Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                

«Քաղաքացու եկամուտն էլ, լավատեսությունն էլ աճել են»

«Քաղաքացու եկամուտն էլ, լավատեսությունն էլ աճել են»
27.10.2017 | 11:06

Պաշտոնապես հայտարարվեց, որ այս տարի Հայաստանում կատարված ներդրումները կազմել են 1 միլիարդ 24 միլիոն դոլար, որում ներառված են նաև վարկերը: Մի կողմ թողնենք, թե ինչքան է արդար, որ ներդրումներում ներառվեն նաև վարկերը, քանի որ շատ տնտեսագետներ պնդում են, որ դա հանրության աչքին «թոզ փչելու» և թվերն ուռճացնելու համար է: 1 միլիարդ 24 միլիոն դոլարը փոքր գումար չէ, որ հանրության կյանքում նկատելի չլինի: Աշխատավարձերը չեն բարձրացել, մարդկանց կենսամակարդակը նույնն է, աշխատանքը շատերը կորցրին, արտագաղթը շարունակում է թիվ մեկ սպառնալիք լինել, իսկ թանկացումների ալիքը մարդկանց հուսահատության է հասցնում արդեն: Ֆինանսների նախարար ՎԱՐԴԱՆ ԱՐԱՄՅԱՆԻՑ փորձեցինք ճշտել` ու՞ր են այդ գումարները, ինչի՞ վրա են ծախսվում, եթե իրավիճակը նույնն է:


-Ձեր հարցադրումը ոչ պրոֆեսիոնալ է,- ասաց նախարարը:
-Ես տնտեսագետ չեմ:
-Եկեք մեր կլոր սեղաններին մասնակցեք և կիմանաք, թե ուր են գնում այդ գումարները:
-Պարոն Արամյան, բոլորը չեն կարող ձեր կլոր սեղաններին մասնակցել, իմանալու համար, թե ինչի վրա են ծախսվում ներդրված գումարները։
-Եթե ցանկանում եք, Ձեր ասածը կմեկնաբանեմ: Դուք հիմա սպառում եք կատարում, չէ՞, դա առնչվում է նաև հոգևոր սպառմանը, երբ, օրինակ, հաճախում եք թատրոն: Երբ հարցնում եք` մարդը լա՞վ է ապրում, թե՞ վատ, պետք է նայեք սպառման ցուցանիշին, ասել է` սպառումը աճու՞մ է, թե՞ նվազում: Երկու հիմնական գործոն կա, որ այդ ցուցանիշի վրա ազդում է: Այդ մասին երկար հարցազրույց եմ տվել, ու ճանապարհներին ինձ բռնելու փոխարեն, այդ հարցազրույցները նայեք (նախարարը գալիս էր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին մասնակցելու- Ռ. Խ.)։
-Նախ` Ձեզ շատ հաճախ հենց այս «ճանապարհներին» ենք տեսնում, հետո էլ, ոչ տնտեսագիտական բառապաշարով, շարքային քաղաքացուն հասանելի լեզվով ասացեք, օրինակ, ինչու՞ են ներդրումների մեջ ներառվել նաև վարկերը:
-Եթե մեկ տարվա կտրվածքով մարդուն հարցնենք` լա՞վ ես ապրում, թե՞ վատ, նույնիսկ տասը տոկոս աշխատավարձի բարձրացման պարագայում, երբեք չի ասի, թե լավ է ապրում: Ինչու՞, որովհետև դա տնտեսագիտական կատեգորիա է: Ցանկացած տնտեսագետի հարցրեք` մարդն այդպիսին է: Նրա պահանջմունքներն ավելին են, քան կատարած աշխատանքը: Սովորաբար նորմալ է, որ բնակչությունը, տնային տնտեսությունները ցանկանում են մաքսիմալացնել իրենց սպառումը: Մենք, որպես տնտեսագետներ, պետք է փորձենք այդ էմոցիաներից դուրս գալ ու մտածել, թե ինչպես են դրանք չափվում` սպառման ցուցանիշով: Վերջին երկու տարիներին (չհաշված 2017-ը) անընդմեջ սպառումը նվազել է, սա հնարավոր է երկու պարագայում. նախ եկամուտներն են կրճատվել, որովհետև տրանսֆերտների 34 տոկոս անկում է եղել, ինչը համընդհանուր տնօրինվող եկամտի վրա ազդեցություն է ունեցել: Երկրորդ գործոնն էլ այն է, որ մարդու սպառումը կրճատվում է, երբ ապագայի հանդեպ վատատեսական սպասումներ ունի, այսինքն, այսօր խնայողություն է անում, քանի որ մտածում է` վաղն ավելի վատ է լինելու: Երբ սկսվում է հակառակ միտումը, նշանակում է` կամ եկամուտների աճ է եղել, կամ ապագայի հանդեպ լավատեսական սպասումներ կան: 2015-2016-ին սպառումը նվազել է, 2017-ի առաջին եռամսյակում տնային տնտեսությունների սպառումն աճել է 6 տոկոսով, երկրորդ եռամսյակում` 10 տոկոսով: Սա էլ Ձեր հարցի պատասխանը: Այսինքն, բնակչության եկամուտների աճ է եղել, այդ թվում` տրանսֆերտների աճ: Այս ամենին գումարվում են դրական սպասումները: Սա էլ հանգեցնում է տնտեսական աշխուժացման:
-Սովորաբար ներդրումների ավելացումը պայմանավորված է նախ և առաջ ներդրումային միջավայրի բարելավմամբ: Ձեր ներկայացրած թվերը հիմք ընդունելով` կարո՞ղ ենք ասել, որ մեզանում ներդրումների համար նպաստավոր պայմաններ են ստեղծվել:
-Կարծում եմ, մենք բավարար ջանքեր ենք գործադրել, որին արձագանքել են տնտեսավարողները:


Ճեպազրուցեց
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

Դիտվել է՝ 1436

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ