Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Վարչապետն ուզում է ծառայել երկրին, իսկ երկիրն ի՞նչ է ուզում

Վարչապետն ուզում է ծառայել երկրին, իսկ երկիրն ի՞նչ է ուզում
03.11.2017 | 09:00

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ռուսական լրատվամիջոցին տված հարցազրույցին Կարեն Կարապետյանը «պատասխանեց» մամուլի ասուլիսով, որ հար և նման էր նախորդ ասուլիսներին, եթե հաշվի չառնենք ժամանակը` ԱԺ-ում բյուջեի նախագծի քննարկումներն են, և 2018-ի ապրիլն ավելի ու ավելի է մոտենում, որ ինքնին հրատապ է դարձնում խորհրդարանական հանրապետության առաջին դեմքի` վարչապետի ով լինելու հարցը: Եվ ոչ պակաս կարևոր հարցը, որ որոշակիորեն անուշադրության է մատնվել` իսկ ո՞վ է լինելու ՀՀ նախագահը: Եվ` ընդհանրապես` ինչ սկզբունքով է ձևավորվելու 2018-ի ապրիլից հետո գործող ՀՀ 15-րդ կառավարությունը, լինելու՞ են կառուցվածքային ու կադրային փոփոխություններ։ Այս հարցերը հրատապ են դառնում գործող կառավարության հրաժարականից հետո, բայց կան սկզբունքային խնդիրներ, որոնց քննարկումը միշտ էլ արդիական է։


Նոյեմբերի 2-ի մամուլի մինի ասուլիսից ակնհայտ դարձավ, որ վարչապետ Կարեն Կարապետյանը դժգոհ չէ տնտեսական վիճակից, ոչ էլ իր կամ իր նախարարների աշխատանքից։ Նա գոհունակությամբ նշեց, որ տնտեսության ակտիվության ցուցանիշն այս տարի գրանցել է 5,1 տոկոս` ամփոփելով պաշտոնավարման մեկ տարին։ Ասվեց` «Արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է 11,9 տոկոս, գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը նվազել է 9,9 տոկոսով, շինարարության ծավալը նվազել է 6,4 տոկոսով», փոխարենը առևտրի շրջանառության ոլորտում արձանագրվել է 12,5 տոկոս աճ: «Էլեկտրաէներգիայի արտադրություն` աճ 6,5 տոկոս, միջին ամսական անվանական աշխատավարձն ավելացել է 2,4 տոկոսով, արտաքին առևտրաշրջանառությունը` 21,7 տոկոսով»,- մանրամասնեց վարչապետը: Նա ընդգծեց, որ արտահանման ոլորտում գրանցվել է 19,1 տոկոս աճի ցուցանիշ, իսկ ներմուծման ոլորտում` 23,2 տոկոս ցուցանիշ:


Ասուլիսում պարզվեց, որ Հայաստան ընդհանուր այցելության ցուցանիշները 2017-ի 9 ամիսներին կազմել են 21,4 տոկոս։ Վարչապետը նաև համաձայն չէ, որ երկրում սոցիալական վիճակը վատացել է, նա տնտեսության վիճակը գնահատում է կառավարելի և հեռանկարային: «Երբ ասում եք՝ ժողովրդի վիճակը չի լավացել, քանի որ թոշակներն ու աշխատավարձերը չեն բարձրացել, դա այդպես չէ: Բազմաթիվ երկրներ կան, որոնք չեն բարձրացնում թոշակ ու աշխատավարձ, բայց դա չի նշանակում, որ միջին եկամուտները չեն աճում»,- ասաց նա:


«Հայաստան ներգնա զբոսաշրջության ցուցանիշները կազմել են 21 տոկոս»,- նշեց վարչապետը: «Զվարթնոց» օդանավակայանում ուղևորափոխադրումը արձանագրել է 20,3 տոկոս աճ, «Շիրակ» օդանավակայանում` 832,6 տոկոս»,- ասաց նա: «Զվարթնոց» օդանավակայանում արձանագրվել է բեռնափոխադրումների 49,7 տոկոս, ՀՀ օդանավակայանների թռիչք-վայրէջքներում` 21 տոկոս աճ: Հարցեր չեղան, վարչապետն էլ, բնականաբար, չանդրադարձավ ցանկացած անկախ պետության համար կարևորագույն խնդրին` ազգային ավիափոխադրող ունենալու հեռանկարին, որի անհրաժեշտությունը նույնիսկ ավելորդ է հիմնավորել, բայց դատելով անցյալի փորձից` դա փորձանք է դառնում պետական բյուջեի համար: Ինչու՞ հրաշալի մենեջեր Կարեն Կարապետյանը, թեկուզ հանուն զբոսաշրջության զարգացման, չի անդրադառնում այդ խնդրին:
Կարեն Կարապետյանը չի կորցնում դրայվն ու լավատեսությունը: Նա տեղեկացրեց, որ 2017-ի համեմատ՝ 2018-ին կանխատեսվել է եկամուտների 8 տոկոս աճ, դեֆիցիտը` 3,8 տոկոս, ծախսերը՝ 7,7 տոկոս: Բազմաչարչար ներդրումների մասով նա հիշեցրեց, որ ՀՀ կառավարության հայտարարած 830-850 մլն ԱՄՆ դոլարի ներդրումները և պետական, և մասնավոր են: «ՈՒզում եմ հավաստիացնել, որ հայտարարված ծրագրերը մինչև տարվա վերջ կատարվելու են, մենք ունենալու ենք մոտ 100 տոկոսի ցուցանիշ, եթե ոչ 100 տոկոս»,- ասաց նա:


Ավելին` Կարեն Կարապետյանը հիմա էլ է պատրաստ աշխարհը շուռ տալ:
«Հիմա էլ եմ հայտարարում, աշխարհը շուռ ենք տալու, ունենալու ենք լավ երկիր»։ Նա ընդունում է, որ կառավարությունը բազմաթիվ հաջողություններ ու անհաջողություններ ունի, բայց` «Անհաջողություններն ավելի քիչ են, քան հաջողությունները»` «տենց անհամեստ պատասխան»` իր բնորոշումով։
Անհաջողությունների թվում նա բացահայտորեն չի դասում, որ Իրան-Հայաստան երկաթգիծը կարող է չկառուցվել` կկառուցվի, թե ոչ, պետք է դնել կշեռքին` կարծում է նա։ Պետք է հաշվարկել, թե ինչ ծառայության գին կլինի, ինչ ծավալով ծառայություններ կմատուցվեն: «Եթե Իրանի հետ համագործակցության ինդիկատորները հայտնվեն, կքննարկենք երկաթգիծ կլինի՞, թե՞ այլ ճանապարհ»,- ասաց նա: Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի առնչությամբ Կարեն Կարապետյանն ասաց, թե մեր բիզնեսմենները կօգտվեն, թե ոչ, կախված կլինի առաջարկից։ Առաջարկ հազիվ թե լինի: Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովն արդեն ասել է, որ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղուն Հայաստանի միանալը հնարավոր է միայն ԼՂ հակամարտության կարգավորումից հետո:


Կրճատումների հարցում ևս վարչապետը լավատես է։ Հայաստանի պետական ապարատը շատ ավելի մեծ է, քան պետք է` ասում է նա։ «Բոլորդ մեզնից պահանջում եք արդյունավետ աշխատանք: Պահանջում եք, որ աշխատողն իր տեղում իր գործառույթը կատարի: 5500 մարդու կրճատելով՝ լավագույններին չենք կրճատում»,- ասաց վարչապետը։ Նա ընդգծեց, որ կրճատվող աշխատակիցների շարքում են լինելու նաև ծույլ պաշտոնյաները: «Հարցնում եք՝ ուսուցչին ինչպե՞ս եք կրճատում: Քի՞չ օրինակներ գիտեք, երբ ուսուցիչը ուսուցիչ չէ և ավելի լավ է ուսուցիչ չլինի: Կամ երբ բժիշկը բժիշկ չէ ու լավ է` չլինի»,- նշեց նա։ Վարչապետը շեշտեց՝ լավ երկիր ունենալ հնարավոր չէ, եթե չկա լավ կառավարում: «Դա դոգմա է, չի կարելի մոտավորապես կառավարելով լավ արդյունք ստանալ: Պետությունն իրականում մեծ գործառույթներ ունի իրականացնելու: Ես կողմնակից եմ, որ բիզնեսում պետության հիմնական գործառույթը բիզնեսին չխանգարելը լինի, բայց այսօրվա իրավիճակն այնպիսին է, որ մենք շատ դեպքերում բիզնեսի համար կատալիզատորի դեր ենք կատարում և օժանդակելու ենք դրան: Հենց բիզնեսը կայունանա, կանգնի ոտքի, այդ ժամանակ արդեն մեր գործառույթը կլինի նրանց չխանգարելը»,- հայտարարեց ՀՀ վարչապետը: ՈՒ հասկանալի չդարձավ, թե իր պաշտոնավարման մեկ տարում այդ «ծույլերին» ու վատ մասնագետներին ինչու՞ են պահել: Կամ` 5500 գործազուրկների համար վերապատրաստման կամ աշխատանքի տեղավորման որևէ ծրագիր լինելու՞ է: Պատկերացնու՞մ եք աշխատաշուկայում նրանց վիճակը` «ծույլիկի» կամ «անտերի» խարանով։


Անձնական հարցեր էլ եղան: Պարիսպների մասին։ Մոնումենտի այգում իր առանձնատան մասին հրապարակումներին նա արձագանքեց. «Ես ասել եմ՝ եղբայրս է գնել, բայց չեմ ասել իմը չէ: Գնել է եղբայրս՝ 2011-ին՝ Կանադայի ու ԱՄՆ-ի քաղաքացուց ու Սփյուռքի ինչ-որ կազմակերպությունից»: Նա ընդգծեց՝ երբ տարածքը գնել են, այնտեղ անտառ չի եղել։ «2014-ին է կառուցվել: Շատ վատ եմ վերաբերվում անտառները կտրելուն, բայց ես ինքս այնտեղ եմ մեծացել, այդ անտառը շատ լավ հիշում եմ: Անտառ չկար, արդեն վաճառված էր, այլ սեփականատեր կար»: Հարցին, թե ինչու է բարձր պարիսպ կառուցում իր առանձնատան համար, վարչապետը պատասխանեց, որ իր սեփականության հարևանությամբ բազմահարկ շենք է կառուցվել ու իր բակը երևում է այդ շենքից: «Պարիսպ ենք կառուցել, ընդամենը փոքր միջավայր ենք փորձել ստեղծել, որ երբ դուրս ես գալիս բակ, բոլորի աչքի առաջ չլինես, հնարավո՞ր է դա անել, թե՞ չէ»: Հնարավորը` հնարավոր է, բայց բարձրահարկի բնակիչների աչքի առաջ չլինելու համար պարիսպի փոխարեն ծածկ է պետք կառուցել։


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ.Գ. «Արարատ» հեռուստաընկերությունը հնչեցրեց գլխավոր հարցը` «Ո՞վ կլինի վարչապետ 2018-ին», համաձայնե՞լ է ինքը փոխվարչապետ դառնալ, և, իհարկե, պատասխան չստացավ: Պարզվեց` ՀՀԿ-ն դեռ չի քննարկել 2018-ին վարչապետի թեկնածուի առաջադրման հարցը: «Այսօրվա մեր իրավիճակում ՀՀԿ-ն առաջադրելու է վարչապետի թեկնածու մեր կոալիցիոն գործընկերոջ հետ: Մենք նման քննարկում չենք ունեցել, այդ իսկ պատճառով որևէ պայմանավորվածության մասին խոսելն ուղղակի ապարդյուն է»,- ասաց Կարեն Կարապետյանը հմայիչ ժպիտով։ Սերժ Սարգսյանի անփոխարինելիության կուսակիցների պնդումները նա չմեկնաբանեց: «Ես այդ պնդումների հետ՝ անվտանգության երաշխավոր, Սերժ Սարգսյանի կառավարման փորձի, լիարժեք համաձայն եմ, մնացած մասնավոր կարծիքների վերաբերյալ հարցրեք իրենցից»: Վարչապետն ասաց, որ ինքն ուզում է ծառայել երկրին, «Մենք հաստատ կարող ենք լավ երկիր ունենալ: Թե ինչպիսի որոշում կկայացնի ՀՀԿ-ն, շատ պարզ ձևակերպված է` մենք նոր Սահմանադրություն ունենք, նոր կարգավիճակի ենք անցնում»:

ՈՒ` ի՞նչ: Դատելով աշխարհը շուռ տալու պատրաստակամությունից` Կարեն Կարապետյանը հրապարակավ հերքեց իր փոխվարչապետի պաշտոնին համաձայնելը և կմեկնի Տաշքենդ` ԱՊՀ վարչապետների խորհրդի հերթական նիստին մասնակցելու: Մարդը աշխատում է, ի՞նչ եք ուզում նրանից։ Եվ` ընդհանրապես, ինչի՞ համար են ասուլիսները, երբ լրագրողները անգիր գիտեն իրենց ստանալիք պատասխանները, իսկ հարցերին պատասխանողը` իրեն տրվելիք հարցերը։

Դիտվել է՝ 5266

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ