Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Գավաթային կրքերը փոթորկուն են, անհաշտ

Գավաթային կրքերը  փոթորկուն են, անհաշտ
27.10.2017 | 12:55

Գավաթային խաղերի բացառիկ մրցակցային ոգու մասին մեկ անգամ չէ, որ գրվել ու գրվելու է: Դրանք հատկապես շահեկան են կարճ «մրցատարածություններում» դրսևորվելու ունակ թիմերի համար, որոնք առանձին վերցրած հանդիպմանը կարող են տալ ողջ ունեցած-չունեցածը ու դրսևորած համառության հաշվին մրցաշարից դուրս մղել կարգով ու հարգով իրենց մի քանի անգամ գերազանցող թիմերի:

ԱՆԳԼԻԱ
Երկրի ֆուտբոլի լիգայի գավաթի 1/8 եզրափակչից մրցաշարին հրաժեշտ տվեց ներքին առաջնությունում փայլուն մեկնարկած, «Մանչեստր Յունայթեդի» հետ աղյուսակի երկրորդ-երրորդ հորիզոնականները կիսող «Տոտենհեմը»: Եվ, ի՞նչ եք կարծում, ո՞վ էր նրան գավաթի խաղարկությունից դուրս մղողը: «Վեստ Հեմը»: Այո, այո՝ Բիլիչի գլխավորած թիմը, որն առաջին ինը տուրի արդյունքներով (երկուական հաղթանակ ու ոչ-ոքի, հինգ պարտություն) աղյուսակը եզրափակողներից ընդամենը փոքր-ինչ է առաջ, այն էլ ի հաշիվ լրացուցիչ գործակիցների:
Ընթերցողին ակնհայտորեն հետաքրքիր կլինի իմանալ, թե «Վեստ Հեմն» այդ ինչպես է հրաժեշտի սպանության մղել «Տոտենհեմին»:
Սովորաբար, երբ քաշային տարբեր կարգերի թիմեր են հանդիպում, առավել թույլը ձգտում է իր շանսն օգտագործել ու փորձել պահպանել առավելությունը: Ներկայացվող խաղում բնավ էլ այդպես չի եղել, նախահարձակ է եղել «Տոտենհեմը», որը լավ էլ վստահորեն առջևում է եղել երկու անպատասխան գնդակի առավելությամբ: Սակայն, ինչ-որ պահից սկսած, «Վեստ Հեմին» հաջողվել է նախ կրճատել, հետո հավասարեցնել հաշիվը, ապա և՝ առաջ անցնել: Ահա այսպիսի քիչ հավանական զարգացումներով մի դիմակայություն, որի ելքը գրեթե ճշգրտորեն կանխորոշված էր թվում:
Զուտ երջանիկ դիպվածով է մեկ քառորդում հանդես գալու իրավունք նվաճել երկրի ներքին առաջնության բացահայտ առաջատարը: «Մանչեստր Սիթիի» համար իսկական քարաբաղնիս է սարքել կարգով ավելի ցածր լիգա ներկայացնող «Վուլվերհեմպտոնը», որն ամբողջ 120 րոպե սեփական դարպասը պահել է անառիկ, ու միայն ի հաշիվ հետխաղյա տասնմեկմետրանոցների է Խոսեպ Գվարդիոլայի թիմը պայքարը շարունակելու հնարավորություն ստացել:
Ծանր պայքարի արդյունքում է 1/8 փուլն անցել և «Արսենալը», որին «գծերից» գցելուն շատ մոտ է կանգնած եղել «Նորվիչը»: Արսեն Վենգերի սաներին խաղավարտին մոտ է հաջողվել հավասարեցնել հաշիվն ու անպատվությունից փրկվել լրացուցիչ խաղակեսում՝ 2:1:
Մեկ քառորդում հանդես գալու իրավունք են նվաճել նաև արտագնայում «Սուոնսիին» 2:0 հաշվով հաղթած «Մանչեստր Յունայթեդը», «Էվերտոնին» պարտության մատնած «Չելսին» (2:1), նույն 3:1 հաշվով «Լիդսին» ու «Միդլսբրոյին» ծնկի բերած «Լեստերն» ու «Բոռնմուտը»: Գավաթի մեկ քառորդի ութերորդ թիմն է դարձել սեփական հարկի տակ «Կրիստալ Պալասի» նկատմամբ 4:1 հաշվով առավելության հասած «Բրիստոլ Սիթին»:

ԻՍՊԱՆԻԱ
Այստեղ կայացել է երկրի գավաթի խաղարկության 1/16-ի առաջին խաղերի ուղիղ կեսը (մյուս կեսը երեկ ուշ երեկոյան էր): «Կարթագեն»-«Սևիլիա», «Մուրսիա»-«Բարսելոն» դիմակայություններն ավարտվել են առավել փորձառուների շահած 3:0 հաշվով, երեք խաղում արձանագրվել է 2:1 հաշիվ՝ հյուրընկալվելիս «Կադիսի» ու «Էյբարի» նկատմամբ իրենց առավելությունն են հաստատել «Բետիսն» ու «Սելտան», նույնը, սակայն սեփական հարկի տակ, արել է «Նումանսիան»՝ պարտության մատնելով «Մալագային»: Հյուրընկալվելիս «Սարագոսայի» դարպասը երկու անպատասխան գնդակ է խփել «Վալենսիան», «Խետաֆեի» նկատմամբ «Ալավեսն» իր առավելությունը հաստատել է նվազագույն հաշվով: Փաստորեն, մրցակցային օրվա միակ ոչ-ոքին գրանցվել է «Էլչե»-«Աթլետիկո» դիմակայությունում՝ 1:1:
Երեկ իրար մեջ հարաբերություններ են պարզել «Լլեյդա»-«Ռեալ Սոսիեդադ», «Ժիրոնա»-«Լևանտե», «Տեներիֆե»-«Էսպանյոլ», «Ֆուենլաբադա»-Մադրիդի «Ռեալ», «Դեպորտիվո»-«Լաս Պալմաս» զույգերը:

ԳԵՐՄԱՆԻԱ
Երկրի գավաթի 1/16 փուլի խաղարկությունն է նաև եղել այստեղ, միայն թե, իսպանականի համեմատ այն տարբերությամբ, որ Գերմանիայում հաջորդ փուլ դուրս գալը որոշվում է մեկ հանդիպման արդյունքով:
Առավելապես նշենք այն թիմերի մասնակցությամբ հանդիպումները, որոնք հանդես են գալիս բունդեսլիգայի առաջին խմբում: Մեկ ութերորդ եզրափակիչ են ելել երկու «Բորուսիաները»: Մյոնխենգլադբախցիները նվազագույն հաշվով հաղթել են «Ֆորտունային», դորտմունդցիները, դարձյալ արտագնայում, «Մագդեբուրգին»՝ 5:0:
Պայքարը շարունակողների մեջ են նաև 4:0 հաշվով «Շվայնֆյուրտին» պարտության մատնած Ֆրանկֆուրտի «Այնտրախտը», զարմանալի հեշտությամբ «Հերտայի» նկատմամբ առավելության հասած «Քյոլնը» (3:1), թերևս ամենախոշոր անակնկալը մատուցած «Վերդերը», որը, գրավելով «Հոֆենհայմի» դարպասը, սեփականն այդպես էլ մինչև վերջ պահել է անառիկ:
Չափազանց լարված ընթացք է ունեցել «Լայպցիգ»-«Բավարիա» դիմակայությունը: Խաղի որոշակի հատվածից ունենալով մեկով պակաս խաղացող՝ տանտերերին, այնուամենայնիվ, հաջողվել է հաշվի մեջ առաջ անցնել՝ տասնմեկմետրանոցից 68-րդ րոպեին բացելով հաշիվը: Սակայն «Լայպցիգը» չի կարողացել սեփական դարպասը պահել անառիկ: Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է ոչ-ոքի: «Բավարիան» իր գերազանցությունը չի կարողացել հաստատել նաև լրացուցիչ խաղակեսերում, և հանդիպման ելքը որոշվել է հետխաղյա տասնմեկմետրանոցներով, որտեղ առավել դիպուկ են եղել Յուպ Հայնկեսի սաները: Գրանցվել է 4:5 հաշիվը:

ՖՐԱՆՍԻԱ
Լիգայի գավաթի խաղերից նշենք կայացած երկուսը: 1/16 փուլում հանդիպել են «Լորիան»-«Կան» և «Գենգամ»-«Մոնպելիե» զույգերը: Երկուսում էլ հաջողությունն ուղեկցել է հյուրերին: Մինչ «Կանն» առավելության է հասել նվազագույն հաշվով, մեր հայրենակից Միշել Զաքարյանի գլխավորած թիմը եղել է ավելի համոզիչ. «Մոնպելիեն» հաղթանակի է հասել երկու անպատասխան գնդակի առավելությամբ: Ավելացնենք, որ երկու թիմերն էլ պայքարը շարունակելու են 1/8-ում:

ԻՏԱԼԻԱ
Ի տարբերություն եվրոպական ֆուտբոլային վերը հիշատակված գերտերությունների, այստեղ գավաթային հանդիպումների փոխարեն եղել է սկուդետեի հերթական տասներորդը, որը, ըստ էության, առաջատարների դիրքերը պահել է անփոփոխ:
Այսպես՝ «Նապոլին» տարել է իր հերթական հաղթանակը: Ճիշտ է՝ այն տանտերերին բնավ էլ հեշտ չի տրվել. ջենովացիները կռիվ են տվել մինչև վերջ, սակայն ստիպված են եղել հաշտվել պարտության հետ՝ 2:3:
Նույնպիսի հաշիվ է գրանցվել նաև «Ինտեր»-«Սամպդորիա» դիմակայությունում: Տանտերերը ձեռքից բաց չեն թողել հաղթելու շանսը:
Տուրն անհամեմատ թեթև է եղել «Յուվենտուսի» համար (4:1), որի մրցակիցն առաջնության նորեկն էր՝ «ՍՊԱԼ»-ը:
Եվրագոտում եղած թիմերից, փաստորեն, միակ ձախողվածն «Ինտերին» հյուր գնացած «Սամպդորիան» էր, մյուս երկուսը հաղթական մրցելույթներ են ունեցել: Արտագնայում «Լացիոն» 2:1 հաշվով պարտության է մատնել «Բոլոնիային», «Ռոման» սեփական հարկի տակ նվազագույն հաշվով առավելության է հասել «Կրոտոնեի» նկատմամբ:
«Նապոլին» ունի 28, «Ինտերը»՝ 26, «Յուվենտուսը»՝ 25 միավոր: Նույնքան է նաև «Լացիոյի» ունեցած միավորների քանակը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1701

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ