Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Օպտիմալացված հոգեբուժարանի հոգոցը

Օպտիմալացված հոգեբուժարանի հոգոցը
27.10.2017 | 12:15

Զարմանալի իրավիճակում է հայտնվել դեռևս 1979-ին հիմնադրված «Նուբարաշենի հոգեբուժական կենտրոն» ՓԲԸ-ն: Իրավիճակը ստեղծվել է երկրի կառավարության բարեփոխումների կիզակետում, որն անվանակոչված է օպտիմալացում: Օպտիմալացման արդյունքում Նորքի հոգեբուժարանը լուծարվել և միավորվել է «Նուբարաշեն» հոգեբուժական կենտրոն» ՓԲԸ-ի հետ: Նորքի հոգեբուժարանը քառահարկ շենք է, ունի ընդարձակ և կանաչապատ շրջակայք և շատ հարմար է որևէ ժամանակակից որկորամոլախաղային կենտրոն ստեղծելու համար: Զորօրինակ, նախկին հոգեբուժարանի շենքը կարելի է օրհնել (այնտեղից քշելով չար ոգիներին) և վերածել բազմաձևաչափ մի համալիրի, որտեղ կգործեն՝ ա) ավանդական խաշատուն, բ) արդիական շոգեբաղնիք և գ) գերժամանակակից խաղատուն:


Չմեղադրենք հայրենի կառավարությանը, քանզի նա վարվում է ինչպես հարկն է, ընդառաջելով ժամանակի պահանջին: Չէ՞ որ հոգեկան հիվանդները նույնպես արտագաղթել են, հոգեբուժարանը գործում է թերբեռնված, բնականաբար, այն պիտի քաղաքի հյուսիսից արտագաղթի դեպի հարավ: Անշուշտ, այստեղ բավականին տեղին մի հարց է ծագում. կներեք, այդ ինչու՞ Նուբարաշենի հոգեբուժարանը չլուծարվեց և չմիավորվեց Նորքի համարժեք հաստատությանը: Հարցն անտեղի է, զի Նուբարաշենը Երևանի ընկեցիկ զավակն է, հարակից աղբավայրը իր բազմերանգ հոտերի գրոհով անհամատեղելի է որևէ ստամոքսա-գաղափարական օբյեկտի գործունեության հետ:


Օպտիմալացման գործարքը իրականացվում է կառավարության որոշման համաձայն: Տնօրենի ներկա ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Նուրիջանյանը 36 տարեկան է. նրա կենսագրությունը համացանցում ահա թե ինչ է ի ցույց դնում: 2006-ին ավարտել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի կլինիկական օրդինատուրան՝ «հանրային առողջության և առողջապահության կազմակերպիչ» մասնագիտությամբ: Բժշկագիտության թեկնածու է, դոցենտ: 2015-ին նշանակվել է ՀՀ առողջապահության փոխնախարար:
Այսինքն` ներկա պաշտոնակատարը հոգեբույժ չէ: Այնինչ հոգեբուժության բոլոր դասականները պնդում են, որ հոգեբուժարանի ղեկավարը պետք է լինի հոգեբույժ՝ օժտված կառավարչական ունակություններով: Ի դեպ, նախկին տնօրենը հոգեբույժ Սամվել Թորոսյանն էր, որն անցել է թոշակի:


Տիար Միրիջանյանը հոգեբույժ չէ, նա ուղղակի մենեջեր է, որին հանձնարարվել է... Բայց ավելի լավ է ներկայացնենք իրավիճակը՝ լավատեղյակ աղբյուրների իրազեկումների հիման վրա: Նախ և առաջ, նորաթուխ այս պաշտոնակատարը հոգեբուժական այս հաստատությունում յուրօրինակ «տեխզննում» է իրականացրել, աշխատանքից ազատելով բուժանձնակազմի և տեխնիկական աշխատողների 90 տոկոսին: Նա չափազանց լուրջ է իր պաշտոնին վերաբերվում, մեծարում է իր աթոռը ահա այս եղանակով` իր շուրջը հավաքելով բազմաթիվ տեղակալների և խորհրդականների: Բնականաբար, տեղակալական նման զորախումբը որոշակի առաքելությամբ պետք է հանդես գա, գալիս է, շքախմբով առանձնանում է սեփական աշխատասենյակում և անհասկանալի հրահանգներ է արձակում աջ ու ձախ: Ահա արդի մենեջմենթի հերթական գլուխկոտրուկը: Բայց ամեն բան դեռ առջևում է: Հետևենք տիար Գագիկ Միրիջանյանի՝ այս յուրօրինակ առաջնորդի գործունեությանը:
Հոգեկան հիվանդը բարդ երևույթ է և յուրահատուկ խնամք է պահանջում: Դեռ Նորքի հոգեբուժարանում տիար Միրիջանյանը չեղարկում է հիվանդներին հասանելիք 4 հազար դրամ պետական վճարումը՝ այդ հոգսը դնելով հիվանդատերերի տանջահար ուսերին: Ավանդույթ է ձևավորվում, որը նոր բնագծեր է նվաճում վերամիավորված հոգեբուժական հաստատությունում: Ավելի ճշգրիտ՝ Նուբարաշենի հոգեբուժական հիվանդանոցը, օպտիմալացվելով, վերածվել է շահութաբեր ձեռնարկության, բիզնես-կենտրոնի, որտեղ շահույթ են ապահովում... հոգեկան հիվանդները: Այսպես, խնամքի կարոտ հիվանդների հարազատներից պահանջում են 4 հազար դրամ օրավարձ (ի դեպ, այս հիվանդների բուժումն ու խնամքը ներառված է պետպատվերի մեջ): Եթե հիվանդատերերը չքավոր խավից են, ներկայացնում են համապատասխան փաստաթղթեր և վճարում են «չնչին գումար»՝ ամսական 40 հազար դրամ: Մենք ստորև ներկայացնում ենք տնօրենի պաշտոնակատարի հրամանով հաստատված գնացուցակը, որից պարզվում է, որ Հայաստանում միայն ապահով և միայն հարուստ ընտանիքների անդամները իրավունք ունեն հոգեկան խանգարում ստանալու և բուժվելու նման գումարներով: Ցավոք, հոգեբուժարանում հիմնականում աղքատ ընտանիքների հիվանդ անդամներն են:


Տնօրենի պաշտոնակատար մենեջերը խորապես համոզված է, որ հոգեկան հիվանդը որևէ վտանգ չի ներկայացնում հանրության համար: Նաև համոզված է, որ անվճարունակ հիվանդներին պետք է պարզապես հեռացնել հոգեբուժարանից, և եթե նրանք մնան փողոցում, ապա պետք է տեղաբաշխել ըստ բնակության վայրերի: Այսպես, պետք է անտեր հոգեկան հիվանդին հասցնել վարչական շրջանի մատույցները և հեռանալ: Մի խոսքով, այս բնագավառում ժամանակը վաղուց սայթաքել է իր շավղից, մնում է հուսալ, որ մեր հրապարակմանը ամենայն լրջությամբ կվերաբերվեն պատկան մարմինները, ի մասնավորի՝ ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը: Նա ուղղակի հայտարարում է. «Սոցիալապես վտանգավոր հիվանդ հասարակության համար չկա»: Այս ամենում մի վտանգ կա. բա որ մի օր տիար Միրիջանյանը հոգեբուժարանի բոլոր հիվանդներին համարի մեղսունակ, նրանց առաջ բացի բուժհաստատության դռներն ու դարպասները և հայ ներկա հասարակական կյանքը հարստացնի հասարակության համար վտանգ չներկայացնող, գուցե նաև հանրային կյանքը աշխուժացնող քաղաքացիներո՞վ:


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հ. Գ. «Իրատեսը» պատրաստ է հրապարակելու Գագիկ Միրիջանյանի տեսակետներն ու կարծիքները, միայն թե դրանք պետք է լինեն փաստական ու հիմնավորված և փարատեն մեր բոլոր տարակուսանքներն ու կասկածները:

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 6602

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ