկը ներկայացվում է որպես գործիք մենանվագում և նվագախմբում, նաև սիմֆոնիկ նվագախմբում որն օգտագործել է Ավետ Տերտերյանը իր 3-րդ սիմֆոնիայում: Եվ դպրոցականների համար բացվում են խորհրդավոր վարագույրներ:
Մի խոսքով, բազմաժանր և բազմահարց են դաս-համերգները, որոնց ավարտից հետո դպրոցականները չեն շտապում հեռանալ: Սա համապետական ծրագիր է, որը բացում է իր սահմանները: Այսօր մենք բաժանմունքներ ունենք Կապանում, Վանաձորում, Գյումրիում, Վայոց ձորում և Արցախում, որտեղ դաս-համերգ-ծրագիրն իրականացվում է ոչ պակաս հաջողությամբ, քան Երևանում:
-Ի՞նչ տրամաբանությամբ եք «շատ բան տեսած» դահլիճը վարձակալության տալիս:
-Մեր կազմակերպությունը ՊՈԱԿ է, ունենք դահլիճն օգտագործելու արտաբյուջետային պլան, որը պետք է կատարենք: Սակայն անում ենք ամեն բան, որ Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի և նրա համերգային դահլիճի մշակութային հայտնի նշաձողի մակարդակը չիջնի: Միաժամանակ պահպանում ենք մեզ դիմող տարբեր անհատների և խմբերի իրավունքները, նրանք հանդիսավոր բեմի կարիք ունեն, և դահլիճը նաև նրանց է տրամադրվում:


Հարցազրույցը՝ Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ

Դիտվել է՝ 5067

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao
Marketers CommunityԱռողջ սիրտ