ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում կարծիք է հայտնել, որ Ուկրաինայում ձախողումը համատարած ձախողում կլինի։ «Ոմանք ասում են՝ դադարեցրեք պատերազմը, քանի որ դա մեզ վրա շատ թանկ է նստում։ Այո՛, առանց մեր աջակցության Ուկրաինան կհանձնվեր։ Սա՞ են նրանք խնդրում։ Մենք չենք ցանկանում, որ ՈՒկրաինան հանձնվի և դառնա երկրորդ Բելառուս»,- շեշտել է դիվանագետը։               
 

ՈՒ՞մ է պետք սև ցուցակում հայտնվել

ՈՒ՞մ է պետք սև ցուցակում հայտնվել
02.11.2017 | 10:07

ԱՄՆ-ը խաղարկում է հերթական հաղթաթուղթը, որ խոչընդոտի թուրքական պաշտպանական համակարգի ամրապնդմանը։ Վաշինգտոնը պատրաստվում է սև ցուցակում ներառել С-400 հրթիռներ արտադրող ռուսական ընկերությունները, որ պատրվակ կդառնա այդ հրթիռները գնող Թուրքիայի դեմ պատժամիջոցների որոշում ընդունելու։ ԱՄՆ-ին պետք չէ, որ թուրքական օդային տարածքը պաշտպանված լինի, և հերթական քայլն է արել` խանգարելու ռուսական հակաօդային պաշտպանության С-400 համակարգերը գնելուն։ Սպասվում է, որ այդ որոշմանը ԱՄՆ-ի Սենատը հավանություն կտա և սև ցուցակում կհայտնվեն ընկերությունները, որ С-400 են արտադրում։ Թեպետ այդ որոշումը չի ազդի գնման գործընթացի վրա, անխուսափելիորեն կստեղծի կողմնակի բացասական հետևանքներ։ Այդ հաղթաթղթի օգնությամբ ԱՄՆ-ը որոշ ժամանակ անց մեր նկատմամբ թաքնված պատժամիջոցներ կիրառելուց հետո կարող է սկսել բաց ու պաշտոնական պատժամիջոցային գործընթաց։


Օրինագծին հավանություն տված ԱՄՆ-ի Սենատը, որ նախատեսում է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ նախագահական ընտրություններին միջամտելու հիմքով, առաջիկայում կքննարկի այդ առիթով կազմված սև ցուցակը։ Ռուսաստանի հետ կապերի մեջ Թրամփին կոնգրեսականների մեղադրանքներից հետո Սենատի որոշումը համարյա կասկածներ չի հարուցում։ Երբ ԱՄՆ-ի վարչակազմը զամբյուղի մեջ կդնի С-400 արտադրող ընկերությունները, գործընթացը կօգտագործվի իբրև միջամտության միջոց թուրք-ռուսական համագործակցությանը, որ վիթխարի անհանգստություն է առաջացնում ԱՄՆ-ում։ Սև ցուցակում հայտնված Ռոսօբորոնէքսպորտը և Ալմազ-Անթեյը, պետական զինագործական ընկերությունները պատրաստվում էին С-400-ներ մատակարարել Թուրքիային, որ նույնիսկ կանխավճար է տվել պատրաստի համալիրների համար։ С-400-ների արտադրողների հետ սև ցուցակում են հայտնվել ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը, ՌԴ արտաքին հետախուզության ծառայությունը, ՌԴ Գլխավոր հետախուզական վարչությունը։ Որոշման թիրախում ոչ միայն С-400-ների պայմանագիրն է, այլև Ռուսաստանի հետ համագործակցությունը պաշտպանության ու հետախուզության ոլորտում։ Սենատում այս ցուցակին հավանություն տալուց հետո երրորդ կողմերին, որ աշխատում են սև ցուցակում հայտնված ընկերությունների ու ինստիտուտների հետ, 3 ամիս ժամանակ կտրվի համագործակցությունը դադարեցնելու համար։ ԱՄՆ-ի սև ցուցակի որոշումը պարտադիր ուժ չունի Թուրքիայի համար։ Որպեսզի պարտադիր դառնա, որոշումը պետք է ընդունեն կազմակերպությունները, որոնց անդամակցում է Թուրքիան, օրինակ` ՄԱԿ-ը։ Այս պահին ԱՄՆ-ը խոչընդոտում է, որ իր դաշնակիցները համագործակցեն սև ցուցակում ներառված կազմակերպությունների հետ։ Պատժամիջոցները, որ ոչ բացահայտ կիրառվում են Թուրքիայի նկատմամբ, օգտագործելով ԱՄՆ-ը կարող է պաշտոնական սահմանափակումների վերածել, եթե Թուրքիան պնդի С-400-ների գնումը, կգնա պատժամիջոցային ցանկի ընկերությունների հետ համագործակցության համար պատժի ճանապարհով։ Ազդանշանը, որ Թուրքիան կպատժվի, տվել է ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը. «Պատժամիջոցների ցանկի նախապատրաստման ուշացումը պայմանավորված է անհանգստությամբ, որ պատժամիջոցները կարող են ներգործել ԱՄՆ դաշնակիցների վրա, որ համագործակցում են Ռուսաստանի հետ պաշտպանական ու հետախուզական ոլորտներում»։ Թուրքիան, որ ուշադիր հետևում է ԱՄՆ-ի սև ցուցակի հետ կապված իրադարձությունների զարգացմանը, վճռական է հակաօդային պաշտպանության սեփական համակարգը ստեղծելու մեջ։ С-400-ների վերաբերյալ բանակցություններ վարող Թուրքիան իբրև ՆԱՏՕ-ի անդամ համատեղ արտադրության ճանապարհով` իր ազգային համակարգը ստեղծելու համար համագործակցության համաձայնագրեր է ստորագրել ՆԱՏՕ-ի իր դաշնակիցներ Ֆրանսիայի ու Իտալիայի հետ: Համարվում է, որ Թուրքիան պետք է անհապաղ բավարարի մեծ հեռահարությամբ պաշտպանական համակարգերի ստեղծման պահանջը` ակտիվացնելով շարունակվող աշխատանքները Hisar հրթիռային համակարգերի շուրջ` թուրքական ASELSAN-ի ու եվրոպական դաշնակիցների հետ։ ԱՄՆ-ը, օգտագործելով սև ցուցակի հաղթաթուղթը, մտադիր է անպաշտպան թողնել Թուրքիայի օդային տարածքը և պահպանել Թուրքիայի կախումը Արևմուտքից։ Մինչև չինական ու ռուսական հրթիռներին դիմելը, ԱՄՆ-ն ի պատասխան Patriot համակարգերը գնելու Թուրքիայի հարցումների` տարբեր խոչընդոտներ է հարուցել։ ԱՄՆ-ը ոչ միայն ցանկանում էր Թուրքիային Patriot-ները վաճառել անհավանական բարձր գնով, այլև մերժել է տեխնոլոգիաների վաճառքը, որ թուրք ինժեներները չխառնվեն այդ համակարգերի աշխատանքին։ Ավելին` առաջարկվեց համաձայնագիր, որ մենք պետք է ներկայացնենք բաց ցուցակ, թե որտեղ, երբ և ում դեմ ենք Patriot-ների մարտկոցներն օգտագործել: Առաջարկվում էր մարտկոցները վերադարձնել շահագործման ժամկետի ավարտից հետո, նույնիսկ եթե չեն օգտագործվել, և նորը գնել բարձր գնով։


Թուրքիան չի կարողացել օգտագործել ՆԱՏՕ-ի օդային պաշտպանությունը նույնիսկ սիրիական սահմանին ԻՊ-ի սպառնալիքի դեպքում: Մեծ դժվարությամբ ձեռքբերված Patriot-ները վերադարձվեցին դաշնակիցներին` առանց օգտագործվելու։
Մի քանի տարի առաջ ԱՄՆ-ը համանման խաղ վարեց և չինական հրթիռների դեպքում։ Երբ չինական CPMIEC-ը շահեց մեծ հեռահարության հակաօդային պաշտպանության համակարգերի մրցույթը, ԱՄՆ-ը տարատեսակ արգելքներ էր հարուցում, որ Չինաստանը չշահեր մրցույթը։ Չինաստանի հետ համաձայնագրի կնքումից անմիջապես հետո ԱՄՆ-ի ռազմական պաշտոնյաները սկսեցին ճնշում գործադրել Թուրքիայի վրա` պնդելով, որ հրթիռները հնարավոր չէ ինտեգրել ՆԱՏՕ-ի համակարգում, իսկ Թուրքիան պատասխանում էր, որ С-300 հրթիռները Հունաստանի տարածքում ինտեգրվել են ՆԱՏՕ-ում ու ալյանսի խդիրներն են լուծում։ Ինչքան ամերիկացիները պնդում էին, այնքան Թուրքիան ասում էր, որ չինական հրթիռները, եթե պետք լինի, չեն ինտեգրվի ՆԱՏՕ-ին և կօգտագործվեն ազգային հակաօդային պաշտպանության համակարգում։ Սակայն դա ևս բավարար չէր ամերիկացիներին համոզելու համար։ Չինական հրթիռները գնելուն խանգարելու ԱՄՆ-ի վերջին քայլը դարձավ սև ցուցակը` ԱՄՆ-ը սպառնաց Թուրքիային. «Չինական CPMIEC-ը մեղադրվում է փողերի լվացման մեջ և այդ ընկերության հետ պայմանագիր կնքելու դեպքում Թուրքիան ևս կարող է կասկածներ հարուցել ու նույնիսկ պատիժ կրել»։
Կիյմետ ՍԵԶԱՐ, Yeni Safak, Թուրքիա


Հ.Գ. Դասական թուրքական դիվանագիտություն` մենք ոչնչի մեջ մեղավոր չենք, մեզ չեն սիրում ու նեղացնում են անարդար աշխարհում: Փաստացի` ստացվում է, որ ժամանակին չինացիների հետ գործարքից հրաժարված Անկարան հող է նախապատրաստում ռուսներին ևս ՙԿներեք, ձեր սև ցուցակը մեզ համար չէ՚ ասելու: Բայց` ամեն ինչի մեջ մեղադրելով ԱՄՆ-ին: Այդպես հարմար է։ Զոհի կարգավիճակը ընդհանրապես թուրքերը հաճախ են ընդունում` ներկայանալով ազնիվ ու արդար և անարդար տուժող աշխարհաքաղաքական խաղերից: Իրականում Թուրքիային հետաքրքրում է ոչ թե ազգային հակաօդային պաշտպանությունը` ՆԱՏՕ-ին անդամակցությունը ապահովում է բավարար ցամաքային, օդային ու ծովային պաշտպանություն, այլ զենքի շուկա մտնելը և շահույթներ ստանալը։ Նրանց ոչ ամերիկյան, ոչ չինական, ոչ էլ ռուսական հրթիռները պետք չեն, նրանց պետք են տեխնոլոգիաները և համատեղ զենք արտադրելու իրավունքը: Այդ դեպքում Անկարան լավ էլ կխախտի ԱՄՆ-ի ցանկացած դիմադրություն ու սև ցուցակից չի սարսափի` ինչպես լացակումած ներկայացվում է։ Բայց չինացիները տեխնոլոգիաների վաճառքից հրաժարվեցին, և ահա ԱՄՆ-ի ՙսև ցուցակը՚ դարձավ հարմար պատրվակ` գործարքը չեղյալ հայտարարելու: Չի բացառվում, որ նույնը տեղի ունենա ռուսական հրթիռների հետ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 3839

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ