Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Ադրբեջան-Իրան-Ռուսաստան շղթայի թույլ օղակը Բաքուն է

Ադրբեջան-Իրան-Ռուսաստան շղթայի թույլ օղակը Բաքուն է
01.11.2017 | 10:22

Նոյեմբերի 1-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտոնական այցով կմեկնի Թեհրան։ Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ հանդիպումից հետո կկայանան եռակողմ բանակցություններ` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Բացառված չէ և Պուտին-Ալիև առանձնազրույցը։ Առաջին նման սամմիթը Բաքվում էր` 2016-ի օգոստոսին, կողմերը հայտարարեցին, որ մտադիր են զարգացնել ահաբեկչության դեմ պայքարը, կարգավորել տարածաշրջանային կոնֆլիկտները` գործակցելով Կասպիականում, զարգացնել կապերը էներգետիկայի, տրանսպորտի և այլ ոլորտներում։ Նրանք պայմանավորվեցին ստեղծել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով աշխատանքային խմբեր։ Բայց այդ ժամանակից տարածաշրջանում նկատելի փոփոխություններ են եղել, որ սկսել են ազդել և դեռ կազդեն Ռուսաստանի, Իրանի ու Ադրբեջանի քաղաքականության վրա։ Պատահական չէ, որ շատ փորձագետներ Պուտինի այցն Իրան «մասնատում են» մի քանի ուղղությունների, որ ինքնուրույն նշանակություն ունեն։ Վաշինգտոնը տարբեր պատճառներով ներքաշել է Ռուսաստանին ու Իրանին պատժամիջոցային պատերազմի մեջ։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվեց հաստատել, որ Թեհրանը կատարում է միջուկային համաձայնագիրը, ԱՄՆ-ը տուգանային միջոցներ ձեռնարկեց Իրանի դեմ բալիստիկ հրթիռների ստեղծման պատրվակով։ Լոնդոնի Chatham House վերլուծական կենտրոնի փորձագետ Մաթիե Բուլեկը Deutsche Welle-ին տված հարցազրույցում ասել է. «ՌԴ նախագահի այցը Թեհրան ուղիղ կապ չունի Թրամփի հայտարարությունների հետ»` երկու երկրներն ընդհանուր օրակարգ ունեն Սիրիայում։ Բացի այդ` Մոսկվան ու Թեհրանը ակտիվ արտաքին քաղաքականություն են վարում Մերձավոր Արևելքում, որտեղ ձևավորվում են (և հաճախ ձախողվում) ամենաանհավանական մարտավարական ալյանսները, որոնցից մեկն էլ Ռուսաստան-Իրան-Թուրքիան է։ Մոսկվան ու Անկարան ազդանշաններ են ուղարկում Վաշինգտոն, որ, ինչպես Բրյուսելը, աջակցում են Իրանի միջուկային ծրագրին։ Սակայն ոչ ոք չգիտի` ի՞նչ կանի Բրյուսելը, եթե Վաշինգտոնը լուծարի Թեհրանի հետ համաձայնագիրը և ընդլայնի պատժամիջոցները Իրանի դեմ։ Իրանի դիվանագիտական շրջանակներից հայտնում են, որ այդ խնդիրը կքննարկվի ՌԴ նախագահի այցի ժամանակ, ինչպես և Սիրիայի իրավիճակը։ Թեհրան Պուտինը մեկնում է Մոսկվա Սաուդյան Արաբիայի թագավորի այցից հետո, որ լարված հարաբերություններ ունի Իրանի հետ։ ՈՒստի կարելի է ենթադրել, որ Պուտինը կփորձի միջնորդ դառնալ` Թեհրանի ու Էր Ռիադի հարաբերությունների կարգավորման մեջ։ Շանսեր կան, ամեն ինչ կախված է երկու երկրների ղեկավարների քաղաքական կամքից։ Առավել ևս, որ Էր Ռիադը դրական է վերաբերվում Աստանայի գործընթացին, որի երաշխավորներն են Ռուսաստանը, Թուրքիան, Իրանը։ Վերջապես` Պուտինը Թեհրանում հատուկ ուշադրություն կդարձնի երկու երկրների համագործակցության ընդլայնմանը տարբեր ոլորտներում, այդ թվում` էներգետիկ, կանդրադառնա Կասպիականի իրավական կարգավիճակի հարցերին։ Իրանցի փորձագետները նշում են, որ հաշվի առնելով տարածաշրջանում իրադարձությունների զարգացումը` Մոսկվան ու Թեհրանը «չեն կարող իրենց թույլ տալ ռիսկի ենթարկել փոխըմբռնման մակարդակն ու քաղաքական վստահությունը»։

Հասկանալի չէ, թե ստեղծված իրավիճակում երկու քաղաքական ծանրքաշայինները ի՞նչ տեղ են հատկացնում Ադրբեջանին, եթե հանկարծ հարկ լինի համատեղ հանդես գալ հակաամերիկյան պլատֆորմով, որ կարող է հակասությունների ամուր հանգույց կապել։ Խոսքը, իհարկե, Ռուսաստան-Ադրբեջան-Իրան ձևաչափի մասին է։ Այդ առումով փորձագետները բազում հարցեր ունեն ալյանսի բնույթի մասին` կլինի՞ բացառապես աշխարհաքաղաքական, թույլ կտա՞ն ամերիկացիները Բաքվին շարունակել իր քաղաքականությունը, թե՞ Ադրբեջանը Մոսկվայի ու Թեհրանի ճնշման տակ կշարունակի շարժվել տարածաշրջանային աշխարհաքաղաքական միության կողմը։ Եթե իրադարձությունները զարգանան այդ սցենարով, Ալիևը հարկադրված կլինի փոխել արտաքին քաղաքականությունը։ Որքան էլ խույս տաս, Թեհրանի եռակողմ հանդիպման ժամանակ այդպիսի հարցեր ծագելու են, թեպետ ՌԴ ԱԳՆ-ն համարում է, որ այս պահին ոչ ոք միության մասին չի խոսում, այլ միայն` փոխգործակցության լրացուցիչ ձևաչափի, Կասպիականում ինտեգրման` «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի ենթատեքստում։ Բայց Ադրբեջանն այդ շղթայի ամենաթույլ օղակն է։ Բաքուն կարող է ուղղակի կամ մասնակի հայտնվել ԱՄՆ պատժամիջոցների տակ, որ կարող են դեմ լինել Իրանի հետ միջանցքի ստեղծմանը։ Այդ մասին խոսում են Բաքվի շատ փորձագետներ։ Բացի այդ` Ադրբեջանն ու Ռուսաստանը մրցակիցներ են ածխաջրածինների Եվրոպա մատակարարման հարցում։ Այդ պատճառով Ռուսաստան-Ադրբեջան-Իրան ձևաչափը արդյունավետ է աշխարհատնտեսական տեսակետից, սակայն առայժմ հռչակագրային կլինի։ ՈՒստի պետք չէ սպասել Թեհրանում ինչ-որ գլոբալ փաստաթղթերի ստորագրման։ Մոսկվան աջակցություն է ցուցաբերում Թեհրանին ու ազդանշան է ուղարկում Վաշինգտոնին, բայց ինչ զարգացումներ կլինեն, իհարկե, կերևան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Թեհրան այցի արդյունքներից։
Ստանիսլավ ՏԱՐԱՍՈՎ, REGNUM


Հ.Գ. Նախ` ընդհանրապես ի՞նչ խնդիր է լուծում Ռուսաստան-Ադրբեջան-Իրան ձևաչափը։ Փաստացի 2016-ի օգոստոսից հետո ոչինչ չի արվել, ինչու՞ է վերակենդանացվում մի ձևաչափ, որ չի գործում: Առավել ևս, որ Իլհամ Ալիևը Թեհրան է մեկնում Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու գործարկումից հետո, որի նպատակը ի սկզբանե եղել է Ռուսաստանի շրջանցումով Չինաստանին միանալը։ Բացի այդ` Բաքվում Իլհամ Ալիևը հյուրընկալել է «սիրելի եղբայր» Էրդողանին ու երկուսով կարևորել են երկկողմ հարաբերությունները, հատկապես ռազմական գործակցությունը։ Ալիևն ասել է`«Թուրքիան և Ադրբեջանը շարունակում են խորացնել համագործակցությունը ռազմական արդյունաբերության ոլորտում: Թուրքիայի օրեցօր զարգացող ռազմարդյունաբերական համալիրը մեզ համար լուրջ հետաքրքրության առարկա է: Մենք Թուրքիայից ռազմական նշանակության արտադրանք ենք ձեռք բերում և շարունակելու ենք»: Էրդողանն էլ շեշտը դրել է տրանսպորտի և էներգետիկայի վրա: «Մոտ ապագայում կմեկնարկեն ադրբեջանական գազի մատակարարումները Եվրոպա: Դա ոմանց շատ է անհանգստացնում»,- հայտարարել է Էրդողանը: ՈՒրեմն` ո՞րն է այս ձևաչափի նպատակը, եթե կողմերից յուրաքանչյուրը մյուսի մրցակիցն է։ Ի՞նչն է նրանց միավորում, ահաբեկչության դեմ պայքա՞րը։ Եվ ինչպե՞ս է Բաքուն ահաբեկչության դեմ պայքարում: Դիպուկահարներո՞վ, հրադադարի խախտումներո՞վ շփման գծում։ Իսկ Հյուսիս-Հարա՞վը` փոխգործակցության ի՞նչ լրացուցիչ ձևաչափ է, Կասպիականում ինտեգրման տրանսպորտային միջանցքի ենթատեքստում։ ՈՒ՞ր մնաց Ղազախստանը: Ստացվում է` կամ Իլհամ Ալիևը Թեհրանում «հարսանիքի գեներալ է», կամ` բոլորովին այլ խնդիրներ կան, որ քողարկվում են համագործակցության շաբլոն քաղաքական տեքստերի տակ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 3361

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ