Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Ես տեսնում եմ…

Ես տեսնում եմ…
03.11.2017 | 10:04

ՈՒթսուներկու տարեկան եմ: Հինգ, թե վեց տարի առաջ ինձ մոտ հայտնաբերվեց աջ աչքի գլաուկոմա: Երկարատև բուժումը, ցավոք, ապարդյուն անցավ. աչքիս ներվը չհաջողվեց փրկել: Կորցրի այդ աչքիս տեսողությունը:
Ծանոթներիցս տեղեկացա, որ Երևանում ստեղծվել է հայ-կանադական ՕՊՏՈՄԵԴ ակնաբուժական կենտրոնը, որը հագեցած է արտասահմանյան լավագույն սարքավորումներով: Առողջ աչքս փրկելու հույսով դիմեցի հիշյալ կենտրոնի մասնագետների օգնությանը: Շուրջ չորս տարի գնացի-եկա ու ապրեցի հույսով: Բժշկից անվերջ լսում էի նույն բառերը. «Վիճակդ բարվոք է: Քեզ կվիրահատենք, երբ աչքիդ կատարակտը հասունանա»:
Ավա՜ղ, բանը վիրահատությանը չհասավ. ամիսներ առաջ այդ աչքիս վիճակը կտրուկ վատացավ: Զգում էի` ինչպես է օրեցօր փոքրանում տեսադաշտս:


Ծանոթներիցս մի քանիսը համոզում էին դիմել «Մալայան» կենտրոն: Հիմնավորումը հակիրճ էր.` այստեղ ստեղծվել է լավագույն մասնագետներից բաղկացած մի խումբ, որը մեկ տարուց ավելի կատարակտի վիրահատությանը զուգահեռ կատարում է գլաուկոմայի վիրահատություն և բավական հաջող:
Օրեցօր վատթարացող վիճակս ստիպեց գործել. զանգեցի հիշյալ խմբի ղեկավարի օգնականին` Վահագն Պապոյանին: Պայմանավորվեցինք: Հաջորդ օրն ինձ դիմավորեց միջին տարիքի, գեղեցկադեմ մի երիտասարդ: Նա 2-3 ժամ անընդմեջ զննեց-քննեց աչքիս վիճակը և (հաշվի առնելով նաև տարիքս) տարակուսանքով եզրակացրեց, որ շատ ուշ եմ դիմել իրենց:
Մեկ օր անց զանգեց Վահագնը և հրավիրեց հանդիպման խմբի ղեկավար Լիլիթ Ոսկանյանի հետ: Զրույցը Լիլիթի հետ երկար չտևեց. նա ընդգծեց տարիքս, աչքիս տեսադաշտի փոքրությունը, ժամ առ ժամ վատթարացող վիճակը և շեշտված ասաց, որ աչքիս առկա տեսողությունը պահպանելու համար երկու վիրահատությունը` կատարակտ և գլաուկոմա, պետք է արվի միասին: (Փակագծերում ասեմ` Լիլիթը Վահագնին հանձնարարեց վերանայել վիրահատվող հիվանդների ցուցակը և հնարավորության սահմաններում 1-2 օրով հետաձգել այն հիվանդի վիրահատությունը, որի համար նշված ժամկետում պետք է ինձ վիրահատեին: Նպատակը մեկն էր` անել ամեն ինչ, որ այդ 1 կամ 2 օրվա ընթացքում նորից որոշակի քանակությամբ տեսողություն չկորցնեմ):


Ինձ հույս էր ներշնչում այն իրողությունը, որ մեր զրույցի ընթացքում Լիլիթն անընդհատ կրկնում էր. «Դուք տեսնելու եք, անպայման տեսնելու եք»:
Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնին դիմելու 5-րդ օրը վիրահատվեցի:
Վիրահատության ողջ ընթացքում անվերջ կրկնում էի` ես տեսնելու եմ… ես տեսնելու եմ…
Վիրահատությունից հետո սկսվեց 7-շաբաթյա բուժման տաժանակիր ընթացքը: Խոստովանեմ, որ այդ ժամանակահատվածում հեռախոսազանգերով անվերջ անհանգստացնում էի Վահագնին: Նրանից միայն բարեհամբույր ու պատրաստակամ պատասխան էի ստանում:
Հիվանդներից իրազեկվել էի, որ գլաուկոմայի բուժման մեխանիզմի ներդրումը կատարվել է ամերիկացի բժիշկների օգնությամբ: Փորձում էի որոշակի մանրամասներ ճշգրտել, բայց Լիլիթի պատասխանը կցկտուր էր. «Հայաստանը ոչ մեկին պետք չէ, բացի մեզնից: Ինքներս պետք է տեր կանգնենք մեր հիվանդներին ու բուժենք նրանց: Այն, ինչ ներդրել ենք այս գործում (բոլոր առումներով) յուրաքանչյուրիս անձնական կապերի շնորհիվ է հնարավոր դարձել»:


Ես հասկացա ու չեմ էլ կասկածում, որ ամերիկացիների ներդրումը հղկվել-կատարելագործվել է հայ բժիշկների շնորհիվ ու անդուլ ջանքերով:
Այսօր իմ պարտքն եմ համարում վիրահատված ու վիրահատության սպասող հիվանդների անունից շնորհակալանքի ջերմ խոսքեր ուղղել Լիլիթ Ոսկանյանի խմբում ընդգրկված բոլոր այն մասնագետներին, որոնք հանուն մեծ փողերի, հանուն ապահով ու անհոգ առօրյայի ձեռքը չեն առել պանդխտության ցուպը և բռնել ամերիկաների ճանապարհները: Խոնարհվում եմ այդ մասնագետների առաջ, որ գերադասել են մնալ իրենց հայրենիքում (թեկուզ և սոված, թեկուզ և առտնին հոգսերի ու խնդիրների բեռի տակ կքած) և իրենց տաղանդը (իսկ որ նրանք տաղանդավոր են, որ օժտված են ի վերուստ, կասկածից վեր է) ծառայեցնել ի նպաստ և հառողջություն սեփական ժողովրդի:


«Իրատեսի» խմբագրությանը հղած իմ այս փոքրիկ նամակով մեկ անգամ ևս ուզում եմ փաստել Աստծո լույսին կարոտ բոլոր տառապյալների համար` Հայաստան աշխարհի սրտում` մայրաքաղաք Երևանում, կա Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն, որտեղ պրոֆեսիոնալների մի ոչ մեծ խումբ չքնաղ Լիլիթ Ոսկանյանի ղեկավարությամբ հրաշքներ է գործում, անում անհնարինը` կույրերին պարգևում է Աստծո լույսը կրկին տեսնելու հնարավորությունը:


Կցանկանայի, որ իմ այս փոքրիկ պատմությունը դառնար բաց նամակ` ուղղված երկրի վարչապետ Կարեն Կարապետյանին, որպեսզի Հայաստանին փառք ու պատիվ բերող պրոֆեսիոնալների այս փոքրիկ խումբը հավուր պատշաճի գտնվի հայրենի կառավարության ուշադրության կենտրոնում:
Իմ սիրելի Լիլիթ, իմ սիրելի Վահագն, ես տեսնում եմ… ես տեսնում եմ… ես տեսնում եմ…


Լաուրա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Դիտվել է՝ 2767

Մեկնաբանություններ