ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը, պաշտոնը լքելուց առաջ, հրաժեշտի խոսքում ասել է, որ ՈՒկրաինայում խաղաղության հասնելը պարադոքսալ կերպով կախված է Կիևին մատակարարվող զենքի քանակից։ Նա նաև նշել է, որ պետք է խաղաղ բանակցություններ վարել Ռուսաստանի մասնակցությամբ, և վստահություն է հայտնել, որ ՈՒկրաինան կդառնա դաշինքի անդամ։               
 

Հայաստանից առաջ՝ դեռևս 2015-ին, Եվրամիության հետ նույն համաձայնագիրը ստորագրել է ԵԱՏՄ հիմնադիրներից Ղազախստանը

Հայաստանից առաջ՝ դեռևս 2015-ին, Եվրամիության հետ նույն համաձայնագիրը  ստորագրել է ԵԱՏՄ հիմնադիրներից Ղազախստանը
27.10.2017 | 11:40

Վերջին օրերին ամենաշատ քննարկվող թեմաներից մեկը, ինչպես և ակնկալվում էր, Հայաստանի և Եվրամիության միջև ստորագրվելիք համապարփակ և ընդլայնված գործընկերության շրջանակային համաձայնագիրն է։ Ինչպես և մեզ մոտ ընդունված է, լրատվական և քաղաքականամերձ շրջանակներում դրա շուրջ որոշակի ինտրիգներ են ստեղծվում, որոնց առանցքում հետևյալ թեման է՝ կստորագրվի՞ արդյոք այդ համաձայնագիրը նոյեմբերի 24-ին՝ Բրյուսելում։ Սակայն եթե ինտրիգի սկզբնական փուլում խոսքն այն մասին էր, թե արդյոք չի՞ կրկնվի 2013 թ. սցենարը, երբ Ռուսաստանի ճնշման ներքո չստորագրվեց ԵՄ-ի հետ համաձայնագիրը, ապա այժմ, հոռետեսական որոշ ենթադրություններից հետո, այնուամենայնիվ, եկան եզրակացության, թե հայկական կողմը Ռուսաստանի հետ առանձնապես խնդիրներ չունի այս փաստաթղթի առնչությամբ։ Շատ փորձագետների կարծիքով՝ դա պայմանավորված էր նրանով, որ շահագրգիռ երեք կողմերը՝ Ռուսաստանը, Հայաստանը և Եվրամիությունը, կարծես որոշակի դասեր են քաղել նախկին սխալներից։

Մասնավորապես, Ռուսաստանը, դատելով վերջին շրջանում իր նկատմամբ կիրառվող պատժամիջոցներից, հասկացել է, որ պետք չէ ամեն ինչի դեմ բավականին կոշտ հանդես գալ։

Ավելի լավ է ճկուն լինել, փորձել ռազմավարական դաշնակիցների և Արևմուտքի հետ հնարավորինս ճկուն քաղաքականություն վարել ու այնպիսի խաղի կանոններ սահմանել, որ յուրաքանչյուր կողմ կարողանա պահպանել իր դեմքը և ոչ թե, ինչպես 2013-ին, վերջին պահին կոշտ ու կոպիտ գործողությունների դիմի։ Այդ գործողությունները, ի վերջո, լուրջ հարված են հասցնում առաջին հերթին Ռուսաստանի վարկանիշին՝ ներկայանալով նախ և առաջ հայաստանյան, հետո նաև այլ երկրների հանրություններին ոչ թե որպես Հայաստանի ռազմավարական գործընկեր ու դաշնակից, այլ իբրև գաղութատեր, ինչպես նաև լրացուցիչ սրելով հարաբերություններն Արևմուտքի, տվյալ դեպքում՝ Եվրամիության հետ։ Ի վերջո, ՈՒկրաինայում ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի շուրջ տեղի ունեցածը և դրա հետ կապված Ռուսաստանի բավականին բարդ կացությունը ամեն դեպքում հանգեցրին նաև նրան, որ ՌԴ իշխանությունն ավելի ճկուն է դարձել իր վարքագծում թե՛ դաշնակիցների, թե՛ հակառակորդների հանդեպ։


Արևմուտքը նույնպես ավելի ճկուն է դարձել, քանզի հասկացել է, որ երբ հարցը դրվում է «կամ-կամի» տեսքով, ապա, որպես պատասխան, ստանում ես կա՛մ ՈՒկրաինայի պես կոշտ ճգնաժամ հենց Եվրոպայի սրտում, որից ածանցվում են այլ խնդիրներ, կա՛մ էլ վերջին պահին տապալվում է նախագիծը, ինչպես Հայաստանի պարագայում էր։
Սակայն այսօր սեղանին դրված փաստաթուղթը նույնը չէ, այն ավելի շուտ քաղաքական է, ինչն ուղղակի ներկայացնում է Հայաստանի հավաստիացումը, որ ինքը ձգտում է դեպի եվրոպական քաղաքակրթություն և ստանձնում եվրոպական արժեհամակարգից բխող պարտավորություններ, ինչը, իհարկե, թույլ է տալիս եվրոպացիներին նոր լծակներ ձեռք բերել Հայաստանի նկատմամբ ազդեցություն ունենալու առումով։ Դիտարկելով փաստաթուղթը` կարող ենք ասել, որ առաջին հայացքից այն մեծ նորություններ չի պարունակում։ Դրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ հայաստանյան հանրության շրջանում կասկածամտությունը փարատելու համար նախաստորագրումից նույնիսկ մեկուկես ամիս առաջ փաստաթուղթը հրապարակվեց։ Սա աննախադեպ երևույթ է, քանզի, որպես կանոն, նման փաստաթղթերը չեն հանրայնացվում։ Փաստորեն, այս անգամ այնքան քիչ էին խնդիրները, որ թաքցնելու ոչինչ չկար։ Թերևս, միակ խնդրահարույց հարցը, որ որոշ քննարկումների առիթ դարձավ, Մեծամորի ատոմակայանի փակումն էր, ինչը, սակայն, անմիջապես ստացավ իր բացատրությունն իշխանությունների կողմից։ Նշվեց, որ ատոմակայանը կփակվի, եթե էներգետիկ հավասարազոր այլընտրանքներ ունենանք։ Ընդ որում, դա չի կարող լինել 2026-ից շուտ։ Բացի այդ, թե էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը, թե Դավիթ Հարությունյանն անմիջապես ակնարկեցին, որ եթե անգամ ենթադրվում է, որ ՀԱԷԿ-ը փակվում է, չի նշանակում, որ չի ստեղծվի նորը։ Հստակեցվեց, որ Հայաստանը չի հրաժարվում ատոմային էներգետիկայից, ինչը մեր պարագայում և՛ կիրառական, տնտեսական, կենցաղային նշանակություն ունի, և՛ քաղաքական, որովհետև Հայաստանը դրա շնորհիվ շարունակում է մնալ համաշխարհային ատոմային ակումբի անդամ։ Պատահական չէ, որ ՀՀ-ի հետ ոչ բարեկամական հարաբերություններ ունեցող երկրները՝ նախ և առաջ Ադրբեջանն ու Թուրքիան, մշտապես պահանջում են ատոմակայանի փակումը։ ՈՒշագրավ է, որ Թուրքիան փորձում է զարգացնել ատոմային էներգետիկան իր երկրում, այդ թվում՝ համագործակցելով Ռուսաստանի հետ։
Եվրամիության հետ ստորագրվելիք փաստաթղթում, երևի թե, կան թաքնված դրույթներ, որոնք հետագայում գուցե խնդիրներ առաջացնեն Հայաստանի համար։ Կան կետեր, որոնցից պետք է բխեն օրենսդրական փոփոխություններ, մասնավորապես, խոսքը եվրոպական արժեհամակարգի կասկածելի շերտերի (սեռական փոքրամասնություններ, ընտանեկան բռնություն և այլն) մասին է։ Այս թեմաների վերաբերյալ առանձնապես շատ չեն ցանկանում ծավալվել, թերևս բացի ռուսական արմատներ ունեցող որոշ ռեսուրսներից, որոնք աշխատում են հրապարակված փաստաթղթին որոշակի բացասական երանգներ հաղորդել։ Այսուհանդերձ, նկատենք, որ պաշտոնական Ռուսաստանի դիրքորոշումն այս հարցում բավականին լոյալ է։
Ստորագրվելիք համաձայնագրի շուրջ ստեղծված աղմուկը փոքր-ինչ տարօրինակ է։ Բոլոր կողմերը՝ և՛ եվրոպացի էմիսարները, և՛ մեր իշխանությունները` այս փաստաթղթին վերապահում են աննախադեպ, բացառիկ բնույթ։ Սակայն նկատենք, որ դա բացարձակապես այդպես չէ։ Նման համաձայնագիր ԵՄ-ի հետ Ղազախստանը ստորագրել է դեռևս 2015-ի դեկտեմբերին. այն կոչվում է Ղազախստանի և ԵՄ-ի միջև ընդլայնված գործընկերության և համագործակցության մասին համաձայնագիր և վավերացվել է 2016-ի մարտին։

Այսինքն, Հայաստան ժամանող եվրոպացի չինովնիկների ու հայաստանյան պաշտոնյաների կողմից այս թեմային ավելորդ բացառիկություն հաղորդելը տարրական բլեֆ է, քանի որ համանման մի համաձայնագիր արդեն իսկ ստորագրվել է 2015-ին՝ ԵԱՏՄ հիմնադիր երկրի հետ և վավերացվել նրա եվրասիական գաղափարախոսության ջատագով Նազարբաևի կողմից։ Այս նախադեպը ցույց է տվել, որ անցած 2 տարում ոչ ԵԱՏՄ-ն է փլուզվել, ոչ Ղազախստանն է խնդիրներ ունեցել։ Այնպես որ, Հայաստանն ամենևին էլ առաջին երկիրը չէ, որ «և՛-և՛» սկզբունքով համագործակցում է ԵՄ-ի ու ԵԱՏՄ-ի հետ։ Նույն Ղազախստանում դեռևս 2015 թ. հայտարարում էին, որ փաստաթուղթը ներառում է համագործակցության 29 ոլորտ, այդ թվում՝ միջազգային և տարածաշրջանային անվտանգության հետ կապված հարցեր, առևտուր, սպառազինություն, ներդրումներ, ենթակառուցվածքների, նորարարությունների, զբոսաշրջության զարգացում և այլն։ Համեմատելով մեզ հետ կնքվելիք և Ղազախստանի հետ արդեն ստորագրված փաստաթղթերը՝ կարելի է նկատել, որ դրանք գրեթե նույն բովանդակությունն ունեն։


Փաստորեն, Հայաստանն ընթանում է Ղազախստանի արդեն հարթած ճանապարհով, և ակնհայտ է, որ ԵԱՏՄ-ն որևէ խնդիր չի բարձրաձայնելու։ Հիմա իսկապես մենք հասել ենք մի հանգրվանի, որ եթե համաձայնագիրը չստորագրվի, ապա այդ խնդիրը ո՛չ Հայաստանի, ո՛չ էլ Ռուսաստանի կողմից է լինելու, այլ Եվրամիության։ Եվ իրոք, որոշակի խնդիրներ առաջացել են, որոնք ավելի շուտ տեխնիկական են, թեև ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանն օրերս շեշտեց, որ դրանք ինչպես տեխնիկական են, այնպես էլ քաղաքական. պետք է ստանալ ԵՄ անդամ բոլոր երկրների համաձայնությունը։ Իսկ Ադրբեջանն անգործ չի նստել և կիրառում է պետությունների վրա ներազդելու իր ամբողջ զինանոցը։ Հասկանալի է նաև, այդ երկրների վրա Ադրբեջանի ազդեցությունը չի կարող վճռորոշ լինել, եթե ԵՄ գլխավոր պետությունները նման ցանկություն չունենան։


Արամ Վ. ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 3288

Մեկնաբանություններ