Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

«Նվեր» Դմիտրի Մեդվեդևից, և` ու՞մ

«Նվեր» Դմիտրի Մեդվեդևից, և` ու՞մ
25.10.2017 | 14:10

ՌԴ վարչապետի Հայաստան այցից ինչ-ինչ, սկանդալ չէր ակնկալվում` նա պիտի համապարփակ համերաշխություն ու բացարձակ լավատեսություն ճառագեր ռուս-հայկական ներկա ու ապագա հարաբերություններում: Նախ` պետք էր ցույց տալ, որ Հայաստանի իշխանությունը վայելում է Ռուսաստանի աջակցությունը և հետո` Ռուսաստանին բնավ չի մտահոգում Հայաստանի եվրոպական «շեղումը»։ Իրականում ՌԴ վարչապետը հենց դա էլ արեց, բայց` ինքնատիպ։ Նա հայտարարեց, որ 2018-ին Հայաստանի համար գազի սակագինը մնալու է նույնը, թեև պայմանավորվել էին վերանայել գործող սակագինը (վերանայել` ռուսական բառապաշարում նշանակում է բարձրացնել), և դա կօգնի Հայաստանի տնտեսության զարգացմանը: Այսինքն` Ռուսաստանը, ինչպես միշտ, «զարգացնում է» Հայաստանի տնտեսությունը։ Գազի սակագնի հնարավոր բարձրացման մասին Հայաստանի որևէ պաշտոնյա չէր ասել ոչինչ, ավելին` Կարեն Կարապետյանն անձամբ էր հերքել հնարավոր բարձրացումը, բայց եթե պայմանավորվել էին, ինչպես ՌԴ վարչապետն է ասում, ուրեմն գիտեին և ինչու՞ էին լռում: Ըստ Մեդվեդևի՝ գազի սակագինը պետք է վերանայվեր 2018-ի ապրիլին: Փաստացի` այն ժամանակ, երբ Հայաստանը կունենա նոր վարչապետ ու նոր կառավարություն։ Լավ «նվեր» է` ի սկզբանե գազի սակագնի բարձրացումով նշանավորել նոր կառավարության աշխատանքը։ Բայց «նվերի» հանձնումը Ռուսաստանը որոշել է հետաձգել։


ՀՀ սահմանին գազի սակագինը 1000 խմ-ի համար կմնա 150 դոլար 2018-ին: «Գազպրոմի» նախագահ Ալեքսեյ Միլլերն էլ հայտարարել է, թե Հայաստանը հիմա արդեն ավելի շատ գազ է սպառում. «2017-ի առաջին 9 ամիսներին 2016-ի այդ նույն ժամանակաշրջանի համեմատ մատակարարումները աճել են մոտ 200 մլն խորանարդ մետրով» և հույս է հայտնել, որ սպառումը կավելանա։ Բացի երկու երկրների ապրանքաշրջանառության տոկոսների մասին տարբեր պատկերացումներից` գնահատականների ու ծրագրերի այլ տարբերություններ չեն արձանագրվել: Հոռետես Հայաստանը կարծում է, որ ապրանաքաշրջանառությունն աճել է 23 %-ով, լավատես Ռուսաստանը` 30։ Կարո՞ղ է 7 տոկոսի վիճակագրական սխալ լինել: Հազիվ թե։ Իրականում Հայաստանն ավելին է ակնկալում, Ռուսաստանը պատասխանում է` եղածով բավարարվեք։ Կամ էլ` երկու կողմերն էլ «նկարում են» և կարևոր չէ` ով` որքան: Կարևորը հայ-ռուսական ու ռուս-հայկական հարաբերությունների պատկերացումների չհամընկնումն է: Այդ հարաբերություններում իրական գործընկերության չգոյությունը։ Տասնամյակներով` Ռուսաստանի խնդիրն է եղել ու կա` Հայաստանին կապված պահել ու թույլ չտալ իր շահերից բխող քաղաքական ու տնտեսական ծրագրեր իրականացնել: Հայաստանի խնդիրն է դարձել այդ պայմաններում Ռուսաստանից հնարավորը պոկել` հնազանդության ու «հավատարմության» դիմաց։
Ոչ երկկողմ հարաբերություններում, ոչ տնտեսական ու ռազմական դաշինքներում որքան էլ պեղեք, չեք գտնի իրական համագործակցություն` գործընկերության հիմքի վրա, փոխարենը կան տարբեր գործարքներ, որ միշտ ապահովում են Ռուսաստանի բացարձակ ու Հայաստանի հարաբերական շահը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ.Գ. Հետաքրքիր է` իսկ ու՞մ օգտին 2018-ին գազի սակագինը Հայաստանում չի բարձրանա` Սերժ Սարգսյանի՞, թե՞ Կարեն Կարապետյանի: Դմիտրի Մեդվեդևը «մոռացավ» դա էլ ասել։

Դիտվել է՝ 9242

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ