Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Պատասխանը կլինի ակնթարթային և նույնաչափ»

«Պատասխանը կլինի ակնթարթային և նույնաչափ»
31.10.2017 | 10:04

Ես հաճա՛խ չեմ ուշադրություն դարձնում Պուտինին և նրա հայտարարություններին, թեպետ աշխարհի առաջատար գերտերություններից մեկի առաջնորդի որոշումներն ու տեսակետները չեն կարող կարևոր չլինել ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ աշխարհի համար: Եվ ահա 2017 թ. հոկտեմբերի 19-ին Ռուսաստանի ղեկավարը երրորդ անգամ ամբողջ աշխարհին ստիպեց լրջորեն մտածել ու «ցնցվել», միաժամանակ փորձել կանխատեսել, թե ինչ կկատարվի, եթե... Առաջին անգամ այդ ձևով Պուտինն աշխարհին ստիպեց մտորել Մյունխենում՝ անվտանգության միջազգային համաժողովում ունեցած իր ելույթով: Երկրորդ անգամ՝ 2014 թ. սեպտեմբերին՝ Նյու Յորքում, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում: Հիմա էլ Սոչիում, «Վալդայ-2017» միջազգային քաղաքական բանավիճական ակումբի լիագումար նստաշրջանի նիստում: Քաղգործիչների, լրագրողների և պարզապես ներկաների հարցերին նրա բոլոր պատասխանները հիշատակելու կամ քննարկելու իմաստ չկա:


Անձամբ ես Պուտինի հայտարարություններում առանձնացրի երեք կարևոր ուղղություն: Առաջինը՝ ռուս-ամերիկյան հարաբերությունների հնարավոր ապագան: «Մեր որոշ գործընկերներ կարծում են, թե միջազգային քաղաքականության քաոսը կարելի է կառավարել, ուստի նրան հակազդելն անիմաստ է: Իսկ մենք համարում ենք, որ դա արմատապես սխալ է»,- Ռուսաստանի նախագահն այսպես բնութագրեց ԱՄՆ-ի քաղաքականությունը Մերձավոր Արևելքում: Հենց ԱՄՆ-ն է նպաստել Մերձավոր Արևելքը քաոս դարձնելուն՝ «տարածաշրջանի երկրներում հեղափոխություններ սադրելով, հաճախ էլ նրանց դեմ ուղղակիորեն ռազմական ուժ գործադրելով»: Այսպիսով, ինչպես նշեց ՌԴ նախագահը, Արևմուտքը փորձում էր ստեղծել կառավարելի քաոսի գոտիներ: Սակայն Ռուսաստանի և նրա տարածաշրջանային դաշնակիցների (ակնհայտորեն՝ Իրանի, Իրաքի, Չինաստանի և Սիրիայի օրինական կառավարության) ձեռնարկած միջոցառումները ցույց տվեցին իրադրության վրա ազդելու, քաոսի տարածումը թույլ չտալու և դադարեցնելու հնարավորությունը: Պուտինը հայտարարեց, որ այդ ռազմավարությունը որոշակի դրական արդյունք է տալիս, և զգուշավոր լավատեսություն հայտնեց սիրիական պատերազմում իրադարձությունների զարգացման առնչությամբ:


Այսպիսով, Մերձավոր Արևելքում որևէ զիջում կամ ավելորդ ներողամտություն չի լինի, և Մոսկվան չի հրաժարվի իր դաշնակիցներից: Ավելին, ակնարկվում է, որ եթե իրաքցիները խնդրեն, ապա Ռուսաստանը և նրա «տարածաշրջանային դաշնակիցները» կավելացնեն իրենց օգնությունը նաև Իրաքի օրինական կառավարությանը: Ինչպես ինձ թվում է, 2011-17 թթ. ողջ մոլորակը հասկացավ, որ Մերձավոր Արևելքում կա միայն մեկ, Իսրայելից ու Պաղեստինից ավելի կարևոր տարածաշրջան, որի վերահսկողությունից շատ բան է կախված: Դա նախապատմական ժամանակներից հայտնի Միջագետքն է՝ ժամանակակից Սիրիան և Իրաքը: Նաև, իհարկե, Իրանը: Եվ Ամերիկային ու Եվրոպային են պարզ հասկացնում՝ Ռուսաստանի և Իրանի հարաբերությունների խզման հույս չունենաք: Այդ երկու պետություններն ուզում են վերահսկել Միջագետքը, իսկ թե ինչ փայատիրությամբ, Արևմուտքին չպետք է «հուզի»՝ Թեհրանն ու Մոսկվան իրենք կպայմանավորվեն: Ավելի ստույգ, արդեն պայմանավորվել են. «Ռուսաստանը և դաշնակիցները Սիրիայում վերացնում են քաոսը»: Ակամա հետևյալ միտքն է ծագում՝ արդեն ոչ ոք չի կարող խանգարել Ռուսաստանին և Իրանին «քաոսը վերացնելու» Այսրկովկասում կամ ցանկացած այլ տարածաշրջանում, որտեղ նույնպես նրանց շահերը կհամընկնեն: Իսկ եթե իրադրությունը և ընթացիկ խնդիրներն ավելի լայն դիտարկենք, ապա այդ մոտեցումը վերաբերում է նաև ՈՒկրաինային: Իզուր չէ, որ Պուտինը հստակ հասկացրեց՝ Ռուսաստանը չի փակի ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի հետ իր սահմանները:
Այնուհետև ՌԴ նախագահը հիշեցրեց, որ 2000 թ. Ռուսաստանը ստորագրել և վավերացրել է Միջուկային փորձարկումների համընդհանուր արգելման պայմանագիրը (ՄՓՀԱՊ) և աշխարհի մյուս երկրներին այդ պայմանագրին միանալու կոչ է արել. ԱՄՆ-ը «մինչ այժմ չի ստորագրել և չի վավերացրել ՄՓՀԱՊ-ը»: Նա հիշեցրեց, որ ամերիկացիներն իրենք են 1996 թ. Գլխավոր ասամբլեայի օրակարգ մտցրել միջուկային զենքի փորձարկման համաշխարհային արգելքի նախագիծ, բայց շարունակում են այդ զենքի փորձարկումները: 2014 թ. սեպտեմբերին ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք հայտնեց, որ ԱՄՆ-ը, չնայած ՄՓՀԱՊ-ը վավերացնելու մտադրության մասին իր բազմակի հայտարարություններին, ոչ մի գործնական քայլ չի արել այդ ուղղությամբ: ՌԴ ԱԳՆ-ի հայտարարության մեջ ասվում էր, որ 1996-ից գոյություն ունեցող պայմանագիրն ուժի մեջ չմտնելու ամբողջ պատասխանատվությունը կրում է ԱՄՆ-ը, որն իրեն առաջատար է համարում միջուկային զենքի չտարածման ռեժիմի ամրապնդման և զինաթափման ոլորտում: Առանց չափազանցության, աշխարհի խաղաղությունը կախված է այն բանից, թե ինչ կլինի ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև միջուկային ասպարեզում: Ինչ-որ չափով նաև այն բանից, թե այդ ասպարեզում ինչ զարգացում կունենան ԱՄՆ-ի և Չինաստանի հարաբերությունները:


Ինչպես նշեց Պուտինը, 90-ականների սկզբին ամերիկացիները մի քանի հարյուր ստուգողական այց են կատարել ՌԴ-ի միջուկային օբյեկտներ՝ թափանցելով ռուսական միջուկային զինահամալիրի «սրբություն սրբոցը»: «ԱՄՆ-ը ՌԴ-ի լիովին գաղտնի բոլոր օբյեկտներ մտնելու թույլտվություն է ստացել: Ըստ էության, փոխադարձ համաձայնությունները միակողմանի բնույթ են կրել: Ավելին, կազմվել է ամերիկյան 100 կազմակերպության ցուցակ, որոնք ստացել են գործնականում ցանկացած ժամանակ տեսչական ստուգում կատարելու իրավունք»,- ասաց Պուտինը: Ռուսաստանում այդ ընթացքում շրջանառությունից հանվել է 500 տ զինական ուրան: «Իսկ ԱՄՆ-ը սահմանափակվեց իր զինանոցի շատ ավելի համեստ կրճատմամբ: Մեր տեսուչները նույնպես ստուգում էին, բայց «բարի կամոք» և ամերիկյան կողմի պայմաններով»,- հիշեցրեց ՌԴ նախագահը: Եվ անցավ ցավագին հարցին, որը սրվեց այն բանից հետո, երբ ՌԴ-ն իր թևավոր հրթիռները կիրառեց Սիրիայում: «Ռուսաստանն ավելի հաճախ է մեղադրվում նոր զենք մշակելու և ՄՓՀՀ-ի (միջին և փոքր հեռահարության հրթիռներ) պայմանագիրը խախտելու մեջ,- ասաց Պուտինը՝ նկատի ունենալով «Իսկանդեր-Մ» համալիրների համար նախատեսված նոր հրթիռների վերջերս կատարված փորձարկումների առթիվ Արևմուտքի բուռն արձագանքը: -«Մենք պարզապես շտկել ենք իրավիճակը: Ռուսաստանը, երևի, ՄՓՀՀ ոչնչացման պայմանագրից դուրս գալու գայթակղություն կունենար, եթե չստեղծեր օդային և ծովային բազավորման հրթիռներ, որոնք ՄՓՀՀ-ից դուրս են»: Պուտինը հընթացս նշեց, որ ՌԴ-ն հիմա ունի նշանավոր «Տրամաչափ Ն-երից «ԽՈսՌոՐ-ծ» ավելի հզոր և ավելի հեռու թռչող հրթիռներ: «Ռուսաստանը միայնակ է պահպանել 1987-ին Գորբաչովի և Ռեյգանի կնքած պայմանագիրը,- ասաց նա,- երբ պայմանավորվում էինք միջին և փոքր հեռահարության հրթիռների վերացման մասին, խոսքը վերաբերում էր ցամաքային բազավորման «փերշինգներին» և մեր հրթիռային համակարգերին: Զինաթափման ավարտի պահին ԱՄՆ-ում մնում էին օդային և ծովային բազավորման հրթիռներ, որպիսիք Ռուսաստանը չուներ»: Եվ վերջապես. «Մենք պահպանել ենք և կպահպանենք ՄՓՀՀ-ն, քանի դեռ մեր դաշնակիցները պահպանում են մեր նախկին պայմանավորվածությունների բոլոր պայմանները: Բայց տեսնում ենք, որ մեր ամերիկացի գործընկերները ՄՓՀՀ-ից դուրս գալու ցանկություն ունեն: Այդ ժամանակ մեր պատասխանը կլինի ակնթարթային և նույնաչափ»:


Վերջ, Կրեմլն այլևս ոչինչ չի պայմանավորելու Թրամփի և նրա վարչակազմի «անփորձությամբ»: Ինչպես ասվում է, Մոսկվան «հոգնել է սպասելուց»: ԱՄՆ-ի մի անզգույշ գործողություն, և Մոսկվան անհապաղ կպատասխանի՝ այս նրբերանգը նշեցին Ամերիկայի գրեթե բոլոր «տարօրինակ մարդիկ», ինչպես, օրինակ, Արիել Քոենը և Դմիտրի Սայմսը: Երկուսն էլ ԱՄՆ-ի այն շրջանակների իրազեկ և մերձավոր անձինք են, որոնք գաղափարներ են արարում, վճիռների նախագծեր մշակում, հետո այդ որոշումները պարտադրում ԱՄՆ-ի պետդեպարտամենտին և Սպիտակ տանը: Եվ իսկույն, ՄՓՀՀ-ի թեմայի կողքին, Պուտինը «ուժգին կտցահարեց» Ամերիկային նաև ՆԱՏՕ-ի և ՄԱԿ-ի ակտիվացման հարցերով: Բայց ՄԱԿ-ի խնդիրն էլ հենց Պուտինի հոկտեմբերի 19-ի պատասխանների երկրորդ գլխավոր ուղղությունն է: Այնպես որ, նախ՝ ՆԱՏՕ-ի մասին: Ըստ Պուտինի, Մոսկվային չի անհանգստացնում ռուսական սահմանների մոտ ՆԱՏՕ-ի ռազմական հզորության աճը, և Մոսկվային բացարձակապես չարժե փորձել ահաբեկել: «Մենք վերլուծում, ուշադիր նայում ենք, ամեն քայլը մեզ հայտնի է, հասկանալի է... Ամեն ինչ հսկողության տակ է»,- ժպտալով ասաց Ռուսաստանի առաջնորդը: Ով ինչ էլ ասի այդ հայտարարության մասին, այն հնչուն ու թափով ապտակ է և՛ ՆԱՏՕ-ին, և՛ ԱՄՆ-ին, որովհետև ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Ռուսաստանի սահմանների մոտ ՆԱՏՕ-ն ակտիվացել է ամերիկացիների թելադրանքով և ՌԴ-ի շուրջ լարվածությունն ուժեղացնելու ԱՄՆ-ի ռազմավարության համաձայն:


Այժմ՝ ՄԱԿ-ի մասին: Հիշենք, թե ինչպես ՌԴ-ն ու Չինաստանը տապալեցին ՄԱԿ-ը բարեփոխելու անհրաժեշտության մասին աշխարհին «վեճ» պարտադրելու ԱՄՆ-ի փորձերը, բնականաբար, Եվրասիայի երկու երկիր վետոյի իրավունքից զրկելու ուղղությամբ: «Եղան ՄԱԿ-ը վարկաբեկելու կամ վերահսկողության տակ դնելու փորձեր, բայց դրանք բոլորը ձախողվեցին: ՄԱԿ-ն օժտված է համապարփակ օրինականությամբ և այլընտրանք չունի,- ընդգծեց Պուտինը:- ՄԱԿ-ում վետոյի իրավունքը պետք է պահպանվի, քանի որ դա երաշխիք է առանձին տերությունների թելադրանքի դեմ»: Սա արդեն ոչ այնքան դիվանագիտական նախազգուշացում է, որքան ապտակ Թրամփի վարչակազմին՝ ՄԱԿ-ի ներսում Վաշինգտոնի մարտավարության համար: Եվ կրկին ԱՄՆ-ի «տարօրինակ մարդիկ», ի դեմս Քոենի և Սայմսի, նշեցին, ոչ առանց տագնապի, որ Ռուսաստանը տրամադրված է «ոչինչ չներելու», որ Մոսկվան առաջարկում է Արևմուտքի հետ երկխոսության նոր մակարդակ և կանոններ: Ի դեպ, Պուտինն ինքն էլ ընդգծեց, որ ստեղծված իրավիճակում «հարկ է թերթել փոխհարաբերությունների այդ էջերը և առկա սուր հիմնահարցերի քննարկումը փորձել մաքուր թղթից»:


Վերջին ուղղությունը՝ հանրաքվեներ և ինքնորոշում: Պուտինը խոսեց միայն Կատալոնիայի մասին: Եվ շատ զգուշորեն. Մոսկվան կողմ է, որ ամեն ինչ որոշվի Իսպանիայի օրենսդրության համաձայն: Սակայն ավելացրեց. «Մի՞թե Եվրոպայում ոչ ոք չգիտեր, որ հիմնախնդիրներ կան: Մի՞թե Եվրոպայում ոչ ոք, երբ ԱՄՆ-ին օգնում էր Հարավսլավիան մասնատելիս, չէր հասկանում, թե հետո ինչ է լինելու»: Այս մասում Պուտինի հայտարարությունները վառ կերպով հիշեցրին Նյու Յորքում 2014 թ. նրա ճառը. «Դուք գոնե հիմա հասկացա՞ք, թե ինչ արեցիք», երբ խոսում էր Սիրիայի մասին: Իսկապես, Հարավսլավիայից բռնապոկելով Կոսովոն և Մետոխիան, հետո վերջնականորեն Հարավսլավիան «կոտրելով» Չեռնոգորիայի վերնախավն «ամբողջությամբ գնելով», մի՞թե Արևմուտքը չէր հասկանում, որ «կարթնանան» կատալոնացիները, բասկերը, կորսիկացիները, ֆլամանդցիները և ուրիշներ:
Պուտինի պատասխանների թեմատիկայի այդ ուղղությունը հատկապես կարևոր է Հայաստանի և Արցախի համար:

ՈՒշադիր կարդանք և վերլուծենք. «Կատալոնիայի իրադրությունում տեսանք անկախության կողմնակիցների միահամուռ դատապարտում Եվրամիության ու մի շարք այլ պետությունների կողմից: Այդ կապակցությամբ չեմ կարող չասել՝ շուտ պետք էր մտածել այդ մասին,- ասաց ՌԴ նախագահը:- Եվրոպայի կողմից մի շարք երկրների փլուզմանը և Կոսովոյի անջատմանն օժանդակելը հանգեցրեց անջատողական միտումների աճին, որի հետևանքը եղավ, մասնավորապես, Կատալոնիայի իրադրությունը: Ժամանակին Եվրոպան ողջունեց մի ամբողջ շարք պետությունների առաջացումը, հետո անվերապահորեն պաշտպանեց Կոսովոյի անջատումը՝ հրահրելով նման գործընթացները Եվրոպայի ու աշխարհի այլ մասերում ևս»: Իսկ երբ Ղրիմը հայտարարեց իր իրավունքների մասին, Արևմուտքին դա դուր չեկավ: «Ստացվում է, ըստ մեր որոշ գործընկերների, որ անկախության ու ազատության գործում կան «ճիշտ» մարտիկներ և կան անջատողականներ, որոնք չեն կարող իրենց իրավունքները պաշտպանել նույնիսկ ժողովրդավարական մեխանիզմներով,- նշեց Պուտինը:- Դա երկակի չափորոշիչների փայլուն օրինակ է, որը լուրջ վտանգ է Եվրոպայի և այլ աշխարհամասերի կայուն զարգացման, ամբողջ աշխարհում ինտեգրման գործընթացների առաջընթացի համար»:


Ամերիկացի փորձագետ Սայմսն ընդգծեց Պուտինի հայտարարությունների նաև այդ մասը՝ հիշատակելով մի հետաքրքիր պատմություն: 2008 թ. նա ներկա էր մի «հիվանդագին քննարկման» և լսեց, թե ԱՄՆ-ի պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսն ինչպես անառարկելի տոնով հայտարարեց. «Կոսովոն նախադեպ չէ: Վերջակետ»: Սայմսի վկայությամբ, նրա կողքին նստած «Ռուսաստանի շատ բարձրաստիճան ներկայացուցիչն» այդ ժամանակ ասաց նրան. «Իհարկե, Ռայսը իր կարծիքն ունենալու իրավունք ունի, բայց մենք ստորակետ ենք դնում և այդ նախադասությունը կշարունակենք»:


Իսկ ես հիշեցի Երևանում իմ անհամար վեճերը որոշ շրջանակների հետ, այդ թվում՝ իշխող ՀՀԿ-ի կազմում, որոնք փորձում էին գործը ներկայացնել այնպես, թե ամերիկացիների կողմից «ալբանական Կոսովոյի» ստեղծումն իբր կնպաստի Արցախի անկախության ճանաչմանը: Վիճում էի ԱՄՆ-ի պահանջով «Կոսովոյի անկախությունը» ճանաչելու կողմնակիցների հետ: Ես նույնիսկ հեռուստամենամարտ մղեցի ներկայիս փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանի դեմ, որում ինձ պարտություն «գրանցեցին»: Բայց ժամանակը ցույց տվեց, որ ես եմ հաղթել, որովհետև 2008-ից բազմաթիվ ամերիկացիներ (թող ո՛չ հենց Ռայսը) Երևանում մշտապես պնդել են՝ հայե՛ր, Կոսովոն ձեզ համար չէ: Բայց Ղրիմը հենց Ռուսաստանի համար է: Եվ 2017-ին մենք պետք է հասկանանք, որ եթե դու Ռուսաստանն ես կամ Չինաստանը, ապա քեզ համար ամեն ինչ կարող է նախադեպ լինել, որովհետև դու ԱՄՆ-ին կամ ԵՄ-ին պատասխանելու բան ունես:

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 4272

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ