Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Առաջատարությունը ծանր տանող Դորտմունդի «Բորուսիան» զիջում է դիրքերը

Առաջատարությունը ծանր տանող  Դորտմունդի «Բորուսիան» զիջում է դիրքերը
31.10.2017 | 12:03

Ներքին առաջնության տասը խաղում արդեն երկրորդ անգամ է սայթաքում Մադրիդի «Ռեալը»՝ իր հիմնական մրցակցին` կատալոնյան ակումբին հնարավորություն տալով արդեն ութ միավորով առջևում լինելու, ավանդական հակառակորդի՝ «Միլանի» նկատմամբ նրա իսկ դաշտում հաղթանակ է տոնում «ծեր սինյորան», սակայն նույնն է անում և «Նապոլին»՝ մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականը շարունակելով «բռնագրաված» պահել, առաջատարությունը ծանր տանող Դորտմունդի «Բորուսիան» արտագնայում զիջում է «Հանովերին»` այն էլ անպատշաճ հաշվով, ու սրանից առավելագույն հատույցով օգտվողը դառնում է Մյունխենի «Բավարիան»՝ վերադառնալով իր համար սովորական մարտական թիվ մեկ հենակետ:

ԱՆԳԼԻԱ


Տուրը մանչեստրյան երկու թիմի համար էլ հաջող եղավ: Արտագնայում «Սիթին» 3:2 հաշվով պարտության մատնեց «Վեստ Բրոմվիչին» ու հպարտ մենության մեջ 28 միավորով շարունակում է գլխավորել պրեմիեր լիգան:
Անհամեմատ բարդ հանդիպում էր «Մանչեստր Յունայթեդինը», որի մրցակիցը նախորդ տուրից հետո 20 միավորով մրցանակային երկրորդ-երրորդ հորիզոնականները նրա իսկ հետ կիսող «Տոտենհեմն» էր: Սկզբունքային այս հանդիպման ելքը որոշել է տանտերերի խփած միակ գոլը:
Դարպասի մեկ գրավում է արձանագրվել նաև «Բոռնմուտ»-«Չելսի» դիմակայությունում: Այս հերթական երեքից հետո «ազնվականներն» ընդհուպ մոտեցել են «Տոտենհեմին»՝ «Արսենալի» հետ նրանից հետ մնալով ընդամենը մեկ միավորով:
Անհաջողությունների շարանը վերջապես կարողացավ ընդհատել «Լիվերպուլը»: Պրեմիեր լիգայի նորեկը՝ «Հադերսֆիլդը», ճիշտ է, մի ամբողջ խաղակես սղոցեց տանտերերի նյարդերը, սակայն ուժերն ամբողջ խաղի համար բավարար չեղան, և «Լիվերպուլը» հաղթեց երեք անպատասխան գնդակի առավելությամբ:
Ի դեմս «Սուոնսիի», ծանր փորձության միջով անցավ «Արսենալը»` առաջին խաղակեսն ավարտելով պարտությամբ: Բարեբախտաբար, տանտերերի համար հանգստի տասնհինգ րոպեն բավարար ժամանակ եղավ ուժերը ժողովելու, նյարդերը կարգի բերելու, խաղն արմատապես վերակառուցելու և այն հաղթական հանգրվան հասցնելու համար՝ 2:1:
Պրեմիեր լիգայի լավագույն ռմբարկուն «Տոտենհեմի» կազմում հանդես եկող Հարի Քեյնն է, որը դարձել է ութ գոլի հեղինակ:

ԻՍՊԱՆԻԱ


Արտագնայում երեքական միավոր վաստակեցին Լալիգայի առաջին երկյակը կազմածները՝ «Բարսելոնն» ու «Վալենսիան»: Առաջինը 2:0 հաշվով պարտության է մատնել Բիլբաոյի «Աթլետիկին» (գոլերից մեկի հեղինակը Մեսին է, որը 12 գնդակով գլխավորում է ռմբարկուների ցանկը), երկրորդը՝ «Ալավեսին» (2։1): Նրանք համապատասխանաբար ունեն 28 և 24 միավոր:
Տասներորդ տուրում իսպանական առաջնության առաջին եռյակի ամենաթույլ օղակը, փաստորեն, Մադրիդի «Ռեալն» էր: Կատալոնյան հողում «արքայականը» չկարողացավ դիմանալ «Ժիրոնայի» հետ առերեսմանն ու պարտություն կրեց 1։2 հաշվով: Ընդ որում, նկատենք, «Ժիրոնան» կամային հաղթանակ է տոնել:
Ինչ վերաբերում է եվրագոտին կազմած թիմերին, նրանցից երկուսը մրցել են իրար հետ: Հյուրընկալելիս «Աթլետիկոն» չի կարողացել կոտրել «Վիլյառեալի» համառությունն ու բավարարվել է մեկ միավոր վաստակելով (1:1): Վերջնահաշվում այն Մադրիդի «Ռեալի» պես ունի 20 միավոր, սակայն, ի հաշիվ լրացուցիչ գործակիցների, առջևում «արքայականն» է:
Որոշակի տեղատվությունից հետո իր երկրպագուներին վերջապես հաղթական մրցելույթով է ուրախացրել «Սևիլիան». «Լեգանեսի» հետ տնային մրցակցությունում գրանցվել է 2:1 հաշիվ:

ԳԵՐՄԱՆԻԱ


Տասներորդ տուրից հետո Մյունխենի «Բավարիան» վերջապես հայտնվեց այնտեղ, որտեղ և պիտի լիներ: Այս երեք միավորը ձեռք է բերվել երրորդ տեղում ընթացող «Լայպցիգի» հետ չափից ավելի սկզբունքային մրցավեճում, որտեղ, խաղի 13-րդ րոպեից սկսած, հյուրերն ունեցել են մեկով պակաս խաղացող: Հանդիպումն ավարտվել է 2:0 հաշվով: Ընթերցողը թերևս չի հասցրել մոռանալ երկու-երեք օր առաջ այս նույն թիմերի դիմակայությունը երկրի գավաթի խաղարկությունում, որտեղ խաղի ելքը վճռվեց հետխաղյա 11-մետրանոցներով: Սա հիշեցնում ենք նրա համար, որովհետև շատերն էին սպասում «Լայպցիգի» ռևանշին: Ի դեպ, գավաթի խաղում էլ են նրանք մեկ խաղացողով պակաս եղել: Տարբերությունն այն է, որ այդ խաղում մրցակիցը թվային գերազանցություն է ունեցել հանդիպման 59-րդ, սրանում` 13-րդ րոպեից:
Հակառակ «Բավարիայի» ջանքերի, աղյուսակի առաջին հորիզոնականում կարող էր մնալ Դորտմունդի «Բորուսիան», սակայն եվրագոտում գտնվող «Հանովերը» այնպիսի դաս տվեց հյուրերին, որը մոռանալը չափազանց դժվար կլինի: Այստեղ, սկսած 59-րդ րոպեից, հանդիպման վերնահաշվի ձևավորման գործում (4:2) էական դեր է խաղացել հանովերցիների ունեցած թվային գերազանցությունը:
«Բավարիան» ունի 23, «Բորուսիան»՝ 20, «Լայպցիգը»՝ 19 միավոր: Վերջինիցս ընդամենը մեկ միավորով է հետ «Հանովերը», որն իր հերթին նույնքան միավորով առաջ է «Շալկեից» (1:1 է խաղացել «Վոլֆսբուրգի» հետ) ու արտագնայում «Հոֆենհայմին» 3:1 հաշվով հաղթած Մյոնխենգլադբախի «Բորուսիայից»:
Տեղեկացնենք, որ բունդեսլիգայի լավագույն ռմբարկուները երկուսն են՝ Օբամեյանգը (Դորտմունդի «Բորուսիա») և Լևանդովսկին («Բավարիա»):

ԻՏԱԼԻԱ
«Միլան»-«Յուվենտուս» դիմակայությունը, անկախ մրցաշարային աղյուսակում կողմերի զբաղեցրած տեղերից, միշտ էլ անհաշտ մրցակցությամբ է առանձնացել: Բացառություն չէր և այս հերթականը, որտեղ առավել հաջողակը «ծեր սինյորան» էր 2։0 հաշվով տոնած հաղթանակով: Սակայն այս հաղթանակը «Յուվեին» չբարձրացրեց առաջին հորիզոնական, քանի որ այնտեղ հիմնավորապես հաստատված «Նապոլին» նույնպես հաղթական մրցելույթ է ունեցել: Սեփական հարկի տակ նեապոլցիներն ընդունել ու պարտության են մատնել «Սասուոլոյին»՝ 3:1:
Հաղթական մրցելույթ է ունեցել և «Լացիոն»: Իտալական «գայլերն» արտագնայում 5:1 խոշոր հաշվով պարտության են մատնել առաջնության նորեկին՝ «Բենևենտոյին» ու 28 միավորով «Յուվենտուսի» հետ կիսում են երկրորդ-երրորդ հորիզոնականները՝ երեք միավորով հետ մնալով «Նապոլիից» («Լացիոյից» գոլի հեղինակ է դարձել սկուդետեի լավագույն ռմբարկու Իմոբիլեն, որի ակտիվում դարպասի արդեն 14 գրավում կա):
Իհարկե, հաղթանակի դեպքում «Յուվենտուս»-«Լացիո» երկյակին մեկական սանդղակով կհարկադրեր ներքև իջնել «Ինտերը», սակայն քանի որ «Վերոնայի» հետ նրա արտագնա հանդիպումը եղել է երեկ ուշ երեկոյան, մեզ մնում է փաստել, որ այդ հանդիպումից առաջ «Ինտերն» ուներ 26 միավոր ու աղյուսակում զբաղեցնում էր չորրորդ հորիզոնական:
Եվրագոտում շարունակում են մնալ «Ռոման» ու «Սամպդորիան»:

ՖՐԱՆՍԻԱ
Սեփական հարկի տակ «Նիցցային» 3:0 հաշվով ծնկի բերելուց հետո «Պարի Սեն Ժերմենը» 29 միավորով վստահորեն գլխավորում է դիվիզիոնը: Նշենք Կավանիի դուբլը: Ի դեպ, նա դարպասի 13 գրավումով գլխավորում է լավագույն ռմբարկուների ցանկը:
Հաղթական տրամադրություն են ունեցել և Բորդո մեկնած մոնեգասկները, որոնք տեղի համանուն թիմին հաղթել են 2:0 հաշվով: «Մոնակոն» ՊՍԺ-ից հետ է մնում չորս միավորով:
Երրորդ հորիզոնականում է աղյուսակը եզրափակող «Մեցին» երկու անպատասխան գնդակի առավելությամբ պարտության մատնած, ակտիվում արդեն 22 միավոր ունեցող «Լիոնը»:
Դիվիզիոնի եվրագոտում են «Նանտ» ու «Մարսել» ակումբները:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2014

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ