Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Ախր, ու՞ր են գնում

Ախր, ու՞ր են գնում
26.10.2017 | 19:14

Երևանի Իսկակովի պողոտայի մայթեզրին, արևի կիզիչ ճառագայթների տակ մտամոլոր մի ծերունի էր նստած: Անտարբեր չկարողացա անցնել, գուցե վատառո՞ղջ է, օգնե՞լ է հարկավոր: «Երանի թե վատառողջ լինեի, մարմինս ի՞նչ, հոգիս է խորովվում ու մղկտում»,- տնքաց ծերունի:


Այսպես սկսվեց իմ զրույցը Հերուն պապի հետ:
Արտագաղթը ծերունուն թողել է միայնակ, առանց ընտանիքի, առանց սիրելի մարդկանց: Պոպկոռն ու հատիկներ ծամող օտարականը երբեք չի հասկանա այս հայի վիշտը: Արտագաղթը գնացողին տանում է, մնացողի հոգում թողնելով անավարտ երազանքի կարոտն ու ապագայի հանդեպ անորոշությունը: ՈՒստի չզարմացա, երբ ծերունին անծանոթի հետ կիսվելու ցանկությունը գերադասել էր իր տան լռությունից, որտեղից, հավանաբար, դեռ չեն մարել թոռների ծիծաղի ու խնդության ձայները, ու որտեղ այսուհետ ապրելու էր լռության ու հուշերի հետ:


Հերուն պապը եղել է Երևանի «Երազ» ավտոգործարանի փորձառու աշխատողներից: «Ի՜նչ օրեր էին, օր ու գիշեր աշխատելուց չէինք հոգնում: Գիտեինք կատարած աշխատանքի արդյունքը, վարձատրությունն էլ տեղը տեղին էր: Պատիվ ու հարգանք կար: Բայց գործարանը քարուքանդ արեցին գլխներիս, թողեցին մի կտոր, հարյուրներով մնացինք առանց աշխատանքի»,- պատմում է ծերունին:
Ապրում էր որդու ընտանիքի հետ: Վեցհոգանոց ընտանիքի միակ կերակրողը որդին էր: Աշխատավարձը չէր բավարարում, իսկ ինքը դեռ կենսաթոշակի տարիքում չէր: ՈՒ թեև վատառողջ էր, բայց որոշել էր աշխատել: Որդին դեմ էր, սակայն երկու թոռնիկները քաղցրեղենի կամ մրգի սպասելիքով ամեն անգամ աշխատանքից վերադարձող հոր ձեռքին էին նայում: Օգնել էր պետք: Շատ հաճախ որդին ձեռնունայն էր տուն վերադառնում, պապն անկարող էր տեսնել թոռների հուսահատ հայացքները: ՈՒ մի օր, որդուց թաքուն աշխատանքի անցավ Երևանի երկաթգծի կայարանում՝ որպես բեռնակիր: Օրվա վաստակածը բավարարում էր ծխախոտին ու թոռների քաղցրավենիքին:
Հերուն պապը դժվարությամբ էր պատմում, թվում էր, թե ուժերն ուր որ է լքելու են, հազը խեղդում էր: Ինձ մեղավոր էի զգում ուրիշի վիշտը փորփրելու համար, բայց միաժամանակ զգում էի, որ մարդը վիշտը կիսելու, զրուցելու պահանջ ունի:


«Տղաս աշխատում էր շինարարական մի կազմակերպությունում, ղեկավարը հավանում էր նրան, քանի որ խելքն ամեն ինչից կտրում էր, լավ մասնագետ էր, բայց երբ գալիս էր վարձատրելու պահը, աշխատավարձը վճարում էր ուշացումով, իսկ հաճախ էլ՝ կիսատ-պռատ: Մի երեկո որդիս ասաց, թե սա ապրելու երկիր չի: Շատ զարմացա, քանի որ երբեք չէր դժգոհել երկրից: ՈՒրեմն, դանակը ոսկորին էր հասել, հոգնել էր խաբված լինելուց, ու որոշել էր ուրիշ երկիր մեկնել: Էդ ուրիշ տեղն ընտրել էր արդեն՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Սկսեց կարգավորել իր ու ընտանիքի փաստաթղթերը: Նա լավ գիտեր, որ ինձ չի կարող կտրել իմ հող ու ջրից: Այդ ընթացքում տուն էլ չէի ուզում գնալ, սիրտս կտրատվում էր, երբ մտածում էի, որ թոռներիցս բաժանվելու եմ, որ էլ չեմ տեսնելու նրանց, էլ ու՞մ համար էի ապրելու»,- պատմում էր Հերուն պապը:


Օդանավակայան գնալու ուժ չկար, սակայն մի վերջին անգամ հարազատների լուսավոր դեմքերը տեսնելու ու հրաժեշտ տալու ցանկությունը կար: Նրանց ճանապարհելուց հետո Հերուն պապն անկողին է ընկնում, թեև հարևանն օգնում էր սննդով ու դեղորայքով, սակայն նա գերադասում էր մնալ իր վշտի հետ մենակ: Հիշում էր հրաժեշտից առաջ որդու խոսքերը. «Հայրիկ, քեզ հո չեմ մոռանա, փող կուղարկեմ, լավ կապրես»: Սակայն արդյո՞ք փողով հնարավոր էր լցնել հոգու դատարկությունը, սրբել կարոտ աչքի արցունքը, լցնել տան աղաղակող դատարկությունը, մխիթարվել կոմոդի վրա դրված հարազատների լուսանկարներից իրեն ժպտացող հայացքներով: «Ասում էր էլի, կարծում էր, ինձ մխիթարողը փողն է, ինքն էլ չէր հասկանում, թե ինչ էր ասում: Ո՞նց մոռանամ 12-14 տարեկան թոռներիս արցունքները, մեծ տղաներ են, չե՞ն հասկանում, թե ուր են գնում, չգիտե՞ն, որ սա վերջն է, որ էլ չեմ տեսնի իրենց: Տարիքս առած մարդ եմ, եթե ոչ հիվանդության, ապա կարոտին հաստատ չեմ դիմանա: Լավ, էս կառավարությունը չի՞ մտածում, որ հարկադրված արտագաղթը երկիրը կործանում է: Դրսից եկած մի երկու հարևան ունենք, փողին փող չեն ասում, աջ ու ձախ ծախսում ու մեզ էլ մարդատեղ չեն դնում: Ախր ո՞նց է լինում, որ դրսինը դառնում է ներսի մարդ, ներսինը՝ դրսի»:


Թեև հարազատների մեկնումից ամիսներ են անցել, սակայն Հերուն պապը չի հաշտվում իրականության հետ: Մեկ-մեկ գնում է, նստում դեսպանատան մոտ գտնվող կանգառի նստարանին, հայացքն ուղղում շենքի մուտքին ու երևակայությամբ փորձում խաբել ինքն իրեն՝ իբրև որդու դիմումը մերժվել է ու թոռներն ուրախ վազում են պապուն ընդառաջ:

Անուշ ՆԵՐՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 8896

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ