Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Օլիգարխիական բավիղներում

Օլիգարխիական բավիղներում
31.10.2017 | 09:39

Օլիգարխիա: Քաղաքական համակարգ, որում իշխանությունը կենտրոնացված է համեմատաբար սակավաթիվ մարդկանց խմբի, օրինակ, խոշոր կապիտալի ներկայացուցիչների ձեռքում, և առավելապես սպասարկում է նրանց անհատական ու խմբային շահերը, քան քաղաքացիների շահերը:
ՎԻՔԻՊԵԴԻԱ

Ինչ ընդհանուր բան կա Ռուսաստանի և Հայաստանի քաղաքական-տնտեսական համակարգում: Իհարկե, կոռուպցիոն-օլիգարխիական բաղկացուցիչը: Մասշտաբներն են տարբեր: Ռուսաստանցի շատ օլիգարխների համար նույնիսկ Հայաստանի պետբյուջեն գումարային լուրջ արտահայտություն չունի: Եվ հետո, ռուսաստանյան օլիգարխիան, իր հրեական միջուկով, գործարար էությունից բացի, ինտելեկտուալ մեծ ուժ է: Զգալի թվով օլիգարխներ ներկայացնում են հենց ինտելեկտուալ, գիտատար, նորագույն տեխնոլոգիաների ասպարեզները: Երկու երկրում էլ չեն սիրում այդ «պարազիտներին»: Սակայն Ռուսաստանում չկա արհամարհական վերաբերմունք նրանց նկատմամբ: Իսկ այ իմաստուն հայ ժողովուրդը իր անզոր արգահատանքն է արտահայտել` սեփական հաստաքսակներին օժտելով ինտելեկտամերժ եզակի էկզոտիկ մականուններով: Սա, ինձ թվում է, համաշխարհային երևույթ է:


Ընդհանուր առմամբ ո՞րն է կոռուպցիոն-օլիգարխիական համակարգի հատկանշական կողմը: Այն, որ այդ շրջանակն ընդգրկող խավը իր գիշատիչ շահասիրությամբ չի կարող լինել հայրենասիրական:
Բայց այս անգամ այն մասին, թե Ռուսաստանում օլիգարխիան ինչ դեր կարող է խաղալ իշխանափոխության, պետության ղեկավարի պաշտոնանկման գործում: Ընդ որում՝ ոչ թե տեսական ձևակերպումների, այլ գործնական առումով, ելնելով ներկա ներռուսաստանյան իրողություններից: Հայաստանում օլիգարխիան լրիվ վերահսկվում է իշխանության կողմից, եթե չասենք, որ այդ իշխանության անքակտելի մասն է: Իրավիճակը փոքր-ինչ այլ է Ռուսաստանում:


Արևմտյան հակառուսական պատժամիջոցները, անշուշտ, մեկ գլխավոր նպատակ են հետապնդում՝ առավելագույնս թույլ չտալ, որ Ռուսաստանը կրկին դառնա հզոր գերտերություն-մրցակից: Վլադիմիր Պուտինը Վալդայում նշելով, որ ռուս-ամերիկյան հարաբերություները երբեք այնքան ցածր մակարդակի վրա չեն գտնվել, վերհիշեց, որ ԱՄՆ-ի և ԽՍՀՄ-ի հարաբերությունները փոխհարգալից էին, կողմերը կարողանում էին պայմանավորվածություններ ձեռք բերել ու պահպանել դրանք: Որովհետև երկուսն էլ հատկապես ռազմական առումով համարժեք ուժեր էին: Բայց ահա հետխորհրդային Ռուսաստանն էլ է կամաց-կամաց ոտքի կանգնում, և միաբևեռ աշխարհից հղփացած Ամերիկային դա խիստ նյարդայնացնում է: Ռուսները տարբեր մակարդակներով հաճախ են դժգոհություն հայտնում, որ ամերիկացիները ոչ մի խոստում չեն կատարում: Եվ, իհարկե, Ռուսաստանի հետ կապված բոլոր «աղետների» մեջ մեղավոր է ճանաչվել Պուտինը, և ամերիկացիները պատրաստ են կիրառելու նրա վերացման բոլոր հնարավոր ու անհնար միջոցները:


Ռուսական մամուլում վերջերս հրապարակվեցին հակառուսական պատժամիջոցների մասին ամերիկյան Կոնգրեսի ընդունած օրենքի որոշ հատուկ դրույթներ, որոնք վերաբերում են Ռուսաստանի կառավարող խավի և օլիգարխների դեմ ձեռնարկվող միջոցներին: Ամերիկյան համապատասխան իշխանություններին, հատուկ ծառայություններին պարտադրված է Կոնգրեսին ներկայացնել հանգամանալի հաշվետվություններ ՌԴ քաղաքական ղեկավարության, մասնավորապես պուտինամերձ շրջանակի, կառավարության անդամների, Պետդումայի պատգամավորների, Դաշնային խորհրդի անդամների և, հատուկ, օլիգարխների մասին: Ինչու՞ է Կոնգրեսը օլիգարխներին բարձրացրել երկրի ղեկավարության մակարդակին:
Երբ ծանոթանում ես քննարկվող փաստաթղթի առանձնացված դրույթներին, ապա չես կարող չնկատել, որ ռուսաստանցի օլիգարխներին (մի կողմ դնենք չինովնիկներին) իրոք վերջնագիր է ներկայացվել. Կոնգրեսը վերահսկիչ ու ստուգիչ գերատեսչություններին առաջադրել է պարզապես «պեղել» օլիգարխիական կառույցների ֆինանսական վիճակը, օլիգարխների ու նրանց ընտանիքի անդամների եկամուտների աղբյուրները, բանկային հաշիվներն ու ունեցվածքը, ներդրումները, գործարար կապերն ու շահերը և այլն: Ընդ որում, խոսքը վերաբերում է ոչ միայն Ամերիկայում, այլև Եվրոպայում ու Ասիայում գործող ռուսաստանյան ընկերություններին: Առաջնահերթ նպատակն է նրանց գործունեության մեջ բացահայտել կոռուպցիոն բաղկացուցիչը, իսկ դա ցանկության դեպքում միշտ էլ կարելի է գտնել, ամերիկացիների համար դա բարդ խնդիր չէ: Եվ ո՞րն է վերջնագրի իմաստը: Եթե օլիգարխներն ու քաղաքական վերնախավը մինչև 2018 թվականի փետրվարը՝ նախագահական ընտրությունների շեմին, չփոխեն երկրի ղեկավարությունը և, բնականաբար, նախագահ Պուտինին, ապա նրանց բոլոր բանկային ակտիվները կճանաչվեն որպես կոռուպցիոն ու կկալանավորվեն: Մինչդեռ բարձրագույն չինովնիկների ու օլիգարխների բանկային հաշիվները գնահատվում են նվազագույնը 500 միլիարդ դոլար: «Կսպանե՞ն Պուտինին օլիգարխները, թե՞ Պուտինը կսպանի նրանց»՝ նման անշնորհք հարցադրում էր արել ռուսական թերթերից մեկը: Ամերիկացիների ողջ ակտիվությունը պտտվում է Պուտինի շուրջ:
Պարադոքսն այն է, և ռուսաստանցի օլիգարխները հիանալի են հասկանում, որ եթե իրենք նույնիսկ ինչ-որ ձևով մեկուսացնեն Պուտինին, ապա, միևնույն է, ամերիկացիները, հենվելով Կոնգրեսի որոշումների վրա, իրենց ներկայիս ցինիկ ագրեսիվությամբ «կուլակաթափ» են անելու իրենց: Երկիմաստ իրավիճակը բոլոր դեպքերում օլիգարխների օգտին չէ:
Սակայն կարո՞ղ են օլիգարխները գործել ընդդեմ Պուտինի: Արդյո՞ք նրանք մոռացել են, թե ինչպես փորձառու չեկիստը բառացիորեն ջախջախեց ելցինյան հրեական ամենազոր օլիգարխիան, որը, ի դեպ, հսկայական ազդեցություն ուներ հենց երկրի կառավարչական ապարատի վրա: Օրերս ռուսաստանյան հեռուստաալիքներից մեկը ցույց տվեց երբեմնի գերհզոր օլիգարխի՝ Բորիս Բերեզովսկու օտարահող գերեզմանը. շիրմաքար էլ չկար:
Ասվեց, որ կոռուպցիան ու հայրենասիրությունը իրարամերժ երևույթներ են, առավել ևս ինչպես ժամանակակից Ռուսաստանում, այնպես էլ նույնքան ժամանակակից Հայաստանում: Սակայն Ռուսաստանում յուրահատուկ մի բան է նկատվում. շատ օլիգարխներ նախկին չինովնիկներ են, ասել է՝ կրեմլյան վերնախավն ու օլիգարխները բավականին սերտաճած են: Եվ նման պարագայում արտաքին ներգործությունը, տվյալ դեպքում՝ ամերիկյան, կարող է արդյունավետ լինել ռուսաց պետականության հիմքերի խարխլման գործում: Սակայն, ինչպես հուսադրում են ռուս նացիոնալիստները, Պուտինն իր ավելի քան 80-տոկոսանոց հարգանիշով կարող է հենվել ժողովրդի աջակցության վրա:


Այս ամենով հանդերձ արևմտահակ ռուսաստանյան վերնախավին, օլիգարխներին թերևս շատ ավելի դիպուկ է բնութագրել հանգուցյալ Զբիգնև Բժեզինսկին. «Ռուսաստանը կարող է ունենալ ուզածի չափ միջուկային պայուսակներ ու կոճակներ, բայց քանի որ ռուսաստանյան վերնախավի 500 միլիարդ դոլարը գտնվում է մեր բանկերում, ապա դուք գլխի ընկեք՝ դա ձե՞ր վերնախավն է, թե՞ արդեն մերը»:


Ռուբեն ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Մոսկվա
Հ. Գ. Ռուսաստանցի օլիգարխների ցուցակի առաջին տասնյակում միայն երկուսն են ռուս: Ալիշեր ՈՒսմանովը ծագումով ուզբեկ է, ազերի Վագիտ Ալեքպերովին Հայաստանում չեն կարող չիմանալ: Մնացած վեցը հրեա են: Ի միջի այլոց, ՈՒսմանովի կինն էլ է հրեա:

Դիտվել է՝ 5205

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ