Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Զվարճանա՞լ եք ուզում՝ պարեք, ուրախացեք մեր ավանդական տոներին

Զվարճանա՞լ եք ուզում՝ պարեք, ուրախացեք մեր ավանդական տոներին
31.10.2017 | 10:19

«Հելոուին». բառ՝ իր իմաստով, էությամբ և հնչողությամբ խիստ խորթ և օտար մեր լսողությանն ու էությանը: Իսկ ինչպե՞ս բառը, նաև նրա իմաստն ու դրանից բխող ամենայն ինչ այդքան անարգել ու հեշտ թափանցեցին մեր կյանք:
Անհասկանալի և հասկանալի է միաժամանակ:


Մարդկանց մեծամասնությանը տրված չէ իրենց պարզ կենցաղային հարցերից դուրս ամեն բան ծանրութեթև անելու, օտար երևույթի թաքուն խորքերը, մակերեսի փայլի տակ թաքնված գարշանքն ու թակարդները տեսնելու կարողությունը: Դա ժողովրդի առաջնորդների գործն է՝ այն քչերի, ովքեր պարտավոր են մարդկության, ազգի, երկրի գոյատևության համար սրված մտքով ու բնազդով ապրել: Բայց այսօր այդ բնազդն ունեցողները, ազգանպաստ ապրել ցանկացողները նաև, հեռու են ազգի համար վճիռներ կայացնելու իրավունքից: Դա տրված է պատեհապաշտներին, որոնք չեն հասկանում, որ ժողովրդի ոտքերի տակ խորացող անդունդը նույնչափ իրենց էլ է սպառնում:


Վերադառնանք օր օրի մոլորակի վրա նորանոր երկրներ գրավող «հելոուին» կոչվածին, այդ խեղկատակությանը, իհարկե, մեղմ ասած, չափազանց մեղմ:
Դժվար չէ հասկանալ, որ զավթողական արշավանք հիշեցնող այդ ընթացքի համար լուրջ աշխատանք է տարվել ու տարվում, անկասկած, փողեր են դրսից հոսել որոշ կամակատար-պնակալեզների գրպանները: Ոչ փոքր փողեր:
Դրա մի փոքրիկ ապացույցներից է այն, որ տոնական օրից դուրս էլ՝ ամիսներ շարունակ, ինչ-որ անցումներում այդ տոնին նվիրված սարսափի դիմակների ցուցադրությունը՝ առանց զարմանք և դժգոհություն առաջացնելու մեր մեջ, թեկուզ մի քանի ակնթարթ, բայց արդեն խուժում է մեր աչքերի, ապա հոգիների մեջ... Իմաստը հետևյալն է՝ քիչ-քիչ սովորեք-հաշտվեք-սպասեք:
Այդպես մեզ արդեն շատ բաների են հաշտեցրել, անսահման տհաճն ու մերժելին դարձրել սովորական առօրյայի մաս: Մենք արդեն դրանք չենք էլ նկատում: Բայց թույնի փոքր չափաբաժինները գնալով ավելանում են ու կործանարար դառնում: Հատկապես նոր սերնդի վրա, որը դրանք ընդունում է աշխարհը նոր ճանաչող, հետաքրքրասեր, սրտաբաց մանկան՝ դեռ ամեն բանի անգետ հոգով:


Եթե սկսեմ օրինակներ բերել, ժամեր կտևի, դրանք արդեն մեր կյանքի բոլոր ոլորտներում կնքված իրողություններ են: Ասենք, թեկուզ, մեր այսօրվա հեռուստաեթերի ողջ աղբը՝ գողական կերպարների, ջարդոց-փշրոցի հոգեզուրկ առատությամբ, որով սնում են մեզ առավոտից երեկո, կամ հենց «սեռական փոքրամասնություն» ասվածի մեծ իրավունքները, որով շատ երկրներում փոքրամասնությունն արդեն գրեթե մեծամասնություն է դարձել, և մեր երկրում էլ դրա գարշահոտը չի թողնում առավոտները մաքուր բացվեն: Էլ ո՞րն ասեմ: Լավ, շատ հեռու չգնանք, նորից վերադառնանք այս նոր փթթողին, որը, եթե այսօր դիմադրության չհանդիպի, վաղն արդեն դժվար կլինի սովորույթի ուժ ստացածն արմատախիլ անել:
Իսկ այն ոչ միայն դիմադրության չի հանդիպում, այլև արդեն ցնծությամբ ընդունվել ու տարածվում է հենց մեր կողմից: Արդեն հոգեբաններ, հաղորդավարներ են եթերով իրենց լուման բերում այդ «կարևոր» գործին, իբր, գիտե՞ք ինչ, այդ կերպ վախերը կարելի է հաղթահարել: Որպես նյարդաբան ասեմ, որ այստեղ վախի կերպն ու չափը խառնել են իրար: Նախ, այդ սատանիստական տոնի ժամանակ որքան երեխաներ, ինչու չէ՝ նաև մեծահասակներ, հանկարծակի սարսափից լուրջ խնդիրներ կարող են ձեռք բերել, բացի դրանից, մի՞թե մեզ պետք է սովորել և բուժվել սպանության, բռնության վախերից և բթացնել ինքնապաշտպանական բնազդը: Իսկ ամենակարևորը՝ Աստծուն և սեփական հոգին դավելու գնով ոչինչ չարժե անել՝ զվարճանալ, ազատվել ինչ-որ վախերից: Անհեթեթություն:
Ժողովուրդը լավ խոսք ունի. «Եթե թշնամին տնից է, եզը երդիկից էլ կարող են տանել»: Չդառնանք ինքներս մեր թշնամին՝ միանալով մեզ դավող օտարներին:


Եվ այսպես, ինչ է այդ «հելոուին» կոչվածը... Դա ներկայիս Իռլանդիայի տարածքում ապրած կելտական ցեղի հեթանոսական տոներից է... Տոնի հին անունը Սամայն է, որը նշանակում է աշխարհի վերջ: Ի՞նչ է, աշխարհի վե՞րջն է մեր ուզածը: Չէ՞ որ խոսքը մատերիա է և մեծ ուժ ունի, էլ չասած՝ գործողությունը, իսկ վհուկների, հոգիների, դժոխային ճիվաղների այդ տիվ ու գիշերը, որն այդպես հորթային ոգևորությամբ արդեն նշվում է շատերի, շատ ընտանիքների կողմից՝ վամպիրների, գանգերի և այլ ահասարսուռ դիմակավորմամբ և նույնքան սարսափազդու նվերներով, ոչ միայն ողջ տարտարոսը ոգեկոչելով, այլև հենց կերպավորելով ու միահյուսվելով նրա հետ, փաստորեն, ցանկություն է, որ կնքվում է ճակատագրին: Զուր չէ, որ արդեն այլ երկրներում այդ տոնի օրերին արյունոտ դիպվածներն անպակաս են: Եվ հենց այնպես չէ նաև մոլորակի վրա պատերազմների, անմարդկային գազանությունների հաղթարշավը: Դժո՞խք էր ձեր երազածը. ահա և ստանում եք: Չարի հետ օր առաջ միանա՞լ էիք ուզում. խնդրեմ, դա դժվար բան չէ:


Դե իհարկե, մարդկանց մտքով անգամ չի անցնում կապ տեսնել այդ ամենի մեջ: Նրանց ուզածը միայն մի փոքր ադրենալինն է, որը ևս որպես շաբլոն միտք ու ցանկություն կաթեցվել է միամիտ ուղեղներին: Մի փոքր ադրենալին՝ սարսափի արյունոտ տեսարանների ցուցադրությամբ, բայց որը նպատակային կերպով փորձ է արվում պարզապես սովորական դարձնել: Որ երբ այդ արյունալի խրախճանքը մատուցվի իրականություն դարձած, մեծ ռեակցիաներով չընդունվի: Այդպես էլ կա՝ իսլամիստների, թուրքերի ոհմակների վայրագությունները հիմա մի ականջով լսվում, մյուսով դուրս են թողնվում: Սովորել ենք, գրեթե կյանքի նորմ է դարձել՝ ինչի՞ց զարմանանք:
«USA Today» թերթում, իրենց տոնի այդպիսի արագ տարածման մասին մի կախարդ ասել է. «Քրիստոնյաները, առանց գիտակցելու, մեզ հետ նշում են մեր տոնը: Դա մեզ հաճելի է»: Դե իհարկե, հաճելի կլինի, այդ կախարդները, գրեթե ոչինչ չարած, չարին իրենց ծառայությունը և հոգիների որսը ավելիով են մատուցում: Ներկայումս որոշ քրիստոնյա երկրներում այդ տոնն արդեն գրեթե մրցում է Սուրբ ծննդյան տոնի հետ իր ընդունվածությամբ: Որոշ ժամանակ անց պետք կգա նաև՝ ըստ դրա, վերանայել այդ ժողովուրդների քրիստոնյա, թե հեթանոս, որն է՝ վայրենի ու սատանապաշտ, լինելը: Ահա ձեզ «փոքրիկ», «զվարճալի» տոնի մեծ իմաստն ու առաքելությունը:


Չարի պաշտամունքի ծիսակարգ հանդիսացող տոնի որոշ հաճելի էլեմենտներ սկզբում ավելի առաջ մղելով, թաքցնել են փորձում իրական դեմքը: Ի՞նչ վատ բան է, ասենք, դիմակներով իրար վախեցնելը, երբ հատկապես նաև քաղցրավենիք և կոնֆետ են իրար բաժանում, երբ լրիվ անմեղ ու անվնաս դդումներ են իրենց դդում գլուխներով (վստահ եմ, դրա մեջ այսօրվա՝ հոտի պես իրենց հետևողների հետ համեմատության իմաստն անպայման դրված է ու կա) մասնակիցը դառնում զվարճանքի:
Բայց չմիանամ նման երևույթների կազմակերպիչներին և ես էլ չվիրավորեմ ժողովրդին, որին, ինչպես արդեն նշեցի, այդքան էլ տրված չէ ամեն ինչի խորքը տեսնելու կարողությունը: Վերադառնամ նրանց, ովքեր պատասխանատու են երկրի ու ժողովրդի համար, ովքեր պարտավոր են ունենալ ազգային գաղափարախոսության և ազգի, օջախի կրակը պահելու գոնե ամենաքիչ պատկերացումը:
Մեծ պարտությունները փոքրերից են ավելի հաճախ սկսվում: Մենք արդեն այդպիսի փոքր պարտությունների մի ողջ լեռ ունենք մեր ուսերին: Եվ պետք չէ արդարանալ, թե ողջ մոլորակն է ամեն օր փոքր առ փոքր, քիչ առ քիչ պարտվում: ՈՒրեմն, պարզապես պետք է զանգեր հնչեցնել ոչ միայն այստեղ, այլև խեղճացած ու անճարակ շուրջբոլորը փրկություն հայցող հայացքներ նետող այդ հեռավորների համար: Մենք նույն նավի մեջ ենք:
Եվ մեծ հաղթանակներն էլ մեծ պարտությունների պես հաճախ փոքր հաղթանակներով են հարթում իրենց ճանապարհը: Սկսենք այդ ընթացքը՝ մեզ պարտադրված և պատուհասած այդ սատանայական ծիսակարգը մերժելուց: Դուրս մղենք այն մեր իրականությունից, ինչպես գեյ շքերթներն են երբեմն հալածվում: Ցավոք, միայն երբեմն:


Իսկ եթե զվարճանալ եք ուզում՝ դիմակավորվեք (իհարկե՝ նորմալ դիմակներով), կոնֆետներ ու փուչիկներ բաժանեք, պարեք, ուրախացեք մեր ավանդական տոներին՝ բարեկենդաններին, Սուրբ ծննդյան, Հարության, Համբարձման և այլ տոներին՝ ակումբներում, տներում՝ որտեղ կուզեք: Կազմակերպեք այդ տոները՝ իրենց իմաստին և ծիսակարգին ավելացնելով ձեր ուզած ձևերը, ճոխացրեք ձեզ սրտամոտ տոնական մանրուքներով, իհարկե, ավանդականի հիմքերը չխաթարելով և պահելով ազգային ու քրիստոնեական արժեքների խորհուրդը տիեզերական:

ՆԱՆԵ

Դիտվել է՝ 9690

Մեկնաբանություններ