Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Ինչպես ճանաչել Աստծո կամքը

Ինչպես ճանաչել Աստծո կամքը
31.10.2017 | 00:08

Ո՞վ է իմաստուն և խելացի մարդը: Այս հարցին տարբեր մարդիկ տարբեր ձևով են պատասխանում: Ոմանք, օրինակ իմաստուն են կոչում նրանց, ովքեր լավ գիտեն ինչպես կարելի է շատ փող աշխատել և հարստանալ, կամ նրանց, ովքեր կարողացան իշխանության հասնել, կամ ով ձեռք բերեց ճանաչում և փառք, կամ նա, ով կարողանում է իր հաճույքի համար գեղեցիկ կյանք ապրել:


Մի խոսքով, այս կարգի մարդկանց համար լինել խելացի նշանակում է հասնել հաջողության երկրավոր կյանքում: Տրամաբանությունն այստեղ պարզ է՝ եկեք ուտենք, խմենք, զվարճանանք և վերցնենք կյանքից ամեն ինչ, որովհետև վաղը պիտի մեռնենք:
Իհարկե, շատերին այսպիսի ցածր պատկերացումը մարդու իմաստության վերաբերյալ չի բավարարի, և նրանք էլ հարցին, թե ով է մարդկանցից իմաստունը, կպատասխանեն` նա է իմաստունը, ով սրտացավ է, բարձր կրթություն ունի, բազմակողմանի զարգացած է, մի քանի լեզուների է տիրապետում, շատ երկրներով է զբոսնել, շատ բաներ գիտի և այլն... «Ահա այսպիսի մարդկանց հետ շփվելը հետաքրքիր է,- կասեն նրանք,- սրանք են իրապես խելացի»: Ոմանք էլ կասեն` իմաստունը նա է, ով փորձառու է, խորաթափանց միտք ունի, ով ճանաչում է կյանքը և մարդկանց, կարողանում է իր կյանքում կիրառել ամբողջ իմացածը: Հարցին` ում կարելի է համարել իմաստուն և խելացի, նման պատասխաններ տալիս են սովորաբար աշխարհիկ մարդիկ:


Քրիստոնեությունը, սակայն, այս հարցին պատասխանում է այլ կերպ: Ահա թե ինչ է ասում սուրբ Անտոնիոս Մեծը. «Մարդիկ սովորաբար խելացի են կոչվում սույն բառիս սխալ կիրառմամբ: Նրանք չեն խելացի, ովքեր ուսումնասիրել են հին իմաստունների գրությունները, այլ նրանք, ում հոգին է իմաստուն, ովքեր կարող են քննել` ո՞րն է չարը, ո՞րն է բարին, և փախչում են հոգին վնասող չարից, իսկ բարու և հոգեշահ բաների համար ջանասեր են և կատարում են այն առ Աստված մեծ գոհունակությամբ: Սրանք միայն իրապես խելացի պիտի կոչվեն: Ճշմարտապես իմաստուն մարդը մեկ հոգս պիտի ունենա՝ ամբողջ հոգով հնազանդվել և հաճելի լինել բոլորի Աստծուն»: Սուրբ Անտոնիոսի այս խոսքերից պարզ երևում է, որ մարդն առանց Աստծու չի կարող ճշմարտապես խելացի լինել: Միայն նա, ով Աստծուն հաճելի կյանքով է ապրում և կատարում Նրա կամքը, կարող է կոչվել իմաստուն և խելացի: Հենց այսպիսի իմաստություն է սովորեցնում մեզ Սուրբ գիրքը, երբ ասում է Պողոս առաքյալի շուրթերով . «Մի՛ եղեք անխոհեմ և անմիտ, այլ փորձեք, թե ո՞րն է Աստծո կամքը»: Նույնն է սովորեցնում մեզ նաև Տերունական աղոթքը, որի խոսքերը`«եղիցին կամք Քո, որպես յերկինս եւ յերկրի» ասում ենք մենք ամեն օր:


Պարզ ասելով` էլ ու՞մ կամքը, բացի Աստծու կամքից, մարդ կարող է կատարել: Իրականում մարդ կարող է կատարել երեք կամք. առաջինը` Աստծո, որը կատարյալ է և փրկարար, երկրորդը՝ մարդու սեփական կամքն է, որը եթե վտանգավոր չէ, միևնույն է, փրկարար լինել էլ չի կարող, իսկ երրորդը` դիվական կամքը, միշտ վտանգավոր և կործանարար: Այստեղից երևում է, որ փրկարար կամքը միայն մեկն է՝ դա Աստծո կամքն է, իսկ մյուս երկուսը մեզ չեն փրկում, այլ տանում են կործանման: ՈՒրեմն, նա, ով կամենում է փրկվել, անպայման պիտի ձգտի իր կյանքում կատարել Աստծու կամքը: Սակայն որպեսզի կատարենք, այն պետք է իմանանք: Հնարավո՞ր է մարդուն իմանալ Աստծո կամքը, և եթե հնարավոր է, ինչպե՞ս դա անել: Օրինակ, սրբերը իմանում էին Աստծո կամքը անմիջապես Աստծուց, և դա հասկանալի է: Իսկ մենք, որ հեռու ենք սրբերի կատարյալ վիճակից, ինչպե՞ս այն ճանաչենք: Այս բանը այնքան էլ պարզ և հեշտ գործ չէ, դա մի գիտություն է և արվեստ, որին հասնել միանգամից չես կարող: Այն հնարավոր չէ սովորել զուտ տեսականորեն, ինչպես, օրինակ, սովորում են ֆիզիկայի օրենքները կամ երթևեկության կանոնները: ՈՒսումնասիրվում է այն բազում տքնություններով, բազում պայքարներով ու փորձություններով և քրիստոնեական կյանքի մեծ փորձառությամբ: Այն չափով, որչափ մարդ մոտենում է Աստծուն, նույն չափով էլ ընդունում է Նրանից հոգևոր խոհականության շնորհը և ունակ է դառնում անսխալ ճանաչելու Նրա կամքը:
Իսկ ի՞նչ է հոգևոր խոհականությունը: Սուրբ Պայիսիոս Աթոսացու խոսքերի համաձայն հոգևոր խոհականությունը սրբվածություն է, Աստվածային լուսավորություն, հոգևոր պայծառություն: Քրիստոնյան ամեն կերպ պիտի ձգտի ձեռք բերել այդ շնորհը: Սակայն նրանց համար, ովքեր չեն հասել բարձրության այդ չափին, կան որոշ միջոցներ, որոնք պիտի օգնեն այն սովորելու ճանապարհին: Դիտարկենք նրանցից գլխավորները:


Առաջին՝ նա, ով ուզում է իր կյանքում ամեն բան կատարել ըստ Աստծո կամքի, անպայման պիտի ուշադիր ուսումնասիրի Նրա Խոսքը՝ Աստվածաշունչը, որտեղ Տերն ինքը հայտնում է մարդուն Իր կամքը: Նաև կարդալուց բացի պետք է ձգտենք մեր կյանքում իրագործել Սուրբ գրքի պատվիրանները: Պետք է պատկերացնենք, որ Աստված մեզ տեսնում է, ի՞նչ է սպասում մեզնից և ինչպե՞ս է ուզում, որ մենք վարվենք: Պետք է հիշենք, թե Սուրբ գրքի ո՞ր խոսքերը կամ պատվիրաններն են կիրառելի տվյալ իրավիճակում, և դրանից ելնելով էլ փորձենք կատարել ճիշտ, այսինքն` Աստծուն հաճելի ընտրություն:


Երկրորդ՝ նա, ով ցանկանում է կատարել Աստծո կամքը, պետք է ուսումնասիրի սրբերի կյանքն ու վարքը: Սրբերը այն մարդիկ էին, ովքեր իրենց ողջ կյանքը նվիրեցին Աստծո կամքը կատարելու գործին ու կարող են նաև մեզ սովորեցնել նույնը:
Երրորդ՝ կա ևս մի միջոց իմանալու Աստծո կամքը, եթե չկա հնարավորություն հարցնելու հոգետես հորից կամ խոստովանահորից, պետք է աղոթք անել և խնդրել, որ Աստված մեզ տա իմացություն: Սուրբ հայրերը խրատում են, որ լավ է երեք անգամ աղոթք անել որևէ որոշում կայացնելուց առաջ և նկատել, թե որ կողմն է հակվում սիրտը, թեկուզ մեկ մազի չափ: Իսկ եթե գործը չի պահանջում հրատապ որոշում, ապա երիցս աղոթել երեք օրվա ընթացքում: Քանզի և մեր Փրկիչը երեք անգամ աղոթեց Գեթսեմանիի պարտեզում` կրկնելով նույն խոսքերը:


Նույն մտքերն է արտահայտում նաև սուրբ Պայիսիոս Աթոսացի ծերը: Նրա խոսքերի համաձայն, որպեսզի ցանկացած գործում կատարվի Աստծո կամքը, պետք է նախ` աղոթք անել, երկրորդ՝ խորհել, մտածել (որովհետև իզուր չէ, որ Աստված մարդուն խելք տվեց) և, երրորդ՝ գործել, ջանք թափել: Եվ դա շատ իմաստուն կանոն է, քանի որ աղոթքը մարդու միտքն է լուսավորում, այնպես որ նա դառնում է ընդունակ գտնելու ճիշտ, Աստծո կամքին համաձայն որոշում: Նաև, ընդհանրապես, պետք է ուշադրություն դարձնել, թե ինչ է ասում Տերը Սուրբ գրքի միջոցով, քո գիտակցության և խղճի միջոցով, կամ բարեպաշտ և իմաստուն մարդկանց շուրթերով, նաև արտաքին նշանների միջոցով:


Այսպիսով, սիրելի եղբայրներ և քույրեր, օգտվելով վերը նշված օրինակներից, սովորենք մեծագույն գիտությունը՝ իմանալ, ճանաչել և կատարել Աստծո կամքը ամեն ժամ, ամեն տեղ և ամեն գործում: Որովհետև, եթե մենք չենք կատարում Աստծո կամքը, ապա անպայման կատարում ենք կամ մեր սեփականը, կամ էլ դևերի կամքը, և սրանք երկուսն էլ չեն մոտեցնում մեզ փրկությանը, այլ տանում են կորստյան: Միակ բարին ու փրկարար և կատարյալ կամքը կամքն է մեր Տիրոջ և Արարիչ Աստծո: Նրա կատարյալ կամքը պիտի մենք ամեն կերպ փնտրենք, իմանանք և կատարենք մեր կյանքի բոլոր օրերում ըստ գլխավոր աղոթքի խոսքերի. «...եղիցին կամք Քո, որպես յերկինս եւ յերկրի»: Ամեն:


Թարգմանությունը`
Դարբասի հոգևոր հովիվ
Տեր Ընծա քահանա ՄԻՐԶՈՅԱՆԻ

Դիտվել է՝ 4026

Մեկնաբանություններ