Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Եվրասիացիները Երևանում

Եվրասիացիները Երևանում
31.10.2017 | 09:52

Աշնանային Երևանում կյանքը գտնում է իր ընթացքը` աշխարհում դրամատիկ զարգացումներին զուգահեռ: Ոչ հեռու Իրաքում քրդերը անկախության հանրաքվե արեցին ու նահանջում են իրենց ձեռքբերումներից` քաղաքացիական պատերազմը դադարեցնելու դիմաց, հեռու Իսպանիայում կատալոնացիները անկախություն հռչակեցին, Մադրիդը ուղիղ կառավարում մտցրեց։ Իտալիայում Վենետոն ու Լոմբարդիան են Հռոմից ֆինանսական անկախություն ուզում: Երևանում ամեն ինչ տեսնում են, գնահատում ու սպասում:

Հոկտեմբերի 24-ին «Նորավանք» գիտակրթական հիմնադրամում կազմակերպվել էր կլոր սեղան` «Հայաստանի փորձագիտական ու կրթական հանրության դերը եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման մեջ» թեմայով, որին մասնակցում էին ոչ միայն Եվրասիական փորձագիտական ակումբի անդամները, այլև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) ներկայացուցիչները, փորձագետներ, գիտնականներ: Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Թավադյանը ներկայացրեց Հայաստանի տնտեսության զարգացման սցենարները և եվրասիական ինտեգրումը: Նրա գնահատմամբ` ԵԱՏՄ-ին չանդամակցելու դեպքում` երկրները ոչ միայն միասնական հումանիտար տարածքի և ընդհանուր իրավական դաշտի, այլև փոխկապակցված տնտեսական ու պաշտպանական ներուժի թուլացման առաջ էին: Նա հիշեցրեց, որ ԵԱՏՄ-ին չանդամակցելու դեպքում վնասը կազմելու էր տարեկան 500 միլիոն դոլար, իսկ ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը չստորագրելու վնասները լինելու էին տարեկան 30 միլիոն դոլար։ Բայց առանցքային գործոնը զարգացման սցենարներն են։ Առաջին սցենարը` զարգացնել ծառայությունների ոլորտը, մեծացնել ներքին սպառումը վարկերի, դրամաշնորհների, ռազմավարական հումքի հաշվին: Երկրորդ սցենարը` ապահովել տնտեսության զարգացումը ռազմարդյունաբերական համալիրի, պատրաստի արտադրանքի արտահանման աճի հաշվին: Նա վստահ է, որ պետք է մշակվեն կոռուպցիայի հակազդման համաձայնեցված միջոցներ, որին կարող է օգնել ԵԱՏՄ պայմանագրի 69-րդ հոդվածը: Անարդյունավետությունը, կոռուպցիոն դրսևորումները ի սկզբանե պետք է նվազագույն լինեն, դա ավելի արգասաբեր է, քան կամա-ակամա կոռուպցիոն ռիսկեր թույլ տալը, հետո վերահսկելն ու չարաշահումները հայտնաբերելը։ Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը կարծում է, որ Հայաստանի տնտեսությունը դուրս է գալիս դանդաղ ու ցածր աճի գործընթացից: 2016-ի արդյունքներով` Հայաստանում գրանցվել է 0,2 % տնտեսական աճ: Ներկա միտումները վկայում են, որ տնտեսության վերակենդանացման հիմքում ներքին բարեփոխումներն են ու համաշխարհային տնտեսության փոփոխությունները, նաև Ռուսաստանի տնտեսական վիճակի բարելավումն ու Իրանի հետ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացումը։ 2017-ի հունվար-սեպտեմբերին անցած տարվա համեմատ գործարար ակտիվության 5,1 % աճ է գրանցվել։ Միևնույն ժամանակ տնտեսության մեջ բացասական միտումներ են եղել` շինարարության անկում, որ տնտեսության զարգացման կարևոր ցուցիչ է, գյուղատնտեսության արտադրության ծավալի նվազում (-10 %), որ պայմանավորված է բնակլիմայական պայմաններով ու այդ ոլորտում արտադրության ոչ բավարար արդյունավետությամբ, համաշխարհային շուկայի անբարենպաստ կոնյունկտուրայով։ 2017-ին Հայաստանից արտահանման մեծությունը կարող է հասնել ՀՆԱ-ի 37-38 %-ին։ 8 ամսում արտահանման ծավալը եղել է 1,38 միլիարդ դոլար, որ 246 միլիոնով շատ է 2016-ից։ Կառավարության ծրագրով նախատեսված է արտահանման ծավալը հասցնել ՀՆԱ-ի 40-45 %-ի։

Տնտեսագետն անդրադարձավ և Ռուսաստանի դերին` նշելով, որ Ռուսաստանը բարենպաստ ազդեցություն ունի Հայաստանի տնտեսության վրա ոչ միայն տրանսֆերտների, այլև ներդրումների հնարավոր աճով և որպես արդյունք` աշխատատեղերի մեծացումով ու բնակչության եկամուտների աճով։ Սոցիոլոգիական գիտությունների թեկնածու Սամվել Մանուկյանն այն կարծիքին է, որ 20-րդ դարի 80-ականների վերջից ԽՍՀՄ հասարակությունը բուռն ներգրավվեց քաղաքական գործընթացներում` հայտարարված ժողովրդավարացման շրջանակներում։ Հասարակական շերտերն ու խմբերը տարբեր քաղաքական ու ընդհանուր մշակույթ ունեին, գիտելիքի ու սովետական հասարակարգի, տնտեսության, արտաքին ու ներքին քաղաքականության տարբեր ընկալումներ։ Ոմանք անկեղծորեն ձգտում էին միասնական սոցիալիստական հանրության ժողովրդավարացման ու գիտեին` ինչպես հասնել, ոմանք բացահայտ թշնամաբար էին վերաբերվում խորհրդային ամեն ինչին ու ռուսականին, նրանց նպատակը կործանումն էր։ Արևմտյան հատուկ ծառայությունների համակարգումով` հինգերորդ շարասյան հակակոմունիստական քարոզչությունը վերափոխվեց հակառուսականի ու հակասովետականի, սադրվեցին ազգամիջյան կոնֆլիկտներ ու վերաճեցին պատերազմի: ԽՍՀՄ-ը հայտնվեց տոտալ տուրբուլենտության մեջ։ Սոցիոլոգը գաղտնիք չի համարում, որ եվրասիական ինտեգրման բոլոր երկրներում սուր են սոցիալական արդարության, պատերազմների ու միջպետական հակասությունների պատճառով ուժեղացած ազգամիջյան անվստահության հաղթահարման խնդիրները: Եվրասիական ինտեգրումը պետք է հիմնված լինի բարոյական արժեքների վրա, թեկուզ այն պատճառով, որ ընդդիմախոսները անհամեմատ շատ փող ունեն։ Երկրորդ խնդիրը հասարակական տրամադրությունների ուսումնասիրությունն է` ուղղորդման և ինտեգրման ռազմավարությունների արդյունավետության բարձրացման համար քաղաքական, տնտեսական, հասարակական ու մշակութային ասպարեզներում։ Երրորդ խնդիրը հասարակության վրա թշնամական տեղեկատվական, հոգեբանական ներգործությունների չեզոքացումն է: Արևմուտքի հիբրիդային պատերազմը եվրասիական ինտեգրման դեմ վերականգնել է պատմության աղավաղման արևմտյան ավանդույթը: Այդ նպատակով օգտագործվում է և կիրառական սոցիոլոգիան։ Սոցիոլոգիան կարևոր գիտական գործիք է Եվրասիական ինտեգրման համալիր խնդիրների լուծման համար: Նրա թերագնահատումը կարող է հանգեցնել անցյալ պարտությունների կրկնությանը:


«Ինտեգրացիա և զարգացում» հասարակական կազմակերպության նախագահ Արամ Սաֆարյանը կարճ ամփոփեց քննարկումը. «Ինտեգրացիա և զարգացում» ՀԿ-ի, Եվրասիական փորձագիտական ակումբի հետ կազմակերպված ԵԱՏՀ կլոր սեղանին մասնակցում էին 40-ից ավելի գիտնականներ, ԵԱՏՀ 10 անդամների պատվիրակությունը։ Քննարկված բոլոր ելույթների ամփոփիչ գաղափարն էր, որ պետք է մեծացնել ԵԱՏՀ համագործակցությունն անդամ երկրների փորձագիտական և գիտական հանրության հետ, ծառայեցնել գործակցությունը եվրասիական ինտեգրման հաջողությանը, լսել փորձագետների տեսակետները ներկա վիճակի ու ապագայի հեռանկարների մասին։ Եվ որ ամենակարևորն է` լսել կառուցողական քննադատություն և վերլուծելով` մշակել լավագույն լուծումներ»։
Երկու օր հետո` հոկտեմբերի 26-ին, «Սպուտնիկ Արմենիան» կազմակերպել էր տեսակամուրջ` Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի ներկայացուցիչների մասնակցությամբ (չկային ՌԴ ներկայացուցիչները), որն ամփոփում էր Երևանում կայացած Եվրասիական միջկառավարական հանձնաժողովի նիստի արդյունքները: Հայկական կողմը ներկայացնում էին Արամ Սաֆարյանը և Աշոտ Թավադյանը: Հենց նա էլ սկսեց քննարկումը: Աշոտ Թավադյանը համոզված է, որ ԵԱՏՀ նիստում ընդունված որոշումները վճռորոշ ազդեցություն կունենան ԵԱՏՄ անդամների տնտեսության զարգացման վրա: Նա առանձնացրեց թվային տեխնոլոգիաները, 2018-2020-ին փոխադարձ սահմանափակումների վերացումը, էներգետիկան, տրանսպորտային քաղաքականության համակարգումը: Արամ Սաֆարյանը ԵԱՏՀ նիստը հասարակական-քաղաքական կյանքում նշանակալից իրադարձություն համարեց` նշելով, որ ԵԱՏՄ վարչապետները շատ արդյունավետ աշխատեցին։ Նա ընդգծեց, որ բարելավվել է տնտեսական կոնյունկտուրան, Ռուսաստանը կայուն աճի փուլ է դուրս եկել, ֆինանսատնտեսական ճգնաժամը տեղը զիջում է զարգացմանը, որը բարենպաստ է ազդում փոքր երկրների տնտեսության վրա:

Մասնավորապես` Հայաստանի, որի տնտեսությունը վերելքի մեջ է: Բացի երկու ճյուղից` շինարարություն ու գյուղատնտեսություն: 8 ամսվա արդյունքներով տնտեսական զարգացման մեջ և արտահանման, և արդյունաբերության, և ծառայությունների, և տրանսֆերտների ուղղությամբ կայուն երկնիշ աճ է եղել: Դա նշանակում է, որ այս տարի երկրորդ անգամ վերլուծաբանները ստիպված կլինեն վերանայել Հայաստանի ՀՆԱ-ի աճի կանխատեսումները: Տարեսկզբին կանխատեսվում էր 2 տոկոսի աճ, հունիսին հայտարարվեց 3,2 տոկոսի, հիմա խոսվում է 4 տոկոսի մասին: Դա հնարավոր է դարձնում նոր նախագծեր իրականացնելը, նաև` ԵԱՏՄ երկրների մասնակցությամբ։ Նա ընդգծեց, որ ԵԱՏՄ փորձագիտական հանրությունը պետք է համագործակցի` ունենալու համար միասնական տեղեկատվական-վերլուծական տարածք, որը կնպաստի ինտեգրման գործընթացների զարգացմանը։
Աստանան ներկայացնող Ղազախստանի քաղաքագետների կոնգրեսի փոխնախագահ Վլադիմիր Տելնովը ևս գոհ էր տնտեսական ցուցանիշներից` նա նշեց, որ սկսվել է տնտեսության վերակենդանացման փուլը, Ղազախստանի ապրանքաշրջանառությունը ԵԱՏՄ շրջանակներում հասել է 28 տոկոսի: ԵԱՏՄ-ն իսկապես դառնում է «ազգային տնտեսությունների շարժիչ ուժ»: Վարչապետների պայմանավորվածությունը` թվայնացնել տրանսպորտային փաստաթղթավորումը, ըստ նրա, մինչեւ 2025-ը կապահովի 11 տոկոսի աճ: Երևանյան ԵԱՏՀ նիստի երկրորդ կարևոր հարց նա համարեց ենթակառուցվածքների հավասար հասանելիությունը ԵԱՏՄ բոլոր անդամների համար: Ցամաքային ընդհանուր ճանապարհը կբարձրացնի ԵԱՏՄ դերը միջազգային տնտեսության մեջ։ Տելնովն ընդգծեց, որ Աստանան հատկապես կարևորում է ներգրավվածությունը Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» ծրագրում և Եվրոպայի հետ համագործակցությունը: Բիշքեկից տեսակապին միացավ տնտեսագիտության դոկտոր Ժումակադիր Ակենեևը: Նա ևս նշեց, որ Երևանում ստորագրվել են կարևոր փաստաթղթեր, հատկապես փաստաթղթերի թվայնացման առումով: Փորձագետը ներկայացրեց Ղրղզստանի տնտեսության ձեռքբերումները` հաստատելով, որ իր երկիրը ԵԱՏՄ-ին անդամակցությունից շահել է: Այնուամենայնիվ` Ժումակադիր Ակենեևը ուներ և «խոր հիասթափության պատճառ»։ Նա հիշեցրեց, որ արդեն 3 շաբաթ Ղազախստան-Ղրղզստան անցակետերի ղազախական կողմում կուտակվում են մարդատար ու բեռնատար մեքենաները` խստացված ստուգումների պատճառով` բեռնատարների 80 տոկոսը մնում է սահմանին: Ղրղզական կողմը 6 րոպեում է բաց թողնում բեռնատարները, ղազախականը` 3,5 ժամում: Խնդրի ընդհանուր հանգուցալուծման համար նախատեսված էր Երևանում տրանսպորտային ճանապարհային քարտեզ ստորագրել, որը նախապես քննարկվել էր երկու կառավարությունների միջև, վերջին պահին Ղազախստանի վարչապետը հրաժարվեց ստորագրել: Դրանից տուժում են ռուս ու ղրղզ ձեռներեցները, տուժում է բնակչությունը` չստանալով անհրաժեշտ սննդամթերքը: Սա այսօր Բիշքեկի թիվ 1 խնդիրն է, որի լուծման համար փորձագետները ևս իրենց խոսքը պիտի ասեն: Բելառուսի ներկայացուցիչ, տնտեսագիտության թեկնածու Վյաչեսլավ Յարոշևիչի համար երևանյան նիստից կարևորը այն հարցն էր, որ բարձրացրել էր Բելառուսի վարչապետը` ԵԱՏՄ-ում նավթագազային միասնական շուկայի ստեղծումը` առանց որի ԵԱՏՄ-ն չի կարող կայուն զարգացման հեռանկարներ ունենալ։ Նա կարծում է, որ առանց գազի ու նավթի միասնական շուկայի ԵԱՏՄ-ի շրջանակներում դժվար է երկարաժամկետ զարգացումներ ապահովել: «Դրական է, որ տարբեր հարցեր քննարկվում են, այդ թվում` փաստաթղթաշրջանառության թվայնացումը, բայց դա նույնն է, ինչ ժամանակին տիեզերք թռչելու հեռանկարն էր: Օրակարգում այսօր հարևանների միջև կաթի ու մսի տեղափոխման խնդիրներն են: Առաջին տարին չէ, որ նման խնդիրներ են ծագում»: Վյաչեսլավ Յարոշևիչի համար հատկապես կարևոր էր հավաստի տվյալներ և միասնական վիճակագրություն ունենալը, նա դժգոհ է, որ ԵԱՏՄ-ի շրջանակներում ապրանքաշրջանառության, զարգացման տեմպերի վիճակագրությունը միշտ և հեշտ հասանելի չէ, մինչդեռ առանց վիճակագրության խնդիրները հնարավոր չէ տեսնել, առավել ևս` լուծել: Նա համոզված է, որ որոշ թվերի աճը չպետք է ոգևորի: 2015-2016-ը ԵԱՏՄ-ի համար ձախողված էր, 1-2-3 տոկոս աճը բավարար չէ` աճը պետք է տևական լինի: Հաջողության համար երկնիշ թվեր են պետք։ Իսկ դրա համար ներդրումներ են անհրաժեշտ:


Աշոտ Թավադյանը Հայաստանի համար կարևորում է տրանսպորտային քաղաքականության մշակումը, որ էական է Մեղրիում բացվող ազատ տնտեսական գոտու համար, նաև էներգետիկ միասնական քաղաքականության մշակումը. «Հայաստանն ամեն տարի բախվում է մի խնդրի, որ «Գազպրոմ» ընկերությունը ամեն տարի կարող է հայտարարել գների բարձրացման մասին` վկայակոչելով միջազգային շուկայի վայրիվերումները»: Խորհրդային շրջանում Հայաստանը 5 միլիարդ խորանարդ մետր գազ էր օգտագործում, այժմ` մոտ 2 միլիարդ: Նրա գնահատականով` ԵԱՏՄ-ի շրջանակներում պայմանագրերի ու համաձայնագրերի հստակ, հետևողական կիրառումը դրական արդյունքներ կբերի, եթե անցնենք էներգետիկ միասնական շուկայի, միասնական համաձայնեցված դրամավարկային քաղաքականության, արդյունքները էականորեն կտարբերվեն: Արամ Սաֆարյանի գնահատականով` ԵԱՏՄ անդամ-երկրների շարքային քաղաքացիները ուզում են հասկանալ, թե իրենց տնտեսական և սոցիալական վիճակի ի՞նչ բարելավում արժե սպասել ինտեգրացիոն գործընթացների զարգացումից: Այդ պատճառով էլ աճում է եվրասիական տարածքի թե լրագրողների, թե հետազոտող վերլուծաբանների դերակատարությունը։ Նա համամիտ է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի դիտարկման հետ, որ ԵԱՏՄ-ի շրջանակներում տեխնիկական արգելքների վերացման հարցը խոչընդոտում է ընդհանուր շուկայում ապրանքների, ծառայությունների, կապիտալի ու աշխատուժի ազատ տեղաշարժին, որ բացասաբար է անդրադառնում ինտեգրացիոն գործընթացներից սպասվող արդյունքի վրա, բայց և լավատես է, որ բոլոր խնդիրները ժամանակին կստանան իրենց լուծումները:


Մեկժամյա տեսակամուրջը վեր հանեց ոչ միայն ընդհանուր ձեռքբերումները, այլև ԵԱՏՄ անդամների տարակարծությունները: Մասնավորապես` Ղազախստան-Ղրղզստան քաղաքական-տնտեսական թնջուկը, որի լուծումը Բիշքեկը փորձում է գտնել ԵԱՏՄ շրջանակներում, իսկ Աստանան` ոչ: Ավելին` Աստանան մեղադրում է Բիշքեկին Չինաստանի հետ առևտրաշրջանառության իրական թվերը թաքցնելու, հետևաբար մաքսատուրքը նվազեցնելու մեջ, իսկ Բիշքեկը հակադարձում է, որ առանց այդ էլ երկրում շատ էին թերահավատները, որ ԵԱՏՄ անդամակցությունը խանգարելու է տնտեսական զարգացմանը, ստացվում է` նրանք էին ճիշտ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ. Գ. Տեսակամրջի ամենատարօրինակ հարցը, թերևս, ղազախ լրագրողինն էր. նրան հետաքրքրում էր` ինչու՞ Հայաստանն անդամակցեց ԵԱՏՄ-ին` ընդհանուր սահմաններ չունենալով: Ժամանակին այդ հարցը մտահոգում էր և ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին, բայց նա այսօր ԵԱՏՀ նախագահն է: Համարենք, որ այդ հարցը այլևս չկա, բայց կան միասնական քաղաքականության տասնյակ հարցեր, որոնց չլուծումը միայն թուլացնում է ԵԱՏՄ-ն։ Անցած տարիների փորձը ցույց է տալիս, որ միասնական քաղաքականությունը բախվում է միջպետական տարաձայնություններին կամ բյուրոկրատական պատնեշներին: Այսինքն` չկան միասնական շահեր, կան սեփական քաղաքական ու տնտեսական շահերը առաջ մղելու միտումներ, ուրեմն ինչու՞ միություն:

Դիտվել է՝ 3719

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ