Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Ջոն Ֆիցջերալդ Քենեդիի սպանությունը` գաղտնազերծվում են վերջին փաստաթղթերը

Ջոն Ֆիցջերալդ Քենեդիի սպանությունը` գաղտնազերծվում են վերջին փաստաթղթերը
27.10.2017 | 13:20

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումով` հինգշաբթի օրը Ջոն Քենեդիի սպանության գործով վերջին փաստաթղթերից կհանվի «գաղտնի» նշումը։ Ի՞նչ նորություն կարող են պատմել գաղտնազերծված փաստաթղթերը սպանության մասին, որի վերաբերյալ բազում ասեկոսեներ ու տեսություններ կան։


Որտե՞ղ էիք դուք այն օրը, երբ սպանեցին Ջոն Քենեդիին: Տոնի Գլովերը Դալասում էր, նա ճամփեզրից հետևում էր նախագահի ավտոշարասյանը։ Տոնին 11 տարեկան էր։ «Ես դժվար մանկություն եմ ունեցել,-հիշում է նա։- Ինձ թվում էր` եթե Քենեդին տեսնի ինձ ու ձեռքը թափահարի, տանն ամեն ինչ կկարգավորվի: 11-ամյա աղջնակի երազանքներ էին»։ Տոնին Դիլի պլազա էր եկել վաղ առավոտյան, որ հարմար դիտակետ գտնի: «Նա անցավ իմ կողքից։ Ժպտում էր ու թափահարում էր ձեռքը: Ջեկին ևս ժպտում էր ու ձեռքով էր անում, նա նստած էր իմ կողմից»: «Ավտոմեքենան պտտվեց անկյունը։ Ես մտածեցի` կվազեմ մեքենայի հետևից, քանի դեռ երևում է: Նա նախագահն է, ես ամեն վայրկյանը պիտի որսամ»։ «Իսկ հետո նրա գլուխը պայթեց: Պարզապես պայթեց»։ Նա մորն ասաց, որ ինչ-որ մեկը Քենեդիի մեքենա ճայթռուկ է գցել: «Բայց ես գիտեի, որ այդպես չէր»` ասում է Գլովերը։ Այսօր` 54 տարի անց, Տոնի Գլովերը Փենսիլվանիայի Սկրենտոնի համալսարանի դոցենտ է։ «Ես հավատում եմ փաստերին,- ասում է նա։- Ես եղել եմ Քենեդիի սպանությանը նվիրված մամլո ասուլիսում, այնտեղ էին դավադրության տեսության ջատագովները։ Նրանցից ոմանք ադեկվատ չեն: Որոշ տեսություններ բացարձակ խելագարություն են»` վստահ է նա։ Այնուամենայնիվ` Տոնի Գլովերն ունի հարցեր, որոնց պատասխանները չկան։


ԱՄՆ 35-րդ նախագահ Ջոն Ֆիցջերալդ Քենեդին սպանվեց 1963-ի նոյեմբերի 22-ին: Սպանության պահին նա կաբրիոլետում էր։ Տեխասի նահանգապետ Ջոն Կոնալին նստած էր առջևի նստարանին, նա վիրավորվեց, բայց ապաքինվեց։ Մեկ ժամ անց սպանվեց ոստիկանության աշխատակից Ջեյ Լի Տիպիտը: Արագ ձերբակալվեց Լի Հարվի Օսվալդը։ 12 ժամում Օսվալդին ներկայացվեց նախագահ Քենեդիին ու ոստիկան Տիպիտին սպանելու մեղադրանք։ Նոյեմբերի 24-ին, կիրակի օրը, Օսվալդին տանում էին Դալասի ոստիկանական վարչության նկուղով` Դալասի բանտ տեղափոխելու համար։ Դալասի գիշերային ակումբի տեր Ջեկ Ռուբին կրակեց Օսվալդի վրա։ Օսվալդի տեղափոխումը ուղիղ եթերով լուսաբանում էին ԶԼՄ-ները: Սպանությունը տեսան միլիոնավոր հեռուստադիտողներ։ Ռուբիին սպանության մեղադրանք ներկայացրին և դատապարտեցին մահապատժի: Նա բողոքարկեց դատավճիռը և քաղցկեղից մահացավ 1967-ին` նախքան բողոքարկման քննարկումը։


Սպանությունից մեկ շաբաթ անց գործող նախագահ Լինդոն Ջոնսոնը հանձնաժողով ստեղծեց սպանությունը հետաքննելու համար, որ գլխավորց Գերագույն դատարանի նախագահ Էռլ ՈՒորենը։ 1964-ին հրապարակված ՈՒորենի հանձնաժողովի հաշվետվության մեջ նշվում է` Ջոն Քենեդիի վրա կրակել են Տեխասի դպրոցական գրապահոցի հարավ-արևելյան անկյունում գտնվող շենքի 6-րդ հարկի պատուհանից։ Ոչ մի ապացույց չի գտնվել, որ Լի Հարվի Օսվալդը կամ Ջեկ Ռուբին «մասնակցել են որևէ ներքին կամ միջազգային դավադրության»։ Եղել են և այլ հետաքննություններ։ 1968-ին երեք բժիշկների հանձնաժողովը «աջակցություն հայտնեց ՈՒորենի հանձնաժողովի եզրակացությունների բժշկական մասին»։ 1975-ին ԿՀՎ-ի գործունեությունը երկրի ներսում ու արտասահմանում ուսումնասիրող Ռոկֆելլերի հանձնաժողովը Քենեդիի սպանությանը «ԿՀՎ-ի առնչության հաստատում չգտավ»։ 1979-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի` քաղաքական սպանությունների ուսումնասիրման գործով 3 տարի առաջ ստեղծված հանձնաժողովը հիմնականում հաստատեց ՈՒորենի հանձնաժողովի եզրակացությունները, բայց նշեց. «Մեծ հավանականություն կա, որ նախագահ Քենեդիի վրա երկուսն են կրակել»։ 1992-ին ԱՄՆ-ի Կոնգրեսն օրենք ընդունեց, որով քաղաքական սպանություններին վերաբերող բոլոր նյութերը` մոտավորապես 5 միլիոն էջ, փոխանցվեցին Ազգային արխիվ։ Այսօր այդ փաստաթղթերի 88 %-ը բաց է հանրության համար, 11 %-ը` մասնակի` ծածկված են նրբանկատ տեղեկությունները, 1 %-ը ամբողջությամբ գաղտնի է։ 1992-ի օրենքի համաձայն, եթե նախագահի առարկություններ չլինեն, բոլոր փաստաթղթերը կգաղտնազերծվեն 25 տարում: Դա եղավ այս հինգշաբթի։


Տոնի Գլովերը, որ 11 տարեկանում սպանության ականատես է եղել, ասում է, որ կարող էին երկուսը կրակել։ Շատերի կարծիքով` երկրորդ կրակողը կարող էր թաքնվել խոտածածկ բլրի վրա, որի կողքով անցնում էր նախագահի լիմուզինը։ Տոնին կարծում է, որ երկրորդ կրակողը, եթե եղել է, կարող էր ճանապարհի մյուս կողմում թաքնվել, որով անցնում էր Քենեդին։ «Բավականին ծանրակշիռ ապացույցներ կան: Դա կարելի է ստուգել»,- ասում է Տոնի Գլովերը։ Ջեֆերսոն Մոռլին` Washington Post-ի նախկին լրագրող, մի քանի գիրք է գրել նախագահ Ջոն Քենեդիի սպանության մասին։ Վերջինը` ԿՀՎ-ի հակահետախուզական գործողությունների նախկին ղեկավար Ջեյմս Էնգլտոնի մասին, այս շաբաթ է լույս տեսնելու։ «Ես երբեք չեմ գրել դավադրությունների տեսությունների մասին, ես հաղորդում եմ նախկինում անհայտ փաստեր սպանության մասին»` իր գիրքը ներկայացնում է Ջեֆերսոն Մոռլին: Նա «հակված է կասկածելու», որ Քենեդիի վրա կրակել է Օսվալդը և կարծում է, որ նախագահի վրա կրակել են առջևից, ոչ թե հետևից: Նա հղում է անում Զապրուդերի ֆիլմին` Աբրահամ Զապրուդերի 26 վայրկյան սիրողական փաստագրական նկարահանումը Դալասում սպանության օրը։ «Նայեք Զապրուդերի նկարահանումը: Քենեդին գլուխը հետ է գցում»` ասում է Մոռլին։ «Ես գիտեմ, որ կան տեսություններ, որ եթե հետևից են կրակում, գլուխը նույնպես հետ է թեքվում` այն ուղղությամբ, որտեղից կրակել են: Բայց ողջախոհության տեսակետից` դա քիչ հավանական է»,- ասում է նա: Մոռլին պնդում է` «Դա շատ նման է առջևից կրակոցի»։ Մոռլին ունի պաշտոնական վարկածը կասկածելու այլ պատճառներ էլ` ձերբակալությունից հետո Օսվալդի վրա անցկացված «պարաֆինի թեստը» նրա դեմքին վառոդի գազերի հետքեր չի հայտնաբերել, դա նշանակում է, որ Օսվալդը ձերբակալությունից առաջ ինքնաձիգ զենքից չի կրակել։ Սակայն այդ թեստի հավաստիությանը վաղուց են կասկածում։ Լիմուզինի առջևի նստարանին նստած Տեխասի նահանգապետ Ջոն Կոնալին հայտարարել է, որ իրեն կպել է ոչ այն փամփուշտը, որը սպանել է նախագահին, իսկ դա հակասում է ՈՒորենի հանձնաժողովի եզրակացություններին։ Մոռլին կարծում է, որ կատարվածի պաշտոնական վարկածը չի կարող կասկածներ չհարուցել։
«Պաշտոնական պատմությունը` կար մի տղա` Լի Հարվի Օսվալդը, նրա մասին ոչ ոք ոչինչ չգիտեր։ Նա հանկարծ հայտնվեց ոչ մի տեղից ու սպանեց նախագահին: Բոլորին հայտնի այդ պատմությունը, անկասկած, սուտ է»` ասում է նա։ «Օսվալդին 4 տարի հետևում էին ԿՀՎ-ի հակահետախուզության աշխատակիցները, Ջեյմս Էնգլտոնի մարդիկ` սկսած 1959-ի դեկտեմբերից, երբ նրա դեմ հարուցեցին առաջին գործը, մինչև 1963-ի նոյեմբեր»` ասում է Մոռլին:


Բոստոնի համալսարանի դոցենտ, հետազոտող Թոմաս Վալենը պաշտոնական վարկածին չի կասկածում և կարծում է, որ Քենեդիին իրոք սպանել է Լի Հարվի Օսվալդը։ «Ոչ միայն ես, պատմաբանների մեծ մասը կարծում է, որ նա է մարդասպանը: Հարց է` ներգրավված էր նա ինչ-որ ավելի մեծ դավադրության մեջ»` ասում է Թոմաս Վալենը։ ՈՒորենի հանձնաժողովը եզրակացրել է, որ Օսվալդը միայնակ է գործել, բայց հաշվետվության մեջ նշված է, որ նա 1959-ին եղել է ԽՍՀՄ-ում, որտեղ ապրել է մինչև 1962-ը և ապարդյուն փորձել է քաղաքացիություն ստանալ։ Հանձնաժողովը պարզել է, որ ինքն իրեն մարքսիստ համարող Օսվալդը սպանությունից երկու ամիս առաջ եղել է Մեխիկոյում ԽՍՀՄ-ի ու Կուբայի դեսպանատներում։ Վալենի կարծիքով` հինգշաբթի օրը գաղտնազերծվող փաստաթղթերը թույլ կտան ավելին իմանալ` ինչու՞ է Օսվալդը Մեխիկո գնացել։


«Ի՞նչ էր անում Օսվալդը Մեխիկոյում սպանությունից մի քանի շաբաթ առաջ։ Հանդիպե՞լ է նա սովետական ու կուբայական հետախուզության աշխատակիցների հետ։ Նրան «կանաչ լու՞յս» են վառել»` հարցնում է Վալենը։ «Քենեդիի մահը ցանկանալու պատճառներ Ֆիդել Կաստրոն անկասկած ուներ: Մենք, երբ ես ասում եմ «մենք», նկատի ունեմ ԱՄՆ-ի կառավարությունը, ինքներս էինք փորձում Կաստրոյին սպանել»` ասում է գիտնականը։


Կալիֆոռնիացի փաստաբան Բրյուս Միրոլիոն իր կյանքում ինչպես ինքն է ասում` մի քանի հազար գիրք է կարդացել Ջոն Քենեդիի և նրա սպանության մասին։ «Նույնիսկ հիմա ես իմ օֆիսում նստած կարդում եմ ՈՒորենի հանձնաժողովի 26- հատորանոց հաշվետվությունը»` ասաց նա։ Նրա կարծիքով` հաշվետվության մեջ սխալներ կան, բայց ընդհանրության մեջ փաստաբանը պաշտպանում է հանձնաժողովի եզրակացությունները։ Նա չի հավատում, որ կրակողները երկուսն են եղել, հոռետես է դավադրության տեսությունների նկատմամբ և հրապարակվելիք փաստաթղթերից որևէ բացահայտում չի սպասում։ «Մարդկանց թիվը, որ տեսականորեն մասնակցել են դավադրությունը թաքցնելուն, այնքան մեծ է, որ անհնար է թվում, որ նրանք կարողացել են լուրջ փաստեր թաքցնել»` ասում է Միրոլիոն։ Տոնի Գլովերը նոր նյութերը նայելը համարում է հետաքրքիր, բայց ինքը հետաքննությամբ չի զբաղվի, կմնա ականատես: «Ես ոչինչ չեմ կարող հաստատել։ Ես շքեղ շքերթի մասնակից էի, որտեղ բոլորն իրենց կորցրել էին ուրախությունից: Իսկ 15 վայրկյան անց մեզ անհույս սարսափ էր պատել»` ամփոփում է նա։
Օուեն ԱՄՈՍ, ВВС


Հ.Գ. Ջոն Ֆիցջերալդ Քենեդիի սպանությունից 54 տարի անց` սպանությանն առնչվող փաստաթղթերի 1 տոկոսի գաղտնազերծումը հազիվ թե որևէ բացահայտում բերի: ԱՄՆ-ը սևեռվել է իր 35-րդ նախագահի սպանության վրա, իսկ նախագահի նահանգապետ եղբոր` Ռոբերտ Քենեդիի սպանությու՞նը: Հազարավոր էջերը, որ գրվել են նրա սպանությունից հետո, չեն պատասխանել ու՞մ էր ձեռնտու հարցին: Կատարողներ միշտ գտնվում են, երբ կա պատվիրատու։


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 5106

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ