Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

«Անկախ նրանից, թե ով կլինի ֆինանսների նախարար, կգործի համակարգը»

«Անկախ նրանից, թե ով կլինի ֆինանսների նախարար, կգործի համակարգը»
27.10.2017 | 11:26

2018-ի պետբյուջեի նախագծով զգալիորեն կրճատված են ծախսերը։ Սա տխուր իրողություն է, բայց փաստ` չկա տնտեսական աճ, չկան փողեր, չկան ծախսեր։ Առաջիկայում ԱԺ-ի դատին է հանձնվելու նախագիծը. ինչպե՞ս այն կընդունեն պատգամավորները` լուրջ քննադատությա՞մբ, քանի որ ծախսերի զգալի կրճատում է արված, թե՞, ինչպես ասում են, ըմբռնումով։ Այս և այլ հարցերի շուրջ զրուցեցինք ֆինանսների նախարար ՎԱՐԴԱՆ ԱՐԱՄՅԱՆԻ հետ։


-Դժվարանում եմ ասել, թե ինչպիսին կլինի պատգամավորների արձագանքը, սակայն ջանք ենք գործադրելու, որ մեր գործընկերներին մաքսիմալ կերպով ներկայացնենք այն փիլիսոփայությունը, որը դրել ենք հարկաբյուջետային քաղաքականության հիմքում։ Իհարկե, չենք ասում, թե մենք ամեն ինչ գիտենք, սակայն առայժմ վստահ ենք, որ բոլոր այն նախագծերը, որոնք դրված են բյուջեի նախագծի հիմքում, խելամիտ են։ Դա են փաստում նաև միջազգային կառույցները։
-Նախագծի քննարկումներից հետո հնարավո՞ր է, որ բյուջեի ծախսային հատվածում ավելացումներ լինեն։ Եթե` այո, ապա ո՞ր ոլորտներում։
-Որոշակի փոփոխություններ ծախսային մասում կարող են լինել, սակայն կանխատեսումներ չեմ սիրում անել։ Մի բան հստակ է` չեմ կարծում, որ այդ փոփոխությունները զգալի կլինեն, քանի որ դա կնշանակի վերանայել, վերաիմաստավորել բյուջեի նախագծի հիմնական սկզբունքները, տնտեսական քաղաքականությունը։
-Պարոն նախարար, 2017-18 թվականների եկամուտների հավաքագրման նպատակով նախատեսում եք իրականացնել ավելի ագրեսիվ սցենար։ ՈՒզում եմ հասկանալ` այդ սցենարը ենթադրում է հարկերի բարձրացու՞մ, չհարկվող ոլորտը հարկման դաշտ բերելուն ուղղված քայլե՞ր, թե՞...
-Բոլոր օրենսդրական բարեփոխումները, տնտեսական աճից եկող հնարավորությունները և ստվերը օրենսդրական դաշտ բերելու գործոնները պետք է միաժամանակ դիտարկել, որպեսզի հարկեր-ՀՆԱ ցուցանիշը կարողանանք հնարավորինս արագ բարելավել և պարտքի կայունացման տեսանկյունից ռիսկեր չունենալ։
-Իսկ հարկերի բարձրացման հարցը քննարկվու՞մ է։
-Դեռևս ոչ։ Կառավարության հիմնական շեշտադրումը, որը հաստատված է ծրագրով, տարեկան 0,5 տոկոսով բարելավումն է։
-Որպես ֆինանսների նախարար, 2016-ից մինչ հիմա հարկերի հավաքագրման գործընթացից գո՞հ եք։
-Նշված ժամանակահատվածում իրականացված հարկերի հավաքագրումը թույլ է տալիս մեզ ակնկալել ՀՆԱ-ի 0,6 տոկոսով բարելավում, ինչը խոստումնալից է։
-Մինչ Ձեր ակնկալածն իրականություն դառնա, վերադառնանք 2018-ի բյուջեի նախագծին, որով ծախսերի կտրուկ կրճատում է արված նաև առողջապահությունում, սրան զուգահեռ նախատեսվում է, որ պետպատվերի գումարները տրամադրվելու են ապահովագրական ընկերություններին, որոնց միջոցով է իրականացվելու 6 հազարից ավելի սոցիալապես անապահով մարդկանց բուժօգնությունը։ Ո՞վ պետք է վերահսկի ապահովագրական ընկերությունների գործունեությունը, որպեսզի բյուջեի գումարները նպատակային ծախսվեն։
-Իրականում պարտադիր ապահովագրության քաղաքականությունը պետք է լինի համակարգված, որպեսզի բոլոր կողմերի «խաղացողները» ունենան իրենց հսկողության շարժառիթները։ Եթե որևէ մեկն ինչ-որ ապրանք է ձեռք բերում, ապա շահագրգռված է վերահսկելու այդ ապրանքի որակը։ Առավել ևս, եթե խոսքը մարդու առողջության մասին է, և՛ հիվանդները, և՛ ապահովագրական ընկերությունները պետք է ապահովեն ծառայությունների բարձր որակ, երկուստեք վերահսկեն հատկացվող գումարների արդյունավետ ծախսը։ Այսքանը ապահովագրական ընկերություն-հիվանդ հարաբերության մասին, իսկ գլոբալ առումով վերահսկողությունն իրականացնելու են առողջապահության նախարարությունն ու ԿԲ-ն։
-Անցած շաբաթ ֆինանսների նախարարությունը լրատվամիջոցներին մանրամասն ներկայացրեց հարկաբյուջետային կանոնների վերանայման և արդիականացման նոր տեսլականը, որով սահմանվել է նաև հարկաբյուջետային քաղաքականության ոսկի կանոնը։ Ինչ խոսք, Հայաստանի տնտեսությունը փոխկապակցված է Ռուսաստանի տնտեսության հետ, ձեր մշակած «ոսկի կանոնը» Ռուսաստանից եկող տնտեսական ռիսկերի բացասական ազդեցությունը կարո՞ղ է մեղմել։
-«Ոսկի կանոնը» որևէ երկրում կապել գլոբալ տնտեսական զարգացումների հետ ճիշտ չէ, քանի որ հիմնական գաղափարախոսությունը հարկաբյուջետային քաղաքականությունն է, որը տնտեսության կառավարման գործիքներից է, ինչը պետք է կանոնակարգված լինի։ Օրինակ, պատկերացրեք սրահ կամ լսարան, որի պատշաճ տեսքն ապահովելու համար սեփականատերը հսկում է, որ այն կանոնավորապես մաքրվի։
-Այսինքն, ֆինանսների նախարարությունն առաջարկում է կանոնակարգել հարկաբյուջետային քաղաքականության վարքագի՞ծը։
-Այո։ Եվ եթե տարիների ընթացքում իրավիճակը լինի լավ կամ դրական, տվյալ ժամանակահատվածում մենք այդ քաղաքականության միջոցով կկարողանանք ստեղծել բուֆերներ, որոնցով անհրաժեշտության դեպքում կարող ենք մեղմել դրսից եկող տնտեսական խնդիրները։ Առաջարկվող ոսկի կանոնի հիմնական հմայքն այն է, որ խնդիրները կարող են լուծվել առանց տնտեսական աճի տեմպը վտանգելու։ Այս կանոնը ոչ միայն պատասխանում է «ի՞նչ անել», այլև «ինչպե՞ս անել» հարցերին, ինչը շատ կարևոր է։
-Այս պահին այդ բուֆերները դեռևս չկան, դրանք նոր պետք է ստեղծվեն։ Եթե, այնուհանդերձ, 2018-ին Ռուսաստանում տնտեսական ցնցումներ լինեն և ներթափանցեն Հայաստան, ինչպե՞ս եք դիմակայելու ծագած խնդիրներին։
-Իրականում 2016-17-ին իրականացված քաղաքականությունը տնտեսական դաշտում որոշակի դրական զարգացումներ է առաջացրել, և այս տարի մեր վարքագիծն այնպիսին էր, որ հնարավորություն տվեց որոշ չափով ստեղծել այդ բուֆերները։
-Գուցե, սակայն խնդրին հակազդելու համար, կարծում եմ, այս պահին ստեղծված բուֆերները չունեն անհրաժեշտ մեծությունը։
-Բնականաբար, որքան մեծ լինեն այդ բուֆերների հնարավորությունները, այնքան ավելի լավ։ Սակայն 2016-17-ին մեր քաղաքականությունն այդ ուղղությամբ առաջընթաց արձանագրեց։ Այժմ մեր նպատակն այն է, որ հետագայում, անկախ նրանից, թե ով կլինի ֆինանսների նախարար, գործի այդ համակարգը, ուղղությունը լինի հստակ և համակարգված։
-Ամեն դեպքում, եթե Ռուսաստանում տնտեսական ճգնաժամ լինի, Ձեր կանխատեսմամբ, ի՞նչ չափով այն ազդեցություն կունենա Հայաստանի վրա։
-Այս պահին կա միջազգային կառույցների կանխատեսումը, որում ներառված է նաև Ռուսաստանը։ Ըստ այդմ, 2018-ի համար կանխատեսվում է ավելի դրական հեռանկար։ Ավելին, ԱՄՀ-ը 2018-ի համար կանխատեսում է ՌԴ-ի տնտեսական աճի բարձրացում 0,8 տոկոսով։


Զրուցեց Ժասմեն ՎԻԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 8538

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ