«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Նախագահը մասնակցել է Ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի նիստին

Նախագահը մասնակցել է Ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի նիստին
27.10.2017 | 15:47

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Կառավարության ընդունելությունների տանը հանդիպում է ունեցել Նախագահին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի (ԱԷԱԽ) նորանշանակնախագահ, Ատոմային էներգիայի միջազգային գործակալության և Միջուկային օպերատորների համաշխարհային ասոցիացիայի ավագ խորհրդական Միրոսլավ Լիպարի հետ, ով Հայաստան է ժամանել ՀՀ Նախագահին կից ԱԷԱԽ հերթական՝ 15-րդ նիստին մասնակցելու նպատակով:

Շնորհավորելով Միրոսլավ Լիպարին խորհրդի նախագահի պատասխանատու պաշտոնն ստանձնելու կապակցությամբ՝ Սերժ Սարգսյանը մաղթել է նրան հաջողություն և արգասաբեր աշխատանք՝ հույս հայտնելով, որ ատոմային էներգետիկայի ոլորտում ունեցած մեծ փորձով պարոն Լիպարը կնպաստի խորհրդի արդյունավետ աշխատանքին:

Հանրապետության Նախագահը և Ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի նախագահն անդրադարձել են ՀԱԷԿ-ի անվտանգության մակարդակի բարձրացման ուղղությամբ իրականացված ծրագրային աշխատանքներին, ատոմային էլեկտրակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրով նախատեսված միջոցառումներին, նաև ՀԱԷԿ-ի անձնակազմի պատրաստվածության մակարդակը բարձրացնելու համար անհրաժեշտ աշխատանքների ընթացքին:

Միրոսլավ Լիպարը վստահեցրել է Նախագահ Սերժ Սարգսյանին, որ Ատոմային էներգետիկայի անվտանգության խորհուրդը կազմված է բարձր որակավորում ունեցող մասնագետներից և կարող է շարունակել զգալի աջակցություն ցուցաբերել ՀԱԷԿ-ին: Նա տեղեկացրել է, որ խորհրդի անդամները երեկ այցելել են կայան և ուրախությամբ արձանագրել, որ յուրաքանչյուր այցից հետո նոր բարելավումներ ու առաջընթաց է նկատվում ՀԱԷԿ-ում: Խորհրդի նախագահն ընդգծել է, որ չնայած բավականին աշխատանք է իրականացվել, այդուհանդերձ, դեռևս անելիքներ շատ կան, և խորհուրդն ամենայն պատասխանատվությամբ կշարունակի ուշադրության կենտրոնում պահել ՀԱԷԿ-ի անվտանգ շահագործումը:

Հանդիպումից հետո Նախագահ Սարգսյանը Կառավարության ընդունելությունների տանը մասնակցել է Ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի նիստին:

Հանրապետության Նախագահը ողջունել է խորհրդի անդամներին և նիստի մյուս մասնակիցներին: Նշելով, որ Ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի առաջին նիստի անցկացման օրվանից անցել է ուղիղ 20 տարի, ՀԱԷԿ անվտանգության բարձրացման ծրագրերի իրականացման գործում մասնագիտական աջակցության համար Նախագահը շնորհակալություն է հայտնել անցած այդ քսան տարվա ընթացքում խորհրդի անփոփոխ նախագահ Ադոլֆ Բիրկհոֆերին, ինչպես նաև խորհրդի նախկին ու ներկա անդամներին: Նախագահը տեղեկացրել է, որ Ադոլֆ Բիրկհոֆերը հարգելի պատճառներով այլևս չի կարողանա շարունակել պաշտոնավարումը, սակայն կշարունակի մնալ խորհրդի կազմում և առողջություն ու բարօրություն է մաղթել նրան: Ընդգծելով, որ խորհրդում բարձր են գնահատում Ադոլֆ Բիրկհոֆերի նախագահության ընթացքում Հայկական ԱԷԿ անվտանգության բարձրացման ազգային ծրագրի իրականացման գործում նրա ձեռքբերումները՝ Նախագահ Սարգսյանը Հայկական ատոմային էլեկտրակայանի անվտանգ շահագործման ապահովման գործում ներդրած ավանդի և երկարամյա նվիրումի համար խորհրդի երկարամյա նախկին նախագահին պարգևատրել է Պատվո շքանշանով:
Այնուհետև Հանրապետության Նախագահը ներկայացրել է խորհրդի նորանշանակ նախագահ Միրոսլավ Լիպարին, ով 2001 թվականից պատասխանատու պաշտոններ է զբաղեցրել ատոմային ոլորտի բազմաթիվ կառույցներում: Նախագահ Սարգսյանը նիստի մասնակիցներին ներկայացրել է նաև խորհրդում ընդգրկված նոր անդամ Պետեր Քելմին՝ Գերմանիայից, ով երկար տարիներ աշխատել է ատոմային էներգիայի ոլորտում և լավ գիտի ՀԱԷԿ-ն ու Հայաստանի էներգետիկ ենթակառուցվածքի օբյեկտները: Սերժ Սարգսյանը հաջողություններ և արգասաբեր աշխատանք է մաղթել նաև խորհրդի նորանշանակ անդամներին:
Իր ելույթում Նախագահ Սարգսյանը նշել է, որ ատոմային էներգետիկայի պահպանումն ու զարգացումը շարունակում է Հայաստանի համար մնալ ռազմավարական ուղղություն՝ համաձայն 2015թ. դեկտեմբերին ՀՀ կառավարության կողմից հաստատած «Հայաստանի Հանրապետության էներգետիկ համակարգի երկարաժամկետ (մինչև 2036 թ.) զարգացման ուղիները» ծրագրի: Նախագահն ընդգծել է, որ բազիսային էլեկտրաէներգիայի ստեղծման կառուցվածքում ԱԷԿ-ի առկայությունը թույլ կտա Հայաստանին պահպանել էներգետիկ անվտանգության անհրաժեշտ մակարդակը:

«Ծրագիրը նախատեսում է գործող բլոկի շահագործումը երկարաձգել մինչև 2027թ., իսկ հետագայում իրականացնել նոր միջուկային բլոկների փուլային ներդրում:

ԱԷԿ երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրի իրականացման համար Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև ստորագրվել են Հայաստանի կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին և այդ ծրագրի ֆինանսավորման նպատակով դրամաշնորհի տրամադրման համաձայնագրերը:

Երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրի շրջանակներում իրականացվում են նախագծային և շահագործման անվտանգության բարձրացման, ինչպես նաև դրա արդիականացման միջոցառումներ: 2017թ. պլանային նախազգուշական վերանորոգման ընթացքում շահագործման ժամկետի երկարաձգման առաջին փուլի աշխատանքները, այդ թվում՝ էներգաբլոկի սարքավորումների գործիքային զննությունը, գործնականում ավարտվել են»,- ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

Նախագահն իր ելույթում նշել է նաև, որ Եվրամիության տեխնիկական աջակցության շրջանակներում մշակվել է «Ռադիոակտիվ թափոնների և աշխատած միջուկային վառելիքի կառավարման ռազմավարությունը», ինչի արդյունքում վերանայվել է Ռադիոակտիվ թափոնների և աշխատած միջուկային վառելիքի կառավարման կոնվենցիան: Վերանայված կոնվենցիան հաստատվել է Նախագահի 2017թ. հունվարի հրամանագրով: Արդեն իսկ մշակվել և հոկտեմբերի 5-ին ՀՀ կառավարության կողմից հաստատվել է «Ռադիոակտիվ թափոնների և աշխատած միջուկային վառելիքի անվտանգ կառավարման ռազմավարությունը»:

Միացյալ կոնվենցիայի շրջանակներում Ռադիոակտիվ թափոնների և աշխատած միջուկային վառելիքի անվտանգ երկրորդ ազգային զեկույցը, ըստ Նախագահի, ավարտական փուլում է: Ծրագրվում է ազգային զեկույցը փոխանցել ՄԱԳԱՏԷ-ին մինչև ընթացիկ տարվա վերջ:
Հանրապետության Նախագահը տեղեկացրել է, որ Ռադիոակտիվ թափոնների և աշխատած միջուկային վառելիքի անվտանգ կառավարման ռազմավարության դրույթների իրականացման վերաբերյալ ՀՀ կառավարության որոշման համաձայն, ծրագրվում է «Ռադիոակտիվ թափոնների վնասազերծում» ՓԲԸ հիմքի վրա ստեղծել Ռադիոակտիվ թափոնների և աշխատած միջուկային վառելիքի կառավարման ազգային օպերատոր:

Նախագահ Սարգսյանը նշել է, որ 2016թ. սեպտեմբերին ներկայացվել է Հայկական ԱԷԿ սթրես-թեսթի փորձագիտական գնահատականի վերջնական տարբերակը և սթրես-թեսթի անցկացման արդյունքում մշակված միջոցառումներն ընդգրկված են Հայկական ԱԷԿ երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման միջոցառումների ծրագրում:

Նախագահ հավաստմամբ, Հայաստանի Հանրապետությունը շարունակում է իրականացնել կանոնակարգման հարցերի շուրջ ՄԱԳԱՏԷ-ի առաքելության խորհրդատվությունն ու առաջարկությունները:

Խոսելով ԱԷԿ հուսալի և անվտանգ աշխատանքի ապահովմանն ուղղված ծրագրային միջոցառումների իրականացման մասին՝ Սերժ Սարգսյանն ընդգծել է նաև վարժասարքի լիամասշտաբ արդիականացման ծրագրի անհրաժեշտությունը, որին նախորդ նիստում ևս անդրադարձ է եղել:

«Այդ նախագծի առաջին փուլի աշխատանքներն ավարտվել են ընթացիկ տարվա հունվարին: Ներկայումս փաստաթղթեր են նախապատրաստվում երկրորդ փուլի աշխատանքների իրականացման համար մրցույթ հայտարարելու նպատակով՝ միտված էներգաբլոկի վարժասարքը լիամասշտաբ վիճակի բերելուն: Արդեն հանձնարարված է էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությանը, ՀԱԷԿ ղեկավարությանը՝ հնարավորին սեղմ ժամկետներում միջոցներ ձեռնարկել այս ուղղությամբ աշխատանքներն ավարտելու համար:

Մենք առաջնային նշանակություն ենք տալիս ատոմային ոլորտում կադրային քաղաքականությանը: Կադրերի նորացման, երիտասարդության ներգրավման կենսական անհրաժեշտություն կա` այդ ընթացքում պահպանելով, իհարկե, ժառանգականությունը: Նշված պատճառով էլ մասնագետների պատրաստումը կարևորագույն խնդիր է, որի լուծումը կնպաստի երկրում գոյություն ունեցող ենթակառուցվածքների պահպանմանը»,- ասել է Հանրապետության Նախագահը:

Սերժ Սարգսյանն իր խոսքում մեծապես կարևորել է Հայաստանի միջուկային անվտանգության կարգավորիչ մարմնի և Հայկական ԱԷԿ-ի համաձայնեցված աշխատանքը:
Ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի նիստի օրակարգի շրջանակներում այնուհետև «ՀԱԷԿ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Մովսես Վարդանյանը խորհրդի անդամներին ներկայացրել է Հայկական ատոմային էլեկտրակայանի գործունեությունը, որից հետո ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյանը զեկուցել է Հայաստանի միջուկային անվտանգությունը կարգավորող մարմնի հաշվետվությունը 2015-2017թթ. ժամանակահատվածի համար: Ներկայացված զեկույցների վերաբերյալ տեղի են ունեցել քննարկումներ:

Դիտվել է՝ 1427

Մեկնաբանություններ