Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Ինչու է Բարզանին հրաժարվում նախագահի պաշտոնից

Ինչու է Բարզանին հրաժարվում նախագահի պաշտոնից
31.10.2017 | 09:35

Իրաքյան Քրդստանի նախագահ Մասուդ Բարզանին, որն այդ պաշտոնը զբաղեցնում է 2005 թվականից, կիրակի հայտարարել է, որ նոյեմբերի 1-ից հեռանում է նախագահի պաշտոնից։ Եվ սա՝ Քրդստանի անկախության հանրաքվեից ընդամենը մեկ ամիս անց։

Դեռևս շաբաթ օրը քրդական խորհրդարանին հղած իր նամակում Բարզանին առաջարկում է բարեփոխել իշխանական համակարգը։ Նրա առաջարկած ծրագիրը նախատեսում է տարանջատել նախագահական լիազորությունները կառավարական, խորհրդարանական և դատական համակարգերի միջև։
Նոյեմբերի 1-ին լրանում է Բարզանիի լիազորությունների ժամկետը, Իրաքի Քրդստանում նախատեսված էին նախագահի ընտրություններ, սակայն դրանք անցած շաբաթ անորոշ ժամանակով հետաձգվեցին՝ տարածաշրջանում իրավիճակի կտրուկ սրման պատճառով։
Ինչու՞ է 72-ամյա Մասուդ Բարզանին՝ քրդական անկախ պետության հայտնի մարտիկ՝ Մուստաֆա Բարզանիի որդին, հայտարարում հրաժարականի մասին։
Պաշտոնապես նա վաղուց պետք է հեռանար նախագահի պաշտոնից. ըստ օրենքի՝ նախագահը չի կարող այդ պաշտոնը զբաղեցնել երկու անգամից ավելի։ Նախկինում Բարզանին արդեն իսկ հայտարարել էր, որ մտադիր չէ նախագահի պաշտոնում վերընտրվելու, սակայն քչերն էին սպասում, որ նա խոստումը կպահի: Դեռևս 2013 թվականին նա չէր լքել նախագահի պաշտոնը, երբ լիազորությունների ժամկետը լրացել էր, իսկ երկու տարի անց կրկին երկարաձգվել խորհրդարանի որոշմամբ: Տարիներ առաջ Բարզանին հայտարարել էր, որ նախագահի պաշտոնը կթողնի այն ժամանակ, երբ Քրդստանն անկախություն ձեռք կբերի։


Եվ ահա Բարզանին ինքն է հայտարարում իր հեռանալու մասին։ Նշանակու՞մ է սա արդյոք, որ Իրաքյան Քրդստանը ձեռք է բերում անկախություն։ Առայժմ ոչինչ չի կարող խոսել հօգուտ դրա։ Հակառակը՝ Քրդստանում իրավիճակը, չնայած հանրաքվեի առաջացրած լավատեսությանը, հեռու է քրդերի համար նախընտրելի սցենարից։ Մասնավորապես, քրդական ընդդիմադիր «Գորան» կուսակցությունը, որ խորհրդարանում պատգամավորների թվով երկրորդ քաղաքական ուժն է, բոյկոտել է նախագահի և խորհրդարանական ընտրությունները, ինչի պատճառով ստիպված էին ընտրությունները հետաձգել ութ ամսով։ Միաժամանակ Բաղդադը, որ մտադիր չէր հաշտվելու քրդերի կամարտահայտման հետ, պահանջում էր հանրաքվեի արդյունքներն անվավեր ճանաչել։ Բացի այդ, իրաքյան բանակը հանրաքվեից անմիջապես հետո վերահսկողության տակ է վերցրել Քիրկուկը՝ նավթային տարածքի մայրաքաղաքը, որի նկատմամբ իրավունքներ էին ցանկանում հաստատել ինչպես Բաղդադը, այնպես էլ Էրբիլը։


Ներկայում Իրաքյան Քրդստանում անհանգիստ իրավիճակ է, հեռանկարները մշուշոտ են, հատկապես հաշվի առնելով, որ հարևանները՝ Իրանը, Իրաքը և Թուրքիան, խիստ բացասական են վերաբերվում Իրաքյան Քրդստանի անկախության հեռանկարին, զգուշանալով, որ դա կհանգեցնի անջատողական շարժումների առաջացմանն իրենց տարածքներում, որտեղ նույնպես քրդական մեծ համայնք կա։


Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հ.Գ. Դժվար թե այս իրավիճակը լավատեսության հիմքեր տալիս է, սակայն Բարզանին, այնուամենայնիվ, հեռանում է։
Ինչպես նշում են փորձագետները, Քրդստանի առաջնորդի հեռանալու պատճառը անկախության հանրաքվեն է։ Ըստ էության, քվեարկությունը չհանգեցրեց Իրաքյան Քրդստանի անկախության։ Եթե նման բան լիներ, ապա Բարզանին ժողովրդական ալիքի վրա կմնար նախագահի պաշտոնում, ինչը, ստեղծված իրավիճակում, անհնար է։ Բարզանիի հեռանալը պայքարի ճանապարհ է բացում Իրաքյան Քրդստանի երեք գլխավոր քաղաքական ուժերի համար: Խոսքը Բարզանիի, Թալաբանիի կլանների, ինչպես նաև վերջինիս կողմնակից «Գորան» կուսակցության մասին է։ Ներկա անկայունության և ուժեղ ու փորձառու Բարզանիի հեռանալու պայմաններում ընդդիմությունն իր հետաքրքրություններն առաջ տանելու մեծ հնարավորություն է ձեռք բերում։

Դիտվել է՝ 4219

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ