«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Արշալույս Մարդիգանյանն արժանի է կոչվելու հայ հերոսուհի

Արշալույս Մարդիգանյանն արժանի է կոչվելու հայ հերոսուհի
27.10.2017 | 12:42

«Նարեկացի» արվեստի միությունում հուզումնառատ երեկո էր. սփյուռքահայ գրող, թարգմանիչ, բարերար ՍՕՍԻ ԳԵՎՈՆԵԱՆԸ ներկայացրեց իր «Մինչ «Հոգիներու աճուրդը» պատկերազարդ հուշագրություն-գիրքը, որի շնորհիվ աշխարհասփյուռ հայությունը բացահայտեց Արշալույս (Ավրորա) Մարդիգանյանին:

«Ասում են` ցեղասպանությունից փրկված»։ Ես համամիտ չեմ այդ արտահայտությանը, քանի որ խոսքը ֆիզիկական փրկության մասին է լոկ, իսկ այն հոգեկան տրավման, որին ենթարկվել են ցեղասպանությունից մազապուրծ հայերը, պիտի ընդմիշտ դրոշմված մնա նրանց հոգում»,- ասում է Սօսի Գևոնեանը:
Նա, լինելով ցեղասպանությունից փրկված նախնիների ժառանգորդը, շատ անգամ է պանդխտության ցուպը ձեռքն առել ու երկրեերկիր գաղթել: Ծնվել է Սիրիայի Դամասկոս քաղաքում, հետագայում ընտանիքով գաղթել Լիբանանի Բեյրութ քաղաք, որտեղ էլ շարունակել է ուսումը՝ ստանալով ֆրանսերենի ուսուցչի դիպլոմ և դասավանդել լիբանանյան դպրոցում: Երբ Բեյրութում սկսվում է պատերազմը, Գևոնեանների ընտանիքը տեղափոխվում է Իսպանիա, այնուհետ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ, որտեղ էլ ծնվում է նրանց երրորդ դուստրը: Սօսի Գևոնեանը բազմաթիվ գրքերի հեղինակ է, հրատարակիչ, իրականացնում է բարեգործական ծրագրեր, օգնում մարդկանց, ովքեր դրա կարիքն ունեն:
Շուրջ երեսուն տարի բնակվելով ԱՄՆ-ում` տիկին Սօսին մի օր պատահաբար տեղեկանում է, որ հարևանությամբ գործող Կալիֆոռնիայի ծերերի խնամքի կենտրոններից մեկում կյանքի վերջին տարիներն ապրել և բոլորից մոռացված՝ 93 տարեկանում մահացել է Արշալույս (Ավրորա) Մարդիգանյանը:


Ո՞վ էր նա: 1915 թվականին Արշալույս Մարդիգանյանը 14 տարեկան էր: Նրա ընտանիքը Արևմտյան Հայաստանի Խարբերդ նահանգի Չմշկածագ գյուղից էր: Նա ուներ չորս եղբայր և երեք քույր։ Հաճախում էր Չմշկածագի Մեսրոպյան վարժարանը, իսկ ջութակի դասերի հաճախելու նրա երազանքը մնաց անկատար։
Նա ականատեսը դարձավ դարասկզբին հայ ազգի հանդեպ իրագործված անմարդկային բարբարոսությունների: Նրա ընտանիքը գազանաբար սպանվում է իր աչքի առաջ:
Արշալույսն ու մանկահասակ այլ աղջիկներ առևանգվում են գաղթի ճանապարհին: 14-ամյա Արշալույսը դժվար տարագրության ճանապարհին խոշտանգվում ու պատվազրկվում է թուրք և քուրդ ցեղապետերի հարեմներում: Մալաթիայի, ՈՒրֆայի և Մուշի ստրկավաճառների շուկաներում նա վաճառվում է 85 ցենտով, երկու անգամ ձերբակալվում է, փախուստի դիմում: Կրելով բազմաթիվ զրկանքներ, նա, այնուամենայնիվ, հավատափոխ չի լինում: 18 ամիս շարունակ քայլելով, հատելով Դերսիմի (Մնձուրի) լեռնաշղթան, թաքնվելով քարայրերում, սնվելով բույսերով և արմատներով՝ հյուծված, բոբիկ ու կիսամերկ, նա հասնում է ռուսական զորքերի ռազմակալած Էրզրում, որտեղ էլ, ի վերջո, Արշալույսին իրենց հոգածության ներքո են վերցնում ամերիկյան միսիոներները։


1917 թվականի գարնանը ամերիկացի բժիշկ-միսիոների օգնությամբ Արշալույսը կարողանում է հատել ռուս-թուրքական ճակատային գիծը, նրան տեղափոխում են այն ժամանակ ռուսական զորքերի գրաված Էրզրում, որտեղից, զորավար Անդրանիկ Օզանյանի աջակցությամբ` ուղևորվում է դեպի Սանկտ Պետերբուրգ, ապա` ԱՄՆ` Նյու Յորք:
«Օրօրա Մարտիկանյանը, ով մազապուրծ հասավ Ամերիկա, պատմեց Ցեղասպանության եղելությունը՝ արթնացնելով Ամերիկայի ժողովրդի խիղճը: Խնամակալներին պատմում է իր հետ կատարվածի մասին հայերեն, նրանք գրի են առնում անգլերեն, և Ավրորայի իրական պատմության հիման վրա 1918-ին տպագրվում է «Հոշոտված Հայաստան» («Ravished Armenia») գիրքը, որը միանգամից վաճառվում է մեծ քանակով: Հայ ժողովրդի ողբերգության մասին պատմող այս գիրքն առաջացնում է Նյու Յորքի հասարակության բարձր խավի կարեկցանքը: Համախմբվելով՝ Նյու Յորքի նշանավոր անձինք միություն են կազմում և կոչում «Հայ և սիրիացիների նպաստամատույց կոմիտե»: Մարդիկ, որ հայերի մասին չէին լսել, գրադարաններում, թանգարաններում ուսումնասիրություններ կատարելուց հետո որոշեցին ֆիլմ նկարել, որպեսզի գումար հավաքեն հայ ժողովրդին օգնելու համար»,- պատմում է Սօսի Գևոնեանը: 1919 թ. հունվարին էկրան է բարձրանում ամերիկյան «Մետրո Գոլդվին Մեյեր» կինոընկերությունում ռեժիսոր Օսկար Ափֆելի՝ Ավրորայի հուշագրության հիման վրա նկարահանված «Հոգիներու աճուրդը» («Auction of Souls») խաղարկային համր ֆիլմը: Ֆիլմը ցուցադրվում է ԱՄՆ-ի, Եվրոպայի տարբեր քաղաքներում: Ցավոք, այսօր պահպանվել է ֆիլմի մեկ տասներորդ մասը, մնացածն անհետացել է: Սօսի Գևոնեանի հավաստմամբ, այս ֆիլմը միջազգային հանրության վրա թողեց անջնջելի հետք: Ավրորային վիճակված էր այդ ֆիլմում մարմնավորել իր իսկ կերպարը: Ֆիլմի նկարահանման ընթացքում Ավրորան մեծապես աջակցում է ինչպես դերասանների հագուստների և կերպարների ստեղծման, այնպես էլ տեսարանների ճշգրիտ վերարտադրման աշխատանքներին: «Ցեղասպանության ականատեսի՝ Արշալույս Մարդիգանյանի հուշերի հիման վրա նկարահանված «Հոգիներու աճուրդը» խաղարկային համր ֆիլմի ցուցադրությունից ստացվեց 117 միլիոն դոլար, որի մի մասն օգտագործվեց 114 հազար հայ երեխաների փրկության համար՝ յուրաքանչյուրի համար վճարելով մեկ դոլար և ազատելով թուրքի ստրկությունից»,- պատմեց Սօսի Գևոնեանը:


Նա իր կյանքի առաքելություններից մեկն է համարում Ավրորայի կերպարը աշխարհասփյուռ հայությանը ներկայացնելը` դեռևս 2006 թ. նախաձեռնելով «Մինչ «Հոգիներու աճուրդը» գրքի ստեղծման աշխատանքները: Այն պատկերապատում ժանրով է գրված, հրատարակվել է հայերեն և անգլերեն, ներկայացվել է Ժնևում, Լոս Անջելեսում, Բեյրութում, Կարիբյան կղզիներում, Հայաստանի մի շարք մարզերում և Երևանի բազմաթիվ գիտակրթական հաստատություններում: «Գրքում մի շարք դրվագներ, որ իրականում եղել են, ներկայացված են ողջ դաժանությամբ: Սա մեր պատմության իրական արտապատկերումն է, այն դաժանությունը, որով անցել ենք մենք: Ավրորա Մարդիգանյանի պատմությունը պետք էր մոռացումից փրկել, որովհետև այս աղջիկը ողջ Ամերիկայի զարմանքն էր առաջացրել: Ազգեր ու ժողովուրդներ Հայոց ցեղասպանությանը ծանոթացել են հենց այս աղջկա պատմությամբ»,- ասում է Սօսի Գևոնեանը:


Տիկին Սօսիին, սակայն, բախտ չվիճակվեց կենդանության օրոք հանդիպել Ավրորա Մարդիգանյանի հետ:
«Ես ցավում եմ, որ այդպես էլ չհաջողվեց հանդիպել այս մեծ հայուհուն, որն իր կատարած գործերով հիրավի արժանի է կոչվելու հայ հերոսուհի: Մինչդեռ, կյանքի վերջին տարիներն ապրելով ծերերի խնամքի կենտրոնում, նա մահացել է կատարյալ անուշադրության մատնված:
Ցեղասպանության սարսափները վերապրելով, թուրք և քուրդ ցեղապետերի հարեմներում պատվազրկվելով՝ Ավրորա Մարդիգանյանը երկար տարիներ չէր կարողանում ամուսնանալ, նա վախենում էր` ինչ-որ մեկը հպվի իրեն: 29 տարեկանում ամուսնանում է, ունենում մեկ որդի: Որդին, սակայն, մորը հանձնում է ծերանոց, այլազգի հարսը թոռանն արգելում է այցելել տատիկին: Ավրորան հիվանդանում է ու մահանում անտերության մեջ: Որդին անգամ չի գալիս մոր դին տանելու: Ավրորայի մարմինը վառում են ու մոխիրը պահում: Երեք տարի ոչ ոք չի հայտնվում մոխիրը տանելու, և, տասնյակ անտեր մոխիրների հետ, մեծ հայուհու մոխիրը ևս թաղում են մեկ ընդհանուր փոսում»,- ցավով պատմում է Սօսի Գևոնեանը: «Այս ճակատագրի կրողը շատ հեռու Ամերիկայում է թաղված, բայց ամեն անգամ Ծիծեռնակաբերդ գնալիս այնտեղ պետք է հիշել այսպիսի ճակատագրեր կրողներին ու ծաղիկ դնել նաև նրանց հոգու հանգստության համար»:


Ավրորա Մարդիգանյանի բարեհոգությունը՝ հարյուրավոր հայ որբերի փրկության ու խնամքի, հիրավի արժանի է գնահատանքի՝ «100 lives» նախաձեռնության մաս կազմող մրցանակի անվանակոչմամբ։
2016 թվականից սկսած` Հայաստանում շնորհվում է «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակը` խրախուսելու և աջակցելու այն բացառիկ անհատներին, ովքեր սեփական կյանքը վտանգի ենթարկելով, հնարավորություն են տալիս գոյատևելու ուրիշներին:
Արշալույս Մարդիգանյանը (1901-1994 թթ.), որն իր կյանքն ապրել է՝ հաղթահարելով ողբերգական հիշողությունները և ուժ գտնելով իր մեջ հարյուրավոր հայ որբերին օգնելու համար, արժանի է կոչվելու հայ հերոսուհի:


Վարդինե ԻՍԱՀԱԿՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 1705

Մեկնաբանություններ