ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել թուլացնել Իսրայելի և Իրանի միջև հակամարտության լարվածությունը՝ հրեական պետությանը Իսլամական Հանրապետության հարվածից հետո: «Մենք կանգնած ենք անդունդի եզրին և պետք է հեռանանք այդտեղից։ Մենք պետք է սեղմենք արգելակները և միացնենք հետընթաց շարժումը»,- ասել է ԵՄ բարձրաստիճան դիվանագետը։                
 

Անկախության ժառանգությունը

Անկախության  ժառանգությունը
27.10.2017 | 09:25

Արյունը ջուր չի դառնում, իսկ եթե դառնում է, ստանում է ավելի մեծ ուժ ու ազդեցություն: Ջուրը միակն է, որ ապրում է երեք վիճակներով` սառույց, հեղուկ, գոլորշի, կապում է Երկիրը Տիեզերքին ու երբեք ոչ մի կաթիլ չի կորցնում իրենից, ունի հիշողություն ու պատմություն: Ջուրը նույն արյունն է` մարդու մեջ: Ջրի հետ խաղեր չես տա անպատիժ:

1999-ի հոկտեմբերի 27-ի սովորական առավոտը ծրագրում էր Հայաստանի պատմական 12 մայրաքաղաքներից ուշադրության կենտրոն դարձնել Վաղարշապատը` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հոգևոր և աշխարհիկ պատվիրակների խորհուրդն ընտրում էր Ամենայն Հայոց 131-րդ կաթողիկոսին: Լրագրողների համար Երևանում առանձնապես կարևոր անելիք չկար` խորհրդարանի հերթական եռօրյան էր, որի` կառավարության հետ հարցուպատասխանի վերջին նիստը ներքին պայմանավորվածությամբ չէր կայանալու, որ պատգամավորները հասցնեին գնալ Սպիտակի հանգուցյալ քաղաքապետի հոգեհանգստին: Բայց կանոնակարգը կանոնակարգ էր` նիստը սկսվեց, կառավարությունը եկավ` մի քանի բացակա նախարարներով (միշտ լինում են մարդիկ, որ գիտեն ճիշտ տեղից, ճիշտ ժամանակին բացակայել), հայտարարվեց հարցերի համար հերթագրում, ու Մանվել Բադեյանը խախտեց չհերթագրվելու պայմանավորվածությունը. կամ տեղյակ չէր, կամ իր հարցը համարեց գերկարևոր ու անհետաձգելի։ Նրան հետևեցին մյուսները, ու նիստը սկսվեց:
50 րոպե անց այդ նիստի իրադարձություններն արդեն CNN-ի եթերում էին, թեպետ Հայաստանում ոչ ոք չգիտեր` ի՞նչ է կատարվում: Հանրային հեռուստաընկերությունն օպերատիվության հրաշք էր գործել: Հանրային ռադիոն էլ եթեր էր հեռարձակել կրակոցներ ու հայհոյանքներ, շատերին թվացել էր` ալիքը խառնվեց ու հարցին պատասխանող ֆինանսների նախարար Լևոն Բարխուդարյանի ձայնը կորավ: Ի՞նչ կրակոց ու առավել ևս հայհոյանք հայոց խորհրդարանում: Այդպես մեր կյանք մտավ 1999-ի հոկտեմբերի 27-ը:


Երբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մայր տաճարում ավարտվեց հոգևոր ու աշխարհիկ պատվիրակների նիստը` կաթողիկոս ընտրելուց հետո, ու բացվեցին Մայր տաճարի դռները, նորընտիր կաթողիկոսի առաջին խոսքը անսպասելի ստացվեց: Ներսում տեղյակ չէին` ինչ է կատարվել խորհրդարանում: Երբ կաթողիկոսին փոխանցեցին դեղին թղթի մի պատառիկ, ակնհայտորեն` այդ պահին հայտնի տեղեկություններով, նա լաց եղավ: Գարեգին Երկրորդը կարդում էր թղթին գրվածը, իսկ արցունքները հոսում էին ու խեղդում ձայնը: Նա ասաց, որ խորհրդարանում կրակոցներ են եղել ու ԱԺ նախագահ տիար Կարեն Դեմիրճյանը և վարչապետ տիար Վազգեն Սարգսյանը վիրավոր են, այլ վիրավորներ էլ կան: Գուցե թղթի վրա իրականում գրված էր` սպանված են, բայց Վեհափառը չէր կարող դա բարձրաձայնել։ ՈՒ նա բոլորին կոչ արեց աղոթել վիրավորների կյանքի փրկության, Հայաստանում խաղաղության ու անվտանգության համար:
Չգիտեմ` Երևան շտապողների մեջ եղա՞ն աղոթողներ, խաղաղություն ու անվտանգություն Հայաստանում այդպես էլ չհաստատվեց։ Արդեն 18 տարի։ ՈՒ 2017-ի հոկտեմբերի 27-ին, ինչպես աշնանային արևկա օրը Մայր Աթոռի Մայր տաճարում, ոչ ոք չգիտի` ի՞նչ կատարվեց խորհրդարանում: Իհարկե, հարյուրավոր էջեր գրվեցին, հրապարակված տասնյակ տեսագրություններ ու ձայնագրություններ կան, թե ներսում, թե դրսում եղածները բազմիցս պատմեցին` ինչ են տեսել, լսել, արել իրենք ու ինչ` ուրիշները։ Բայց ոչ նրանք, ոչ որևէ մեկը չի պատասխանել հարցին` իսկ ո՞վ էր պատվիրատուն:


Երբ կրակում են պետության վրա, իսկ դա հենց պետության ոչնչացման փորձ էր, երկու տարբերակ կա: Առաջին` իշխանության մեջ կան հակասություններ, և մի խմբավորումը վերացնում է մյուսին` ստանալու համար ամբողջ իշխանությունը։ Երկրորդ` որևէ պետություն է միջամտում` պետական հեղաշրջման փորձ անելով վերացնելու պետության առաջին դեմքերին, որ նրանց փոխարինեն իր քաղաքականությունը վարողները:

Պատասխանե՞լ ենք հարցին, թե ո՞ր դեպքն էր Հայաստանում: Մասնավոր զրույցների, առանձին հարցազրույցների ու տեսակետների արտահայտման մակարդակով` մի հազար անգամ: Մինչդեռ սա այն դեպքն է, որ պատասխանը պետք է տրվի պետության մակարդակով: Հրապարակավ։ Հիմնավորումներով։ Ապացույցներով։ ՈՒ` եզրակացությամբ: Պարտադիր գնահատականով: Արժանապատիվ պետությունը չի կարող անպատասխան ու անպատիժ թողնել ահաբեկչությունն ու պետական հեղաշրջումը։


18 տարին այդ մակարդակով պատասխանի հիմքեր չի ապահովել: Ցանկություն։ Կամք: Հանդգնություն: Պատասխանատվություն: Իսկ դա նշանակում է, որ 18 տարի շարունակ ամեն օր կրակում են մեզ վրա, ու մենք չենք պաշտպանվում: 18 տարի առաջ սպանելով Հայաստանի Հանրապետության վարչապետին, Ազգային ժողովի նախագահին ու փոխնախագահներին` 8 զոհով պատանդ վերցվեց ոչ միայն խորհրդարանը (հաջորդ օրը նրանք ազատ արձակվեցին, ու գտնվեցին նույնիսկ մարդիկ, որ ժպիտով ասացին` դե ինչ է եղել որ, մի քանի ռոմանտիկներ մի քիչ կրակել են), այլև Հայաստանը: Խնդիրը կրկնակի էր. առաջին նպատակը ասպարեզից հանելն էր այն մարդկանց, որ անսահման հեղինակություն ունեին ու իրենց խոսքը գործ դարձնելու վճռականություն: Ինչո՞վ կարելի էր վախեցնել Կարեն Դեմիրճյանին, ի՞նչ կարելի էր նրան խոստանալ, որ հետ կանգնի իր ծրագրերից: Ինչպե՞ս համոզել մեկին, որ իշխանության համն ու հոտը, քաղցրությունն ու դառնությունը բոլորից լավ գիտեր ու կյանքն ապրել էր` բաց ափի պես։ Ի՞նչ չուներ նա, որ կարող էին տալ: Ոչինչ: Վազգեն Սարգսյանին փորձելն իսկ անիմաստ էր: Նա ուներ անցած ճանապարհ, որի ամեն քայլը` ճիշտ, թե սխալ, դարձել էր Հայաստանի երրորդ Հանրապետության պատմություն: Նա Հայաստանն էր` բաց, համարձակ ու վճռական: Մենակ։ Շրջադարձի վրա: Նա գնում էր ու գնալու էր այնտեղ, որտեղ Հայաստանը դառնալու էր տարածաշրջանի ամենաուժեղ պետությունը: Եվս մի քանի ամիս` մինչև տարեվերջ, լուծվելու էր Ղարաբաղի հարցը (Հեյդար Ալիևը համաձայնել էր Ղարաբաղի անկախությանը երեք շրջանի դիմաց), բացվելու էր հայ-թուրքական սահմանը, ուրեմն և վերանալու էր շրջափակումը, ԱՄՆ այցի ընթացքում պայմանավորվածություններ ուներ Հայաստանում արվելիք միլիարդավոր դոլարներով ներդրումների մասին, նույնը` Եվրոպայի միջազգային ֆինանսական կառույցներում: Հայաստանը սլացիկ հեռանում էր երկրաշարժ ապրած, աղքատ, գործազուրկ ու պարտքերի մեջ խրված փոքրիկ երկրի կերպարից: Պայմաններ էլ կային: Այնպես չէր, որ Վազգեն Սարգսյանի գեղեցիկ աչքերը բավական էին ռազմական ու տնտեսական անվտանգություն ապահովելու համար։ Բայց բոլոր նրանք, որ ճանաչել են Վազգեն Սարգսյանին (թեկուզ հետո ուրացել ու դավաճանել են նրան), կվկայեն` Վազգենը իր մտքին դրածը կաներ: Ցանկացած գնով: Ոչնչի առաջ կանգ չառնելով։ Ոչ մեկին անձեռնմխելիության քվոտա չտալով: ՈՒ նա գիտեր թե աշխատել, թե աշխատեցնել: Նա գիտեր ոչ թե հետևանքների վրա ժամանակ կորցնել, այլ պատճառները վերացնել: ՈՒ երբ գույքագրեց-ավարտեց Հայաստանի ամբողջ տնտեսական ներուժը, «Նաիրիտն» ու «Կանազը» վերագործարկելու քաղաքական որոշումներ կայացրեց` արդյունաբերությունը վերականգնելու, որ աշխատատեղեր ստեղծվեն, ու արտագաղթը կանգնի: Հունիսից հոկտեմբեր` Հայաստանի ամենախելահեղ ամիսներն էին, որ ներսում չէին մատնում վիթխարի լարումն ու շրջադարձի ամբողջ խորքը: Դա փառահեղ ընթացք էր դեպի 21-րդ դար: Եվս մի քանի տարի, ու տարածաշրջանում իրավիճակ էր փոխվելու: Անդառնալի: Հայաստանի Հանրապետության բանակը լինելու էր ոչ միայն ամենակայացածն ու ամենամարտունակը, այլև ամենալավ զինվածը: Հայաստանի Հանրապետության տնտեսությունը ի վիճակի էր լինելու ոչ միայն իր բանակը պահել, այլև պետությունը դարձնել ինքնաբավ ու անկախ: Ո՞րն էր Վազգեն Սարգսյանի թույլ կողմը: Նա միակն էր, բոլոր մյուսները կատարող էին և առանց Վազգենի կատարելու էին` ինչ իրենց ասվեր: Իշխանության, կամքի ու ուժի գերկուտակումը ինքնին նրան դարձնում էր Հայաստանի ամենախոցելի մարդը, որ իր խոցելիության գիտակցությունը բնավ չուներ: Բնավորությունը դժվար էր` չէր ընդունում որևէ կասկած ու թերահավատություն: «Իմ երկրում ես ոչնչից չեմ վախենում»` հայտարարում էր նա ու իրոք չէր վախենում` վստահ, որ կասկածի որդը խեղդում է գաղափարը: Իսկ գաղափարը նրա համար մեկն էր ու աներկբա էր` «Հայաստանի քաղաքացին պիտի արժանապատիվ կյանքով ապրի»։ Նրան կասեցնել հնարավոր էր միայն սպանելով: Նրան սպանելով` սպանվում էին նրա գաղափարները, ոչ ոք այլևս չէր հանդգնի կյանքի գնով անկախություն ու արժանապատվություն ստեղծել: ՈՒ դա երկրորդ խնդիրն էր, որ լուծվեց 1999-ի հոկտեմբերի 27-ին` Հայաստանը տասնամյակներով ընկղմելով շոկի հարուցած համակերպումի ճահճուտը: Համենայն դեպս` այդպես է ընդունված կարծել:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ. Սխալվում ու մոլորված են բոլոր նրանք, որ Վազգեն Սարգսյանի ու Կարեն Դեմիրճյանի «Միասնության» ու նրանց ժառանգության պատմությունը համարում են անդարձ անցյալ: Միանգամայն հակառակը: Պատմությունն ընդամենը կփոխի անունները, բայց ոչ զարգացման տրամաբանությունը: Նրանց հասու էր ճշմարտությունը։ Նրանք անում էին անհրաժեշտը, վաղ թե ուշ` անելու են ուրիշները, որ կհասկանան նրանց ժառանգության իմաստն ու բովանդակությունը և կկարողանան տիրոջ պատասխանատվություն ստանձնել: Նրանք կկարողանան ոչ թե հանգամանքների պատեհ դասավորությունից օգտվել, այլ հանգամանքները իրենց օգտին դարձնել: Ոչինչ անդառնալի չէ, քանի մարդը ապրում է։ Գաղափարի դեպքում մահը պատնեշ չէ: Այսօր մենք դեգերում ենք վակուումի մեջ, որ ստեղծել ենք կեղծ արժեքների ու կեղծ գաղափարների հետևից ընկած: Մենք համակերպվել ենք մեր կյանքի կիսատությանը` կիսաանկախություն, կիսահավատ, կիսահույս, կիսանպատակ, կիսաանվտանգություն, կիսաաշխատանք ու կիսակյանք, բայց դա չի նշանակում, որ մենք մոռացել կամ կորցրել ենք մեր երկրորդ` իսկական կեսը: Վճռական մենակի մեր հանդգնությունը, որ աշխարհում ամեն ինչ գիտի, բացի «ոչ»-ից։ Իսկ եթե «ոչ»` մտքափոխվելուն ու կես ճամփից ճանապարհը փոխելուն: Տեղ հասնում են ոչ թե նրանք, որ խաչմերուկում ընտրում են ճանապարհը, այլ նրանք, որ գնում են «Ճանապարհ չկա» ցուցանակի ուղղությամբ: ՈՒ երբ նրանք տեղ հասնեն, նրանք էլ հրապարակավ կասեն, թե ով էր 1999-ի հոկտեմբերի 27-ի պատվիրատուն, ում էր պետք, ով շահեց տարածաշրջանում ու երկրում, իշխանության գլոբալ ու լոկալ մակարդակներում: Նրանք նաև կգնահատեն, թե ինչ ստացավ պատվիրատուն` պահի մեջ ու ժամանակի: Իսկ կատարողներն այդ ժամանակ կլինեն նույն ոչնչությունը, որ միշտ լինում են կատարողները` դեն նետված դատարկ փամփուշտ: Մի հավատացեք, որ պատմությունը գրում են իրենց այսօրվա նպատակներին ծառայեցնելով: Դա նպատակ չէ, դա փոքրիկ խնդիր է, որ մեծ է թվում փոքր նպատակներ ունեցող, ընթացիկ մարդկանց: Պատմությունը գրում է ճշմարտությունը, որ չունի դադարներ: Դուք կարող եք հուսահատվել, թուլանալ ու տանուլ տալ: Դուք կարող եք կորցնել ու վշտի ծանրությունից ձեր ողերը կոտրել: Բայց բավական է մեկ բառ, որ հավատի ողնաշարը հավաքվի ու միս ու ոսկոր դառնա: Որոնում եք, թե ոչ, ուզում եք, թե ոչ, պատրաստ եք, թե ոչ` ճշմարտությունը ապրում է իր կյանքով ու ասելու է իր խոսքը: Արյունը ջուր չի դառնում, իսկ եթե դառնում է, ստանում է ավելի մեծ ուժ ու ազդեցություն: Ջուրը միակն է, որ ապրում է երեք վիճակներով` սառույց, հեղուկ, գոլորշի, կապում է Երկիրը Տիեզերքին ու երբեք ոչ մի կաթիլ չի կորցնում իրենից, ունի հիշողություն ու պատմություն: Ջրի հետ խաղեր չես տա անպատիժ: Առավել ևս` արյունի: ՈՒ դա բնավ վրեժի պատմությունը չէ, արդար հատուցման պատմությունն է` գողացված անկախության, ժամանակի, հեռանկարի ու սիրո, որ տիեզերքում պտտվում-պտտվում ու վերադառնում է բազմապատկված` դա նրա մշտական ընթացքն է։

Դիտվել է՝ 2216

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ