Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Տիրակալ Սի Ցզինպինը և արևմտյան զոմբի կառավարությունները

Տիրակալ Սի Ցզինպինը և արևմտյան զոմբի կառավարությունները
27.10.2017 | 13:24

Սի Ցզինպինն ամրապնդում է իր իշխանական դիրքերը, Վլադիմիր Պուտինը երկաթե ձեռքով կառավարում է Ռուսաստանը, արևմտյան աշխարհն իր թույլ ու սահմանափակ ղեկավարներով ու կառավարություններով ներկայացնում է բոլորովին այլ պատկեր։
Բացառությամբ Ֆրանսիայի, որտեղ Էմանուել Մակրոնն ունի նշանակալից քաղաքական կշիռ, պատկերը բավականին տխուր է: Անգելա Մերկելը սեպտեմբերյան ընտրություններում ստացավ իր կուսակցության պատմության մեջ վատագույն արդյունքը և հիմա բարդ բանակցություններ է վարում կոալիցիոն կառավարություն ձևավորելու համար: Մեծ Բրիտանիայում Թերեզա Մեյը կորցրեց իր Պահպանողական կուսակցության բացարձակ մեծամասնությունը հունիսյան արտահերթ ընտրություններում և կառավարում է երկիրը հյուսիսիռլանդացի ուլտրապահպանողականների օգնությամբ, բավականին թուլացել է իր կոալիցիայի ներքին կոնֆլիկտներով։ Շարունակում է մնալ վարչապետ, որովհետև նրա կուսակցությունը հասկանում է, որ հիմա առաջնորդ փոխելու բաց պայքար մղելու ժամանակը չէ։ Անցած տարվա դեկտեմբերին Մատեո Ռենցիի հրաժարականից հետո Իտալիայում իշխանության եկավ Պաոլո Ջենտիլիոնեն` հարգարժան մարդ, որ չի վայելում ընտրողների աջակցությունը և անհրաժեշտ խարիզմա չունի: Իսպանիայում Մարիանո Ռախոյը խորհրդարանում փոքրամասնություն ունի, նրա կառավարումը մթագնել է Կատալոնիայի խնդիրը` վերջին տասնամյակի մեծագույն քաղաքական ճգնաժամը, նաև` կոռուպցիոն մեղադրանքները նրա կուսակցության հասցեին։ Հոլանդիայում 7 ամսվա անորոշությունից հետո ձևավորվեց նոր կոալիցիա, որ քաղաքական ակրոբատիկայի վառ նմուշ է` նույն սայլում են լիբերալներն ու քրիստոնեական ոչպահպանողականները։ Համաձայնության գալու համար` մի քանի նախարարություններում երկու նախարարներ նշանակվեցին։ Ավստրիայում կառավարության ձևավորման բարդ բանակցություններ են։


Ատլանտյան օվկիանոսի մյուս կողմում պատկերն ավելի լավը չէ: Առաջին հայացքից Դոնալդ Թրամփն իր ձեռքում է կուտակել անհավանական իշխանություն` նրա կուսակցությունը խորհրդարանի երկու պալատներում մեծամասնություն ունի: Գերագույն դատարանը իր ներկա դասավորությամբ նրա նկատմամբ թշնամաբար չի տրամադրված։ Այնուամենայնիվ, նախագահն ազատ չէ իր գործողություններում։ Պաշտոնը ստանձնելուց հետո անցած 9 ամսում նրան չի հաջողվել ընդունել հիշատակման արժանի որևէ օրենք։ Նա իր ավանդական գործընկերների (բացառությամբ` Իսրայելի) և միջազգային հանրության նշանակալից մասի անվստահությունն է հարուցում։


Լատինական Ամերիկայում իրավիճակը բավականին տաղտուկ է: Միակ բացառությունը Արգենտինան է` Մաուրիսիո Մակրին բարենորոգումների նախաձեռնություններով է հանդես գալիս և համոզիչ հաղթանակ տարավ օրենսդիր իշխանության ընտրություններում։ Մյուս երկրները ողբալի վիճակում են։ Տարածաշրջանային հսկա Բրազիլիան խրված է անվերջանալի քաղաքական ճգնաժամի մեջ ու թաթախված է կոռուպցիայում։ Միշել Թեմերի վարկանիշը հրեշավոր ցածր է և մշտապես 10 %-ից քիչ է։ Մեքսիկայում 2018-ին ընտրություններ են, և Պենյա Նետոն հաղթելու շանս չունի: Նա վաղուց արդեն կաղ բադիկ է, նոր ու արժանավոր թեկնածուներ քաղաքական հորիզոնում չեն երևում։
Կոլումբիայում Խուան Մանուել Սանթոսն ավարտում է նախագահական ժամկետը։ Պեդրո Պաբլո Կուչինսկին բարդությունների է բախվում Պերուում: Չիլիում նոյեմբերին ընտրություններ են, որոնց արդյունքները դժվար է կանխատեսել։


Ջաստին Թրյուդոյին Կանադայում և Սինձո Աբեին Ճապոնիայում նույնպես կարելի է դասել արևմտյան աշխարհի ուժեղ ղեկավարների շարքում` Մակրոնի ու Մակրիի կողքին: Արդյունքներն ամփոփելիս արևմտյան աշխարհի պատկերը տխուր է։ Անկասկած, տնտեսական ճգնաժամը այդ թուլության ու քաղաքական տարտղնվածության գլխավոր պատճառն է։ Հետաքրքիր կլիներ` ապագայից նայել ու տեսնել` արևմտյան երկրներին ինչքան վնաս է հասցրել քաղաքական թուլությունը։ Եվ` հավասարակշռության վերականգնման մեջ ինչ ներդրում կունենան արևմտյան հրաշալի արժեքները` ազատությունն ու իրավական պետությունը, որ արդեն երկար տարիներ, առանձին դեպքերում` դարեր, ստեղծել են բարենպաստ պայմաններ մտքի ազատության, գիտության զարգացման, ձեռներեցության, իննովացիաների ու հարստության ստեղծման համար։ ԱՄՆ-ի ու ԵՄ-ի համատեղ ՀՆԱ-ն առաջվա պես 3 անգամ մեծ է չինականից ու 30 անգամ ռուսականից։ ՆԱՏՕ-ի ռազմական բյուջեն 4 անգամ գերազանցում է չինականը, ալյանսի ռազմական հնարավորությունները Չինաստանից շատ ավելին են։ Աշխարհի բոլոր երիտասարդները երազում են կրթություն ստանալ Օքսֆորդում կամ Հարվարդում: Սիլիկոնի դաշտավայրը համաշխարհային իննովացիաների կենտրոնն է, ՈՒոլ Սթրիթը` ֆինանսական կենտրոնը։
Անդրեա ՌԻՑԻ, El Pais


Հ.Գ. Լավ, եթե ԱՄՆ-ի ու ԵՄ-ի համատեղ ՀՆԱ-ն առաջվա պես 3 անգամ մեծ է չինականից ու 30 անգամ ռուսականից, ՆԱՏՕ-ի ռազմական բյուջեն 4 անգամ գերազանցում է չինականը, ալյանսի ռազմական հնարավորությունները Չինաստանից շատ ավելին են, աշխարհի երիտասարդները երազում են կրթվել Օքսֆորդում կամ Հարվարդում, Սիլիկոնի դաշտավայրը իննովացիաների համաշխարհային կենտրոնն է, ՈՒոլ Սթիթը` ֆինանսական կենտրոնը, ո՞րն է եվրասկեպտիցիզմի պատճառը։ Ի՞նչ են ուզում եվրոպացիները ավելին` Սի Ցզինպի՞ն, թե՞ Պուտին է պետք նրանց իրենց ուժեղ ու երջանիկ զգալու համար։ Նրանք կորցրել են կյանքի համար պայքարի անհրաժեշտությունը և չգիտեն` որտեղ ծախսել կենսական էներգիան: Բարեկեցությունը ալարկոտ ու թուլամորթ է դարձնում: Ավելին ունենալու համար նրանց ազդակ է պետք, իսկ ավելին նրանց պետք չէ: Նրանք կամաց հանձնում են իրենց ունեցածը` իշխանություն, տնտեսություն, մշակույթ, սպորտ, ներգաղթյալներին ու նրանց ժառանգներին: Մի քանի սերունդ հետո Եվրոպայում սկսվելու է ազգային ազատագրական պայքար` տեղաբնակ աբորիգենների սակավաթիվ խմբերի ու նախկին միգրանտ մուսուլմանների հոծ զանգվածի հետ: Չհաղթելու հնարավորություն Եվրոպան չունի: Տիեզերական հավասարակշռությունը երկրի վրա չի կարող խախտվել։ Փառահեղ ժամանակներ կլինեն։


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 3043

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ