Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

«Մենք պատերազմելու ցանկություն չունենք»

«Մենք պատերազմելու ցանկություն չունենք»
27.10.2017 | 09:43

Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումը ռազմական ճանապարհ չունի. այս միտքը մշտապես հնչեցնում են միջազգային կառույցները, տարբեր երկրների բարձրաստիճան այրեր, սակայն պաշտոնական Բաքուն ոչ մի հետևություն չի անում, ավելին, խորացնում է ռազմատենչ մարտավարությունը: Սահմանից այն կողմ մշտապես կրակել են ու շարունակում են կրակել: Հայկական կողմը բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է նաև պատերազմին, սակայն նախագահի մակարդակով Հայաստանը աշխարհին արդեն երկընտրանքի առջև է կանգնեցնում՝ կա՛մ բանակցում ենք, կա՛մ կրակում: Ասել է` ի վերջո, հասկացրեք այդ երկրին, որ երրորդ տարբերակ չկա, Ղարաբաղի «ախորժակ» չունենաս: Հիմնախնդրի շուրջ «Իրատեսը» զրուցեց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության անդամ ԱՐԱՐԱՏ ԶՈՒՐԱԲՅԱՆԻ հետ:

-Ժնևյան հանդիպումից դեռ տուն չվերադարձած՝ Ալիևը խախտեց հերթական պայմանավորվածությունը, և սահմանին մենք դարձյալ զոհ ունեցանք: Նման գործելաոճի պայմաններում որևէ ակնկալիք պե՞տք է ունենալ բանակցային գործընթացից:
-Հայաստանը շահագրգիռ է, որ բանակցային գործընթացը շարունակվի: Մենք պատերազմելու ցանկություն չունենք, փոխարենը կա հիմնախնդրի վերջնական կարգավորման մեծ ձգտում: Մինչդեռ Ադրբեջանի մոտեցումներն այլ են: Բանակցային գործընթացի առկայությունն է, որ միջազգային հանրությանը հնարավորություն է տալիս հասկանալու, թե ով է խաղաղ կարգավորմանը խոչընդոտողը: Միշտ չէ, որ միջազգային կառույցները հստակ հայտարարում են այդ մասին, քանի որ նման իրավիճակներում փորձ է արվում պարիտետը պահպանել: Սակայն բոլորին էլ հասկանալի է, թե որ կողմն է խախտում հրադադարը, ով է նման միջադեպերի նախաձեռնողը: Անկախ այն հանգամանքից, թե Ադրբեջանն ինչ սադրանքների է գնում, մենք պետք է բանակցությունների մասնակիցը լինենք` միջազգային հանրության ուշադրությունը սևեռելով Ադրբեջանի կողմից պայմանավորվածությունների խախտման վրա:
-Մի պայմանավորվածության թանաքը դեռ չչորացած՝ մյուսն է խախտում ադրբեջանական կողմը: Այս հանդիպման ընթացքում ոչ մի խոսք չեղավ վերահսկողական համակարգերի տեղակայման մասին: Դա՞ էլ Ալիևի դրդմամբ մոռացվեց:
-Ոչ, որևէ բան չի մոռացվել: Վստահության մեխանիզմների մասին խոսվեց, որը ոչ այլ ինչ էր, եթե ոչ հենց այդ պայմանավորվածությունների մատնանշում: Խոսել վստահության հաստատման մասին նշանակում է պնդել, որ այդ պայմանավորվածությունները պետք է կատարվեն: Դրանք տեխնիկական խնդիրներ են: Պետք է մեկ բան գիտակցել՝ մենք շահագրգիռ ենք բանակցային գործընթացը շարունակելու հարցում, որպեսզի հանդիպումներ լինեն, և գոնե սահմանային լարվածությունը թուլանա: Ցանկացած հնարավորություն, որը կթուլացնի առաջնագծի լարվածությունը, պետք է օգտագործել:
-Բայց իրականում այդպես չի լինում, բանակցությունները որևէ արդյունք չեն տալիս:
-Բանակցային գործընթացը շատ բարդ է, սակայն դրա դադարեցումը է՛լ ավելի վտանգավոր է, որովհետև Ադրբեջանի ջրաղացին ենք ջուր լցնելու` վերահաստատելով իրենց այն թեզը, թե հիմնախնդիրն ունի միայն ռազմական լուծում: Հավատացնում եմ, բանակցություններն այլընտրանք չունեն, այլ հակակշիռ գոյություն չունի: Իհարկե, սա շատ բարդ, երկարատև գործընթաց է, բայց Արցախի Հանրապետության գոյությունը փաստ է, այն կայացած միավոր է, իսկ նրա վերջնական ճանաչումը (բնականաբար, ցանկալի է, որ դա շուտ լինի) անբեկանելի է: ՈՒնենք Արցախի Հանրապետություն, որով պետք է հպարտանալ, իսկ բանակցային գործընթացը որքան շուտ արդյունքներ արձանագրի, այնքան լավ:
-Ինչու՞ այդ կայացած միավորն այսօր բանակցային կողմ չէ:
-Այդ հարցը պետք է տալ նրանց, ովքեր ամեն ինչ արեցին (կամ նպաստեցին), որ Արցախը դուրս մղվի բանակցություններից: Բայց այդքան հետ չգնանք ու այսօրվա իրողությունների հետ հաշվի նստենք: Հայկական կողմը մշտապես ասում է (դրան հակված է նաև միջազգային հանրությունը), որ այն փուլում, երբ կոնկրետ կդրվի լուծման խնդիր, բնականաբար, դրան կմասնակցի նաև Արցախը: Բազմիցս ասվել է, որ Հայաստանը ոչ մի փաստաթղթի տակ չի ստորագրի առանց Արցախի համաձայնության:
-Հայաստանում կառավարման մոդել է փոխվել, և հիմա հիմնական հարցն այն է, թե բանակցությունները ով պետք է վարի: Դուք այս հարցում մտահոգություններ չունե՞ք:
-Դա տեխնիկական խնդիր է:
-Ամենևին, խնդիրն այն է, թե ով է երկիրը ներկայացնելու:
-Կրկնում եմ, դա տեխնիկական խնդիր է, քանի որ Սահմանադրությամբ կարգավորված է այդ հարցը: Ըստ այդմ, նման իրավունք ունի վարչապետը, իսկ թե այդ պաշտոնում ով է լինելու, էական նշանակություն չունի, քանի որ տվյալ անձը ներկայացնելու է Հայաստանի Հանրապետությունը:
-Բանակցային գործընթացի այս տարիներին ո՞րն է եղել հայկական կողմի հիմնական բացթողումը:
-Ամենամեծ բացթողումն ու կորուստը բանակցություններից Արցախի Հանրապետության դուրսմղումն էր: Սա չէր կարելի որևէ ձևով թույլ տալ: Չէր կարելի համաձայնել բանակցային գործընթացն առանց Արցախի ղեկավարության շարունակելուն: Ինչևէ, եղել է այն, ինչ եղել է:
-Հիմա տեսնու՞մ եք այն տարբերակը, որով հնարավոր կլինի նորից Արցախը վերադարձնել բանակցությունների սեղանի շուրջ:
-Դա շատ բարդ է, բայց երկրորդեմ՝ կլինի այնպիսի փուլ, երբ Արցախն անպայման մասնակից կդառնա: Կարծում եմ, դա կլինի այն ժամանակ, երբ հարցը լուծման ճանապարհով գնա:
-Իսկ մինչ այդ միջազգային հանրությունը հնարավորություն չունի՞ Ադրբեջանին պարտադրելու, որ պահպանի պայմանավորվածությունները` չխախտելով միջազգային նորմերը: Ի վերջո, դրանք չեն կարող ընտրողաբար կիրառվել:
-Միջազգային հանրությունն ունի բազմաթիվ խնդիրներ, աշխարհում չկարգավորված բազմաթիվ հակամարտություններ կան: Ցավոք, այսօր ղարաբաղյան հիմնախնդիրն այն առանցքում չէ, որտեղ շատ հակամարտություններ կան: Չնայած, փառք Աստծո, որ այդպես է, ասել է` կոնֆլիկտն այնքան «տաք» չէ, որ բոլորի ուշադրությունը սևեռվի դրան: Հիմա ջանքեր են գործադրվում, որ հիմնախնդիրը չխորանա, չդառնա անհաղթահարելի: Դրա համար շատ էական են այս հանդիպումները, իսկ որ Ադրբեջանը խախտում է զինադադարը, և լինում են մարդկային կորուստներ, շատ ցավալի է: Մեկ բան ակնհայտ է՝ այդ ամենի հրահրողը Հայաստանը չէ, այլ Ադրբեջանը: Սա հստակ գիտակցում է նաև միջազգային հանրությունը:


Զրույցը`
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 6654

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ