Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Ձմեռնամուտի գանձեր գարնանային բուրմունքով

Ձմեռնամուտի գանձեր գարնանային բուրմունքով
27.10.2017 | 12:52

Այնքան ջերմություն կա ճանաչված մանկագիր Սուրեն Մուրադյանի և իմ՝ արդեն 4-րդ տասնամյակը կիսած բարեկամության խորքում, որ երբեմն ինձ թվում է, թե նրա կողքին եմ եղել կյանքիս առաջին օրից և գիտեմ նրա մասին ամեն ինչ, անգամ մանրուք թվացող մանրամասներ:


Բայց, արի ու տես, որ միշտ, հատկապես երբ առիթ եմ ունենում ծանոթանալու նրա նոր գրքին, զարմանալի բացահայտումներ եմ անում: Բացառություն չէր նաև «Ձմեռնամուտի գանձեր» ժողովածուն, որ լույս աշխարհ է եկել՝ հատելու հեղինակի 130-րդ գրքի սահմանը: 130 գրքերի մասին, անշուշտ, գիտեի, գիտեի նրա պարգևների մասին, նաև այն մասին, որ Սուրեն Մուրադյանի տեքստերով տարբեր սերունդների կոմպոզիտորներ գրել են 250-ից ավելի երգեր: Ճանաչում էի իմ հայրենակից բարեկամին, որպես սիրո անզուգական երգչի և կնամեծար մի այրի: Ներշնչված էի նրա՝ երջանկահիշատակ կնոջը նվիրված տողերից.
Գեղեցիկի սիրահար՝
Միշտ գեղեցիկ ապրեցիր
Եվ բոլորի սրտերում
Դու գեղեցիկ մնացիր:

Այդ ամենը գիտեի, բայց չգիտեի, օրինակ, որ «եթե 17 տարեկան լիներ», ԽՄԿԿ պատմությունից «5» չէր ստանա, Պավլիկ Մորոզովի կերպարով չէր ոգևորվի, «Ինչպես է կոփվում պողպատը» գիրքը 2-րդ անգամ չէր կարդա: Չգիտեի, որ դեռ 4-րդ դասարանում Լոռվա Ակներ գյուղում ծնված Սուրեն Մուրադյանը բերանացի է արել Ռաբլեի «Հացթուխ աղվեսը» հեքիաթը: Նման շատ փակագծեր է գաղտնազերծում «ՎՄՎ-Պրինտ» հրատարակչությունը (տնօրեն՝ Վ. Մնացականյան)` ընթերցողի սեղանին դնելով մի ստվարածավալ ժողովածու, որի 5 բաժիններում ամբարել է հեղինակի տպագրված և անտիպ հոդվածները, հարցազրույցները, նաև կարծիքներ ու սրբացած մասունքներ՝ ընծայագրեր, լուսանկարներ:


Սկզբում հայոց մեծերն են Սուրեն Մուրադյանի հոդված-դիմանկարներում (Վ. Փափազյան, Հ. Կոջոյան, Ավ. Իսահակյան, Գ. Էմին...): Շարունակությունը ուսանելի մտքերով լի հարցազրույցներն են, իսկ մինչ այդ Հայաստանի գրողների 9-րդ համագումարից առաջ Սուրեն Մուրադյանի մտահոգություններն են: Հետո գալիս են «Հույս, հավատ, սրտացավություն»՝ լցնելու բազմահազար ընթերցողների հոգիները բազմահասցե նամակները նրանից և նրան հասցեագրված: Գրողի ծոռնուհի Էլիզան փորձել է իմաստուն պապիկից իմանալ, թե ինչպես է եղևնին դարձել տոնածառ: Պապի պատասխանը նույնանուն հեքիաթն էր: Սուրեն Մուրադյանը շատ անգամ է լսել իմաստուն խորհուրդներ, դրանցից մի փունջ զետեղել է «Ձմեռնամուտի գանձեր» ժողովածուում և գարնանային բուրմունք բերել ձմեռնամուտի գանձարանին: Բազմաբնույթ լուսանկարներում էլ անվանի մանկագրի կյանքի ճանապարհն է, նրա ուղեկիցներն են նաև նրա կուռքերը՝ Մաշտոցը, Նարեկացին, Աբովյանը, Սայաթ-Նովան, Կոմիտասը, Թումանյանը: Ժողովածուն եզրափակվում է «Չխամրող օրերի զգացումով» հրապարակմամբ, որը բացահայտում է «զինվոր» Սուրեն Մուրադյանին: Այստեղ վերջակետ եմ դնում և բարձրաձայնում. «Լավ է մեկ անգամ տեսնել, քան մի քանի անգամ լսել»:
Կյանքի արգասաբեր շարունակություն եմ մաղթում ճանաչված մանկագրին և սպասում, որ հրատարակվեն «Ձմեռնամուտի գանձեր» գրքից դուրս մնացած ու գրողի արխիվում մնացած նյութերը, նրա բեղուն գրչի նոր առկայծումները:


Վաղարշակ ՂՈՐԽՄԱԶՅԱՆ

Դիտվել է՝ 1967

Մեկնաբանություններ