Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Թուրքիան ապրում է իր պատմության ամենաամոթալի շրջաններից մեկը

Թուրքիան ապրում է իր պատմության ամենաամոթալի շրջաններից մեկը
31.10.2017 | 12:30

Թուրքիան ապրում է իր պատմության ամենաամոթալի շրջաններից մեկը։ Պատճառը իշխանության ու ղեկավարների անսկզբունք, անհուսալի և անկայուն քաղաքականությունն է։ Հանրապետության ամբողջ պատմության մեջ չեն եղել վերջին մի քանի տարիներին բնորոշ արտաքին քաղաքականության ռազմավարության մշտական փոփոխությունները։ Սկսելով «Հարևանների հետ 0 պրոբլեմներ» քաղաքականությունից` Թուրքիայի «Արդարություն և զարգացում» կուսակցությունը ոչ մի երկիր չթողեց, որի հետ չի վիճել կամ խնդիր չի ունեցել։ Երբեմնի բարեկամական հարաբերությունները Սիրիայի հետ ժամանակին Բաշար Ասադի հետ «եղբայրության» մակարդակի էին հասել` դառնալով Թուրքիայի Հանրապետության մեջ ամենաջերմ երկկողմ հարաբերությունները։ Նախարարական մակարդակով խորհրդակցությունների հետևանքը դարձավ հիասթափությունը։ «Եղբայր Ասադը» մեկ վայրկյանում թուրք քաղաքական գործիչների համար վերածվեց «արյունոտ ձեռքերով» բռնապետի։ Նախագահ Էրդողանն ու նրա կառավարությունը սկսեցին աջակցել Ասադի զինված հակառակորդներին։ Սիրիան արյան ծով դարձավ։ Հարյուր հազարավոր մարդիկ զոհվեցին, միլիոնները ստիպված էին լքել իրենց տունն ու երկիրը։

Բայց Էրդողանը, ևս մեկ անգամ շրջվելով, իրեն ցույց տալով իբրև «անհուսալի մարդ», դավաճանեց ամենասկզբից իր աջակցությունը ստացած ընդդիմադիրներին` սկսելով ռազմական գործողություն Իդլիբում։ Քրդերի նկատմամբ Էրդողանի քաղաքականությունը նույնպես վառ ապացույց է, որ նա «անհուսալի մարդ» է։ Փոխհարաբերությունների պատմության մեջ նա հաստատեց ամենաջերմ հարաբերությունները Հյուսիսային Իրաքում Մասուդ Բարզանիի կառավարության հետ։ Աջակցեց Բարզանիին, երբ նա խնդիրներ ուներ Բաղդադի հետ, վարկեր տվեց, օգնեց անկախ Քրդստանի կայացման ճանապարհին։ Չնայած Բաղդադի քննադատությանը` Էրդողանը Քրդստանի նավթը վաճառում էր Ջեյհանի միջոցով: Միջանցք բացեց Բարզանիի բանակի համար Քոբանիով ծանր ռազմական տեխնիկայի անցման նպատակով։ Էրդողանը Թուրքիայում Քոբանիում վիրավորներին բուժվելու հնարավորություն տվեց։ «Դեմոկրատական միություն» կուսակցության (PYD) նախագահ Սալիհ Մուսլիմին ընդունեց իբրև VIP հյուր։ «Դեմոկրատական միության» հետ համագործակցությամբ Էրդողանը տեղափոխեց Սուլեյման շահի դամբարանը։ ՈՒ ի՞նչ եղավ հետո։ Նորից սկսվեց անկայուն, տրամագծորեն հակառակ քաղաքականություն, որ նման է անձի երկվության խաթարումին։ Սկզբում PYD-ը հայտարարվեց թշնամի, Սալիհ Մուսլիմի նկատմամբ կայացվեց ձերբակալության որոշում, Իրաքյան Քրդստանի անկախության հանրաքվեի պատրվակով Մասուդ Բարզանին հայտարարվեց ընդդիմադիր։ Ամենայն հավանականությամբ, ամենակտրուկ շրջադարձերը Էրդողանը արեց Իսրայելի հետ հարցերում։ Սկզբում նա բարեկամական քաղաքականություն էր վարում Իսրայելի նկատմամբ։

Նա այնքան էր դարձել Իսրայելի բարեկամը, որ նույնիսկ «Հերոսության համար» հրեական մեդալ ստացավ։ Ջանում էր խաղաղարար լինել ՀԱՄԱՍ-ի ու Սիրիայի միջև Իսրայելի հետ։ 60 տարի անց մերձեցրեց Պակիստանին ու Իսրայելին, միջնորդ դառնալով` նպաստեց, որ Պակիստանը ճանաչի Իսրայելը։ Հնարավորություն տվեց, որ Իսրայելն անդամակցի Տնտեսական համագործակցության ու զարգացման կազմակերպությանը ու դիտորդ դառնա ՆԱՏՕ-ում։ Հետո նորից գործողության մեջ մտավ «երկբևեռ արտաքին քաղաքականությունը»։ Սկզբում ճգնաժամն էր Գազայի հատվածում, հետո Դավոսում Պերեսի հետ վեճի հետևանքով, որ հայտնի է իբրև «one minute», Էրդողանը կտրուկ քննադատեց նրան. «Դուք հրաշալի կարողանում եք սպանել մարդկանց»։ Հետո «Մավի Մարմարայի» միջադեպն էր, երբ Իսրայելի գրոհի հետևանքով 9 մարդ զոհվեց։ Բազմիցս Իսրայելը հայտարարվեց «ահաբեկչության երկիր»։ Երբ Իսրայելը սկսեց բնական գազի հանույթը Կիպրոսի մայրցամաքային լանդշաֆտում, գործը համարյա պատերազմի էր հասել։ Ի՞նչ եղավ հետո։ Էրդողանը հերթական անգամ ցույց տվեց` որքան անհուսալի մարդ է ինքը։ «Մավի Մարմարայի» միջադեպի մասնակիցներին ու զոհվածների ընտանիքներին հայտարարեց. «Դուք դարձաք ճգնաժամի պատճառ, հիմա ինձնից պատասխա՞ն եք պահանջում»։ Անցավ հակառակ կողմը, երբ Իսրայելը իբրև փոխհատուցում 20 միլիոն դոլար վճարեց։ Նա դարձավ բարեհամբույր` ասես ոչինչ էլ չէր եղել։ Վերսկսեց հանդիպումներն ԱՄՆ-ում հրեական լոբբիի հետ։ Ավելին` Կիպրոսից արդյունահանված բնական գազը խողովակաշարով Թուրքիա հասցնելու որոշում ընդունեց։ Նույնիսկ հրեական լոբբիի օգնությունը խնդրեց ԱՄՆ-ում Զարաբի գործով։ Այլ խոսքով` փորձում էր անհավանական թեթևությամբ ամեն ինչ ներկայացնել իբրև հաջողություն` ասես սահում էր սահադաշտում։ Նույն հոգեվիճակին էր վերաբերում Սիրիայի սահմանին թուրքական օդային տարածքը խախտած ռուսական ինքնաթիռը խփելու որոշումը, հավելելով` «Եթե նորից խախտեն, նորից ենք խփելու»։ Նա պատճառ դարձավ ռուս-թուրքական հարաբերություններում սառը պատերազմի շրջանի։ Իսկ հետո, երբ արտաքին քաղաքականության մեջ ամեն ինչ չափազանց վատ էր, ներողություն խնդրեց Ռուսաստանից ու փոխհատուցում վճարեց խփված ինքնաթիռի համար։ Հետո փորձեց Ռուսաստանից գնել հակահրթիռային պաշտպանության համակարգեր։ Դժվար է տրամաբանական ու ռացիոնալ տեսակետից բացատրել գործողությունները, երբ Եվրամիության անդամակցության հնարավորության համար ընդունելով բարեփոխումների անհամար փաթեթներ, ստեղծելով ԵՄ գործերով նախարարություն, Եվրոպայի ղեկավարները հետո համեմատվեցին Հիտլերի հետ ու հայտարարվեց. «Եվրամիությունը մեզ պետք չէ», և հարաբերությունները սկսեցին խզվել։ Էրդողանի վերջին զոհը դարձավ ԱՄՆ-ը։ Նրանց անվանելով «ռազմավարական գործընկերներ», ասելով «Մենք մոտ ենք` ինչպես երբեք», այցելելով Սպիտակ տուն, քիթը տնկելով նախագահների հետ հեռախոսազրույցներից, Էրդողանն ի վերջո ճչաց. «Էյ, Ամերիկա, տեղդ ճանաչիր»: Պարզվեց` ԱՄՆ-ը «գայլ է` գառան մորթու տակ», աջակցում է ահաբեկիչներին ու լրտեսում է Թուրքիայի տարածքում։


Այո, Թուրքիան ապրում է իր ամբողջ պատմության ամենաամոթալի շրջաններից մեկը անհուսալի իշխանության ու ղեկավարների, անսկզբունք, երկբևեռ, երկերեսանի քաղաքականության պատճառով: Ինչու՞ պիտի հավատան հողմաղացի նման մշտապես փոփոխամիտ, անսկզբունք արտաքին քաղաքականությանն ու իշխանությանը։
Արիֆ ԱՍԱԼԻՕՂԼՈՒ, REGNUM


Հ.Գ. Էրդողանը կարող է անձի երկվությամբ տառապել, կարող է ավելի ծանր ֆիզիկական ու հոգեկան հիվանդություններ ունենալ, բայց ինչպե՞ս են նրան ենթարկվում կուսակցությունն ու երկիրը: Ստացվում է` հիվանդը նա չէ, այլ` հասարակությունը, որ գնում ու ընտրում է «Արդարություն ու զարգացում» կուսակցությանը և հնարավորություն տալիս Էրդողանին մնալ պաշտոնին։ Ի վերջո` Թուրքիան դեռ հանրապետություն է, բայց ո՞վ է վարչապետ Բինալի Յիլդիրիմին համարում երկրի ղեկավար: Չի բացառվում, որ բռնություններից, ձերբակալություններից հետո Թուրքիայի ընտրողները գնան ու հենց նրան ընտրեն նախագահ։ Թուրքիայի ամբողջ պատմությունը պատերազմների, հեղաշրջումների, բռնությունների, սպանությունների, կողոպուտի ու ցեղասպանության պատմություն է` թե թուրքերի, թե իրենց գրաված տարածքների բնիկ ժողովուրդների նկատմամբ։ Կայսրություն, հանրապետություն, թե նախագահական պետություն` թուրքերը երբեք չեն եղել հուսալի գործընկեր ոչ մի պետության համար: Ինչու՞ պիտի Էրդողանը իր համար ընտրեր հավատարմությունը սկզբունքներին, երբ շահը պահանջում է դավաճանել ու ստել: Մեղավորը նա չէ, նրան հավատացողներն են, որ իրենց կարծիքով օգտագործում են Էրդողանին իրենց նպատակների համար, իսկ նա օգտագործում է բոլորին` Օբամայից` Թրամփ, Մերկելից` Պուտին, Բարզանիից` Ռոհանի և այլք։


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 3238

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ