Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Երկսայրի իրականություն

Երկսայրի իրականություն
01.11.2017 | 15:36

Այս շաբաթ խորհրդարանը քննարկում է երկրի ֆինանսական գլխավոր փաստաթուղթը`2018-ի պետբյուջեն: Կառավարության ներկայացուցիչների հայտարարությունից ակնհայտ է, որ հաջորդ տարվա տնտեսական հեռանկարներն այնքան էլ հուսադրող չեն: Իսկ երբ այդ ամենին գումարվում է նաև պետական ապարատի, այսպես ասած, բեռնաթափումը, հասկանալի է դառնում, որ շարքային քաղաքացիների հուսահատությունն ավելի է մեծանալու: Պարզ է, չէ՞, որ օպտիմալացման «տակ» են ընկնելու այն կադրերը, որոնք չունեն հովանավոր և միայն այդ աշխատավարձի հույսին են:


Ըստ պաշտոնական հայտարարության, շուրջ 5500 պետաշխատող զրկվելու է աշխատանքից: Այսքան մարդ համալրելու է գործազուրկների շարքը: Այսքան մարդու կյանքի որակը կտրուկ վատանալու է, և նրանց այլ ելք չի մնում, եթե ոչ բռնել արտագաղթի ճանապարհը: Ժողովրդագրական խնդիրները, արտագաղթի վտանգավոր ցուցանիշները, տնտեսության ոչ բարվոք վիճակը, ի վերջո, դատարկելու են երկիրը: Ոչ մի կառավարություն երբևէ չի խոստովանել, որ իր քայլերի արդյունքում մարդկանց կյանքն ավելի է վատացել, քանի որ ամեն հաջորդը, թեկուզ ոչ հրապարակավ, մեղադրել է նախորդին` տնտեսական սխալ քաղաքականության համար, որի հետքերը իբր փորձում է ինքը վերացնել: Այսպես է եղել քսանվեց տարի և բոլոր կառավարությունների օրոք: Փորձը ցույց է տվել, որ բոլորն են սխալ եղել, այլապես հիմա երկիրը այսպիսի վիճակում չէր լինի, որովհետև խնդիրները ոչ մեկ տարվա, ոչ էլ մի քանի տարվա «խորություն» ունեն: Համակարգի արատներն այնքան են կարծրացել, որ գրեթե անհնար է թվում դրանց վերացումը: Քաղաքականության ու բիզնեսի սերտաճումն էլ իրավիճակի տապանաքարը դարձավ:


Վերադառնալով օպտիմալացմանը, պետք է փաստել, որ սա երկսայրի խնդիր է: Մի կողմից` պետական ապարատն ուռճացված է և պետք է խնայողություն արվի, որպեսզի այդ գումարներն արդյունավետ ծախսվեն, մյուս կողմից էլ` համատարած գործազրկության ֆոնին կրկին մարդկանց մի մեծ խումբ կորցնում է աշխատանքը: Սա հետևանք է այն բանի, որ տարիներ շարունակ ամեն նոր ղեկավար սեփական կադրերին իր հետ բերել-բուծել է պետական համակարգ, անկախ այն հանգամանքից` նրանք գործից հասկանում են, իրենց տեղում են, թե ոչ: Արդյունքում կառավարման օղակն անօգուտ ու անտեղի մեծացել է: Իսկ երբ հերթը հասնում է կրճատումներին, բնականաբար, աշխատանքից ազատվում են բանիմաց կադրերը, մնում`«շեֆի մտերիմները»:


Այս խճճված իրականության մեջ էլ ցանկացած խնդիր դժվար է կարգավորել, քանի որ արտաքուստ ազնիվ նպատակն էլ անազնիվ ճանապարհներով է իրագործվում:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2260

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ