Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Թուրքերը սիրիացի ու իրաքցի փախստականներից հետո երրորդ տեղում են

Թուրքերը սիրիացի ու իրաքցի փախստականներից հետո երրորդ տեղում են
26.10.2017 | 09:13

Թուրքիայի ներքին ու արտաքին քաղաքականությունը վաղուց դադարել է կանխատեսելի լինել։ Դա շատ տագնապալի իրավիճակ է ԱՄՆ-ի, ԵՄ-ի ու ՆԱՏՕ-ի համար։ Ամերիկացիների հետ նաև Գերմանիան է Անկարայի դեմ պատժամիջոցներ սահմանելու եզրին։ Վաշինգտոնի հայտարարած վիզային էմբարգոն կարճաժամկետ հեռանկարում Թուրքիայի համար միլիարդավոր դոլարների կորուստ կդառնա։ Գերմանիան երկու անգամ կրճատել է Թուրքիայի ներդրումները։ Մինչև վերջերս Անկարայի ամենամերձ դաշնակիցները Վաշինգտոնն ու Բեռլինն էին։ Սակայն այդ երկրների տեսակետից` առավելագույնս անհուսալի են նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը և «Արդարություն ու զարգացում» կուսակցության կառավարությունը:

Նրանք գործնականում չեն կատարել որևէ պարտավորություն, որ ստանձնել են Թուրքիայի անունից ստորագրելով։ Նույնիսկ ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը, որ ցանկանում էր ամեն ինչ սկզբից սկսել (ինչպես և նախագահ Դոնալդ Թրամփի աշխատակազմը), հանձնվեց և հավանություն տվեց վիզային էմբարգոյի որոշմանը: Կորցնելով բոլոր բարեկամներին Արևմուտքում Էրդողանի իշխանության տարիներին` Թուրքիան դառնում է տարածաշրջանում անկայունության աղբյուր` օրեցօր թուլացող տնտեսության պատճառով։ ԵՄ-ն պատրաստվում է ընդունել թուրք փախստականների։ Արդեն հիմա դրա նախանշանները կան` Գերմանիայի ներքին գործերի նախարարի տվյալներով` այս տարվա 8 ամիսներին թուրքերը սիրիացի ու իրաքցի փախստականներից հետո երրորդ տեղում են։ Իբրև Թուրքիայում ԱՄՆ դեսպան իր ամփոփիչ մամլո ասուլիսում Ջոն Բասը հայտարարեց. «Շատ ուրախալի է, որ վերջին 9 ամիսներին Թուրքիան որևէ նշանակալից հարձակման չի ենթարկվել ԻՊ-ի կողմից: Ջիհադականները չեն հրաժարվել Թուրքիայում ահաբեկչություններից, նրանք հիմա չեն կարողանում Թուրքիայում ահաբեկչություններ կազմակերպել: Մենք բոլորս հիշում ենք երկու տարի առաջվա Անկարայի ողբերգությունը (երբ ահաբեկչության զոհ դարձավ 103 մարդ), որի տարեդարձը երեկ նշվեց: ԻՊ-ը չի կարողացել Թուրքիայում անցած ժամանակաշրջանում նման մասշտաբի ահաբեկչություններ կազմակերպել, որովհետև երկու կառավարությունները սերտ համագործակցել են այլ կառավարությունների հետ այդ ուղղությամբ: Դա ապահովագրում է Թուրքիային` ԻՊ-ի մեծ ահաբեկչություններից և արդյունքն է թուրքական հատուկ ծառայությունների ու դատական ատյանների ձեռնարկած քայլերի` ԱՄՆ-ի պաշտոնատարների հետ համատեղ»։ Բասն ընդգծում է Անկարայի հետ հետախուզական տվյալների փոխանակման փաստը` քանի որ այդ «պատճառով» Թուրքիայում վերջերս ձերբակալվել են ԱՄՆ դեսպանատան երկու աշխատակիցներ։ Նրանց առաջադրվել է 2013-ին թուրքական ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաների հետ հեռախոսելու մեղադրանք։ Տարօրինակ հայտարարություն է` հենց դա էր այդ աշխատակիցների անմիջական պարտականությունը, նրանք պատասխանատու էին Վաշինգտոնի անունից թուրքական ոստիկանության հետ կապեր հաստատելու համար, մշտապես բանակցում էին ոստիկանության հետ թմրաթրաֆիկի ու ահաբեկչության ֆինանսավորման հարցերով, հետախուզական տվյալներ էին փոխանակում։

ՈՒրեմն ինչու՞ է մեղադրանք առաջադրվել մարդկանց, որ կատարել են իրենց պարտականությունները։ 2013-ին Էրդողանը և նրա 4 նախարարները բախվեցին կոռուպցիոն մեծ սկանդալին խառնված լինելու մեղադրանքին։ Նախարարները հրաժարական տվեցին, Էրդողանը ձերբակալեց իրեն մեղադրանք առաջադրած ոստիկանապետերին ու դատախազներին։ Իբր ԱՄՆ դեսպանատան այդ երկու աշխատակիցները 2013-ին զանգահարել են ոստիկանապետերին ու համատեղ ծրագրել Էրդողանի տապալման դավադրություն։ ԱՄՆ պաշտոնատարները լուրջ քայլեր ձեռնարկեցին ի պատասխան իրենց աշխատակիցների ձերբակալման այդօրինակ ծիծաղելի մեղադրանքի: Այլևս չեն ընդունվում վիզայի ստացման դիմումներ Թուրքիայից: Էրդողանը վաղուց արդեն դադարել է կանխատեսելի լինել։ Վիզային էմբարգոյի որոշումը ԱՄՆ-ն ընդունեց, որովհետև Վաշինգտոնը չէր կարող կանխատեսել թուրքական ոստիկանությանը ԻՊ-ի մասին հետախուզական տվյալներ հաղորդած ԱՄՆ դեսպանատան աշխատակիցների ձերբակալությունը: Ամերիկացիները վստահում էին Էրդողանին ջիհադիստների հարցով և հետախուզական տվյալներ են տվել: Բայց հենց այդ ժամանակ ԵԽԽՎ-ում ԻՊ-ի հարձակումները եզդիների, քրիստոնյաների ու ոչ սուննի մուսուլմանների վրա որակվեցին ցեղասպանություն և միայն ԱԶԿ-ի ներկայացուցիչ Սուաթ Օնալը ձեռնպահ մնաց քվեարկությունից։ ԵԽԽՎ անդամները իսկապես զարմացած էին:


Առանձնապես չի տարբերվում և իրավիճակը Ռուսաստանի հետ, որ հակակշիռ է Թուրքիայի ու Արևմուտքի հարաբերություններում: Պարզաբանման կարոտ բազում հարցեր կան։ Մոսկվայի, իբրև Թուրքիայի ու Արևմուտքի փոխհարաբերությունների հակակշիռ, ընկալման վերջին օրինակը Էրդողանի հայտարարություններն էին ՈՒկրաինայում: Նրա անհետևողականությունը նկատի ունենալով` նրա հուսալիությունը մեծ հարցականի տակ է այսուհետ թե Արևմուտքում, թե Ռուսաստանում։ Ղրիմի վերաբերյալ Էրդողանի հայտարարություններն ՈՒկրաինայում տեղին չէին` արված էին հանուն սեփական շահի: Նրա նախորդ հայտարարությունը. «Մենք չենք կարող С-400-ներ ձեռք բերել, եթե համատեղ արտադրության չլինի», նույնպես նորմալ չէր: Համաձայնե՞լ էր Մոսկվան ի սկզբանե համատեղ արտադրության С-400-ների պայմանագրում։ Հազիվ թե։ Դեռ երբեք հանրապետության պատմության մեջ Թուրքիան այսքան անօգնական չի եղել արտաքին քաղաքականության մեջ։ Երբեմնի ուժեղ և լուրջ երկրի հեղինակությունը զրոյացել է: Էրդողանը հուսալիության պրոբլեմ ունի։ Շատ հաճախ նրա խոսքերը գործերի հետ չեն համընկնում։ Հայտարարելով պրագմատիկ քաղաքականություն վարելու մասին` նա Թուրքիան շատ բարդ վիճակում է դնում։ Նա կարող է որքան ցանկանում է իր նպատակների համար օգտագործել ազգայնական տրամադրություններ հրահրելը երկրի ներսում կարճաժամկետ հեռանկարով, բայց միջնաժամկետ հեռանկարով միջազգային ասպարեզում իրավիճակը Թուրքիայի համար ամենևին էլ լուսավոր չէ:
Արիֆ ԱՍԱԼԻՕՂԼՈՒ, REGNUM


Հ.Գ. Իսկ ո՞վ ասաց, որ Էրդողանին միջնաժամկետ կամ երկարաժամկետ հեռանկարները հետաքրքրում են, նրան կոնկրետ կարճաժամկետ ու տպավորիչ հաջողություն է պետք 2018-ի նախագահական ընտրություններում ու վերջ: Դրանից հետո նա համարում է, որ հաջողությունն ինքն է` Թուրքիայի ու համայն աշխարհի համար: ՈՒ գուցե ճիշտ է` ամեն մի ժողովուրդ արժանի է իր իշխանությանը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1512

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ