Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Իսկ եթե ԱՄՆ-ը և ՌԴ-ն պատժամիջոցների պատերազմում հասնեն ծայրահեղությա՞ն

Իսկ եթե ԱՄՆ-ը և ՌԴ-ն պատժամիջոցների պատերազմում հասնեն ծայրահեղությա՞ն
01.11.2017 | 10:01

Ռուսական 39 ձեռնարկությունների ու գերատեսչությունների դեմ պատժամիջոցները, որոնց մասին ԱՄՆ-ը հայտարարեց անցած ուրբաթ, կարող են բարդացնել Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցությունը օտարերկրյա պետությունների հետ` կարծում են փորձագետները: Որոշ պատժամիջոցներ հազիվ թե հնարավոր է կիրառել, որոշ դեպքեում ԱՄՆ-ը կարող է վնասել իր ընկերություններին։ «Ռազմատեխնիկական համագործակցության շրջանակներում ռազմական նշանակության արտասահմանյան մատակարարումները 15 միլիարդ դոլար են բերել, որ մեզ թույլ է տալիս պահպանել մեր դիրքերը զենքի համաշխարհային շուկայում։ Մենք արժանի տեղ ունենք, փաստացի` երկրորդը ԱՄՆ-ից հետո, և մեզ համար շատ կարևոր է այդ շուկան պահել»` 2017-ի սկզբին ասում էր ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը։ Հիմա ԱՄՆ իշխանությունները մտադիր են պատժամիջոցներ կիրառել ԱՄՆ-ի և այլ երկրների քաղաքացիների նկատմամբ, ովքեր իրականացնում են «էական» գործարքներ պատժամիջոցների ցանկի ռուսական կազմակերպությունների հետ, որտեղ հիմնականում պաշտպանական արդյունաբերության ձեռնարկություններ են։ Սահմանափակումներն ուժի մեջ են մտնելու 2018-ի հունվարի 29-ից։
Պատժամիջոցային ցանկի ձեռնարկությունների մի մասը երկակի նշանակության արտադրանք է տալիս։ Միացյալ ավիաշինական կորպորացիան արտադրում է և մարտական, և քաղաքացիական ինքնաթիռներ։ Նույն իրավիճակն է Միացյալ նավաշինական կորպորացիայում, որտեղ կառուցում են և մարտանավեր, և քաղաքացիական նավեր։ Հայտնի չէ` նոր պատժամիջոցներն այդ ձեռնարկություններին հարվածներ կհասցնե՞ն, թե՞ ոչ։ Հայտնի չէ նաև` ի՞նչը համարել «էական» գործարք։ Պատժամիջոցները կիրառվելու են նախագահի որոշումով։ ԱՄՆ պետդեպարտամենտի նյութերից հետևում է` գործարքն «էական» է, թե ոչ, ԱՄՆ իշխանությունները որոշելու են յուրաքանչյուր առանձին դեպքի համար` հաշվի առնելով հանգամանքների հանրագումարը։


«Ավիապորտ» ճյուղային գործակալության ղեկավար Օլեգ Պանտելեևը այն կարծիքի է, որ ռուսական քաղաքացիական ավիացիայի մատակարարումները, ամենայն հավանականությամբ, պատժամիջոցների տակ չեն ընկնի։ «Հակառակ դեպքում Ռուսաստանը կանի և իր, և ԱՄՆ-ի համար ցավոտ քայլեր,- ասում է նա։- Հետևանքը կարող է դառնալ Ռուսաստանում ամերիկյան Boeing ընկերության բիզնեսի կորուստը։ Եթե կողմերը որոշեն ծայրահեղ քայլերի դիմել, ոչ մեկի համար լավ չի լինի։ Զինատեսակների ու զինտեխնիկայի առևտրի ոլորտում պրոբլեմներն ավելի լուրջ են։ Մենք տեսնում ենք, որ կան ռուսական ավիատեխնիկան երրորդ երկրներին մատակարարելու մի քանի միջազգային նախագծեր, որտեղ ներառված են պահեստամասերի ոչռուսական մատակարարներ (օրինակ` ռուսական արտադրության Су-30МКИ հնդկական ռմբակոծիչներում օգտագործվում է ֆրանսիական էլեկտրոնիկա)»։


Ռազմավարությունների ու տեխնոլոգիաների վերլուծության կենտրոնի փոխտնօրեն Կոնստանտին Մակիենկոն կարծում է, որ պատժամիջոցներն ուղղված են ոչ միայն
39 ռուսական սուբյեկտների դեմ, այլև պարունակում են պատժամիջոցներ կիրառելու հնարավորություն այն ընկերությունների դեմ, ում հետ համագործակցում են։ «Ինչու՞ պիտի Mazagon Dock Limited-ը (հնդկական նավաշինական ընկերություն) կամ Hindustan Aeronautics Limited-ը (հնդկական աէրոտիեզերական պաշտպանական կորպորացիա) իրենց ռիսկի տակ դնեն,- հարցում է նա։- Նույնիսկ եթե ռիսկը հիպոթետիկ է, որովհետև բարդ գործընթաց կա, պե՞տք է երրորդ երկրների գործընկերներին այդպիսի ռիսկի ենթարկել։ Աշխատելը տեխնիկապես բարդանում է, լրացուցիչ ռիսկեր են առաջանում։ Երբեմն կշեռքի նժարը շատ նուրբ է` «Դժվարություններ բանկային փոխանցումներու՞մ։ Պե՞տք են մեզ ռուսները, աշխատեք նրանց հետ, ում հետ հեշտ է»։
«Հայրենիքի զինանոց» ամսագրի գլխավոր խմբագիր, ՌԴ ռազմաարդյունաբերության կոլեգիայի փորձագիտական խորհրդի անդամ Վիկտոր Մուրախովսկին համարում է, որ նոր պատժամիջոցները իրականում ռուսական ընկերությունների դեմ չեն, այլ երրորդ իրավաբանական անձանց։ Օրինակ, արտասահմանյան բանկերի դեմ, որ կարող են սպասարկել այդպիսի գործարքները, ընդդեմ այլ ոլորտի ընկերությունների, որ մասնակցում են գործարքին։

«Իհարկե, կլինեն ընտրովի գործարքներ ու ընտրովի մասնակիցներ։ Օրինակ, Թուրքիային զենիթահրթիռային համակարգերի մատակարարման պայմանագիրը, որ արդեն կատարվում է։ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, մինչ այդ հետևում էր ընդհանուր քաղաքականությանն ու Վաշինգտոնի հրահանգներին։ Հիմա իրավիճակը փոխվել է, բայց հարց է` թուրքական բանկերը նույնքան ինքնուրույնություն կունենա՞ն, որքան Թուրքիայի քաղաքական ղեկավարությունը։ Մեր պայմանագրերը սպասարկող բանկերի հետ խնդիրները ոչ այսօր են սկսվել, ոչ երեկ։ Այդ պատճառով Ռոսօբորոնէքսպորտը ֆինանսական տրանզակցիաները կատարելու միջոցներ է որոնում պայմանագրերով, որ շրջանցում են պատժամիջոցները»,-ասում է նա։
Պավել ԱԿՍՅՈՆՈՎ, BBC


Հ.Գ. Ի՞նչ են անելու հայկական բանկերը, եթե ԱՄՆ պատժամիջոցները տարածվեն նաև իրենց վրա` ռուսական զենքի գնումները սպասարկող պայմանագրերի վճարները կատարելիս։ Ժամանակը չէ՞ մտածել այլ երկրներից ժամանակակից զենք գնելու մասին։ Վարկը` վարկ է։ Առավել ևս, որ առաջարկներ եղել են և Իսրայելից, և Չինաստանից։


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 3776

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ